Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման մասին (2006 թ. հունվարի 12 Աստանա)
Պայմանավորվող կողմերը, նպատակ ունենալով օժանդակել սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տնտեսական աճին և նրանց միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Կազմավորել Եվրասիական զարգացման բանկ (այսուհետ` Բանկ), որը կոչված է նպաստելու սույն Համաձայնագրի մասնակից պետությունների շուկայական տնտեսության կայացմանն ու զարգացմանը, նրանց տնտեսական աճին և նրանց միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը ներդրումային գործունեություն իրականացնելու միջոցով:
Բանկն օժանդակում է միջազգային ֆինանսատնտեսական համագործակցության ամրապնդմանը` մասնակցելով այլ միջազգային ֆինանսական և բանկային կազմակերպությունների և միությունների աշխատանքին:
Հոդված 2
Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով ու նորմերով, կիրառվող միջազգային պայմանագրերով, սույն Համաձայնագրով և Բանկի Կանոնադրությամբ:
Բանկը գործում է բանկային գործունեության ընդունված սկզբունքներին համապատասխան:
Բանկի Կանոնադրությունը հաստատվում է սույն Համաձայնագրով, հանդիսանում է վերջինիս անբաժանելի մասը և ձևակերպված է սույն Համաձայնագրին կից հավելվածի տեսքով:
Բանկն իր գործառույթների իրականացման ապահովման համար կարող է սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունների հետ կնքել համաձայնագրեր նրանց տարածքում Բանկի գտնվելու պայմանների մասին, ինչպես նաև` սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կենտրոնական ազգային բանկերի և սույն Համաձայնագրի մասնակից պետությունների այլ լիազորված մարմինների հետ:
Հոդված 3
Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո նրան կարող են միանալ այլ պետություններ և միջազգային կազմակերպություններ` Բանկի Կանոնադրությամբ նախատեսված պահանջներն ու ընթացակարգերը կատարելու պայմանով:
Սույն Համաձայնագիրը միացող պետությունների և միջազգային կազմակերպությունների համար ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրին միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին հանձնելու օրվանից: Առաջին նման փաստաթղթի հանձնման օրվանից սկսած և այնքան ժամանակ, քանի դեռ սույն Համաձայնագիրը մնում է բազմակողմանի, ավանդապահի գործառույթներն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը:
Հոդված 4
Սույն Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից կարող է դուրս գալ Բանկի կազմից` իր մտադրության մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին և կատարելով Բանկի Կանոնադրությամբ նախատեսված պայմանները:
Սույն Համաձայնագիրը այդ մասնակցի նկատմամբ իր գործողությունը դադարեցնում է Բանկի և այդ մասնակցի միջև Բանկի Կանոնադրությանը համապատասխան հարաբերությունների վերջնական կարգավորման օրը:
Հոդված 5
Սույն Համաձայնագրում նրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով:
Հոդված 6
Սույն Համաձայնագրի դրույթների կիրառման կամ մեկնաբանման հետ կապված տարաձայնությունները կարգավորվում են նրա մասնակիցների կողմից` բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
Հոդված 7
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում նրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով Պայմանավորվող կողմերի ստանալու օրվանից:
Բանկի Կանոնադրության 8-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթները կիրառվում են ժամանակավորապես` սույն Համաձայնագիրն ստորագրելու օրվանից:
Կատարված է Աստանա քաղաքում 2006 թվականի հունվարի 12-ին, երկու օրինակով, ռուսերեն:
Համաձայնագիրն ստորագրվել է Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կողմից:
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական զարգացման բանկի
հիմնադրման մասին
2006 թվականի հունվարի 12-ի
Համաձայնագրին կից
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Եվրասիական զարգացման բանկը (այսուհետ` Բանկ) հիմնադրվել է Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման մասին Համաձայնագրին (այսուհետ` Համաձայնագիր) համապատասխան, որն ստորագրվել է 2006 թվականի հունվարի 12-ին, և իր գործունեությունն իրականացնում է նրան համապատասխան:
Սույն Կանոնադրությունը հանդիսանում է Համաձայնագրի անբաժանելի մասը:
Բ ա ժ ի ն I
Բանկի նպատակները, գործառույթները և մասնակիցները
Հոդված 1
Բանկի նպատակները
Բանկը կոչված է նպաստելու Բանկի մասնակից պետությունների շուկայական տնտեսության կայացմանն ու զարգացմանը, նրանց տնտեսական աճին և նրանց միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը ներդրումային գործունեություն իրականացնելու միջոցով:
Բանկն իրականացնում է միջազգային ֆինանսատնտեսական համագործակցության ամրապնդմանն ուղղված գործունեություն` նոր մասնակից պետությունների և միջազգային կազմակերպությունների միանալու համար բաց լինելու սկզբունքին համապատասխան:
Հոդված 2
Բանկի գործառույթները
Իր նպատակներին հասնելու համար Բանկը կատարում է հետևյալ գործառույթները.
իրականացնում է ներդրումային գործունեություն` ի շահ Բանկի մասնակից պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման, ծրագրերի և նախագծերի ֆինանսավորման, երաշխիքների տրամադրման և կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցելու միջոցով` դրա համար օգտագործելով միջազգային և ազգային ֆինանսական շուկաներում ներգրավված սեփական կապիտալը և միջոցները, ինչպես նաև այլ մատչելի ռեսուրսներ.
խորհրդատվություն է իրականացնում Բանկի մասնակիցների համար տնտեսական զարգացման, ռեսուրսների արդյունավետ օգտագործման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման հարցերի շուրջ, իրականացնում է տեղեկատվական-վերլուծական աշխատանք պետական և միջազգային ֆինանսների բնագավառում.
համագործակցում է միջազգային կազմակերպությունների, պետությունների, ազգային հիմնարկությունների և Բանկի մասնակից պետությունների ու տնտեսական զարգացման ֆինանսավորման գործում շահագրգիռ այլ երկրների տնտեսավարող սուբյեկտների հետ.
իրականացնում է այլ գործունեություն, որը չի հակասում Բանկի նպատակներին, որոնք սահմանված են Համաձայնագրով, Բանկի մասնակիցների, նրանց կենտրոնական ազգային բանկերի և այլ լիազորված մարմինների հետ Բանկի կնքած երկկողմանի համաձայնագրերով, ինչպես նաև` միջազգային բանկային պրակտիկային:
Հոդված 3
Բանկի կարգավիճակը և գտնվելու վայրը
1. Բանկը հանդիսանում է միջազգային կազմակերպություն` միջազգային իրավունքի սուբյեկտ, ունի միջազգային իրավունակություն և, մասնավորապես, իր իրավասության սահմաններում միջազգային պայմանագրեր կնքելու իրավունք:
2. Բանկն օգտվում է իրավաբանական անձի իրավունքներից Բանկի մասնակից պետությունների տարածքում և, մասնավորապես, իրավասու է.
ա) իրականացնելու ցանկացած գործարք, որը չի հակասում Բանկի Կանոնադրությանը,
բ) վարձակալելու, ձեռք բերելու և վաճառելու շարժական և անշարժ գույք, ինչպես նաև այլ կերպով տնօրինելու նշված գույքը,
գ) հանդես գալու դատական և արբիտրաժային մարմիններում: Բանկի մասնակից պետությունների տարածքում Բանկն իր շահերի պաշտպանության համար ունի այն նույն դատավարական իրավունքները, որոնք Բանկի մասնակից պետությունների օրենսդրությամբ ամրագրված են իրավաբանական անձանց համար,
դ) կատարելու այլ գործողություններ, որոնք ուղղված են Բանկի նպատակներին հասնելուն, սույն Կանոնադրությանը համապատասխան:
3. Բանկը պատասխանատու չէ իր մասնակիցների պարտավորությունների համար, իսկ մասնակիցները պատասխանատու չեն Բանկի պարտավորությունների համար: Բանկի մասնակիցները Բանկի գործունեության հետ կապված կորուստների ռիսկ են կրում իրենց պատկանող բաժնետոմսերի արժողության սահմաններում:
4. Բանկի գտնվելու վայրն է Ղազախստանի Հանրապետության Ալմաաթի քաղաքը:
5. Բանկի գործունեությունը Բանկի մասնակից պետությունների տարածքներում սահմանվում է կիրառվող միջազգային պայմանագրերով, Համաձայնագրով, սույն Կանոնադրությամբ, Բանկի մասնակից պետությունների կառավարությունների հետ նրանց տարածքում Բանկի գտնվելու պայմանների մասին Բանկի կնքած համաձայնագրերով, ինչպես նաև Բանկի մասնակից պետությունների կենտրոնական ազգային բանկերի և այլ լիազորված մարմինների հետ կնքած համաձայնագրերով, իսկ դրանց բացակայության դեպքում կամ դրանցով չկարգավորվող մասով` այն մասնակից պետությունների օրենսդրությամբ, որոնց տարածքում իրականացվում է այդ գործունեությունը:
Բանկի մասնակից պետությունների օրենսդրության դրույթները, որոնք սահմանում են կազմակերպությունների ստեղծման, արտոնագրման, դրանց գործունեության կանոնակարգման և դադարեցման կարգը, Բանկի վրա չեն տարածվում:
6. Բանկի խորհրդի որոշմամբ և Բանկի մասնակիցների հետ համաձայնեցմամբ Բանկն իրավունք ունի բացելու մասնաճյուղեր և (կամ) ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնադրելու դուստր բանկեր և կազմակերպություններ:
Հոդված 4
Բանկի հիմնադիրները և մասնակիցները
1. Բանկի հիմնադիրներն են Ղազախստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը` ի դեմս իրենց կառավարությունների:
2. Բանկի հիմնադիրները նրա մասնակիցներ են դառնում Բանկի բաժնետոմսերի դիմաց վճարելուց հետո` սույն Կանոնադրության 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան:
3. Բանկը բաց է շահագրգիռ այն պետությունների և միջազգային կազմակերպությունների անդամակցության համար, որոնք ընդունում են Բանկի նպատակները: Բանկին միացող պետությունները և միջազգային կազմակերպությունները նրա մասնակիցն են դառնում Բանկի խորհրդի որոշումների հիման վրա, որոնք ընդունվում են սույն Կանոնադրությանը համապատասխան, Բանկի խորհրդի կողմից սահմանված կարգով Համաձայնագրին միանալուց և ձեռք բերվող բաժնետոմսերի համար վճարելուց հետո:
Բ ա ժ ի ն II
Բանկի դրամագլուխը
Հոդված 5
Կանոնադրական դրամագլուխը
Բանկի կանոնադրական դրամագլուխը կազմում է 1 500 000 000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ԱՄՆ դոլար, որը բաժանված է 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) բաժնետոմսերի` յուրաքանչյուրը 1000 (հազար) դոլար անվանական արժեքով: Մեկ վճարված բաժնետոմսը ներկայացնում է մեկ ձայն քվեարկության նպատակների համար:
Հոդված 6
Կանոնադրական դրամագլխի սկզբնական բաժնեգրումը
1. Բանկի հիմնադիրներն իրականացնում են Բանկի բաժնետոմսերի սկզբնական բաժնեգրումն այն քանակով, որը նախատեսված է հավելվածով, որը հանդիսանում է սույն Կանոնադրության անբաժանելի մասը:
2. Եթե Բանկի հիմնադիրներից որևէ մեկը դիմել է բաժնեգրվելու համար կամ բաժնեգրվել է առավել պակաս քանակով բաժնետոմսերի համար, քան նախատեսված է սույն Կանոնադրությանը կից հավելվածով, ապա Բանկի խորհուրդը պարտավոր է Բանկի մյուս հիմնադրին անհապաղ առաջարկել օգտվել մնացած բաժնետոմսերի համար բաժնեգրվելու իրավունքից: Այդ իրավունքը պետք է իրացվի նշված առաջարկությունը ստանալու օրվանից մեկ տարվա ընթացքում: Այդ իրավունքից հրաժարվելու դեպքում Բանկի խորհուրդը որոշում է կայացնում բաժնետոմսերը կրկին առաջարկել բաժնեգրման կամ համապատասխան կերպով նվազեցնել կանոնադրական դրամագլուխը:
Հոդված 7
Կանոնադրական դրամագլխի փոփոխությունը
1. Բանկի կանոնադրական դրամագլուխը կարող է ավելացվել Բանկի խորհրդի որոշմամբ, լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով` Բանկի խորհրդի կողմից և սույն Կանոնադրությամբ սահմանված կարգին համապատասխան:
Լրացուցիչ բաժնետոմսերի բաշխումն իրականացվում է լրացուցիչ բաժնեգրմամբ:
Բանկի մասնակիցները նախապատվության իրավունք ունեն լրացուցիչ բաժնեգրմամբ ձեռք բերելու բաժնետոմսեր այն քանակով, որը համեմատական է կանոնադրական դրամագլխում իրենց պատկանող մասնաբաժնին անմիջապես մինչև դրա ավելացումը: Այդ դեպքում Բանկի մասնակիցները պարտավոր չեն իրականացնել լրացուցիչ բաժնեգրում: Նշված իրավունքից նրանցից որևէ մեկի լրիվ կամ մասնակի հրաժարվելու դեպքում բաժնետոմսերի չբաշխված մասնաբաժնի համար բաժնեգրման կարգը սահմանվում է Բանկի խորհրդի կողմից:
2. Բանկի կանոնադրական դրամագլուխը կարող է կրճատվել Բանկի խորհրդի որոշմամբ, բաժնետոմսերի քանակի կրճատման միջոցով` Բանկի խորհրդի կողմից և սույն Կանոնադրությամբ նախատեսված կարգին համապատասխան:
Հոդված 8
Բաժնետոմսերի վճարումը
1. Բաժնետոմսերի վճարումը, որոնց համար հայտարարված է նախնական բաժնեգրում, իրականացվում է ըստ անվանական արժեքի:
2. Բանկի յուրաքանչյուր հիմնադիր վճարում է կանոնադրական դրամագլխի այն բաժնետոմսերի առնվազն 20 (քսան) տոկոսը, որոնք տվյալ հիմնադրին բաժին են տրվում սույն Կանոնադրությանը կից հավելվածի համաձայն, ոչ ուշ, քան հիմնադրի կողմից` սույն Կանոնադրության ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող տարվա` իր բյուջեի կատարումն սկսելուց 30 (երեսուն) օր հետո:
3. Նախնական բաժնեգրման մնացած մասի հաշվով Բանկի յուրաքանչյուր հիմնադիր ձևակերպում է վճարման պարտավորություններ, որոնք մարվում են ամեն տարի 2 (երկու) տարվա ընթացքում, հավասար բաժիններով, որոնցից առաջինը ենթակա է վճարման ոչ ուշ, քան սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն կատարված վճարումից 12 (տասներկու) ամիս հետո:
4. Սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Բանկի կանոնադրական դրամագլխի ձևավորման համար սկզբնական վճարի մուծումը կարող է իրականացվել ժամկետից շուտ` Համաձայնագրի ստորագրման օրվանից սկսած: Այդ դեպքում Բանկի կանոնադրական դրամագլխի ձևավորման համար վճարումը գրանցվում է Ղազախստանի Հանրապետության ազգային բանկի ժամանակավոր խնայողական հաշվին:
Բանկի կանոնադրական դրամագլխի համար վճարման հետ կապված հիմնադրի պարտավորությունները համարվում են կատարված ժամանակավոր խնայողական հաշվից Բանկի հաշվին` բացված Կանոնադրության սույն հոդվածի 9-րդ կետին համապատասխան, միջոցների փոխանցումից հետո:
5. Բանկի կանոնադրական դրամագլխի բաժնետոմսերի վճարումը Բանկի մասնակիցների կողմից կարող է իրականացվել վաղաժամկետ:
6. Եթե սույն հոդվածի 3-րդ կետում նշված 2 (երկու) տարվա ընթացքում հիմնադիրներից որևէ մեկն ամբողջությամբ չի վճարում բաժնետոմսերը` ըստ նախնական բաժնեգրման, Բանկի խորհուրդը սահմանում է Բանկի մյուս մասնակիցների կողմից չվճարված բաժնետոմսերը ձեռք բերելու կարգը: Այդ իրավունքից բոլոր մասնակիցների հրաժարվելու դեպքում Բանկի խորհուրդը որոշում է ընդունում բաժնետոմսերը կրկին ներկայացնել բաժնեգրման կամ համապատասխան կերպով պակասեցնել կանոնադրական դրամագլուխը:
7. Բաժնետոմսերի վճարումը կատարվում է ԱՄՆ դոլարով:
8. Որպես բաժնետոմսերի մի մասի վճարում` Բանկի մասնակիցը կարող է Բանկի խորհրդի կողմից նախատեսված կարգով և պայմաններով կանոնադրական դրամագլխում կատարել ոչ դրամական ներդրում (գույք), որի ընդհանուր արժեքը չպետք է գերազանցի Բանկի կանոնադրական դրամագլխում նրա մասնաբաժնի 10 տոկոսը:
Գույքը, որը փոխանցվում է Բանկին` որպես ներդրում կանոնադրական դրամագլխում, չի կարող ծանրացվել պարտավորություններով:
Ներդրվող գույքի արժեքը սահմանվում է անկախ գնահատող կազմակերպության կողմից, որին որոշում է Բանկի խորհուդը, և հաստատվում է Բանկի խորհրդի կողմից:
9. Բանկի հիմնադիրների կողմից բաժնետոմսերի վճարումներից ստացված միջոցները գրանցվում են Ղազախստանի Հանրապետության ազգային բանկում` Բանկի հաշվին:
Բ ա ժ ի ն III
Բանկի ռեսուրսները, գործունեության տեսակները և գործառնությունները
Հոդված 9
Բանկի ռեսուրսները
1. Բանկն իր գործունեությունն իրականացնում է սեփական և ներգրավված միջոցներով:
2. Բանկի ռեսուրսները և ծառայությունները տրամադրվում են բացառապես նրա նպատակներին հասնելու և գործառույթներն իրականացնելու համար, որոնք նախատեսված են սույն Կանոնադրությամբ` համապատասխան Բանկի խորհրդի կողմից հաստատված կանոններին, ընթացակարգերին և դրույթներին:
Բանկն ապահովում է, որ Բանկի մասնակից պետություններին ռեսուրսների և ծառայությունների տրամադրման բոլոր պայմանները համապատասխանեն նրանց ազգային օրենսդրությանը և պաշտպանվեն դրանով, որպեսզի խոչընդոտներ չստեղծվեն Բանկի գործունեության, նրան տրվելիք պարտքերի մարման և նրա այլ օրինական պահանջների բավարարման համար:
3. Բանկը կարող է առանձին գործառույթների իրականացման համար ստեղծել ֆոնդեր:
Եկամտից կատարված հատկացումների հաշվին Բանկը ձևավորում է պահուստային ֆոնդ և այլ նպատակային ֆոնդեր, որոնց ձևավորման և կառավարման կարգը հաստատվում է Բանկի խորհրդի կողմից:
4. Բանկն իրավունք ունի Բանկի խորհրդի որոշմամբ, համաձայնագրերի հիման վրա իր վրա վերցնելու պարտավորություններ` ղեկավարել հատուկ ֆոնդեր, որոնք ձևավորվել են Բանկի մասնակցի, մասնակիցների խմբի կամ այլ կազմակերպությունների կողմից այն խնդիրների լուծման համար, որոնք համապատասխանում են Բանկի նպատակներին և գործառույթներին: Հատուկ ֆոնդերի կառավարման բոլոր ծախսերն իրականացվում են այդ ֆոնդերի հաշվին:
Հոդված 10
Ներդրումային գործունեություն
1. Ներդրումային գործունեության շրջանակներում Բանկը ֆինանսավորում է նախագծեր և ծրագրեր, որոնց թվում առաջնային են հանդիսանում Բանկի մասնակիցների միջպետական և միջկառավարական համաձայնագրերով նախատեսվածները, տրամադրում է երաշխիքներ, բանկային երաշխավորություններ և հանձնարարականներ, մասնակցում է կազմակերպությունների կանոնադրական դրամագլխի ձևավորմանը:
2. Բանկը տրամադրում է վարկեր ազատ փոխարկելի արժույթով և Բանկի մասնակից պետությունների ազգային արժույթով: Վարկերի տրամադրման և վերադարձման պայմանները հանդիսանում են վարկառուների հետ համաձայնագրերի առարկա:
Բանկը կարող է վարկեր տրամադրել միջազգային ֆինանսական ինստիտուտների, առևտրային բանկերի և այլ շահագրգիռ հաստատությունների հետ համատեղ:
3. Բանկն իրականացնում է ներդրումային գործունեություն` համապատասխան ներդրումային գործունեության մասին դրույթի, որը հաստատվում է Բանկի խորհրդի կողմից:
Ներդրումային գործունեություն իրականացնելիս Բանկն ապահովում է սեփական շահերը, մասնավորապես` կազմակերպում է ներդրումային նախագծերի փորձաքննություն և մասնակցում է դրա անցկացմանը, գնահատում է շահառուների վճարունակությունը:
4. Կազմակերպությունների կանոնադրական դրամագլխում Բանկի վճարած ներդրումների գումարը չի կարող գերազանցել այն գումարը, որը համապատասխանում է նրա` վճարված կանոնադրական դրամագլխի, եկամտի և ռեզերվների մեծությանը:
5. Բանկը տրամադրում է նախագծերի ֆինանսավորման հետ կապված նաև այլ ծառայություններ ինչպես Բանկի մասնակից պետություններին, այնպես էլ այլ պետությունների, որոնք շահագրգռված են այդպիսի ծառայություններ ստանալու մեջ:
Հոդված 11
Տեղեկատվական-վերլուծական գործունեություն
1. Բանկն իրականացնում է Բանկի մասնակից պետությունների տնտեսության վիճակի և ֆինանսական շուկաների, նրանց ներդրումային հնարավորությունների, դրամավարկային և արժութային հարաբերությունների, բանկային և արժութային կարգավորման ոլորտում օրենսդրության նորմերի մասին տեղեկատվության հավաքում, համակարգում և վերլուծություն: Դրա հիման վրա մշակվում են տեղեկատվական-վերլուծական նյութեր Բանկի մասնակիցների և այլ օգտատերերի համար:
2. Բանկը կարող է տեղեկատվության փոխանակման նպատակով այլ կազմակերպությունների հետ կնքել համաձայնագրեր:
Հոդված 12
Փոխառություններ և Բանկի գործունեության այլ տեսակներ
1. Սույն Կանոնադրությամբ նախատեսված իր նպատակներին հասնելու և գործառույթները կատարելու համար Բանկն իրավունք ունի իրականացնելու գործունեության հետևյալ տեսակները.
ա) սեփական արժեթղթերի թողարկում, տեղաբաշխում, շրջանառում, մարում և գնում` համապատասխան Բանկի խորհրդի կողմից նախատեսված պայմաններին,
բ) որևէ կազմակերպության կողմից թողարկված արժեթղթերի տեղաբաշխում կամ մասնակցություն տեղաբաշխմանը,
գ) միջազգային և ազգային ֆինանսական շուկաներում միջոցների ներգրավում,
դ) այն միջոցների ներդրում կամ ավանդներում տեղաբաշխում (այդ թվում` հատուկ ֆոնդերի պաշարների), որոնց կարիքը Բանկը ժամանակավորապես չունի,
ե) խորհրդատվական ծառայությունների մատուցում,
զ) լիզինգային գործունեության իրականացում,
է) արժույթի առք ու վաճառքի, ինչպես նաև արտարժույթի իրավունքների (պահանջների) գործարքների կնքում,
ը) թանկարժեք մետաղներով, թանկարժեք քարերով և այլ արժութային արժեքներով գործառնությունների կատարում,
թ) ցանկացած այլ գործառնության իրականացում, որը կարող է անհրաժեշտ լինել Բանկի նպատակներին հասնելու համար և չի հակասում Բանկի Կանոնադրությանը:
2. Բանկը ֆիզիկական անձանց միջոցներն ավանդներում չի ներգրավում:
Բ ա ժ ի ն IV
Բանկի կառավարումը
Բանկի կառավարումն իրականցնում են Բանկի խորհուրդը, Բանկի վարչությունը և Բանկի վարչության նախագահը:
Հոդված 13
Բանկի խորհուրդը
1. Բանկի խորհուրդը հանդիսանում է Բանկի կառավարման բարձրագույն մարմինը, որն իրականացնում է նրա գործունեության ընդհանուր ղեկավարումը:
2. Բանկի յուրաքանչյուր մասնակից Բանկի խորհրդում նշանակում է մեկ լիազոր ներկայացուցիչ և նրա տեղակալին, որոնք հանդիսանում են Բանկի խորհրդի անդամներ, և պաշտոնական կարգով այդ մասին տեղեկացնում է Բանկին:
Բանկի մասնակցի յուրաքանչյուր լիազոր ներկայացուցիչ քվեարկության ժամանակ ունենում է ձայների այն քանակը, որն ունի իր կողմից ներկայացվող Բանկի մասնակիցը: Բանկի խորհրդի նիստին լիազոր ներկայացուցչի բացակայության դեպքում նրա տեղակալը կատարում է լիազոր ներկայացուցչի պարտականությունները, այդ թվում` մասնակցում է քվեարկությանը:
3. Բանկի խորհուրդը յուրաքանչյուր տարի լիազոր ներկայացուցիչներից մեկին ընտրում է որպես Բանկի խորհրդի նախագահի, որը կատարում է իր պարտականությունները մինչև Բանկի խորհրդի հաջորդ նախագահի ընրությունը:
Բանկի խորհուրդը Բանկի նախագահի տեղակալներ կարող է ընտրել Բանկի խորհրդի անդամներին:
4. Բանկի խորհրդում պարտականությունների կատարման համար Բանկի խորհրդի նախագահին և նախագահի տեղակալներին, ինչպես նաև լիազոր ներկայացուցիչներին և նրանց տեղակալներին վարձատրություն չի վճարվում:
Հոդված 14
Բանկի խորհրդի իրավասությունը
1. Բանկի խորհրդի իրավասությանն է վերաբերում հետևյալ հարցերի լուծումը.
ա) Բանկի գործունեության հիմնական ուղղությունների որոշում, ներառյալ վարկային քաղաքականության հարցերը, համապատասխան նրա նպատակներին և խնդիրներին,
բ) Բանկի կազմում նոր մասնակիցների ընդունում և նրանց ընդունման պայմանների որոշում,
գ) Բանկի կազմում նոր մասնակիցների ընդունում նոր մասնակիցներին բաժնետոմսերի բաժին փոխանցելու միջոցով,
դ) Բանկի կանոնադրական դրամագլխի ավելացման կամ կրճատման մասին որոշումների ընդունում,
ե) Բանկի մասնակիցների միջև կանոնադրական դրամագլխի վերաբաշխման մասին որոշումների ընդունում,
զ) Բանկի վարչության նախագահին պաշտոնի նշանակում և ազատում` Բանկի հիմնադիրների ներկայացմամբ,
է) Բանկի վարչության նախագահի վարձատրության չափի որոշում,
ը) Բանկի վարչության նախագահի տեղակալների թեկնածությունների հաստատում` Բանկի վարչության նախագահի ներկայացմամբ,
թ) Բանկի կազմակերպական կառուցվածքի հաստատում,
ժ) Բանկի վարչության տարեկան հաշվետվության, Բանկի տարեկան հաշվեկշռի և շահույթների ու վնասների մասին հաշվետվության հաստատում` հաշվի առնելով աուդիտորական եզրակացությունը,
ժա) Բանկի բյուջեի հաստատում հերթական ֆինանսական տարվա համար,
ժբ) Բանկի արտաքին աուդիտորի ընտրության կարգի և հենց Բանկի արտաքին աուդիտորի հաստատում, ինչպես նաև Բանկի ներքին աուդիտի ծառայության և վերստուգիչ հանձնաժողովի գործունեության կարգի հաստատում,
ժգ) Բանկի ներքին ֆոնդերի ստեղծման, պահուստային և այլ ֆոնդերի չափերի, ինչպես նաև Բանկի շահույթի բաշխման մասին որոշումների ընդունում,
ժդ) միջազգային համագործակցության ոլորտում Բանկի առաջնայնությունների որոշում և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության մասին համաձայնագրերի կնքման մասին որոշումների ընդունում,
ժե) մասնաճյուղերի բացման, դուստր բանկերի և կազմակերպությունների հիմնադրման մասին որոշումների ընդունում,
ժզ) Բանկի մասնակցի գործունեության դադարեցում,
ժէ) Բանկի գործառնությունների դադարեցման, նրա լուծարման նախաձեռնման մասին որոշումների ընդունում, ներառյալ մասնակիցների միջև Բանկի մաքուր ակտիվների բաշխման պայմանների և ժամկետների որոշումը,
ժը) սույն Կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու հետ կապված հարցերի լուծում,
ժթ) Բանկի ներդրումային գործունեության մասին կանոնադրության հաստատում,
ի) Բանկի ներդրումային ծրագրերի քննարկում և հաստատում, որոնք, Բանկի ներդրումային գործունեության կանոնադրությանը համապատասխան, վերաբերում են Բանկի խորհրդի իրավասությանը,
իա) Բանկի լուծարման ընթացակարգի որոշում,
իբ) Բանկի խորհրդի աշխատանքի կանոնակարգի հաստատում,
շ) ցանկացած այլ հարց, որի լուծումը, սույն Կանոնադրությանը համապատասխան, վերապահված է Բանկի խորհրդին:
2. Բանկի խորհուրդն իրավունք ունի Բանկի վարչությանը փոխանցելու առանձին հարցերով լիազորություններ` բացառությամբ այն հարցերի, որոնք պահանջում են համապատասխան լիազորությունների և (կամ) Բանկի մասնակից պետությունների կառավարությունների որոշումների առկայություն:
3. Սույն հոդվածի 1-ին կետի «բ», «դ», «ե», «զ», «ժե», «ժզ», «ժէ», «ժը» ենթակետերով նախատեսված հարցերով քվեարկության համար Բանկի խորհրդի անդամները պետք է ունենան համապատասխան լիազորություններ և (կամ) իրենց կառավարությունների որոշումները:
4. Բանկի վարչության նախագահի հետ պայմանագիրն ստորագրվում է Բանկի խորհրդի նախագահի կողմից կամ, ըստ նրա գրավոր հանձնարարության, Բանկի խորհրդի անդամի կողմից:
Հոդված 15
Քվեարկությունը Բանկի խորհրդում
1. Բանկի յուրաքանչյուր մասնակից Բանկի կանոնադրական դրամագլխում յուրաքանչյուր վճարված բաժնետոմսի համար ստանում է մեկ ձայն:
2. Բանկի խորհուրդն իր նիստերն անցկացնում է ըստ անհրաժեշտության, բայց առնվազն տարին երկու անգամ հաճախականությամբ:
Բանկի խորհրդի արտահերթ նիստերը գումարվում են Բանկի վարչության կամ նրա նախագահի, ինչպես նաև Բանկի այն մասնակցի կամ մասնակիցների նախաձեռնությամբ, որոնց բաժին է ընկնում Բանկի վճարված կանոնադրական դրամագլխում ձայների առնվազն մեկ քառորդը:
3. Բանկի խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում են Բանկի այն մասնակիցների լիազոր ներկայացուցիչները, որոնք ունեն ձայների ընդհանուր թվաքանակի երեք քառորդից ոչ պակաս ձայներ:
4. Սույն Կանոնադրության 14-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «դ», «ե», «ժե», «ժզ», «ժէ», «ժը», «իա» ենթակետերով նախատեսված հարցերով Բանկի խորհուրդը որոշումներ է ընդունում ձայների երեք քառորդը կազմող մեծամասնությամբ: Բանկի խորհրդի կողմից Բանկում մասնակիցներից որևէ մեկի մասնակցությունը դադարեցնելու մասին որոշում ընդունվելու դեպքում քվեարկության արդյունքները որոշելու ժամանակ այդ մասնակցի առարկությունները հաշվի չեն առնվում:
5. Եթե Բանկի բաժնետիրական դրամագլխում մասնակցում են 2-ից ոչ ավելի Բանկի մասնակիցներ, ապա սույն Կանոնադրության 14-րդ հոդվածի 1-ին կետի «ժա» ենթակետով նախատեսված որոշումներն ընդունվում են Բանկի խորհրդի կողմից` միաձայն:
6. Բանկի գործունեության մյուս հարցերով որոշումներն ընդունվում են Բանկի խորհրդի կողմից` ձայների պարզ մեծամասնությամբ:
7. Բանկի խորհուրդն իրավունք ունի քվեարկություն անցկացնել Բանկի խորհրդի անդամներին գրավոր հեռակա հարցման միջոցով: Նման որոշումները ձևակերպվում են Բանկի խորհրդի նիստի արձանագրությամբ, որն ուղարկվում է Բանկի խորհրդի անդամներին:
8. Բանկի խորհուրդն իրավունք ունի Բանկի խորհրդի գործունեության ապահովման համար ստեղծել Բանկի կառավարման մարմիններ չհանդիսացող օժանդակ մարմիններ:
Հոդված 16
Բանկի վարչությունը
1. Բանկի վարչությունը հանդիսանում է Բանկի մշտական գործող կոլեգիալ գործադիր մարմին:
Բանկի վարչության գործունեությունը կանոնակարգվում է Բանկի խորհրդի կողմից: Իր գործունեության իրականացման ժամանակ Բանկի վարչությունն առաջնորդվում է սույն Կանոնադրությամբ և Բանկի խորհրդի որոշումներով:
Բանկի վարչությունը հաշվետու է Բանկի խորհրդին:
2. Բանկի վարչության իրավասությանն են վերաբերում հետևյալ հարցերը.
ա) Բանկի գործունեության ծրագրերի մշակում, ներառյալ ներդրումայինը, Բանկի գործունեության ռազմավարական խնդիրների լուծման հետ կապված առաջարկությունների նախապատրաստում,
բ) Բանկի խորհրդի նիստերի նախապատրաստում, ֆինանսական տարվա հաշվետության և հերթական ֆինանսական տարվա բյուջեի ծրագրի ներկայացում Բանկի խորհրդի հաստատմանը,
գ) Բանկի ներդրումային փաթեթի փորձաքննության կազմակերպում, Բանկի պաշարային ներուժի գնահատում, նախագծերի ֆինանսավորման առաջնայնությանը վերաբերող առաջարկների նախապատրաստում, Բանկի խորհրդի կողմից սահմանված լիազորությունների սահմաններում նախագծերի ֆինանսավորման վերաբերյալ որոշումների ընդունում, Բանկի խորհրդի կողմից սահմանված չափերը գերազանցող ներդրումային ծավալներով նախագծերի վերաբերյալ եզրակացությունների նախապատրաստում` Բանկի խորհրդում քննարկելու համար,
դ) միջոցների տեղաբաշխման և ներգրավման վերաբերյալ առաջարկությունների վերլուծություն, իրացվելիությանն օժանդակելու և շահույթ ստանալու նպատակով Բանկի ակտիվների և պասիվների ռացիոնալ կառուցվածքի որոշում, ռիսկերի և իրացվելիության նկատմամբ վերահսկողության ապահովում,
ե) Բանկի ծառայությունների համար սակագների հաստատում,
զ) Բանկի կանոնների և ընթացակարգերի սահմանում,
է) Բանկի մասնակիցների ցուցակագրման վարում,
ը) Բանկի գործունեության այլ հարցեր, որոնք չեն առնչվում բանկի խորհրդի իրավասությանը:
3. Բանկի վարչության թվային կազմը սահմանվում է Բանկի խորհրդի կողմից: Բանկի վարչության անդամները պաշտոնի նշանակվում և ազատվում են Բանկի խորհրդի կողմից: Բանկի վարչության անդամները չեն կարող միաժամանակ լինել Բանկի խորհրդի անդամներ:
Բանկի վարչության նախագահի ներկայացմամբ Բանկի խորհուրդն ընդունում է որոշում Բանկի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին վարչության կազմում ընդգրկելու մասին: Վարչության անդամների միջև պարտականությունների բաշխումն իրականացնում է նրա նախագահը: Անհրաժեշության դեպքում Բանկի խորհուրդը կարող է վերանայել Բանկի վարչության կազմը և նրա անդամների քանակը:
4. Բանկի վարչության նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, բայց առնվազն երկու ամիսը մեկ անգամ հաճախականությամբ: Նիստը համարվում է վավերական, եթե նրան մասնակցում է վարչության անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը:
Բանկի վարչության նիստերին որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ: Որոշումներ ընդունելիս վարչության յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը հանդիսանում է վճռորոշ: Բանկի վարչության կողմից ընդունված որոշումները կատարման համար պարտադիր են:
Բանկի վարչության անդամներն իրավունք ունեն Բանկի վարչության նիստերի արձանագրություններում ներառելու իրենց դիտողություններն ու առաջարկությունները: Վարչության նիստի արձանագրությունն ստորագրվում է Բանկի վարչության նախագահի կողմից:
Հոդված 17
Բանկի վարչության նախագահը
1. Բանկի վարչության նախագահը ղեկավարում է Բանկի և վարչության գործունեությունը իր իրավասության և իրավունքների շրջանակներում, որոնք սահմանված են սույն Կանոնադրությամբ և Բանկի խորհրդի որոշումներով:
2. Բանկի վարչության նախագահն ընտրվում է չորս տարով և կարող է վերընտրվել նոր ժամկետով: Բանկի վարչության նախագահը կարող է վաղաժամ դադարեցնել իր պարտականությունների կատարումը Բանկի խորհրդի որոշմամբ` ընդունված խորհրդի անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն երեք քառորդով:
Բանկի վարչության նախագահը մասնակցում է Բանկի խորհդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով:
Բանկի վարչության նախագահը չի կարող Բանկի խորհրդում միաժամանակ լինել Բանկի մասնակցի լիազոր ներկայացուցիչ կամ նրա տեղակալ:
3. Բանկի վարչության նախագահը հանդիսանում է Բանկի պաշտոնական ներկայացուցիչը և օժտված է հետևյալ լիազորություններով.
ա) կառավարել Բանկի ընթացիկ գործունեությունը` Բանկի խորհրդի և Բանկի վարչության որոշումներին համապատասխան,
բ) Բանկի անունից (առանց լիազորագրի) գործառնություններ և գործարքներ կատարել, ներկայացնել Բանկի շահերը պետությունների և միջազգային ֆինանսական և այլ կազմակերպությունների հետ հարաբերություններում,
գ) հաստատել Բանկի հաստիքացուցակը, ընդունել և հեռացնել Բանկի աշխատակիցներին, սահմանել պաշտոնական պարտականությունները, Բանկի խորհրդի կողմից հաստատված բյուջեի շրջանակներում սահմանել Բանկի աշխատակիցների աշխատանքի վարձատրության չափերը,
դ) առաջարկություններ ներկայացնել ներքին աուդիտի ծառայության անձնակազմի վերաբերյալ,
ե) արձակել հրամաններ և տալ ցուցումներ, որոնք պարտադիր են Բանկի բոլոր աշխատակիցների կատարման համար:
4. Բանկի վարչության նախագահը Բանկի խորհրդի առջև պատասխանատվություն է կրում նրա որոշումների կատարման, Բանկի աշխատանքի կազմակերպման և նրա գործունեության արդյունքների համար:
5. Բանկի վարչության նախագահի ներկայացմամբ Բանկի խորհուրդը նշանակում է նրա տեղակալներին, որոնց իրավասությունները և պաշտոնական պարտականությունները սահմանվում են Բանկի վարչության նախագահի կողմից: Բանկի վարչության նախագահի տեղակալները հանդիսանում են Բանկի վարչության անդամներ: Բանկի վարչության նախագահի բացակայության դեպքում նրա գործառույթներն ու լիազորություններն իրականացնում է նրա կողմից նշանակված տեղակալը: Բանկի վարչության նախագահի կողմից իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում Բանկի խորհրդի նախագահի որոշմամբ Բանկի վարչության նախագահի տեղակալներից մեկն օժտվում է Բանկի վարչության նախագահի լիազորություններով և իրականացնում է նրա գործառույթները:
Բ ա ժ ի ն V
Բանկի գործունեության առանձին ասպեկտները
Հոդված 18
Բանկի` որպես միջազգային կազմակերպության կարգավիճակը, քաղաքական գործունեության արգելքը
1. Բանկը, Բանկի վարչության նախագահը, Բանկի վարչության նախագահի տեղակալները, Բանկի վարչության անդամները և Բանկի աշխատակիցներն իրենց որոշումներում առաջնորդվում են բացառապես Բանկի շահերով, նրա նպատակներով և գործառույթներով, որոնք նախատեսված են սույն Կանոնադրությամբ:
2. Բանկի վարչության նախագահը, Բանկի վարչության նախագահի տեղակալները, Բանկի վարչության անդամները և Բանկի աշխատակիցներն իրենց պարտականությունները կատարելիս գործում են` ելնելով միայն Բանկի շահերից:
Հաշվի առնելով Բանկի` որպես միջազգային կազմակերպության կարգավիճակը` Բանկի մասնակիցները ձեռնպահ են մնում նշված անձանցից որևէ մեկի վրա ճնշում գործադրելու ցանկացած փորձից նրանց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ:
3. Բանկը չի մասնակցում այնպիսի վարկային միջոցների ներգրավմանը, այնպիսի օգնություն կամ այլ բնույթի օժանդակություն ստանալուն, որոնք որևիցե կերպով կարող են վնաս հասցնել իր նպատակներին կամ գործառույթներին, սահմանափակել դրանք, հանգեցնել դրանցից շեղման կամ այլ կերպով փոփոխել դրանք:
4. Բանկը, Բանկի վարչության նախագահը, Բանկի վարչության նախագահի տեղակալները, Բանկի վարչության անդամները և Բանկի աշխատակիցները չպետք է միջամտեն քաղաքական իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Բանկի ցանկացած մասնակից պետությունում: Բանկի մարմինների որոշումները չպետք է ընդունվեն Բանկի մասնակիցների քաղաքական ճնշման ներքո:
Որոշումներ ընդունելիս Բանկի մարմինները պետք է առաջնորդվեն բացառապես այն նկատառումներով, որոնք ուղղված են սույն Կանոնադրության նպատակներին հասնելուն:
Հոդված 19
Հաղորդակցման ուղիները
Բանկի յուրաքանչյուր մասնակից պետություն որոշում է իր պաշտոնական այն մարմինը, որի հետ Բանկը լուծում է տվյալ Կանոնադրության շրջանակներում ծագող հարցերը:
Հոդված 20
Բանկային գաղտնիքը
Բանկն ապահովում է Բանկի մասնակից պետությունների օրենսդրության` բանկային գաղտնիքի պահպանման մասին պահանջների կատարումը:
Հոդված 21
Բանկի աշխատանքային և պաշտոնական լեզուն
Բանկի աշխատանքային և պաշտոնական լեզուն ռուսերենն է:
Հոդված 22
Բանկի ֆինանսական տարին
Բանկի ֆինանսական տարին սկսվում է հունվարի 1-ին և ավարտվում է դեկտեմբերի 31-ին:
Հոդված 23
Բանկի շահույթի բաշխումը
1. Բանկի խորհրդի որոշմամբ շահույթը ենթակա է բաշխման Բանկի մասնակիցների միջև միայն պահուստային ֆոնդի` Բանկի կանոնադրական դրամագլխի 15 (տասնհինգ) տոկոսին հասնելուց հետո: Շահույթը բաշխվում է Բանկի խորհրդի որոշմամբ տարեկան հաշվետվության հաստատումից հետո, որը հաստատվում է արտաքին աուդիտորի կողմից, ընդ որում` շահույթն ուղղվում է այդ թվում նաև Բանկի պահուստային և այլ ֆոնդերի համալրմանը:
2. Բանկի շահույթի բաշխումը Բանկի մասնակիցների միջև կատարվում է համապատասխան այն բաժնետոմսերի քանակին, որոնք վճարվել են նրանց կողմից այն ֆինանսական տարվա վերջի դրությամբ, որի ընթացքում ստացվել է շահույթը:
Հոդված 24
Բանկի աուդիտը և հաշվետվությունների հրապարակումը
1. Բանկի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար նրա կառուցվածքում ստեղծվում է ներքին աուդիտի ծառայություն, որի անձնակազմը հաստատվում է Բանկի խորհրդի կողմից` մեկ տարի ժամկետով, վերջինիս երկարաձգման հնարավորությամբ: Ներքին աուդիտի ծառայությունը հաշվետու է Բանկի խորհրդին:
2. Բանկի տարեկան ֆինանսական հաշվետվության ստուգման և հավաստիության հաստատման համար ամեն տարի անցկացվում է Բանկի անկախ արտաքին աուդիտ:
Աուդիտ անցկացնելու արտոնագիր ունեցող և Բանկի կամ նրա մասնակիցների հետ գույքային շահերով չկապված միջազգային անկախ արհեստավարժ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգը սահմանվում է Բանկի խորհրդի կողմից:
Բանկի խորհուրդն ամեն տարի հաստատում է անկախ միջազգային արհեստավարժ աուդիտորական այն կազմակերպությանը, որը մրցույթի արդյունքներով լավագույնն է ճանաչվել, և Բանկի վարչության նախագահին նրա հետ պայմանագիր կնքելու իրավունք է ընձեռում:
3. Բանկն իր մասնակիցներին է ուղարկում տարեկան հաշվետվությունը և դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը հաշվետու տարվան հաջորդող տարվա առաջին եռամսյակի ավարտից ոչ ուշ:
Բանկը հրապարակում է իր ֆինանսական հաշվետվությունները և ցանկացած այլ հաշվետվություն, որի հրապարակումը իր պատկերացմամբ նպատակահարմար է իր նպատակներին հասնելու և իր գործառույթների կատարման համար` ելնելով համընդհանուր բանկային սկզբունքներից:
Հոդված 25
Բանկի գործունեության վերստուգումը
1. Բանկի գործունեության վերստուգումն իրականացվում է Բանկի խորհրդի կողմից չորս տարի ժամկետով հաստատվող վերստուգիչ հանձնաժողովի կողմից: Բանկի վերստուգիչ հանձնաժողովի կազմի մեջ են մտնում վերստուգիչ հանձնաժողովի նախագահը և նրա անդամները:
2. Բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահը և նրա անդամները չեն կարող Բանկում որևէ պաշտոն զբաղեցնել:
3. Վերստուգումների կազմակերպումը և կարգը սահմանվում են Բանկի խորհրդի կողմից:
4. Բանկի վարչության նախագահը Բանկի վերստուգիչ հանձնաժողովին է տրամադրում վերստուգման իրականացման համար անհրաժեշտ բոլոր նյութերը:
5. Բանկի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները Բանկի խորհրդին են ներկայացվում առնվազն տարին մեկ անգամ:
Բ ա ժ ի ն VI
Բանկի կազմից դուրս գալը, Բանկի գործառնությունների դադարեցումը, Բանկի լուծարումը
Հոդված 26
Բանկի կազմից մասնակիցների դուրս գալը
1. Բանկի ցանկացած մասնակից ունի Բանկի կազմից դուրս գալու իրավունք` իր մտադրության մասին գրավոր ծանուցելով Բանկի խորհրդին:
Նշված ծանուցագիրը Բանկի ստանալու ամսաթվից.
ա) Համաձայնագրին և սույն Կանոնադրությանը համապատասխան Բանկի այդ մասնակցին ընձեռված բոլոր իրավունքները, բացի Բանկի կազմից դուրս գալու իրավունքից, դադարեցվում են,
բ) Բանկի այդ մասնակիցն իրավունք չունի քվեարկելու Բանկի վարչության կամ Բանկի խորհրդի կողմից որևէ որոշում ընդունվելու ժամանակ: Ընդ որում` պահպանվում են Բանկի նկատմամբ նրա բոլոր` ուղղակի և անուղղակի պարտավորությունները այնքան ժամանակ, քանի դեռ փոխառությունների, Բանկի կանոնադրական դրամագլխում ներդրումների կամ մինչև Բանկի կազմից դուրս գալը նրան ընձեռված երաշխիքների որևէ մասը մնում է չկարգավորված,
գ) Բանկի այս մասնակիցը փոխառությունների, կանոնադրական դրամագլխում ներդրումների և Բանկի կողմից տրամադրված երաշխիքների հետ կապված պարտավորություններ չունի Բանկի կազմից դուրս գալու` այս մասնակցի մտադրության մասին ծանուցումը ստանալուց հետո, ինչպես նաև չի մասնակցում Բանկի եկամուտների և ծախսերի բաշխմանը:
2. Բանկի մասնակցից` Բանկի կազմից դուրս գալու նրա մտադրության մասին ծանուցումը Բանկի ստանալուց հետո` վեց ամսվա ընթացքում, պետք է կնքվի համաձայնագիր Բանկի և այդ մասնակցի միջև հարաբերությունների կարգավորման ժամկետի և կարգի մասին:
3. Բանկի մասնակցից` Բանկի կազմից դուրս գալու նրա մտադրության մասին ծանուցումը Բանկի ստանալուց հետո` մինչև վեց ամսվա լրանալը կամ մինչև Բանկի և Բանկի մասնակցի միջև հարաբերությունների կարգավորման կարգի և ժամկետի մասին համաձայնագրի կնքման ամսաթիվը, այդ մասնակիցը Բանկին կարող է գրավոր տեղեկացնել նշված ծանուցագիրը չեղյալ հայտարարելու մասին:
4. Բանկի այն մասնակիցը, որը Բանկի խորհրդին նրա կազմից դուրս գալու մասին ծանուցում է ուղարկել, դադարեցնում է Բանկի գործունեությանն իր մասնակցությունը իր և Բանկի միջև հարաբերությունների կարգավորման կարգի և ժամկետի մասին համաձայնագրի կնքման ամսաթվից, սակայն ոչ ուշ, քան մինչև Բանկի կողմից գրավոր ծանուցագրի ստացման ամսաթվից վեց ամսվա լրանալը:
5. Բանկի կազմից դուրս եկող մասնակիցը և Բանկը շարունակում են պատասխանատվություն կրել «բանկ-հաճախորդ» հարաբերությունների շրջանակներում իրենց պարտավորությունների համար:
Հոդված 27
Բանկի նախկին մասնակիցների հետ հաշվարկների կարգավորումը
1. Բանկը և Բանկի մասնակիցը մինչև Բանկի գործունեությանը մասնակցության դադարեցման օրը կարող են պայմանավորվածության հասնել Բանկի կանոնադրական դրամագլխում այդ մասնակցի մասնաբաժնի հետգնման մասին փոխադարձ ընդունելի պայմաններով:
2. Այն դեպքում, երբ Բանկի մասնակցից` Բանկի կազմից դուրս գալու նրա մտադրության մասին ծանուցումը Բանկի ստանալու օրվանից վեց ամիսը լրանալու ժամանակ Բանկի կանոնադրական դրամագլխում նրա մասնաբաժնի հետգնման մասին համաձայնություն կայացած չէ, այդ մասնաբաժնի հետգնումն իրականացվում է Բանկի կողմից` հետևյալ պայմաններով.
ա) հետգնման գինը որոշվում է` ելնելով Բանկի մասնակցից` Բանկի կազմից դուրս գալու նրա մտադրության մասին ծանուցումը Բանկի ստանալու օրվա դրությամբ Բանկի մաքուր ակտիվների գումարից և Բանկի կանոնադրական դրամագլխում այդ մասնակցի վճարած մասնաբաժնից,
բ) բաժնետոմսերի դիմաց վճարումը կատարվում է պարբերական կերպով, դրանք Բանկի մասնակցի կողմից Բանկին փոխանցվելուց հետո` այն չափով, այն ժամանակ և այն արժույթով (արժույթներով), որոնք կսահմանի Բանկի խորհուրդը` հաշվի առնելով սեփական ֆինանսական դրությունը,
գ) վճարումները կարող են կատարվել պարբերաբար, այն սահմաններում, որոնցում գումարները, որոնք ենթակա են վճարման որպես հետգնման գին, գերազանցում են Բանկի առջև պարտավորությունների ընդհանուր գումարը, որոնք նախատեսված են սույն Կանոնադրության 26-րդ հոդվածի առաջին կետի «բ» ենթակետով,
դ) ցանկացած գումար, որը ենթակա է մասնակցին վճարման բաժնետոմսերի նրա մասի դիմաց, չի վճարվում այն ժամանակահատվածի ընթացքում, որի ժամանակ մասնակիցը կամ նրա ցանկացած կառուցվածքը շարունակում են որևէ գումարի վճարման պարտավորություն կրել Բանկի առջև, ընդ որում, Բանկի հայեցողությամբ, այդ գումարը կարող է հաշվառվել այն պահին, երբ այն վճարման ենթակա է դառնում Բանկի կողմից վճարման ենթակա ցանկացած գումարի դիմաց,
ե) եթե Բանկի կազմից Բանկի մասնակցի դուրս գալու օրվա դրությամբ Բանկը մաքուր կորուստ ունենա Բանկի այն գործառնությունների հետևանքով, որոնք կատարվել են սույն Կանոնադրությանը համապատասխան, և այդ կորստի գումարը գերազանցի այդ գործառնությունների համար հատկացված պահուստների գումարը, ապա Բանկի այդ մասնակիցը Բանկի պահանջով մարում է այն գումարը, որի չափով նրա բաժնետոմսերի հետգնման գինը կիջներ, եթե այդ կորուստը հաշվի առնվեր հետգնման գինը սահմանելիս,
զ) Բանկի մասնակցին իր բաժնետոմսերի դիմաց հասանելիք ոչ մի գումար չի վճարվում Բանկի կազմից դուրս գալու նրա մտադրության մասին ծանուցումը Բանկի ստանալու օրվանից վեց ամիս շուտ: Եթե Բանկի կազմից Բանկի մասնակցի դուրս գալու օրվանից վեց ամսվա ընթացքում Բանկի խորհուրդը որոշում է ընդունում Բանկի լուծարում նախաձեռնելու մասին, որը նախատեսված է սույն Կանոնադրության 14-րդ հոդվածի 1-ին կետի «ժէ» ենթակետով, այդ մասնակցի բոլոր իրավունքները և նրա ու Բանկի միջև հարաբերություններին վերաբերող հարցերը կարգավորվում են սույն Կանոնադրության 30-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված դրույթներով:
3. Բանկի նախկին մասնակցի հետ հաշվարկների կարգավորման արդյունքներով Բանկի կանոնադրական դրամագլխում նրա մասնաբաժինը, որը հետ է գնվել Բանկի կողմից, կարող է Բանկի խորհրդի որոշմամբ առաջարկվել Բանկի մյուս մասնակիցներին:
Հոդված 28
Բանկում մասնակցության դադարեցումը
1. Եթե Բանկի մասնակիցը չի կատարում Բանկի առջև իր պարտավորությունները, Բանկը կարող է դադարեցնել նրա մասնակցությունը: Մասնակցության դադարեցումն իրականացվում է Բանկի խորհրդի որոշմամբ, որն ընդունվում է սույն Կանոնադրության 15-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան:
2. Բանկի մասնակցի գործունեությունը, որը նշված է սույն հոդվածի 1-ին կետում, Բանկում նրա մասնակցության դադարեցման ընթացքում սահմանվում է սույն Կանոնադրության 26-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով:
3. Եթե մեկ տարին լրանալու ժամանակ Բանկի խորհուրդը որոշում չի ընդունում Բանկի մասնակցի իրավունքները վերականգնելու մասին, ապա այդ մասնակիցը համարվում է Բանկի կազմից հեռացված: Բանկի և նրա միջև հետագա փոխհարաբերությունները պետք է իրականացվեն սույն Կանոնադրության 26-րդ և 27-րդ հոդվածներին համապատասխան:
Հոդված 29
Գործառնությունների ժամանակավոր դադարեցումը
Արտակարգ իրավիճակում Բանկի վարչությունը ձայների ընդհանուր քանակի երեք քառորդով ընդունվող որոշմամբ կարող է ժամանակավորապես դադարեցնել նոր վարկերի և երաշխիքների տրամադրման, արժեթղթերի տեղաբաշխման, տեխնիկական օժանդակության և կանոնադրական դրամագլխում ներդրումներ կատարելու գործառնությունները մինչև Բանկի խորհրդի կողմից ստեղծված իրավիճակի ուսումնասիրումը և նրա կողմից անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը:
Հոդված 30
Գործառնությունների վերջնական դադարեցումը և Բանկի լուծարումը
1. Բանկի լուծարումը նախաձեռնելու մասին որոշումն ընդունվում է Բանկի խորհրդի կողմից: Բանկի լուծարման մասին որոշումն ընդունվում է Բանկի մասնակիցների կողմից:
2. Բանկի խորհրդի կողմից Բանկի լուծարումը նախաձեռնելու մասին որոշում ընդունվելու դեպքում Բանկն անհապաղ դադարեցնում է իր գործունեությունը, բացառությամբ իր ակտիվների իրացման ու կոնսերվացման, պահպանման և իր պարտավորությունների կարգավորման հետ կապված գործունեությունը:
Մինչև պարտավորությունների վերջնական կարգավորումը և ակտիվների տեղաբաշխումը Բանկի և նրա մասնակիցների բոլոր փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները մնում են ուժի մեջ:
3. Վարկատուների պահանջները բավարարվում են Բանկի ակտիվների հաշվին: Վարկատուներին որևէ վճարում կատարելուց առաջ Բանկի վարչությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում պահանջատերերի միջև վճարումների համամասնական բաշխման ապահովման համար:
4. Բանկի ակտիվների բաշխումն իրականացվում է հետևյալ կերպով.
ա) Բանկի մասնակիցների միջև ակտիվները բաշխվում են վարկատուների նկատմամբ Բանկի բոլոր պարտավորությունների կարգավորումից կամ այդ կարգավորման համար պահուստի ստեղծումից հետո,
բ) Բանկի ակտիվների ցանկացած բաշխում կատարվում է Բանկի կանոնադրական դրամագլխի` յուրաքանչյուր մասնակցի կողմից վճարված մասին համապատասխան և իրականացվում է Բանկի խորհրդի կողմից հաստատված ժամկետների և պայմանների հիման վրա: Բանկի մասնակիցների միջև բաշխվող ակտիվները կարող են լինել տարբեր տեսակի: Բանկի ոչ մի մասնակից իրավունք չունի բաշխված ակտիվների իր մասն ստանալու մինչև չկատարի Բանկի առջև իր բոլոր պարտավորությունները,
գ) Բանկի մասնակիցը, որն ստանում է բաշխվող ակտիվները սույն հոդվածին համապատասխան, դրանց նկատմամբ ունի նույն իրավունքները, որոնք ուներ Բանկն այդ ակտիվների նկատմամբ նախքան դրանց բաշխումը:
Բ ա ժ ի ն VII
Բանկի անձեռնմխելիությունը, առավելությունները և արտոնությունները
Իր նպատակներին հասնելու և իր գործառույթներն իրականացնելու համար Բանկի յուրաքանչյուր մասնակից պետության տարածքում Բանկին տրվում են անձեռնմխելիություն, առավելություններ և արտոնություններ, որոնք նախատեսված են սույն բաժնով և արձանագրված են Բանկի և նրա մասնակիցների միջև կնքված համաձայնագրերում:
Հոդված 31
Բանկի անձեռնմխելիությունը և առավելությունները
1. Բանկն անձեռնմխելիություն ունի ցանկացած դատական հետապնդման նկատմամբ` բացառությամբ այն դեպքերի, որոնք չեն հանդիսանում նրա լիազորությունների իրականացման հետևանք կամ կապված չեն այդ լիազորությունների իրականացման հետ: Բանկի դեմ հայցեր կարող են ներկայացվել միայն իրավասու դատարաններում, այն պետության տարածքում, որտեղ Բանկը գտնվում է կամ ունի մասնաճյուղ, դուստր բանկ կամ ներկայացուցչություն կամ նշանակել է գործակալ դատական ծանուցագիր ստանալու կամ դատավարության մասին տեղեկանալու նպատակով կամ արժեթղթեր է թողարկել կամ երաշխավորել դրանք:
2. Անկախ սույն հոդվածի 1-ին կետի դրույթներից` Բանկի դեմ որևէ գործողություն և հայց չի ձեռնարկվում Բանկի ցանկացած մասնակցի կամ մասնակցի ցանկացած անձի, մարմնի կամ հաստատության կողմից, որը գործում կամ պահանջներ է ներկայացնում այդ մասնակցի անունից: Բանկի մասնակիցների հակասությունների կարգավորման համար կարող են կիրառվել հատուկ ընթացակարգեր, որոնք նախատեսված են սույն Կանոնադրությամբ, Բանկի դրույթներով և ռեգլամենտներով, ինչպես նաև Բանկի և մասնակից պետությունների ու միջազգային կազմակերպությունների միջև կնքված համաձայնագրերով:
3. Բանկի գույքը և ակտիվները, որոնք գտնվում են Բանկի մասնակիցների տարածքներում, ունեն անձեռնմխելիություն խուզարկության, ռեկվիզիցիայի, կալանքի, բռնագրավման, սեփականազրկման կամ առգրավման ցանկացած այլ տեսակի կամ օտարման նկատմամբ մինչև Բանկի նկատմամբ վերջնական դատական վճռի կայացումը:
4. Բանկի ամբողջ գույքն ու ակտիվները զերծ են ամեն տեսակի սահմանափակումներից, կարգադրագրերից և մորատորիումներից այն չափով, որքանով անհրաժեշտ է Բանկի նպատակներին հասնելու և գործառույթներն իրականացնելու համար` հաշվի առնելով սույն Կանոնադրության դրույթները:
5. Արխիվները, գույքը, ինչպես նաև ցանկացած տեղեկատվություն, որոնք պատկանում են Բանկին, կամ որոնց սեփականատերն է նա, անձեռնմխելի են Բանկի մասնակիցների տարածքում:
6. Բանկի մասնակից պետությունները Բանկին նրա պաշտոնական կապի համար տրամադրում են ոչ պակաս բարենպաստ պայմաններ, քան այն պայմաններն են, որոնք Բանկի այդ մասնակիցների կառավարությունները տրամադրում են ցանկացած այլ կառավարության, ներառյալ նրա դիվանագիտական ներկայացուցչությունները, փոստային առաքումների, կաբելահեռագրի, հեռագրի, ռադիոհեռագրի սակագների և գերակայության առումով, հեռախոսից և կապի այլ տեսակներից օգտվելու, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցներին տեղեկություններ հաղորդելու նպատակով ցածր սակագներ կիրառելու առումով: Նշված ծառայությունների վճարումների հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են Բանկի միջոցների հաշվին:
7. Բանկի բոլոր լիազոր ներկայացուցիչները, նրանց տեղակալները, Բանկի վարչության նախագահը, Բանկի վարչության նախագահի տեղակալները, Բանկի վարչության անդամները և Բանկի աշխատակիցներն ունեն անձեռնմխելիություն դատական և վարչական հետապնդման նկատմամբ` այն գործողությունների համար, որոնք իրականացրել են իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ: Այդ անձեռնմխելիությունը չի կիրառվում քաղաքացիական պատասխանատվության նկատմամբ` Ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ վնաս հասցնելու դեպքում:
Հոդված 32
Հարկային արտոնությունները
1. Բանկը, նրա եկամուտները, գույքը և մյուս ակտիվները, ինչպես նաև նրա գործառնություններն ու գործարքները, որոնք իրականացվում են Բանկի մասնակից պետությունների տարածքում սույն Կանոնադրությանը համապատասխան, ազատվում են ցանկացած հարկից, տուրքից և այլ վճարումներից` բացառությամբ նրանց, որոնք իրենցից ներկայացնում են սպասարկման որոշակի տեսակների դիմաց վճարումներ:
2. Բանկի վարչության նախագահի, Բանկի վարչության նախագահի տեղակալների, Բանկի վարչության անդամների և Բանկի աշխատակիցների աշխատավարձը և պարգևատրությունն ազատվում են հարկադրումից:
Բանկի յուրաքանչյուր մասնակից պետություն իրավունք ունի չկիրառելու հարկադրումից նշված ազատումն իր քաղաքացիների և տվյալ պետության տարածքում մշտապես բնակվող անձանց նկատմամբ:
3. Բանկի թողարկած որևէ փոխառության տոմս կամ արժեթուղթ, ինչպես նաև շահաբաժինները և դրանց տոկոսները, անկախ նրանից, թե ով է դրանք տնօրինողը, Բանկի մասնակից պետություններում չեն հարկվում ոչ մի հարկով.
ա) որը խտրական է այդ փոխառության տոմսերի կամ արժեթղթերի նկատմամբ միայն այն պատճառով, որ դրանք թողարկվել են Բանկի կողմից, կամ
բ) եթե այդ հարկադրման համար միակ իրավաբանական հիմքը հանդիսանում է բաժնետոմսերի կամ արժեթղթերի թողարկման վայրը, արտարժույթը, որով դրանք թողարկվել են, ենթակա են վճարման կամ վճարվում են, Բանկին պատկանող որևէ հաստատության գտնվելու վայրը կամ գործունեության վայրերը:
Հոդված 33
Անձեռնմխելիությունից և առավելություններից հրաժարվելը
Բանկի խորհուրդը կարող է հրաժարվել սույն Կանոնադրությամբ նախատեսված ցանկացած անձեռնմխելիությունից, առավելությունից կամ արտոնությունից այն չափով և այն պայմաններով, որոնք, իր կարծիքով, կարող են համապատասխանել Բանկի շահերին:
Բանկի վարչության նախագահը պարտավոր է հրաժարվել Բանկի ցանկացած աշխատակցի նկատմամբ ցանկացած անձեռնմխելիությունից, առավելությունից կամ արտոնությունից, բացառությամբ` Բանկի վարչության նախագահի, Բանկի վարչության նախագահի տեղակալների, Բանկի վարչության անդամների, երբ, իր կարծիքով, այդ անձեռնմխելիությունը, առավելությունը կամ բացառությունը բարդացնում են արդարադատության իրականացումը, և երբ դրանցից հրաժարվելը վնաս չի հասցնում Բանկի շահերին: Համանման հանգամանքներում և նույն պայմանների դեպքում Բանկի խորհուրդը պարտավոր է հրաժարվել Բանկի վարչության նախագահի, Բանկի վարչության նախագահի տեղակալների և Բանկի վարչության անդամների նկատմամբ ցանկացած անձեռնմխելիությունից, առավելությունից կամ բացառությունից:
Բ ա ժ ի ն VIII
Եզրափակիչ դրույթներ
Հոդված 34
Սույն Կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելը
Սույն Կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին ցանկացած առաջարկ, որն ստացվում է Բանկի մասնակցի լիազոր ներկայացուցչի կողմից, ի գիտություն է հաղորդվում Բանկի խորհրդի նախագահին, որն այդ առաջարկը ներկայացնում է Բանկի խորհրդի քննարկմանը:
Բանկի մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ սույն Կանոնադրության մեջ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և ուժի մեջ են մտնում այդ արձանագրություններով սահմանված կարգով:
Հոդված 35
Սույն Կանոնադրության մեկնաբանման և կիրառման հետ կապված վեճերի լուծումը
Սույն Կանոնադրության մեկնաբանման և կիրառման հետ կապված վեճերը, որոնք ծագում են Բանկի մասնակիցների և Բանկի միջև կամ Բանկի մասնակիցների միջև, լուծվում են այդ մասնակիցների միջև` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 36
Բանկի գործունեության ընթացքում ծագող վեճերի լուծման կարգը
1. Բանկի գործունեության ընթացքում Բանկի և Բանկի մասնակցի միջև կամ Բանկի և Բանկում իր մասնակցությունը դադարեցրած կողմի միջև կամ Բանկի գործունեության կասեցման կամ դադարեցման ժամանակ Բանկի և որևէ մասնակցի միջև ծագող վեճերն ու տարաձայնությունները հնարավորին չափով կլուծվեն կողմերի միջև` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
2. Այն դեպքում, երբ նման վեճերն ու տարաձայնությունները չեն լուծվում խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով, դրանք վեճի կողմերից մեկի կողմից սահմանված կարգով ներկայացվում են Բանկի խորհրդի լուծմանը:
3. Կողմերից յուրաքանչյուրը կարող է վիճարկել Բանկի խորհրդի որոշումը` վեճը փոխանցելով միջնորդ դատարան, որը կազմված է երեք դատավորներից, որոնցից մեկը նշանակվում է Բանկի կողմից, մյուսը` Բանկի համապատասխան մասնակցի կողմից, իսկ երրորդը` նշանակված դատավորների համաձայնեցմամբ կամ, եթե կողմերը չգան միասնական համաձայնության, Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային դատարանի նախագահի կողմից: Դատավորները որոշումներն ընդունում են ձայների մեծամասնությամբ, և նրանց կողմից ընդունված որոշումը վերջնական է և կողմերի համար պարտադիր:
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական զարգացման բանկի
Կանոնադրությանը կից
Կանոնադրական դրամագլխի համար Բանկի հիմնադիրների
Բ Ա Ժ Ն Ե Գ Ր ՈՒ Մ Ը
Ղազախստանի Հանրապետություն - 500 000 (հինգ հարյուր հազար) բաժնետոմս` կանոնադրական դրամագլխի մեկ երրորդը:
Ռուսաստանի Դաշնություն - 1 000 000 (մեկ միլիոն) բաժնետոմս` կանոնադրական դրամագլխի երկու երրորդը:
Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2009 թվականի մարտի 12-ին: