Գլխավոր տեղեկություն
Համար
N 816-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.07.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.07.14/32(766) Հոդ.805
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.06.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունիսի 2010 թվականի N 816-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 912-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով ինքնակամ կառույցների օրինականացման դեպքում` ըստ անհրաժեշտության, հողամասերի գործառական նշանակությունը համարվում է փոփոխված:».

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին և 3.2-րդ կետերով.

«3.1. Ինքնակամ կառույցներն օրինականացնելիս, ինքնակամ կառույցներով զբաղեցված հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու անհրաժեշտության դեպքում, սույն որոշման 2-րդ կետով նախատեսված սահմանափակումներին չհակասող ինքնակամ կառույցներով զբաղեցված հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

1) սույն կետով նախատեսված ինքնակամ կառույցներն օրինականացնելու, օրինականացումը մերժելու կամ չօրինականացված կառույցը քանդելու մասին համայնքի ղեկավարի կամ մարզպետի որոշումն ընդունվում է ինքնակամ կառույցներով զբաղեցված հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու կամ նպատակային նշանակության փոփոխությունը մերժելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունած որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ժամկետներում.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ինքնակամ կառույցով զբաղեցված հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը մերժվելու դեպքում համապատասխան համայնքի ղեկավարը կամ մարզպետը որոշում է ընդունում չօրինականացված ինքնակամ կառույցը քանդելու, իսկ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների համար` ինքնակամ կառույցի օրինականացումը մերժելու մասին:

3.2. Սույն որոշման 3-րդ և 3.1-ին կետերով նախատեսված փոփոխություններն ընդգրկվում են համայնքի, մարզի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի, մարզի հողային հաշվեկշռում:».

3) որոշման 6-րդ կետում «իրականացված ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի գրանցման, դրանց հետագա օրինականացման» բառերը փոխարինել «օրինականացված ինքնակամ կառույցների նկատմամբ իրավունքների պետական գրանցման» բառերով.

4) որոշմամբ հաստատված` ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի`

ա. 1-ին կետում «այն» բառը փոխարինել «գտնվող ինքնակամ» բառերով և կետից հանել «որոնց նկատմամբ գրանցված է պետության կամ համայնքների սեփականության իրավունքը» բառերը,

բ. 2-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «ընդ որում, պետական գրանցման համար հիմք են հանդիսանում» բառերը, իսկ «ա» և «բ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

գ. 6-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) սույն կարգի 5-րդ, 8-րդ, 14-րդ, 17-րդ, 19-րդ, 25-րդ և 27-րդ կետերով նախատեսված դեպքերում` համայնքի ղեկավարի, մարզպետի (այսուհետ` իրավասու մարմիններ) որոշման և սահմանված վճարների անդորրագրերի հիման վրա.»,

դ. 6-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) սույն կարգի 2-րդ, 34-րդ, 36-րդ կետի երկրորդ պարբերությամբ, ինչպես նաև 39-րդ և 43-րդ կետերով նախատեսված դեպքերում` իրավասու մարմնի որոշման, անշարժ գույքի օտարման պայմանագրի (սահմանված վճարների մասին նշմամբ), պայմանագրի հավելված հանդիսացող հատակագծի և սահմանված վճարների անդորրագրերի հիման վրա.»,

ե. 6-րդ կետի «դ» ենթակետից հանել «կառուցապատման» և «և սահմանված վճարների անդորրագրերի» բառերը,

զ. 11-րդ կետի «ե» ենթակետում «30-օրյա» բառերը փոխարինել «60-օրյա» բառերով,

է. 13-րդ կետը «վճարներ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 22.1-ին կետով նախատեսված դեպքերի» բառերով,

ը. 18-րդ կետը «դրույքաչափերով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 22.1-ին կետով նախատեսված դեպքերի» բառերով,

թ. 22-րդ կետը «դրույքաչափերով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 22.1-ին կետով նախատեսված դեպքերի» բառերով,

ժ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 22.1-ին կետով.

«22.1. Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող տնամերձ, այգեգործական կամ անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասերում (բացառությամբ Երևան քաղաքում գտնվող հողամասերի) մինչև 2001 թվականի մայիսի 15-ը ինքնակամ կառուցված բնակելի նշանակության (այդ թվում` նաև տնտեսական և օժանդակ) շենքերը, շինություններն օրինական ճանաչվելու դեպքում սույն կարգի 13-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով, 18-րդ կետի «ա» ենթակետով, ինչպես նաև 22-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված վճարները չեն գանձվում:»,

ժա. 24-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

ժբ. 31-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) այն մասին, որ որոշման (բացառությամբ կարգի 25-րդ կետով նախատեսված ինքնակամ կառույցների օրինականացման մասին որոշումների) ընդունման օրվանից oրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարվելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:»,

ժգ. 31.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել,

ժդ. 33-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«33. Համայնքի ղեկավարը, համայնքների վարչական սահմաններից դուրս` համապատասխան մարզպետը սեփական նախաձեռնությամբ ընդունում են որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին: Ինքնակամ կառույցի օրինականացման վերաբերյալ որոշմանը կցվում է օրինական ճանաչված կառույցի (կառույցների) պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագիծը:»,

ժե. 33-րդ կետի երկրորդ պարբերության «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) տվյալներ օրինականացված շենքի, շինության գործառական նշանակության մասին»,

ժզ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 35.1-ին կետով.

«35.1. Սույն կարգի 35-րդ կետով սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` վճարման անդորրագրերի հիման վրա:»,

ժէ. 36-րդ կետի առաջին պարբերությունը «չընդունվելու» բառից հետո լրացնել «կամ գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու» բառերով,

ժը. 38-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

ժթ. 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«39. Ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից, մինչև հրապարակային սակարկությունների մասին հայտարարության հրապարակումը, օրինականացված կառույցը և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասը ձեռք բերելու վերաբերյալ դիմում ներկայացվելու և դրանց վաճառքի գները վճարելու դեպքում օրինականացված կառույցը և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասն ուղղակի վաճառքով օտարվում են ինքնակամ կառույցն իրականացրած անձին:»,

ի. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 43.1-ին կետով.

«43.1. Եթե պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում օրինականացվել է ինքնակամ կառույց, այդ կառույցն իրականացրած անձն անհայտ է և կառուցը որևէ անձի կողմից չի օգտագործվում, ապա օրինականացված կառույցն ու դրա համար առանձնացված հողամասը տնօրինվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»,

իա. 44.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել,

իբ. 47-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետով նախատեսված ինքնակամ կառույցների օրինականացման որոշումներով օրինականացման վճարները կարող են մուծվել և օրինականացված ինքնակամ կառույցների նկատմամբ իրավունքները ներկայացվել պետական գրանցման` առանց ժամկետի սահմանափակման:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հուլիսի 6
Երևան