Գլխավոր տեղեկություն
Համար
N 1134-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (31.07.2010-31.05.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.25/55(427) Հոդ.1052
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.05.2012

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 15 օգոստոսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2005 թվականի N 1134-Ն

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՎԻ ԴԵՊՔՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 14-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների մասին»  N 1782-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 2-րդ մասի 4-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ընդերքօգտագործման իրավունքի գրավի դեպքում լիազորված մարմնի նախնական համաձայնություն տալու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ընդերքօգտագործման իրավունքի գրավադրման նախնական համաձայնությունը տալու լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը։

(2-րդ կետը փոփ. 22.07.10 N 904-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան



2005 թ. օգոստոսի 9
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 16-ի N 1134-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՎԻ ԴԵՊՔՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

1. Սույն կարգով կարգավորվում է ընդերքօգտագործման իրավունքի գրավի (այսուհետ` գրավ) դեպքում լիազորված մարմնի նախնական համաձայնություն տալու գործընթացը:

2. Ընդերքօգտագործման իրավունքը կարող է գրավադրվել մինչև դրա գործողության ժամկետի ավարտը, ինչպես նաև` անժամկետ:

3.Գրավի նախնական համաձայնության ստացման համար ընդերքօգտագործման իրավունք կրողը (այսուհետ` դիմումատու) լիազոր մարմին է ներկայացնում դիմում:

Դիմումին կից ներկայացվում են`

ա) ընդերքօգտագործման իրավունքը սահմանող փաստաթղթերի պատճենները.

բ) իրավաբանական անձանց դեպքում գրավառու համարվող կողմի պետական գրանցման վկայականի պատճենը.

գ) գրավառու համարվող կողմի` Հայաստանի Հանրապետությունում նախկինում ունեցած և գործող այլ ընդերքօգտագործման իրավունքի մասին տվյալներ, որոնք ներառում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով տրված լիցենզիաների, պայմանագրերի, թույլտվությունների և գրավոր համաձայնությունների համարները, տալու ամսաթվերը և տարեթվերը.

դ) գրավառու համարվող կողմի` կառավարմանը մասնակցող անձանց և բաժնային արժեթղթերի նշանակալից սեփականատերերի անունները, ազգանունները և անձնագրի տվյալները (իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման վկայականի պատճենը).

ե) տեղեկանք գրավի նպատակի և գրավադրման ժամկետի մասին.

զ) այլ տեղեկություններ դիմումատուի ցանկությամբ:

 (3-րդ կետը լրաց. 22.07.10 N 904-Ն)

4. Ներկայացված դիմումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի «Վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը և պայմանները սահմանող օրինակելի կարգը հաստատելու մասին»  N 975-Ն որոշմամբ սահմանված կարգով գրանցվում է գրանցամատյանում:

5. Լիազոր մարմինը սույն կարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում քննարկում է դիմումը և դիմումատուին գրավոր հայտնում է իր նախնական համաձայնության կամ դիմումը մերժելու մասին: Եթե սույն կետով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ գրավոր չի հայտնում դիմումատուին, ապա նախնական համաձայնությունը համարվում է տրված:

6. Լիազոր մարմինը կարող է մերժել դիմումը, եթե՝

ա) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են.

բ) լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցվել է գրավառուի` նախկինում ունեցած որևէ ընդերքօգտագործման իրավունքը.

գ) գրավադրման նպատակն ընդերքօգտագործման իրավունքով ստանձնած պարտավորությունների կատարմանը նպաստելը չէ.

դ) դիմումատուի ներկայացված փաստաթղթերը թերի են:

Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ապա լիազոր մարմինը 5-օրյա ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացնում է դիմումատուին: Դիմումատուն նշված թերությունները վերացնելուց հետո կրկին կարող է դիմել լիազոր մարմին։

Դիմումի մերժման դեպքում որոշման մեջ նշվում են մերժման պատճառները: Դիմումատուն կարող է դիմումի մերժման վերաբերյալ գրության մեջ նշված թերությունները վերացնելուց հետո կրկին դիմում ներկայացնել լիազոր մարմին:

 (6-րդ կետը լրաց. 22.07.10 N 904-Ն)

7. Դիմումի մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

8. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավի պայմանագրի կնքումից հետո 10-օրյա ժամկետում պայմանագրի մեկ օրինակը ներկայացվում է լիազոր մարմին։

9. Ներկայացված պայմանագրի տվյալները լիազոր մարմնի կողմից գրանցվում են սույն կարգի 4-րդ կետում նշված գրանցամատյանում։

10. (կետն ուժը կորցրել է 22.07.10 N 904-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան