Գլխավոր տեղեկություն
Համար
N 1163-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (13.05.2010-16.11.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.10.28/54(720) Հոդ.1189
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.10.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 2009 թվականի N 1163-Ն

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 9-ի «Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2009 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 490-Ն որոշման N 1 հավելվածի IV գլխի 1-ին կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրել Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամ:

2. Հաստատել Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. Լիազորել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին նշանակել հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի պետական գրանցումը և դրա հիմնադրի` օրենքով սահմանված մյուս լիազորությունների իրականացումը.

2) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին անհատական կազմի նախագիծը:

5. Սահմանել, որ սույն որոշմամբ ստեղծվող Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հոկտեմբերի 20
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
հոկտեմբերի 8-ի N 1163-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող, ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է տնտեսական, սոցիալական, գիտական, կրթական և այլ հանրօգուտ նպատակներ:

2. Հիմնադրամն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:

3. Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է (այսուհետ` հիմնադիր)` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Հայաստանի Հանրապետության լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն է:

4. Հիմնադրամը կարող է գործել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

5. Հիմնադրամի շահառուներն են Գյումրի քաղաքի բնակիչները, գործող առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, ձեռնարկատերերը և ուսանողները:

6. Հիմնադրամն ունի իր անվանմամբ կլոր կնիք` հայերենով, ռուսերենով և անգլերենով, կարող է ունենալ դրոշմակնիք ու ձևաթղթեր, ինչպես նաև այլ անհատականացման միջոցներ:

7. Հիմնադրամի լրիվ անվանումն է`

հայերեն ` Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամ,

հայերեն կրճատ` ԳՏԶՀ,

ռուսերեն` Фонд экономического развития Гюмри,

ռուսերեն կրճատ` ФЭРГ,

անգլերեն լրիվ` Gyսmri Economic Development Foundation,

անգլերեն կրճատ` GEDF:

8. Հիմնադրամի գտնվելու վայրն է (իրավաբանական հասցեն)` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 0010:

 

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

9. Հիմնադրամը պետական գրանցման պահից ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ և օգտվում է իրավաբանական անձի համար օրենքով սահմանված բոլոր իրավունքներից և կրում համապատասխան պարտականություններ:

10. Հիմնադրամն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների բանկերում հաշվարկային և այլ հաշիվներ, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

11. Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով: Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների, իսկ հիմնադիրը` հիմնադրամի պարտավորությունների համար:

 

III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

12. Հիմնադրամի նպատակը Գյումրիում տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրերի մշակումն ու իրականացումն է:

13. Հիմնադրամի խնդիրներն են Գյումրի քաղաքում և Շիրակի մարզում`

1) պետական ու մասնավոր ծրագրերի մշակումը և իրականացումը,

2) գիտական, ուսումնական, ներդրումային և արտադրական ծրագրերի մշակումը, կազմակերպումը և կառավարումը:

14. Հիմնադրամի հիմնական գործառույթներն են`

1) հետազոտությունների իրականացումը.

2) ներդրումների ներգրավման աշխատանքների իրականացումը.

3) արտասահմանյան բուհերում գյումրեցի երիտասարդների ուսուցման և վերապատրաստման ծրագրերի իրականացումը.

4) գիտատար հենքի վրա արտադրություն իրականացնողներին հասցեական աջակցությունը.

5) գիտակրթական, գործարար և պետական հատվածների հետ համագործակցության ապահովումը.

6) գործարարությանն աջակցող ծառայությունների մատուցումը.

7) գիտահետազոտական ծրագրերին դրամաշնորհային աջակցությունը.

8) գիտական մշակումների առևտրայնացման ապահովումը:

 

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ

 

15. Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է:

16. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող և իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները` սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:

17. Հիմնադրամը որպես սեփականություն կարող է ունենալ շարժական և անշարժ գույք, դրամական միջոցներ, բաժնետոմսեր, այլ արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք:

18. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներ կարող են լինել`

1) հիմնադրի կամավոր ներդրումները.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվող հատկացումները.

3) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա կազմակերպությունների ֆինանսական և նյութական ներդրումներն ու նվիրատվությունները.

4) ծառայություններից ստացված հասույթը.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

19. Հիմնադրամը հրապարակում է իր բյուջեի և նրա փոփոխությունների մասին տարեկան ֆինանսական հաշվետվությունները:

 

V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

20. Սույն կանոնադրության նպատակներին համապատասխան հիմնադրամն իրավունք ունի`

1) հիմնադրելու մամուլի և զանգվածային լրատվության միջոցներ.

2) ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ).

3) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու նրանց մասնակից.

4) անդամակցելու միջազգային և օտարերկրյա ոչ պետական կազմակերպություններին.

5) իրականացնելու օրենքով չարգելված այլ գործունեություն:

21. Հիմնադրամը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար նա ստեղծվել է և համապատասխանում է այդ նպատակներին: Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով հիմնադրամը կարող է ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակիցը:

22. Հիմնադրամը կարող է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով`

1) դասընթացների կազմակերպում.

2) տարածքների, սարքավորումների և տեխնիկայի վարձակալությամբ տրամադրում.

3) հետազոտական ծառայությունների մատուցում.

4) հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցում.

5) իրավաբանական ծառայությունների մատուցում.

6) գործարար ծրագրերի մշակման ծառայությունների մատուցում.

7) շուկաների հետազոտության ծառայությունների մատուցում:

23. Հիմնադրամի գործունեության ընթացքում ստացված ամբողջ եկամուտը պետք է օգտագործվի նրա կանոնադրական խնդիրների լուծման համար:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

24. Հիմնադրամի մարմիններն են հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն ու հիմնադրամի տնօրենը (այսուհետ՝ կառավարիչ):

25. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և նրա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ` խորհուրդ): Խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի այլ մարմնի անդամ: Խորհրդի անդամներն աշխատում են հասարակական հիմունքներով:

26. Խորհրդի կազմը բաղկացած է ինն անդամից, որից` հինգը մշտական գործող անդամներ, իսկ չորսը` ժամանակավոր: Մշտական կազմը ձևավորվում է` մեկ ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից և մեկական ներկայացուցիչներից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, Շիրակի մարզպետարանից և Գյումրու քաղաքապետարանից` համապատասխան մարմնի ղեկավարի որոշմամբ: Խորհրդի ժամանակավոր կազմը ձևավորվում է ներկայացուցիչներով Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններից և միջազգային դոնոր կազմակերպությունից` լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ և խորհրդի մշտական կազմի անդամների ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ: Խորհրդի ժամանակավոր կազմի անդամները ենթարկվում են ռոտացիայի յուրաքանչյուր երկու տարին մեկ: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարն ի պաշտոնե խորհրդի նախագահն է:

27. Խորհրդի անդամի լիազորությունը դադարում է՝

1) խորհրդի նախագահին տրված գրավոր դիմումի հիման վրա.

2) նրա կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում՝ խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով` անգործունակ ճանաչվելու դեպքում.

4) նրան առաջադրած համապատասխան մարմնի ղեկավարի որոշմամբ.

5) եթե նա նշանակվել է ի պաշտոնե՝ նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման դեպքում.

6) սույն կանոնադրության 26-րդ կետի համաձայն` խորհրդի ժամանակավոր կազմի անդամների համար սահմանված ժամանակն ավարտվելու դեպքում:

28. Խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.

2) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում դրանք.

3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում խորհրդի քննարկմանն է ներկայացնում խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ.

5) իրականացնում է խորհրդի կողմից լիազորված այլ իրավասություններ:

29. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, խորհրդի որոշմամբ, կատարում է անդամներից մեկը:

30. Խորհրդի իրավասությանն են պատկանում`

1) հիմնադրամի ռազմավարական և ընթացիկ ծրագրերի հաստատումը.

2) հիմնադրամի բյուջեի և նրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.

3) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

4) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

5) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.

6) խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

7) խորհրդի նախագահի, կառավարչի ընտրության և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումների ընդունումը.

8) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.

9) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.

10) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

11) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.

12) հիմնադրամի կառուցվածքի հաստատումը.

13) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը.

14) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:

31. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:

32. Խորհրդի նիստերը գումարվում են ոչ պակաս, քան տարեկան չորս անգամ՝ խորհրդի նախագահի կողմից: Խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև խորհրդի անդամների 1/3-ի պահանջով՝ խորհրդի նախագահի կողմից՝ համապատասխան պահանջը ներկայացվելուց 30 օրվա ընթացքում: Եթե նշված ժամկետում խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստ կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք:

33. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհրդի նիստերում քվեարկության ժամանակ նրա յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է իր կողմից հաստատված կանոնակարգի համաձայն: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

34. Հիմնադրամի գործադիր մարմինը կառավարիչն է: Կառավարչի իրավասությանն է պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը:

35. Հիմնադրամի կառավարիչն ընտրվում է մրցութային կարգով: Մրցույթի արդյունքում ընտրված կառավարչի թեկնածությունը հաստատում է խորհուրդը:

36. Կառավարիչը`

1) կազմակերպում է հիմնադրամի ընթացիկ գործունեությունը և լուծում դրա հետ կապված բոլոր հարցերը` բացի խորհրդի բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերից.

2) իր գործունեության համար հաշվետու է խորհրդին.

3) իր իրավասության սահմաններում` առանց լիազորագրի գործում է հիմնադրամի անունից, ներկայացնում է դրա շահերը, հիմնադրամը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում, տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, կնքում պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային, տալիս լիազորագրեր, բանկերում բացում հաշիվներ, խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի հաստիքացուցակը, արձակում հրամաններ, հիմնադրամի աշխատողներին տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ, ինչպես նաև իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և խորհրդի կողմից կառավարչին վերապահված այլ լիազորություններ:

 

VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

37. Հիմնադրամն ինքնուրույն է պլանավորում իր գործունեությունը, մշակում զարգացման հեռանկարները և ընդունում իր գործունեության վերաբերյալ որոշումներ:

38. Հիմնադրամի` այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ գործունեության բոլոր հարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով: Հիմնադրամն ինքնուրույն է ընտրում իր կողմից կնքվող պայմանագրերի առարկան և պայմանները:

39. Իր կանոնադրական գործունեությունն իրականացնելիս` հիմնադրամն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ ընդունելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած որոշում:

 

VIII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ

 

40. Հիմնադրամի ֆինանսական գործունեության վերստուգումը կատարվում է անկախ աուդիտորի կողմից` առնվազն տարեկան մեկ անգամ:

41. Հիմնադրամի խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով կարող է կատարվել արտահերթ աուդիտ:

42. Անկախ աուդիտորն ընտրվում է մրցութային կարգով և հաստատվում հիմնադրամի խորհրդի կողմից:

 

IX. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

43. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(Հավելվածը խմբ. 29.04.10 N 469-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան