Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության Կառավարության եվ Ավստրիայի Հանրապետության Կառավարության միջեվ միջազգային բեռնափոխադրումների մասին
Ն Ա Խ Ա Բ Ա Ն
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ավստրիայի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
ձգտելով պատշաճ կերպով բավարարել արտաքին առևտրի պահանջները մասնավորապես երկու երկրների միջև,
ձգտելով, ժամանակակից տեխնիկական մակարդակին համապատասխան, կանոնակարգել երկու երկրների միջև բեռնափոխադրումները` մասնավորապես նպատակ ունենալով բարելավելու շրջակա միջավայրի վիճակը Ավստրիայի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների առաջացրած աղմուկի ու աղտոտիչ արտանետումների նվազեցման միջոցով,
ձգտելով առավել լայնորեն իրականացնել համակցված ավտոմոբիլային բեռնափոխադրումները և խթանել որոշակի ապրանքների, մասնավորապես հեշտ կոտրվող ապրանքների տեղափոխումը առավել արդյունավետ փոփոխելի տրանսպորտով` ավտոմոբիլայինից երկաթուղայինի,
համաձայնեցին հետևյալի մասին.
ՄԱՍ I. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
Հոդված 1
1. Սույն Համաձայնագիրը կիրառվում է Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև միջազգային բեռնափոխադրումների (երկկողմ փոխադրում, տարանցիկ փոխադրում, դեպի երրորդ երկիր փոխադրում) նկատմամբ:
2. Սույն Համաձայնագիրը վերաբերում է.
տրանսպորտային փոխադրողների և տրանսպորտի տեսակների դեպքում`
- միջազգային համակցված տրանսպորտին (հոդված 2, պարբերություն 1).
- միջազգային ավտոմոբիլային փոխադրամիջոցներին, ինչպես սահմանված է 2-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում.
- միջազգային վարձակալված կամ անհատույց տրամադրված տրանսպորտին` ներառյալ ավտոմոբիլային փոխադրամիջոցի չբեռնավորված վազքը.
- միջազգային սեփական տրանսպորտին` ներառյալ ավտոմոբիլային փոխադրամիջոցով չբեռնավորված վազքը:
3. Տրանսպորտի ոլորտի տուրքերից ազատելու հարցը վերապահվելու է Պայմանավորվող կողմերի պետությունների ազգային կանոնակարգմանը և չպետք է սահմանափակվի սույն Համաձայնագրով:
ՄԱՍ II. ՏԵՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ
Հոդված 2
Սույն Համաձայնագրում`
1. «Համակցված տրանսպորտ» նշանակում է` բեռնափոխադրումներ.
ա) ավտոմոբիլային փոխադրամիջոցով մեկնման կետից դեպի ամենամոտ` տեխնիկապես հարմար տերմինալ, եթե դա կատարվում է երթևեկության ու տրանսպորտային տնտեսության տեսանկյունից ընդունելի հնարավոր ամենակարճ ուղիով և համաձայն մայրուղու կանոնակարգերի, և բեռնավորման կետը/նավահանգիստը (տերմինալ) գտնվում է երկու պետություններից մեկում (սկզբնական ուղեհատված).
բ) շարժիչով փոխադրամիջոցի, 2-րդ պարբերությամբ նախատեսված մեկ այլ փոխադրամիջոցի կամ դրա փոխարինվող թափքի, կամ առնվազն 6 մետր երկարությամբ բեռնարկղի մեջ (բեռնարկղային տրանսպորտ), երկաթուղով կամ նավով բեռնման կետից/նավահանգստից դեպի բեռնաթափման կետ/նավահանգիստ, որի դեպքում պետք է հատվի Պայմանավորվող կողմերի երկու պետությունների կամ դրանցից մեկի սահմանը, և
գ) ավտոմոբիլային փոխադրամիջոցով տեխնիկապես հարմար տերմինալից դեպի բեռը ստացողը, եթե դա կատարվում է երթևեկության և տրանսպորտային տնտեսության տեսանկյունից ընդունելի` հնարավոր ամենակարճ ուղիով և համաձայն մայրուղու կանոնակարգերի, և բեռնաթափման կետը/նավահանգիստը (տերմինալ) գտնվում է երկու պետություններից մեկում (տերմինալային ուղեհատված),
2. «Փոխադրամիջոց» նշանակում է`
բեռնափոխադրման համար նախատեսված` շարժիչով ցանկացած փոխադրամիջոց` ներառյալ բեռնատարները, կիսակցասայլով փոխադրամիջոցները, ճանապարհային գնացքները, կցորդները, կիսակցորդները:
3. «Վարձակալված կամ անհատույց տրամադրված տրանսպորտ» նշանակում է`
բեռնափոխադրումներ այնպիսի փոխադրամիջոցներով, որոնք գործում են անկախ, կանոնավոր և հետապնդում են շահույթ կամ այլ տնտեսական շահ:
4. «Սեփական տրանսպորտ» նշանակում է`
փոխադրամիջոցներով իրականացվող բեռնափոխադրումներ, եթե բավարարվել են հետևյալ պայմանները.
ա) փոխադրվող ապրանքները պետք է լինեն ձեռնարկության սեփականությունը, կամ դրանք պետք է լինեն ձեռնարկության կողմից վաճառված, գնված, վարձակալված, լիզինգային հիմունքներով ստացված, արտադրված, ձեռք բերված, մշակված կամ կատարելագործված.
բ) տրանսպորտը պետք է ծառայի ապրանքները ձեռնարկություն բերելու, ձեռնարկությունից դուրս հանելու կամ, ելնելով իր կարիքներից, փոխադրումը ձեռնարկության ներսում կամ դրանից դուրս.
գ) տրանսպորտի համար օգտագործվող փոխադրամիջոցները պետք է վարվեն ձեռնարկության աշխատակիցներ համարվող վարորդների կողմից.
դ) բեռնափոխադրում իրականացնող փոխադրամիջոցները պետք է պատկանեն ձեռնարկությանը կամ պետք է ձեռնարկության կողմից գնված լինեն երկարաժամկետ պայմանագրով կամ լինեն լիզինգային հիմունքներով վերցված.
ե) փոխադրումը պետք է իրենից ներկայացնի ձեռնարկության ընդհանուր գործունեության շրջանակներում կատարվող օժանդակ գործունեություն:
5. «Կաբոտաժ» նշանակում է`
Պայմանավորվող կողմերից որևէ մեկի տարածքում ապրանքների բարձումը տրանսպորտային միջոցի վրա` այդ պետության տարածքով փոխադրումներ իրականացնելու համար:
ՄԱՍ III. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ
Հոդված 3
Փոխադրումներ, որոնց համար պահանջվում է թույլտվություն
1. 1-ին հոդվածում նշված փոխադրամիջոցների համար, եթե դրանք կապված են ավտոմոբիլային փոխադրումների հետ, պահանջվում է այն պետության կողմից տրված թույլտվությունը, որի տարածքում իրականացվելու են ավտոմոբիլային փոխադրումները:
2. Թույլտվությունը տրվում է Քվոտայի մասին համաձայնագրի շրջանակներում, 8-րդ հոդվածի համաձայն, որպես մեկանգամյա թույլտվություն, օրինակ`.
ա) համընդհանուր թույլտվություն (որը վավերական է երկկողմ, տարանցիկ և դեպի երրորդ երկիր փոխադրումների համար` պայմանով, որ այդ երրորդ երկրի տրանսպորտային միջոցներն անցնելու են այն պետության տարածքով, որում գրանցված է փոխադրամիջոցը).
բ) սահմանափակ թույլտվություններ (այսինքն` տեղական, բեռների որոշակի տեսակների, որոշակի փոխադրամիջոցների կամ` կախված տրանսպորտի տեսակից):
Հոդված 4
Փոխադրումներ, որոնց համար չի պահանջվում թույլտվություն
1. Թույլտվություն չի պահանջվում հետևյալ դեպքերի համար.
ա) դեպի օդանավակայան և հակառակ ուղղությամբ հաճախակի բեռնափոխադրումներ` այն դեպքերում, երբ ներգրավված են օդային ծառայությունները.
բ) ուղևորատար փոխադրամիջոցների վրա կցասայլերով ուղեբեռի տեղափոխման դեպքում և ցանկացած տիպի մեքենայով դեպի օդանավակայան և հակառակ ուղղությամբ ուղեբեռի տեղափոխում.
գ) փոստի փոխադրում.
դ) վնասված կամ վերանորոգման կարիք ունեցող փոխադրամիջոցների փոխադրում.
ե) ձերբազատվելու նպատակով կենդանիների մարմինների տեղափոխում.
զ) մեղուների կամ մանրաձկան փոխադրում.
է) հուղարկավորման նպատակով փոխադրում.
ը) փոխադրամիջոցներով բեռների փոխադրում, որի ընդհանուր թույլատրելի բեռնման քաշը, ներառյալ կցասայլերը, չի գերազանցում 6 տոննան, կամ որի թույլատրելի օգտակար բեռնվածությունը, ներառյալ կցասայլերը, չի գերազանցում 3,5 տոննան.
թ) արտակարգ իրավիճակների համար անհրաժեշտ բեռնափոխադրումներ, մասնավորապես, բնական աղետներին և մարդասիրական օգնություններին արձագանքելու դեպքում.
ժ) հատուկ մեքենաներով արժեքավոր բեռների (թանկարժեք մետաղներ) տեղափոխում.
ժա) ծովային և ներքին ջրային ուղիների նավերի ու ինքնաթիռների համար պահեստամասերի փոխադրում.
ժբ) չբեռնավորված այն փոխադրամիջոցի երթի համար, որն ուղարկվել է փոխարինելու փոխադրամիջոցի գրանցման վայրից տարբերվող այլ պետությունում գտնվող` անսարքություն ունեցող փոխադրամիջոցին, ինչպես նաև փոխարինված փոխադրամիջոցով փոխադրումը շարունակելու դեպքում` անսարք վիճակում գտնվող փոխադրամիջոցի համար տրամադրված թույլտվության հիման վրա.
ժգ) տոնավաճառների և ցուցահանդեսների համար արվեստի աշխատանքների և առարկաների փոխադրում.
ժդ) գովազդի կամ ուսուցողական նպատակներով ապրանքների հաճախակի փոխադրում.
ժե) սարքավորումների, հարմարանքների և կենդանիների փոխադրում թատերական, երաժշտական, սպորտային միջոցառումներ, կինո կամ կրկես, ցուցահանդեսներ կամ տոնավաճառներ, ինչպես նաև ռադիոձայնագրությունների կամ ֆիլմերի և հեռուստատեսային թողարկումների համար և հակառակ ուղղությամբ.
ժզ) մասնավոր դեպքերում անբաժանելի իրերի փոխադրման ժամանակ, որը կատարվում է ավտոմոբիլային փոխադրամիջոցով, և որի կապակցությամբ անհատական ուղևորության համար, համապատասխան ազգային կանոնակարգերի համաձայն, տրվել է բացառիկ թույլտվություն:
2. Համատեղ հանձնաժողովի շրջանակներում (հոդված 10) Պայմանավորվող կողմերը կարող են համաձայնել, որ որոշակի կամ բոլոր բեռների փոխադրումը, որը կատարվում է հատուկ երթուղով, ազատվի թույլտվության պահանջներից:
3. Փոխադրողը պետք է ապացուցի, որ ազատված չբեռնավորված երթերը կատարվում են համաձայն 1-ին և 2-րդ պարբերություններում նշված փոխադրման: Ըստ 1-ին և 2-րդ պարբերությունների ազատված փոխադրման հետ կապված` չբեռնավորված երթն ապացուցվում է բեռնագրի միջոցով, կամ ներկայացնելով և այնուհետև հետ ստանալով քվոտային թույլտվությունը:
Հոդված 5
Թույլտվության բովանդակությունը
1. Չնայած 4-րդ հոդվածի դրույթներին` շարժիչով յուրաքանչյուր փոխադրամիջոցի համար պետք է տրամադրվի թույլտվություն:
2. Թույլտվությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
ա) տրանսպորտային ձեռնարկության անվանումը և հասցեն.
բ) մեքենայի պետհամարանիշը.
գ) փոխադրամիջոցի առավելագույն թույլատրելի բեռնվածությունը և ընդհանուր թույլատրելի բեռնման քաշը.
դ) տրանսպորտի տեսակը (վարձակալված և անհատույց տրամադրված, սեփական տրանսպորտ, չբեռնավորված երթ).
ե) օգտագործման համար հատուկ պահանջները և պայմանները, եթե դրանք կիրառելի են.
զ) վավերականության ժամկետը:
3. Թույլտվությունը բացառապես պետք է վերաբերի այն փոխադրողին, որի անունով տրվել է. այն փոխանցելի չէ:
4. Թույլտվության ձևը պետության Պայմանավորվող կողմերից մեկը պետք է ուղարկի մյուս պետության Պայմանավորվող կողմին, որը պետք է այն լրացնի, բացառությամբ 2-րդ պարբերության «բ», «գ» և «դ» ենթապարբերություններում նշված տեղեկության, և դրանք տրամադրի համապատասխան փոխադրողներին: 2-րդ պարբերության «բ», «գ» և «դ» պարբերություններում նշված համապատասխան տեղեկությունը պետք է լրացվի փոխադրողի կողմից` նախքան երթի մեկնարկը:
5. Լրացված թույլտվությունը պետք է պահվի փոխադրամիջոցի մեջ բոլոր երթերի ժամանակ և պետք է պահանջի դեպքում ներկայացվի ստուգող մարմիններին:
6. Համատեղ հանձնաժողովը (հոդված 10) պետք է սահմանի ձևը և այն լեզուները, որոնցով պետք է տրամադրվի թույլտվությունը` հաշվի առնելով 2-րդ պարբերության դրույթները:
Հոդված 6
Կաբոտաժի բացառումը
1. Հիմնականում կիրառվում է կաբոտաժի փոխադարձ արգելումը:
2. Միայն համակցված տրանսպորտի սկզբնական և վերջնական ուղեհատվածի դեպքում կարելի է փոխադարձ հիմունքներով համաձայնել, որ կատարվեն որոշակի քանակությամբ կաբոտաժային երթեր:
Հոդված 7
Պատժամիջոցները
1. Այլ պետության տարածքում փոխադրողները և նրանց անձնակազմը, որոնք գտնվում են պետություններից որևէ մեկի տարածքում, պետք է պահպանեն սույն Համաձայնագրի դրույթները և մյուս պետության տարածքում գործող ընդհանուր դրույթները, որոնք մասնավորապես վերաբերում են տրանսպորտին և երթևեկությանը, ինչպես նաև` համապատասխան մաքսային և սակագնային դրույթները:
2. Տրանսպորտային օպերատորի կամ նրա անձնակազմի կողմից մյուս պետության տարածքում 1-ին պարբերության դրույթների կոպիտ և կրկնվող խախտումների դեպքում այն Պայմանավորվող կողմը, որտեղ լիցենզավորվել է փոխադրամիջոցը, կարող է, այն Պայմանավորվող կողմի խնդրանքով, որտեղ տեղի է ունեցել խախտումը, ձեռնարկել հետևյալ միջոցները.
ա) նախազգուշացնել տրանսպորտային օպերատորին, որ նա պահպանի 1-ին պարբերության դրույթները.
բ) ժամանակավորապես կասեցնել տրանսպորտային օպերատորի` միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումներ իրականացնելու թույլտվությունը` սույն Համաձայնագրի հիմքերով.
գ) դադարեցնել տրանսպորտային օպերատորին թույլտվության տրամադրումը և չեղյալ համարել արդեն իսկ տրված ցանկացած լիցենզիա մյուս պետության Պայմանավորվող կողմի սահմանած ժամանակահատվածում:
3. Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ սույն Համաձայնագրի դրույթները շարունակաբար խախտող տրանսպորտային օպերատորներին տրամադրված թույլտվությունները չպետք է ճանաչվեն:
4. Պայմանավորվող կողմերը պետք է միմյանց տեղեկացնեն սույն Համաձայնագրի ցանկացած խախտման և 2-րդ պարբերության համաձայն ձեռնարկված միջոցների մասին:
Հոդված 8
Քվոտաները
1. Թույլտվությունների (քվոտա) թիվը, վավերականությունը, ժամկետը և առձեռն հանձնման պարբերականությունը պետք է համաձայնեցվի Համատեղ հանձնաժողովի (հոդված 10) կողմից, 12 ամսվա համար (քվոտայի ժամանակահատված)` հաշվի առնելով նախաբանում նշված սկզբունքներն ու չափորոշիչները:
2. Թույլտվությունները գործում են մեկ արտագնա և մեկ վերադարձով ուղևորության համար: Թույլտվությունը վավերական է միայն քվոտայի ժամանակահատվածի և այս ժամանակահատվածին հաջորդող ամսվա համար, եթե Համատեղ հանձնաժողովի (հոդված 10) շրջանակներում այլ ընթացակարգ սահմանված չէ:
Հոդված 9
Տրանսպորտային միջոցների համար սահմանված հատուկ պահանջները
Ելնելով շրջակա միջավայրի պաշտպանության նկատառումներից` շրջակա միջավայրի համար բարենպաստ փոխադրամիջոցները, ժամանակակից տեխնիկական մակարդակին համապատասխան, պետք է օգտագործվեն առաջին իսկ հնարավորության դեպքում: Համատեղ հանձնաժողովը (հոդված 10) պետք է առաջարկներ պատրաստի այսպիսի մեքենաների օգտագործումը խթանելու վերաբերյալ:
ՄԱՍ IV. ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Հոդված 10
1. Պայմանավորվող կողմերն ստեղծում են Համատեղ հանձնաժողով սույն Համաձայնագրի կատարման, ինչպես նաև արբիտրաժի նպատակով` սույն Համաձայնագրի կիրառումից կամ մեկնաբանումից ծագած ցանկացած վեճի դեպքում:
2. Համատեղ հանձնաժողովը հրավիրվում է Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի խնդրանքով:
3. Վարչական ոլորտներին առնչվող խնդիրներ քննարկելիս Համատեղ հանձնաժողովը կարող է խորհրդակցել իրավասու իշխանությունների ներկայացուցիչների հետ:
ՄԱՍ V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 11
Ուժի մեջ մտնելը
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջին հայտագիրն ստանալու օրվանից, որով Պայմանավորվող կողմերը միմյանց տեղեկացնում են Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:
Հոդված 12
Համաձայնագրի տևողությունը
Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով: Այն ինքնաբերաբար կերկարաձգվի հետագա հինգ տարիների համար, եթե նախնական ժամկետի ավարտից առնվազն վեց ամիս առաջ գրավոր չդադարեցվի Պայմանավորվող կողմերից մեկի կողմից:
Կատարված է Երևանում 2009 թվականի հունիսի 29-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, գերմաներեն և անգլերեն, ընդ որում` բոլոր երեք տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնության դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2009թ. հոկտեմբերի 4-ին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|