Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.02.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.04.23/16(750).1 Հոդ.431.24
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
05.02.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.02.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ2/0150/05/09

վարչական գործ թիվ ՎԴ2/0150/05/09

2010թ.

Դատավոր՝ Հ. Թորոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի փետրվարի 5-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 10.07.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մարտունու տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) ընդդեմ անհատ ձեռնարկատեր Կամո Խաչատրյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Տեսչությունը պահանջել է բռնագանձել Կամո Խաչատրյանից 770.900 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 10.07.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է բռնագանձել Կամո Գուրգենի Խաչատրյանից 525.543 ՀՀ դրամ, որից որպես ապառք՝ 142.263 ՀՀ դրամ, ապառքի նկատմամբ հաշվարկված տույժ՝ 102.780 ՀՀ դրամ, հաշվարկված տուգանք՝ 270.000 ՀՀ դրամ, ինչպես նաև հայցի բավարարված մասի նկատմամբ համամասնորեն բաշխված նախապես վճարված պետական տուրք՝ 10.500 ՀՀ դրամ: Հայցը մնացած մասով մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը կիրառել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 301-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել, որ Կամո Խաչատրյանի հարկային պարտավորությունները հայտնաբերվել են ոչ թե 2009 թվականին, այլ հարկային պարտավորությունները վճարելու համար օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո հաջորդ օրը, որի հիմքով ապառքի գումարների նկատմամբ հաշվարկվել են տույժեր:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վարչական դատարանի 10.07.2009 թվականի վճռի՝ հայցը մերժելու մասը և այն փոփոխել՝ հայցը բավարարել:

 

3. Բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Կամո Խաչատրյանը 16.09.2003 թվականին, 30.12.2003 թվականին, 30.04.2004 թվականին, 30.06.2004 թվականին և 30.06.2005 թվականին Տեսչություն է ներկայացրել 30 քմ մակերեսից ոչ ավելի առևտրային տարածք ունեցող խանութների, կրպակների ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարություններ (գ.թ. 11-15):

2) Տեսչության 12.02.2009 թվականի հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի համաձայն՝ հաստատագրված վճարի գծով Կամո Խաչատրյանի պարտավորությունը կազմել է 500.900 ՀՀ դրամ, այդ թվում՝ 307.600 ՀՀ դրամ ապառք, 193.300 ՀՀ դրամ տույժ: Ըստ տեղեկանքի հարկային պարտավորությունների առաջացման ժամանակահատվածը (հիմքերը) 2003-2008 թվականների ամսական հաշվարկներն են (գ.թ. 4):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հաստատագրված վճարի վճարումը կատարվում է վճարողի կողմից ինքնուրույնաբար` յուրաքանչյուր ամսվա համար` մինչև հաջորդ ամսվա 15-ը ներառյալ:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 301-րդ հոդվածի համաձայն՝ հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո:

 Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 301-րդ հոդվածի իրավական վերլուծությանը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ նշված հոդվածով սահմանված ժամկետը վերաբերում է հարկային օրենսդրության խախտման փաստի և դրա` հարկային մարմնի կողմից հայտնաբերման միջև ընկած ժամանակահատվածին:

Վճռաբեկ դատարանը նշել է, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 301-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դրույթը վերաբերում է հարկային պարտավորությունների հայտնաբերման բոլոր դեպքերին` առանց բացառության (տե՛ս ՀՀ ԿԱ ՀՊԾ Սպիտակի տարածքային հարկային տեսչության հայցն ընդդեմ «Աբելյան Դ/Ձ» ԲԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի թիվ 3-1586 (ՏԴ) որոշումը, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Շահումյանի հարկային տեսչության հայցն ընդդեմ «Ռազմիկ Ասատրյան և որդի» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 11.08.2009 թվականի թիվ 3-90(ՎԴ) որոշումը):

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով հարկային պարտավորության խախտումը հարկային մարմնի կողմից հայտնաբերելու պահի հարցին, արձանագրել է, որ հարկ վճարողի կողմից հարկային պարտավորության խախտման համար հարկային մարմնի կողմից տույժ հաշվարկելը բավարար հիմք է արձանագրելու համար, որ հարկ վճարողի կողմից թույլ տրված խախտումը հարկային մարմինը հայտնաբերել է խախտման առաջին օրը (տե՛ս ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Շահումյանի հարկային տեսչության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Գայանե Ադյանի` 4.955.100 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1150 (ՎԴ)):

Սույն գործով Դատարանը վճռի հիմքում դրել է այն հանգամանքը, որ հայցվորը որևէ ապացույց չի ներկայացրել, որ արձանագրված խախտումները հայտնաբերվել են 2003-2005 թվականներին, և այդ ընթացքում է կատարել տույժերի հաշվարկը:

Սույն գործի փաստերի համաձայն՝ 16.09.2003 թվականին, 30.12.2003 թվականին, 30.04.2004 թվականին, 30.06.2004 թվականին և 30.06.2005 թվականին Կամո Խաչատրյանը Տեսչությանը ներկայացրել է 30 քմ մակերեսից ոչ ավելի առևտրային տարածք ունեցող խանութների, կրպակների ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարություններ: Նշված հայտարարությունների հիման վրա կատարված հաշվարկների համաձայն` հաստատագրված վճարի գծով Կամո Խաչատրյանի հարկային պարտավորությունների մնացորդը 12.02.2009 թվականի դրությամբ կազմել է 500.900 ՀՀ դրամ, այդ թվում՝ 307.600 ՀՀ դրամ ապառք, 193.300 ՀՀ դրամ տույժ: Գործում առկա տեղեկանքի համաձայն՝ հարկային պարտավորությունների առաջացման ժամանակահատվածը (հիմքերը) 2003-2008 թվականների ամսական հաշվարկներն են:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված տույժերի հաշվարկը բավարար հիմք է արձանագրելու համար, որ խախտումները Տեսչությունը հայտնաբերել է դեռևս այդ խախտումների կատարման ժամանակ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 301-րդ հոդվածը սույն գործով կիրառելի չէ:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով՝ Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

 Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 10.07.2009 թվականի վճռի` հայցը մերժելու մասը և այն փոփոխել. Կամո Խաչատրյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 245.857 ՀՀ դրամ:

2. Կամո Խաչատրյանից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մարտունու տարածքային հարկային տեսչության բռնագանձել 4.918 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի, ինչպես նաև 23.200 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան