ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/5033/05/08 |
Վարչական գործ թիվ ՎԴ/5033/05/08 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Աբովյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի փետրվարի 5-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Թամարա Իկնոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 05.05.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Ֆրունզե Ավագյանի, Կարինե Վշտունու, Մերի Սարգսյանի, Կարինե Արիստակեսյանի ընդդեմ Թամարա Իկնոյանի, Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան)՝ 26.10.2006 թվականի թիվ 18-ի-81-310 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ֆրունզե Ավագյանը, Կարինե Վշտունին, Մերի Սարգսյանը և Կարինե Արիստակեսյանը պահանջել են անվավեր ճանաչել Քաղաքապետարանի 26.10.2006 թվականի թիվ 18-ի-81-310 շինարարության թույլտվությունը և պարտավորեցնել Թամարա Իկնոյանին քանդելու կառուցած մանսարդային հարկը` տարածքը բերելով նախկին տեսքի:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 20.03.2009 թվականի որոշմամբ առանձին վարույթում առանձնացվել է Թամարա Իկնոյանին մանսարդային հարկը քանդելուն ու տարածքը նախքին տեսքին բերելուն պարտավորեցնելու պահանջը:
Դատարանի 05.06.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի 26.10.2006 թվականի թիվ 18-ի-81-320 շինարարության թույլտվությունը: Պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին՝ մեկամսյա ժամկետում ընդունել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածով նախատեսված որոշում 26.10.2006 թվականի թիվ 18-ի-81-320 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու հետևանքով այդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հարցերի կանոնակարգման վերաբերյալ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Թամարա Իկնոյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Ֆրունզե Ավագյանը, Կարինե Վշտունին, Մերի Սարգսյանը և Կարինե Արիստակեսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ և 24-րդ հոդվածները, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 70-րդ, 71-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի թիվ 91 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգի» 2-րդ, 5-րդ, 11-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 191-րդ, 192-րդ, 224-րդ, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել գործով ձեռք բերված ապացույցները:
Մասնավորապես, Դատարանը պատշաճ չի գնահատել այն հանգամանքը, որ Քաղաքապետարանը գործել է իր իրավասության սահմաններում, իսկ Մերի Սարգսյանը դեռևս 20.10.2006 թվականին տվել է համաձայնություն՝ մանսարդային հարկ կառուցելու համար: Ներկայումս մանսարդային հարկը կառուցված է և սեփականության իրավունքով պատկանում է Թամարա Իկնոյանին:
Բացի այդ, Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում 26.10.2006 թվականին ընդունված թիվ 18-ի-81-310 վարչական ակտը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի ուժով դարձել է անբողոքարկելի:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 05.06.2009 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցը մերժել:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Դատաքննությամբ ապացուցվել է, որ Թամարա Իկնոյանն ընդունել է այն հանգամանքը, որ Երևանի Մոսկովյան փողոցի 37-րդ շենքի ընդհանուր բաժնային սեփականության կամ դրա մի մասի կառուցապատման կամ փոփոխման մասին որոշումը, տվյալ դեպքում տանիքի մի մասում մանսարդային հարկ կառուցելու, այդ մասը Թամարա Ինկոյանին օտարելու մասին որոշումը շենքի սեփականատերերի ժողովի կողմից ընդունված չի եղել, բացակայել է բնակիչների համաձայնությունը մանսարդային հարկ կառուցելու վերաբերյալ:
Այսինքն՝ Դատարանն արդարացիորեն եկել է այն եզրահանգման, որ Թամարա Ինկոյանը օրինական կառուցապատող չէ, հետևաբար, Քաղաքապետարանի 26.10.2006 թվականի շինարարության թույլտվությունն ընդունվել է օրենքի խախտմամբ:
Ինչ վերաբերում է Թամարա Իկնոյանի վճռաբեկ բողոքում վկայակոչած այն փաստարկին, որ բաց է թողնվել վարչական ակտը բողոքարկելու ժամկետները, ապա այն անհիմն է, քանի որ սույն գործով վիճարկվող վարչական ակտը Քաղաքապետարանի կողմից տրվել է 26.10.2006 թվականին, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ է մտել 01.01.2008 թվականին:
Հետևաբար, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով դատարան դիմելու ժամկետները չեն կարող տարածվել 26.10.2006 թվականին ընդունված վարչական ակտի վիճարկման հայցի վրա:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Թամարա Իկնոյանին 26.10.2006 թվականին տրվել է թիվ 18-ի-81-310 շինարարության թույլտվությունը (գ.թ. 17):
2. Մանսարդային հարկը կառուցված է և սեփականության իրավունքով պատկանում է Թամարա Իկնոյանին (գ.թ. 137-139):
3. 26.10.2006 թվականին տրված թիվ 18-ի-81-310 շինարարության թույլտվությունը վիճարկելու հայցով Ֆրունզե Ավագյանը, Կարինե Վշտունին, Մերի Սարգսյանը և Կարինե Արիստակեսյանը դիմել են 04.08.2008 թվականին (գ.թ. 2):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ակտը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:
Սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառելի և դրա ծագման ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` վարչական վարույթի արդյունքում ընդունած oրենքին հակասող վարչական ակտերն անվավեր ճանաչելու մասին դիմումները դատարան են ներկայացվում դրանք վարչական կարգով բողոքարկվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, իսկ վարչական կարգով բողոք չներկայացվելու դեպքում` վարչական կարգով բողոքարկման ժամկետը լրանալուց հետո` վեց ամսվա ընթացքում, եթե oրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Թամարա Իկնոյանին 26.10.2006 թվականին տրվել է թիվ 18-ի-81-310 շինարարության թույլտվություն, որը վիճարկելու պահանջով Ֆրունզե Ավագյանը, Կարինե Վշտունին, Մերի Սարգսյանը և Կարինե Արիստակեսյանը դատարան են դիմել 04.08.2008 թվականին՝ մեկ տարի և տասն ամիս հետո:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով հայցվորները բաց են թողել տվյալ վարչական ակտը դատական կարգով բողոքարկելու ժամկետը:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ Դատարանը չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ՝
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական բողոքը կարող է բերվել`
ա) վարչական ակտն ուժի մեջ մտնելու oրվանից 6 ամսվա ընթացքում.
բ) վարչական մարմնի կողմից գործողություն կատարելու oրվանից մեկ ամսվա ընթացքում.
գ) վարչական մարմնի կողմից անգործություն ցուցաբերելու oրվանից 3 ամսվա ընթացքում.
դ) գրավոր վարչական ակտում դրա բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի: Բողոքարկման ժամկետը կարող է վերականգնվել հարգելի պատճառով բաց թողնվելու դեպքում:
Վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է վերոնշյալ իրավական խնդրին և նշել, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի նորմերը չեն տարածվում դատավարական իրավունքի նորմերով կարգավորվող հարաբերությունների վրա, իսկ տվյալ օրենքի 71-րդ հոդվածը, սահմանելով վարչական բողոքի բողոքարկման ժամկետները, ըստ էության, սահմանում է վարչական ակտի բողոքարկումը վարչական կարգով՝ ակտն ընդունած վարչական մարմնին կամ վարչական մարմնի վերադաս վարչական մարմնին: Ընդ որում, վարչական բողոքի համար սահմանված ժամկետների բացթողումը վարչական ակտը դարձնում է անբողոքարկելի միայն վարչական կարգով (Տե՛ս «Գլուր» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպության, ՀՀ ԱՆ Գեղարքունիքի ԴԱՀԿ ծառայության Մարտունի-Վարդենիս տարածաշրջանի բաժանմունքի, երրորդ անձինք Գուրգեն Դարբինյանի, Տիգրան Դարբինյանի, Ֆիրդուս Զաքարյանի և Ժիրայր Գալստյանի՝ պաշտոնատար անձանց օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ ԳԴ/0171/02/09 գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի մասանակիորեն հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում նյութական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկներին:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 05.06.2009 թվականի վճիռը և այն փոփոխել՝ Ֆրունզե Ավագյանի, Կարինե Վշտունու, Մերի Սարգսյանի և Կարինե Արիստակեսյանի հայցը մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Ա. Բարսեղյան |
Վ. աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|