Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-875
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.04.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.05.05/18(752) Հոդ.459
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
20.04.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.04.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

20 ապրիլի 2010 թ.

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի դեկտեմբերի 10-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 16.03.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Ա. Մարությանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2009թ. դեկտեմբերի 10-ին Երևանում` երկու երկրների միջև կանոնավոր օդային հաղորդակցությունների կարգավորման նպատակով:

2. Համաձայնագրի բաղկացուցիչ մաս է կազմում հավելվածը, որը սահմանում է երթուղիների ցանկը:

3. Համաձայնագրով սահմանված են սերտիֆիկատների և լիցենզիաների ճանաչման, ավիաընկերությունների նշանակման և շահագործման թույլտվության տրամադրման, օդային ուղիների շահագործման թուլտվության մերժման, չեղյալ ճանաչման կամ կասեցման կարգն ու պայմանները:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

մյուս կողմին տրամադրել համաձայնագրով սահմանված իրավունքները համաձայնագրի հավելվածում սահմանված երթուղիներով միջազգային օդային հաղորդակցությունները շահագործելու նպատակով,

ավիաընկերությունների նշանակման մասին տեղեկություն ստանալուն պես նվազագույն ընթացակարգային հետաձգումներով տրամադրել շահագործման համապատասխան լիազորությունները և թույլտվությունները,

եթե օդային ուղիների չեղյալ ճանաչելը, կասեցնելը կամ համաձայնագրով նախատեսված այլ պայմաններ սահմանելն էական չեն օրենքների և/կամ կանոնակարգերի հետագա խախտումները կանխելու նպատակով, ապա նման իրավունքն իրականացնել միայն մյուս կողմի հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո,

մյուս կողմի նշանակած ցանկացած ավիաընկերության օդանավի համար օդանավակայանների և այլ ավիացիոն միջոցների օգտագործման դիմաց չգանձել ավելի բարձր վճարներ, քան նմանատիպ միջազգային օդային հաղորդակցություններ շահագործող ազգային ավիաընկերությունից գանձվող վճարներն են,

մյուս կողմի նշանակած ազգային օդանավերը, դրանց սովորական սարքավորումները, պահեստամասերը, վառելիքի և քսայուղերի պաշարները, օդանավում գտնվող պաշարներն ազատել բոլոր տեսակի մաքսատուրքերից, տեսչական և նմանատիպ այլ վճարներից` պայմանով, որ այդ սարքավորումները, պահեստամասերը և պաշարները մնալու են օդանավում այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն վերաարտահանվել, օգտագործվել կամ սպառվել օդանավերի թռիչքի ընթացքում,

ՀՀ տարածքում մաքսատուրքերից և հարկերից ազատել ՀՀ տարածք ներմուծված անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպիսիք են չվացուցակները, ավիատոմսերը և բեռնագրերը` նախատեսված մյուս կողմի նշանակած ավիաընկերության օգտագործման համար,

հաղորդակցությունների շահագործումից առնվազն երեսուն օր առաջ մյուս կողմի ավիացիոն իշխանությունների հաստատմանը ներկայացնել չվերթերի ծրագրերը,

ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները` վերացնելու համար խտրականության բոլոր դրսևորումները կամ անարդար մրցակցային գործելակերպը, ինչպես նաև երաշխավորել համաձայնագրի հավելվածում սահմանված ցանկացած երթուղում համաձայնեցված հաղորդակցությունները շահագործելու` արդար և հավասար հնարավորությունները,

տրամադրել անհրաժեշտ ողջ աջակցությունը` կանխելու համար օդանավերի ապօրինի զավթման գործողությունները և օդանավերի, ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների և աերոնավիգացիոն միջոցների անվտանգության դեմ ուղղված այլ անօրինական գործողությունները, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք,

ժամանակ առ ժամանակ անցկացնել խորհրդակցություններ` ապահովելով համաձայնագրի և դրան կից հավելվածի դրույթների կիրառումը, ինչպես նաև համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ առաջացած ցանկացած վեճ առաջին հերթին կարգավորել բանակցությունների միջոցով:

5. Համաձայնագիրն ամրագրում է դրույթներ, որոնք վերաբերում են ավիացիոն անվտանգությանը, սահմանված են նաև օրենքների և կանոնակարգերի կիրառման, վեճերի կարգավորման, համաձայնագրում փոփոխությունների կատարման, համաձայնագրի դադարեցման և ուժի մեջ մտնելու կարգն ու պայմանները:

 

 Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2009 թվականի դեկտեմբերի 10-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


20 ապրիլի 2010 թ.

ՍԴՈ-875