Գլխավոր տեղեկություն
Համար
N 62-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (13.05.2010-11.06.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.07.01/15(163) Հոդ.199
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
01.06.2004
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2017

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հունիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60004154


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

1 հունիսի 2004 թ.
ք. Երևան

N 62-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 38-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները (հավելված):

1.1. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը` յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետով հաստատված «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները» հավելվածի 1.1 կետով սահմանված ցուցանիշների մեծությունները` այդ և դրան հաջորդող տարվա համար:

(1.1 կետը լրաց. 28.03.08 N 139-Ն, խմբ. 15.04.09 N 162-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 28.09.07 N 390-Ն)

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված

 

Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի 2004 թ.
հունիսի 1-ի N 62-Ն որոշմամբ

 

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Սույն պահանջները վերաբերում են խմելու ջրի մատակարարման այն համակարգերին, որոնք գտնվում են «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետև` Ընկերություն) հաշվեկշռում կամ շահագործվում են նրա կողմից:

1. Մատակարարվող խմելու ջրի որակը պետք է բավարարի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջները: Որակի հսկողություն» N 2-III-Ա 2-1 սանիտարական կանոններին և նորմերին (գրանցված է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում 2002 թվականի դեկտեմբերի 28-ին, N 10002340):

1.1 Ընկերությունը պարտավոր է իր կողմից հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համաձայն`

1) սպառողների առնվազն 91,7 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 4-ժամյա ջրամատակարարմամբ,

2) սպառողների առնվազն 76,3 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 6-ժամյա ջրամատակարարմամբ,

3) սպառողների առնվազն 61,2 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 8-ժամյա ջրամատակարարմամբ,

4) սպառողների առնվազն 47,8 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 12-ժամյա ջրամատակարարմամբ,

5) սպառողների առնվազն 37,8 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել անընդհատ ջրամատակարարմամբ,

6) սպառողների առնվազն 31,4 տոկոսին ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ:

(1.1 կետը լրաց. 28.09.07 N 390-Ն, խմբ. 28.03.08 N 139-Ն, 15.04.09 N 162-Ն, 14.04.10 N 185-Ն)

2. Ընկերությունը պարտավոր է տարեկան առնվազն երկու անգամ` տվյալ տարվա ապրիլ և հոկտեմբեր ամիսների առաջին տասնօրյակի ընթացքում, տվյալ տարածքի բնակիչ-բաժանորդներին հասու առնվազն մեկ օրաթերթում հրապարակել իր սպասարկման տարածքի ջրամատակարարման գրաֆիկը (այսուհետ` գրաֆիկ): Այն պետք է կազմվի և հրապարակվի այնպես, որ սպասարկման տարածքի ցանկացած բնակիչ-բաժանորդ հնարավորություն ունենա ծանոթանալու իր գրաֆիկին: Գրաֆիկի հրապարակումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ Ընկերությունը պարտավոր է իր սպասարկման տարածքի բնակիչ-բաժանորդներին առնվազն մեկ հեռուստաալիքով երեք օր անընդմեջ` օրական երկու անգամ, առաջինը 1800-2000-ն, իսկ երկրորդը 2000-2300-ն ընկած ժամանակահատվածում իրազեկել նոր գրաֆիկի հրապարակման ժամկետի և օրաթերթի անվանման մասին: Գրաֆիկը պետք է գործի հրապարակման օրվանից երեք աշխատանքային օր հետո: Ընկերությունը պարտավոր է հրապարակումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ օրաթերթի առնվազն մեկական օրինակ պատվիրված նամակով անվճար ուղարկել իր սպասարկման տարածքի տեղական ինքնակառավարման մարմիններ և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Ընկերությունը, սկսած 2010 թվականի հունվար ամսից, պարտավոր է իր սպասարկման տարածքի բոլոր սպառողներին յուրաքանչյուր ամիս նախորդ ամսում սպառված ջրի դիմաց ներկայացվող վճարման փաստաթղթերում ներառել նաև տվյալ սպառողի հաջորդ ամսվա ջրամատակարարման նվազագույն գրաֆիկի ժամերը:

Ամենօրյա ջրամատակարարման դեպքում վճարման փաստաթուղթը պետք է ներառի «ջրամատակարարման գրաֆիկ`» բառերը և տվյալ բաժանորդի հաջորդ ամսվա օրական ջրամատակարարման գրաֆիկի սկզբի և ավարտի ժամն ու րոպեն: Շուրջօրյա ջրամատակարարման դեպքում վճարման փաստաթուղթը պետք է ներառի «ջրամատակարարման գրաֆիկ` 24 ժամ» բառերը: Ոչ ամենօրյա ջրամատակարարման դեպքում վճարման փաստաթուղթը պետք է ներառի «ջրամատակարարման գրաֆիկը` օրումեջ» բառերը և տվյալ բաժանորդի հաջորդ ամսվա ջրամատակարարման գրաֆիկի սկզբի և ավարտի ժամն ու րոպեն:

(2-րդ կետը խմբ. 28.03.08 N 139-Ն, 15.04.09 N 162-Ն, լրաց. 14.04.10 N 185-Ն)

3. Ընկերությունը պարտավոր է սպառողներին տրամադրել վթարային ծառայության, ինչպես նաև տարածքային սպասարկման ստորաբաժանման այն հեռախոսահամարները և հասցեները, որոնցով սպառողները կարող են ստանալ կամ հաղորդել տեղեկատվություն` ներառյալ ահազանգեր, բողոքներ, հարցադրումներ և այլն, այդ թվում` ջրի որակի մասին: Ստացված տեղեկատվությունը գրանցվում է հատուկ մատյանում:

4. Խմելու ջրի մատակարարման համակարգում պլանային աշխատանքներ իրականացնելու պատճառով ջրամատակարարումը լրիվ կամ մասնակի դադարեցվելու կամ ջրամատակարարման հաստատված գրաֆիկը խախտելու դեպքում Ընկերությունը պարտավոր է աշխատանքներն սկսելուց երկու օր առաջ սպառողներին իրազեկել այդ աշխատանքների կատարման և ջրամատակարարումը վերսկսելու կանխատեսվող ժամկետի մասին, որը չպետք է գերազանցի հաստատված գրաֆիկով նախատեսված խմելու ջրի վերջին մատակարարումից հետո 24 ժամը:

5. Մատակարարման համակարգում վթարների դեպքում Ընկերությունը պարտավոր է օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին, հնարավորինս սեղմ ժամկետում իրազեկել սպառողներին վթարի և այն վերացնելուց հետո ջրամատակարարման վերսկսման ժամկետի մասին: Բնականոն ջրամատակարարման վերսկսման ժամկետը չպետք է գերազանցի հաստատված գրաֆիկով նախատեսված խմելու ջրի վերջին մատակարարումից հետո 72 ժամը` բնակավայրերից դուրս գտնվող (մայրուղային) ջրատարների և 48 ժամը` բնակավայրերի տարածքում գտնվող ջրամատակարարման համակարգերի վթարների դեպքում:

6. Սույն պահանջների 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված ժամկետներում խմելու ջրի մատակարարումը որևէ պատճառով չվերականգնելու դեպքում Ընկերությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի N 130-Ն որոշմամբ հաստատված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոններով» սահմանված կարգով ջրազրկված տարածքների սպառողներին անվճար ապահովել խմելու ջրի որակին ներկայացվող պահանջներին համապատասխանող ջրով:

7. Եթե Ընկերությունը չի կատարել 6-րդ կետի պահանջը, ապա նա պարտավոր է սպառողների տվյալ ամսվա վճարման ենթակա գումարը նվազեցնել թերմատակարարված ջրի արժեքի քառապատիկի չափով (թերմատակարարված ջրի քանակը որոշվում է նախորդ 3 ամսվա միջին օրական ծախսի և թերմատակարարված օրերի արտադրյալով):

8. Եթե մատակարարվող խմելու ջրի որակը չի համապատասխանում սույն պահանջների 1-ին կետի պայմանին, ապա Ընկերությունն այդ մասին սահմանված կարգով տեղեկացնում է համապատասխան իրավասու մարմիններին, ձեռնարկում անհրաժեշտ բոլոր միջոցները ջրի որակը նշված նորմերին համապատասխանեցնելու համար` զանգվածային լրատվական և հնարավոր այլ միջոցներով տեղեկացնելով սպառողներին: