Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (08.02.1992-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.08.15/21(434).1
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
08.02.1992
Ստորագրման ամսաթիվ
08.02.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.1992

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հիդրոօդերևութաբանության բնագավառում փոխգործունեության մասին

 

Համաձայնագրի մասնակիցները, այսուհետ` Բարձր պայմանավորվող կողմեր,

ընդունելով հիդրոօդերևութաբանական տեղեկության կանոնավոր ստացման և օգտագործման կարևորությունը բնակչության անվտանգության, ժողովրդական տնտեսության արդյունավետ վարման և պաշտպանունակության ապահովման համար,

գիտակցելով բնակվելու անվտանգ բարենպաստ պայմանների ապահովման և ժամանակին տարերային աղետներից պաշտպանվելու պատասխանատվությունը,

նշելով, որ հիդրոօդերևութաբանական գործընթացների զարգացումը հարաճուն է և պետական սահմաններ չի ճանաչում, իսկ հիդրոօդերևութաբանական տվյալների ճիշտ մեկնաբանությունը պահանջում է վարչական կամ այլօրինակ բաժանմանը չհամընկնող մեծ տարածքներից տեղեկության օգտագործում,

գիտակցելով միջպետական նշանակություն և հետաքրքրություն ունեցող համաձայնեցված հիմնարար և կիրառական հետազոտությունների անցկացման անհրաժեշտությունը,

ձգտելով հիդրոօդերևութաբանական բնագավառում տեղեկության փոխանակման համաձայնեցված գործողությունների,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Բարձր պայմանավորվող կողմերը հիդրոօդերևութաբանական տեղեկության ստացման և օգտագործման բնագավառում մշակում և անցկացնում են միասնական քաղաքականություն, ներառյալ դիտարկումների մեթոդաբանության և տեղեկության հավաքման ու տարածման տեխնոլոգիայի համաձայնեցված պահպանումը, հաշվի առնելով նախկին ԽՍՀ Միության նախկինում մշակված և կնքված միջազգային համաձայնագրերը:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են համաձայնեցված կարգով և ներդաշնակորեն ապահովել.

հիդրոօդերևութաբանական տեղեկության կանոնավոր փոխանակում, այդ թվում տարերային աղետների ժամանակ,

հիդրոօդերևութաբանական դիտարկումների համաձայնեցված մեթոդաբանություն,

հիդրոօդերևութաբանական տեղեկատվության հավաքման և տարածման համաձայնեցված տեխնոլոգիա,

ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող գիտական հետազոտություններ (եղանակի երկարաժամկետ տեսություն, օդերևութաբանական գործընթացների վրա ակտիվ ներգործության մեթոդների մշակում և այլն) և գլոբալ երևույթների հետազոտություններ (կլիմայի փոփոխություն, օզոնային շերտի քայքայում և այլն),

զինված ուժերին հիդրոօդերևութաբանական տեղեկություն ապահովելու կազմակերպում,

հիդրոօդերևութաբանության բնագավառում կադրերի համատեղ պատրաստում,

միջազգային պարտավորությունների կատարում և Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցություն:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածով նախատեսված դրույթների կատարման համար Բարձր պայմանավորվող կողմերը համաձայնեցին ստեղծել.

Հիդրոօդերևութաբանության միջպետական խորհուրդ, որպես 2-րդ հոդվածում թվարկված գործունեության ուղղություններով գործառույթներ իրականացնող Անկախ Պետությունների Համագործակցության համակարգող ինստիտուտ,

Հիդրոօդերևութաբանության միջպետական խորհուրդը բաղկացած է Համաձայնագրի մասնակից պետությունների հիդրոօդերևութաբանական ծառայությունների (կոմիտեների, վարչությունների) ղեկավարներից և գործում է հավասարության հիմքով:

Որպես հիդրոօդերևութաբանության Միջպետական խորհրդի աշխատանքային մարմին, դրան կից ստեղծել մշտական հիմքերով գործող Գործադիր կոմիտե:

Հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի և դրա Գործադիր կոմիտեի լիազորությունները, դրանց ֆինանսավորման և աշխատանքի կարգը ամրագրվում են Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող Արձանագրությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Մասնակցությունը սույն Համաձայնագրին չի շոշափում Բարձր պայմանավորվող կողմերի իրավունքները և պարտավորությունները վաղօրոք կնքված պայմանագրերով, ինչպես նաև այն պայմանագրերով, որոնք կարող են կնքվել ապագայում հիդրոօդերևութաբանության այն սկզբունքների զարգացման ապահովման համար, որոնց վրա հիմնված է սույն Համաձայնագիրը:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Բարձր պայմանավորվող կողմերը համատեղ մշակում են սույն Համաձայնագրի դրույթների խախտմանը վերաբերող պատասխանատվության կարգը, կանոնները և գործընթացները:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Բարձր պայմանավորվող կողմերի լիազորների կողմից ստորագրելու պահից:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Սույն Համաձայնագիրը բաց է ցանկացած այլ՝ սույն Համաձայնագրի նպատակներին և խնդիրներին հասնելու շահագրգիռ պետության կողմից միանալու համար:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից սկսած մինչև 5 տարին լրանալը ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել սույն Համաձայնագրում մասնակցությունից՝ ավանդապահին գրավոր ծանուցելու միջոցով: Դուրս գալը տվյալ Պայմանավորվող կողմի համար ուժի մեջ է մտնում ավանդապահին դուրս գալու մասին ծանուցմանը հաջորդող տարվա դեկտեմբերի 31-ից:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1992 թվականի փետրվարի 8-ին, մեկ բնօրինակով, ադրբեջաներեն, հայերեն, բելառուսերեն, ղազախերեն, ղրղզերեն, մոլդովերեն, ռուսերեն, տաջիկերեն, թուրքմեներեն, ուզբեկերեն և ուկրաիներեն:

Բոլոր տեքստերը հավասարազոր են, բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը դրա հավաստված պատճենները կուղարկի սույն Համաձայնագրի մասնակից պետություններին։

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի փետրվարի 8-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան