Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.03.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.05.11/19(753).1 Հոդ.493.4
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.03.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0272/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0272/02/08

2010թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան

Դատավորներ՝ Կ. Հակոբյան

               Տ. Նազարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Է. Հայրիյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի մարտի 12-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հասմիկ Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.08.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ Հրիտա Հակոբյանի իրավահաջորդ Հասմիկ Հարությունյանի հայցի ընդդեմ Հենրիկ և Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյանների, Կենտրոն նոտարական տարածքի նոտարի` Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանին 07.12.2007 թվականին տրված թիվ 9038 ըստ կտակի ու Հենրիկ և Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյաններին 07.12.2007 թվականին տրված թիվ 9039 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու, Հրիտա Հակոբյանին փաստացի տիրապետման ուժով Հենրիկ Համազասպի Հարությունյանի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և Հասմիկ Հարությունյանին կտակով ու փաստացի տիրապետման ուժով Հրիտա Հակոբյանի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին, ինչպես նաև ըստ Հենրիկ և Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյանների հակընդդեմ հայցի ընդդեմ Հասմիկ Հարությունյանի՝ Հասմիկ Հարությունյանի սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու և օրենքի ուժով Հենրիկ և Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյաններին ժառանգությունն ընդունած ժառանգներ ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Հրիտա Հակոբյանը պահանջել է անվավեր ճանաչել Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանին 07.12.2007 թվականին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը, ինչպես նաև Հենրիկ և Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյաններին 07.12.2007 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը։

Հրիտա Հակոբյանի իրավահաջորդ Հասմիկ Հարությունյանը, ավելացնելով հայցային պահանջի չափը, պահանջել է Հրիտա Հակոբյանին ճանաչել Հենրիկ Համազասպի Հարությունյանի ժառանգական գույքը փաստացի տիրապետման ուժով ժառանգությունն ընդունած ժառանգ, իսկ Հասմիկ Հարությունյանին ճանաչել Հրիտա Հակոբյանի ժառանգական գույքն ըստ կտակի և փաստացի տիրապետման ուժով ժառանգությունն ընդունած ժառանգ։

 Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 27.02.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.05.2008 թվականի որոշմամբ Հենրիկ Հարությունյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 27.02.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.11.2008 թվականի որոշմամբ բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.05.2008 թվականի որոշումը, և գործն ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

Հակընդդեմ հայցով Հենրիկ և Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյանները պահանջել են անվավեր ճանաչել Հասմիկ Հարությունյանի անվամբ կատարված սեփականության իրավունքների պետական գրանցումները, ճանաչել Հրիտա Հակոբյանի ժառանգական գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ և որոշել ժառանգական բաժինը, ինչպես նաև հարգելի ճանաչել ըստ կտակի ժառանգությունն ընդունելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը։

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 09.04.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է ամբողջությամբ։

Վճռվել է «Մասնակի անվավեր ճանաչել ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից 07.12.2007 թվականին Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանին և Սյուզաննա Հարությունյանին տրված և հմ. 9039 սեղանամատյանում գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության ու փաստացի տիրապետման հիմքով 12.01.2006թ. մահացած Հենրիկ Համազասպի Հարությունյանի ժառանգական գույքի` Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի 1-ին փողոցի, 4-րդ փակուղու, թիվ 4 հասցեում գտնվող անշարժ գույքի 3/4-րդ բաժնի, «ՎԱԶ-210630» մակնիշի, 63 ՍՍ 249 պետհամարանիշի ավտոմեքենայի /թողարկված 1984թ., շարժիչ-7637452, թափք-E1127416, տեխանձնագիր AY652531 տրված 15.09.1984թ. Երևանի պետավտոտեսչության կողմից/ 3/4-րդ բաժնի և Երևանի Հայխնայբանկի 6654/09 մասնաճյուղի թիվ 57433 հաշվում պահվող ավանդի, հասանելիք տոկոսների և փոխհատուցումների 3/4-րդ բաժնի նկատմամբ Հրիտա Գարսևանի Հակոբյանին ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ։ Հասմիկ Համազասպի Հարությունյանին ճանաչել 25.12.2007 թվականին մահացած Հրիտա Հակոբյանի ժառանգած` Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի 1-ին փողոցի, 4-րդ փակուղու, թիվ 4 հասցեում գտնվող անշարժ գույքի 3/4-րդ բաժնի, «ՎԱԶ-210630» մակնիշի, 63 ՍՍ 249 պետհամարանիշի ավտոմեքենայի /թողարկված 1984թ., շարժիչ-7637452, թափք-E1127416, տեխանձնագիր AY652531 տրված 15.09.1984թ. Երևանի պետավտոտեսչության կողմից/ 3/4-րդ բաժնի և Երևանի Հայխնայբանկի 6654/09 մասնաճյուղի թիվ 57433 հաշվում պահվող ավանդի, հասանելիք տոկոսների և փոխհատուցումների 3/4-րդ բաժնի նկատմամբ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ։ Անվավեր ճանաչել ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից 07.12.2007 թվականին Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանին տրված և հմ. 9038 սեղանամատյանում գրանցված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը և Երևանի Լիսինյան փողոցիթիվ 61 հասցեում գտնվող ամբողջ անշարժ գույքի նկատմամբ, ըստ կտակի ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ժառանգ ճանաչել Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանին։ Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանին և Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյանին ճանաչել 12.01.2006 թվականին մահացած Հենրիկ Համազասպի Հարությունյանի գույքի` այն է Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի 1-ին փողոցի, 4-րդ փակուղու, թիվ 4 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/4-րդ բաժնի, «ՎԱԶ-210630» մակնիշի,63 ՍՍ 249 պետհամարանիշի ավտոմեքենայի /թողարկված 1984թ., շարժիչ-7637452, թափք-E1127416, տեխանձնագիր AY652531 տրված 15.09.1984թ. Երևանի պետավտոտեսչության կողմից/ 1/4-րդ բաժնի և Երևանի Հայխնայբանկի 6654/09 մասնաճյուղի թիվ 57433 հաշվում պահվող ավանդի, հասանելիք տոկոսների և փոխհատուցումների 1/4-րդ բաժնի նկատմամբ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգներ։ Անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից Հասմիկ Հենրիկի Հարությունյանի անվամբ Երևանի Լիսինյան փողոցի թիվ 61 հասցեի նկատմամբ 24.07.2008 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և դրա հիման վրա տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման հմ. 2341469 վկայականը և Հասմիկ Հենրիկի Հարությունյանի անվամբ Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի 1-ին փողոցի, 4-րդ փակուղու, թիվ 4 հասցեի նկատմամբ 28.07.2008 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և դրա հիման վրա տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման հմ. 2333345 վկայականը»։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.08.2009 թվականի որոշմամբ Հրիտա Հակոբյանի իրավահաջորդ Հասմիկ Հարությունյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

 Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հասմիկ Հարությունյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Հենրիկ և Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյանները։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին մասը,1228-րդ հոդվածի 2-րդ մասը, սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1210-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ Հենրիկ և Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյանները ժառանգատու Հենրիկ Համազասպի Հարությունյանի մահից հետո փաստացի չեն տիրապետել ու կառավարել ժառանգական գույքը, իսկ ժառանգությունն ընդունելու համար նոտարին են դիմել ժառանգության բացումից 13 ամիս անց՝ բաց թողնելով ժառանգությունն ընդունելու համար սահմանված 6-ամսյա ժամկետը։ Բացի այդ, ժառանգի կողմից ժառանգության ընդունման համար սահմանված ժամկետը բաց թողնվելու դեպքում նախ պետք է ժամկետի բացթողումը հարգելի ճանաչվի, ապա նոր ճանաչվի ժառանգությունն ընդունած։ Բացի այդ, Հենրիկ և Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյանները չեն ներկայացրել ժառանգական գույքը տիրապետելու կամ կառավարելու վերաբերյալ որևէ ապացույց։

Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանը պապի՝ Հենրիկ Համազասպի Հարությունյանի կազմած կտակի մասին իմացել է վեջինիս մահվանից առաջ, ուստի ժառանգությունն ընդունելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու հիմքեր չկան։

Ի տարբերություն Հենրիկ և Սյուզաննա Հարությունյանների՝ Հրիտա Հակոբյանը փաստացի տիրապետման ուժով ընդունել է ժառանգատու Հենրիկ Համազասպի Հարությունյանի ժառանգությունը։

Հրիտա Հակոբյանը մահացել է 25.12.2007 թվականին։ Մինչ մահը Հրիտա Հակոբյանն իր ամբողջ գույքը կտակել է դստերը՝ Հասմիկ Հարությունյանին։ Հրիտա Հակոբյանի մահվանից հետո նրա ժառանգությունը փաստացի տիրապետման ուժով ընդունել է դուստրը՝ Հասմիկ Հարությունյանը։ Հասմիկ Հարությունյանը Հրիտա Հակոբյանի ժառանգական գույքն ընդունելու վերաբերյալ 12.02.2008 թվականին գրավոր հայտարարություն է տվել Երևան քաղաքի Շենգավիթ նոտարական գրասենյակ։

Ինչպես հոր՝ Հենրիկ Հարությունյանի, այնպես էլ մոր՝ Հրիտա Հակոբյանի մահվանից հետո Հասմիկ Հարությունյանը փաստացի տիրապետել և կառավարել է ժառանգատուների թողած ժառանգական գույքը, կատարել է դրանց համար սահմանված պետական վճարումները, հոգացել է դրանց պահպանման խնդիրները, ինչի վերաբերյալ դատարանին են ներկայացվել բազմաթիվ գրավոր հայտարարություններ և վճարման անդորրագրեր։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել սույն քաղաքացիական գործում առկա Հենրիկ և Սյուզաննա Հարությունյանների կողմից տրված գրավոր համաձայնությանը, որով Հենրիկ և Սյուզաննա Հարությունյանները հրաժարվել են ժառանգությամբ իրենց անցած «ՎԱԶ-210630» մակնիշի 63 ՍՍ 249 պետհամարանիշի ավտոմեքենայից հօգուտ Հասմիկ Հարությունյանի։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.08.2009 թվականի որոշումը և փոփոխել։ Այն է` «Հրիտա Հակոբյանի իրավահաջորդ Հասմիկ Հարությունյանի հայցն ընդեմ Հենրիկ և Սյուզաննա Հարությունյանների, Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի` վերջինիս կողմից Հենրիկ Հարությունյանի անվամբ տրված 07.12.2007թ. թիվ 9038 ըստ կտակի և Հենրիկ ու Սյուզաննա Հարությունյաններին տրված 07.12.2007թ. թիվ 9039 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու պահանջի մասին բավարարել։ Հայցվոր Հրիտա Հակոբյանին ճանաչել 62.0քմ բնակելի տան ընդհանուր համատեղ սեփականատեր և նրա իրավահաջորդ Հասմիկ Հարությունյանին որպես հանգուցյալ Հրիտա Հակոբյանիառաջին հերթի ժառանգի, ժառանգման իրավունքով ճանաչել ժառանգ»։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի կողմից որոշումը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա։

Բողոք բերած անձն անտեսել է այն հանգամանքը, որ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանի կողմից ըստ կտակի ժառանգությունն ընդունելու համար սահմանված ժամկետը հարգելի են համարել այն հիմքով, որ Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանը կտակի մասին տեղեկացվել է պապի մահվան մեկ տարվա արարողության ժամանակ, որից հետո Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանն անմիջապես դիմել է նոտարական գրասենյակ ըստ կտակի ժառանգությունն ընդունելու համար։ Բացի այդ, Հենրիկ և Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյանները պապի մահից հետո փաստացի տիրապետման և կառավարման միջոցով ներկայացման իրավունքով ժառանգել են ժառանգական գույքը։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Հենրիկ Համազասպի Հարությունյանի և Հրիտա Հակոբյանի ամուսնությունը ՔԿԱԳ մարմնում գրանցվել է 15.02.1964 թվականին (հատոր 1-ին, գ.թ.20)։ Հասմիկ Հարությունյանը Հենրիկ Համազասպի Հարությունյանի և Հրիտա Հակոբյանի դուստրն է, իսկ Հովհաննես Հարությունյանը` որդին։ Հենրիկ և Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյանները Հովհաննես Հարությունյանի զավակներն են (հատոր 1-ին, գ.թ.64, 66, 101)։

2. 21.01.1996 թվականի սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Երևանի Լիսինյան փողոցի թիվ 61 տան և հողամասի սեփականատերը Հենրիկ Համազասպի Հարությունյանն է (հիմք` 15.12.1995 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի թիվ 1-3624 վկայագիր) (հատոր1-ին, գ.թ.27)։

3. 25.02.1997 թվականի կտակի համաձայն` Հենրիկ Համազասպի Հարությունյանը Երևանի Լիսինյան փողոցի թիվ 61 տունն ամբողջությամբ կտակել է թոռանը` Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանին (հատոր 1-ին, գ.թ.28)։

4. Հրիտա Հակոբյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված Կոտայքի մարզի գյուղ Թեղենիքի 1-ին փողոցի 4-րդ փակուղու թիվ 4 հասցեում գտնվող տունը և հողամասը (հիմք` 27.08.2003 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1416071 վկայականը/ (հատոր 1-ին, գ.թ.25-26), ինչպես նաև Հենրիկ Համազասպի Հարությունյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված «ՎԱԶ-210630» մակնիշի 63 ՍՍ 249 պետհամարանիշի ավտոմեքենան /հիմք` 1984 թվականի թիվ 652531 ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր/ (հատոր 1-ին, գ.թ.34) և Երևանի Հայխնայբանկի 6654/09 մասնաճյուղի թիվ 57433 հաշվում հասանելիք տոկոսների և փոխհատուցման հետ միասին առկա ավանդը (հատոր 1-ին, գ.թ.33) ձեռք է բերվել Հենրիկ Համազասպի Հարությունյանի և Հրիտա Հակոբյանիամուսնության ընթացքում։

 5. Հովհաննես Հարությունյանը մահացել է 05.10.2000 թվականին (հատոր 1-ին, գ.թ.63), Հենրիկ Համազասպի Հարությունյանը` 12.01.2006 թվականին (հատոր 1-ին, գ.թ.21), Հրիտա Հակոբյանը` 25.12.2007 թվականին (հատոր 1-ին, գ.թ.95)։

6. 07.12.2007 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի թիվ 9038 վկայագրի համաձայն` Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանը ճանաչվել է ժառանգ Հենրիկ Համազասպի Հարությունյանի ժառանգական գույքի` Երևանի Լիսինյան փողոցի թիվ 61 տան 5/6-րդ բաժնի նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ.24)։

7. 07.12.2007 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 9039 վկայագրի համաձայն` Հենրիկ և Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյանները ճանաչվել են ժառանգ Հենրիկ Համազասպի Հարությունյանի ժառանգական գույքի` Կոտայքի մարզի գյուղ Թեղենիքի 1-ին փողոցի 4-րդ փակուղութիվ 4 տան, Երևանի Հայխնայբանկի 6654/09 մասնաճյուղի թիվ 57433 հաշվում հասանելիք տոկոսների և փոխհատուցման հետ միասին առկա ավանդի 1/6-րդ բաժնի նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ.23)։

8. 24.07.2008 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2341469 վկայականի համաձայն` Էրեբունի համայնքում գտնվող Երևանի Լիսինյան փողոցի թիվ 61 տան և հողամասի նկատմամբ գրանցվել է Հասմիկ Հարությունյանի սեփականության իրավունքը (հիմք` Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 27.02.2008 թվականի վճիռը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.05.2008 թվականի որոշումը, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության որոշակի գործողություններ կատարելու մասին 10.07.2008 թվականի որոշումը) (հատոր 2-րդ, գ.թ.32-34)։

9. 28.07.2008 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2333345 վկայականի համաձայն` Կոտայքի մարզի գյուղ Թեղենիքի 4-րդ փակուղու 1-ին փողոցի թիվ 4 հասցեում գտնվող տան և հողամասի նկատմամբ գրանցվել է Հասմիկ Հարությունյանի սեփականության իրավունքը (հիմք` Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 27.02.2008 թվականի վճիռը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.05.2008 թվականի որոշումը) (հատոր 2-րդ, գ.թ.29-31)։

10. Նոտարական կարգով վավերացված «ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ» վերնագրված փաստաթղթով Հենրիկ և Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյանները 07.12.2007 թվականին համաձայնվել են, որպեսզի «ՎԱԶ-210630» մակնիշի 63 ՍՍ 249 պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ գրանցվի Հասմիկ Հարությունյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ.83)։

11. 21.12.2007 թվականի կտակի համաձայն` Հրիտա Հակոբյանն իրեն պատկանող գույքը կտակել է Հասմիկ Հարությունյանին (հատոր 1-ին, գ.թ.96), որը 12.02.2008 թվականին դիմել է Շենգավիթի նոտարական գրասենյակ ժառանգությունն ընդունելու համար (հատոր 1-ին, գ.թ.97)։

12. 15.05.2008 թվականին Հենրիկ և Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյանները դիմել են Կենտրոն նոտարական գրասենյակ Հրիտա Հակոբյանի ժառանգական գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունելու համար (հատոր 3-ին, գ.թ.37)։

13. Երևանի Լիսինյան փողոցի հասցեում բնակվող հարևանների հայտարարությունների համաձայն` Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանը պապի` Հենրիկ Համազասպի Հարությունյանի մահից հետո հաճախակի գիշերել է պապի տանը և խնամել տատին (հատոր 3-րդ, գ.թ.78, 81-82, 87)։

14. Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի 1-ին փողոցի 4-րդ փակուղու հասցեում գտնվող հարևանների հայտարարությունների համաձայն` նշված հասցեի թիվ 4 տունը կառուցվել է Հրիտա Հակոբյանի որդու՝ Հովհաննես Հարությունյանի միջոցներով, իսկ Հենրիկ Համազասպի Հարությունյանի թոռանը` Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանին հաճախակի տեսել են նշված տան հողամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս և խնջույքներ կազմակերպելիս (հատոր 3-րդ, գ.թ. 83, 84, 86)։

15. Մարտին Մալխասյանը ցուցմունքով Դատարանին հայտնել է, որ հորեղբոր` Հենրիկ Համազասպի Հարությունյանի մահից հետո թոռանը` Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանին հաճախակի տեսել է Կոտայքի մարզի գյուղ Թեղենիքի 1-ին փողոցի 4-րդ փակուղու թիվ 4 տանը, իսկ Հասմիկ Հարությունյանը «վերջերս է գալիս-գնում» (հատոր 3-րդ, գ.թ.167)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և չէր կարող իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան։ Դատարանը, ժառանգին ճանաչելով ժառանգությունն ընդունած, լուծում է դրանից բխող ժառանգական գույքի նկատմամբ մյուս ժառանգների իրավունքներին վերաբերող հարցերը, ինչպես նաև անվավեր է ճանաչում նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագիրը։ Այս դեպքում չի պահանջվում տալ ժառանգության իրավունքի նոր վկայագիր։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործով կտակարար Հենրիկ Համազասպի Հարությունյանը մահացել է 12.01.2006 թվականին։ Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանն 22.02.2007 թվականին դիմել է նոտարական գրասենյակ ըստ կտակի ժառանգությունն ընդունելու համար։ Այսինքն` Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանը ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պայմաններում դիմել է նոտարական գրասենյակ։ Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածով սահմանված կարգով պետք է դիմեր դատարան՝ ժառանգության ընդունման համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու պահանջով, ապա՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում դիմեր նոտարական գրասենյակ՝ ըստ կտակի ժառանգությունն ընդունելու համար։

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հենրիկ Հովհաննեսի Հարությունյանը Հենրիկ Համազասպի Հարությունյանի ժառանգական գույքի նկատմամբ ըստ կտակի ժառանգությունը չի ընդունել։

Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն` առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները։ Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1221-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մինչև ժառանգության բացումը մահացած ըստ օրենքի ժառանգի բաժինն անցնում է նրա երեխաներին (ներկայացման իրավունքով ժառանգություն) և նրանց միջև բաշխվում է հավասարապես։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի համաձայն` ժառանգություն ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի։ Ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում։ Ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքը պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով, իսկ 3-րդ մասի համաձայն՝ եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը՝ ներառյալ, երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար։

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ օրենսդիրը նախատեսել է ժառանգության ընդունման երկու եղանակ՝ ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելը և ժառանգի կողմից ժառանգությունը փաստացի տիրապետելը կամ կառավարելը։ Ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել այդ գույքը, ինչը հանդիսանում է ժառանգական գույքի նկատմամբ ժառանգի սեփականության իրավունքի ծագման նախապայման (տե՛ս Արմինե Հակոբյանը և Սամվել Հակոբյանն ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի, Անահիտ, Մարգարիտ, Քնարիկ Հակոբյանների՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ժառանգական գույքն առանձնացնելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին թիվ 3-1621(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 09.11.2007 թվականի որոշումը)։

Վճռաբեկ դատարանը նշել է, որ եթե գործի քննության ընթացքում կողմերից մեկը բարձրացնում է ՀՀ քաղաքացիական օենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ձևերից մեկով ժառանգությունն իր կողմից ընդունելու հարցը, ապա նմանատիպ գործեր քննելիս միշտ կարևոր է այն իրավական հարցի պարզաբանումը, թե արդյոք անձը փաստացի տիրապետման հիմքով ընդունել է ժառանգությունը (տես, օրինակ` Վլադիմիր Բալասանյանն ընդդեմ Կարինե Սերոպյանի, ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտարի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականներն անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքի վկայականը համապատասխան բաժիններով տրամադրելու, Սերյոժա Բալասանյանի 01.02.1994 թվականի կտակը մասնակիորեն անվավեր ճանաչելու, Թամարա Բալասանյանի մահից հետո փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած միակ ժառանգ ճանաչելու և Այգեստան 10-րդ փողոցի 2-րդ շենքի թիվ 58-րդ բնակարանի և ավտոտնակի նկատմամբ Կարինե Սերոպյանի սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջների մասին թիվ 3-183(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը)։ Ուստի դատարանում գործի քննության ժամանակ պետք է հիմնավորվի փաստացի տիրապետման հիմքով ժառանգական գույքն ընդունելու փաստը։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ժառանգական գույքի փաստացի տիրապետելու փաստը կարող է ապացուցվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով նախատեսված ապացույցների տեսակներով (տե՛ս Գառնիկ Նազարյանն հայցի ընդդեմ Գագիկ Նազարյանի, Արտաշատի նոտարական տարածքի նոտարի՝ փաստացի տիրապետման ուժով ժառանգությունն ընդունած ճանաչելու և Գագիկ Նազարյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1125(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի որոշումը, ինչպես նաև Միշա Վարդանյանն ընդդեմ Վարդան Վարդանյանի, Արմավիրի նոտարական տարածքի նոտար Նարինե Մկրտչյանի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արմավիրի տարածքային ստորաբաժանման՝ Վարդան Վարդանյանի անվամբ տրված ըստ օրենքի ժառանգության և սեփականության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու, փաստացի տիրապետման եղանակով Միշա Վարդանյանին ժառանգությունը ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին թիվ 3-938(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշումը)։

Հիմք ընդունելով սույն գործում առկա հարևանների հայտարարությունները և վկաների ցուցմունքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հենրիկ Համազասպի Հարությունյանի ժառանգական գույքը փաստացի տիրապետման և կառավարման հիմքով ընդունել են կինը` Հրիտա Հակոբյանը, ինչպես նաև Հենրիկ և Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյանները։

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի Լիսինյան փողոցի թիվ 61 հասցեում գտնվող տունը և հողամասը Հենրիկ Համազասպի Հարությունյանի անձնական սեփականությունն էր, հետևաբար, դրա նկատմամբ պետք է ճանաչել Հրիտա Հակոբյանին 1/2 բաժնով և Հենրիկ ու Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյաններին 1/2 բաժնով, իսկ Կոտայքի մարզի գյուղ Թեղենիքի 1-ին փողոցի 4-րդ փակուղու թիվ 4 հասցեում գտնվող տան և հողամասի, «ՎԱԶ-210630» մակնիշի63 ՍՍ 249 պետհամարանիշի ավտոմեքենայի, Երևանի Հայխնայբանկի 6654/09 մասնաճյուղի թիվ 57433 հաշվում հասանելիք տոկոսների և փոխհատուցման հետ միասին առկա ավանդի նկատմամբ պետք է ճանաչել Հրիտա Հակոբյանին 3/4 (1/2+1/2։2) բաժնով և Հենրիկ ու Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյաններին 1/4 (1/2։2) բաժնով ժառանգությունն ընդունած ժառանգներ։

Բացի այդ, սույն գործի փաստերի համաձայն՝ 12.02.2008 թվականին Հասմիկ Հարությունյանը Շենգավիթի նոտարական գրասենյակում հայտարարություն է տվել մոր ժառանգությունն ըստ կտակի ընդունելու մասին։ Տվյալ դեպքում Շենգավիթի նոտարական գրասենյակին ժառանգությունն ընդունելու վերաբերյալ Հասմիկ Հարությունյանի դիմումի հանձնելն ինքնին հիմք չէ վերջինիս այդ եղանակով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու համար, քանի որ Հրիտա Հակոբյանի ժառանգության բացման վայրը Էրեբունու նոտարական գրասենյակն է։ Այսինքն` ժառանգությունն ընդունելու վերաբերյալ դիմումը պետք է ներկայացվեր Էրեբունու տարածքի նոտարին։ Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հասմիկ Հարությունյանը ժառանգությունն ընդունելու համար Շենգավիթի նոտարական գրասենյակում հայտարարություն տալով կատարել է ժառանգատուի գույքի փաստացի տիրապետմանը և կառավարմանն ուղղված կոնկլյուդենտ գործողություններ՝ կոնկրետ նպատակ ունենալով իր տիրապետման տակ վերցնել ժառանգական գույքը։

Եթե օրենսդիրը դիմում տալու եղանակով ժառանգության ընդունման հատուկ ընթացակարգ է նախատեսել (ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին վեցամսյա ժամկետում հանձնելը), ապա փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ժառանգության ընդունումը կարող է տեղի ունենալ ժառանգի կողմից ամենատարբեր բնույթի ակտիվ գործողություններ սկսելու հիմքով, որպիսիք ուղղված են ժառանգատուի գույքի փաստացի տիրապետման և կառավարման հնարավորությունների ապահովմանը (տե՛ս Կիմա Սարգսյանի ընդդեմ Հարություն Սարգսյանի, Վարդուհի Սարգսյանի և Անժելա Սարգսյանի՝ փաստացի տիրապետման եղանակով բնակարանի ժառանգությունն ընդունած համարելու պահանջի մասին թիվ 3-1224(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի որոշումը)։

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հասմիկ Հարությունյանը Հրիտա Հակոբյանի ժառանգական գույքի նկատմամբ ըստ կտակի ժառանգությունը չի ընդունել, այլ ընդունել է փաստացի տիրապետման հիմքով։

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հրիտա Հակոբյանի ժառանգական գույքի` Երևանի Լիսինյան փողոցի թիվ 61 հասցեում գտնվող տան և հողամասի նկատմամբ պետք է ճանաչել Հենրիկ ու Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյաններին 1/4 (1/2 ։2) բաժնով, Հասմիկ Հարությունյանին` 1/4 (1/2։2) բաժնով, իսկ Կոտայքի մարզի գյուղ Թեղենիքի 4-րդ փակուղու 1-ին փողոցիթիվ 4 հասցեում գտնվող տան և հողամասի, «ՎԱԶ-210630» մակնիշի 63 ՍՍ 249 պետհամարանիշի ավտոմեքենայի, Երևանի Հայխնայբանկի 6654/09 մասնաճյուղի թիվ 57433 հաշվում հասանելիք տոկոսների և փոխհատուցման հետ միասին առկա ավանդի նկատմամբ Հենրիկ ու Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյաններին՝ 3/8 (3/4։2) բաժնով, Հասմիկ Հարությունյանին՝ 3/8 (3/4։2) բաժնով ժառանգությունն ընդունած ժառանգներ։

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հենրիկ Համազասպի Հարությունյանի և Հրիտա Հակոբյանի ժառանգական գույքի Երևանի Լիսինյան փողոցի թիվ 61 հասցեում

գտնվող տան և հողամասի նկատմամբ Հենրիկ ու Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյանների ժառանգական բաժինը կկազմի 3/4 (1/2+1/4), Հասմիկ Հարությունյանի` 1/4, իսկ Կոտայքի մարզի գյուղ Թեղենիքի 4-րդ փակուղու 1-ին փողոցի թիվ 4 հասցեում գտնվող տան և հողամասի, «ՎԱԶ-210630» մակնիշի 63 ՍՍ 249 պետհամարանիշի ավտոմեքենայի, Երևանի Հայխնայբանկի 6654/09 մասնաճյուղի թիվ 57433 հաշվում հասանելիք տոկոսների և փոխհատուցման հետ միասին առկա ավանդի Հենրիկ ու Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյանների ժառանգական բաժինը` 5/8 (3/8+1/4), Հասմիկ Հարությունյանինը` 3/8։

Հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով Հենրիկ Համազասպի Հարությունյանի և Հրիտա Հակոբյանի ժառանգական գույքի նկատմամբ համապատասխան բաժիններով պետք է ճանաչել Հենրիկ ու Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյանների և Հասմիկ Հարությունյանի սեփականության իրավունքը։

Ինչ վերաբերում է Հենրիկ և Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյանների կողմից ժառանգական գույքի` «ՎԱԶ-210630» մակնիշի 63 ՍՍ 249 պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ ժառանգությունից հրաժարվելու փաստը ստորադաս դատարանների կողմից անտեսվելու մասին բողոք բերած անձի պատճառաբանությանը, ապա այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում` ներառյալ այն դեպքում, երբ նա արդեն ընդունել է ժառանգությունը։

Փաստորեն նշված դրույթով ժառանգը կարող է հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում։ Մինչդեռ Հենրիկ և Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյանները «ՎԱԶ-210630» մակնիշի 63 ՍՍ 249 պետհամարանիշի ավտոմեքենայի նկատմամբ հրաժարվել են ժառանգությունից 07.12.2007 թվականին, Հենրիկ Համազասպի Հարությունյանի մահից շուրջ մեկ տարի հետո։

 Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

 Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.08.2009 թվականի որոշումը բեկանել և փոփոխել` հայցը և հակընդդեմ հայցը բավարարել մասնակիորեն։

2. Հենրիկ Համազասպի Հարությունյանի և Հրիտա Հակոբյանի ժառանգական գույքի` Երևանի Լիսինյան փողոցի թիվ 61 հասցեում գտնվող տան և հողամասի, 3/4 բաժնի նկատմամբ ճանաչել Հենրիկ ու Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյանների, 1/4 բաժնի նկատմամբ` Հասմիկ Հարությունյանի, իսկ ՀՀ Կոտայքի մարզի գյուղ Թեղենիքի 4-րդ փակուղու 1-ին փողոցի թիվ 4 հասցեում գտնվող տան և հողամասի, «ՎԱԶ-210630» մակնիշի 63 ՍՍ 249 պետհամարանիշի ավտոմեքենայի, Երևանի Հայխնայբանկի 6654/09 մասնաճյուղի թիվ 57433 հաշվում հասանելիք տոկոսների և փոխհատուցման հետ միասին առկա ավանդի 5/8 բաժնի նկատմամբ` Հենրիկ ու Սյուզաննա Հովհաննեսի Հարությունյանների, 3/8 բաժնի նկատմամբ` Հասմիկ Հարությունյանի սեփականության իրավունքը։

3. Անվավեր ճանաչել Հասմիկ Հարությունյանի անվամբ Երևանի Լիսինյան փողոցի թիվ 61 տան և հողամասի նկատմամբ 24.07.2008 թվականի սեփականության իրավունքի գրանցումը 3/4 բաժնի մասով, իսկ ՀՀ Կոտայքի մարզի գյուղ Թեղենիքի 4-րդ փակուղու 1-ին փողոցի թիվ 4 հասցեում գտնվող տան և հողամասի նկատմամբ 28.07.2008 թվականի սեփականության իրավունքի գրանցումը 5/8 բաժնի մասով։

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան