Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.1992-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
20.03.1992
Ստորագրման ամսաթիվ
20.03.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.1992

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կազմակերպությունների միջև ապրանքների մատակարարման ընդհանուր պայմանների մասին

 

Սույն Համաձայնագիրն ուղղված է Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում տնտեսվարող սուբյեկտների միջև տնտեսական կապերի պահպանման և զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման վրա` նրանց միջև տնտեսական համագործակցության մասին կնքված համաձայնագրերի հաշվարկով, ինչպես նաև դրա հետ մեկտեղ ապահովում է տնտեսվարող բոլոր սուբյեկտների միատեսակ պատասխանատվությունը՝ իրենց կողմից իրենց տնտեսական տարածքում պայմանագրային պարտավորությունների կատարման համար:

Համաձայնագիրը, միջպետական տնտեսական համաձայնագրերի իրացման մասով, հիմնվում է պետությունների Կառավարությունների միջև համաձայնեցված սկզբունքների վրա:

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Համաձայնագիրը տարածվում է միջպետական տնտեսական կապերի վերաբերյալ Համագործակցության մասնակից պետությունների տնտեսվարող սուբյեկտների (անկախ սեփականության ձևից) միջև հարաբերությունների վրա:

2. Սույն Համաձայնագրի նպատակների համար.

ա) տնտեսվարող սուբյեկտներ ասելով հասկացվում են ձեռնարկությունները, դրանց միավորումները, ցանկացած կազմակերպաիրավական ձևի կազմակերպություններ, ինչպես նաև՝ Համագործակցության մասնակից պետությունների տարածքներում գործող օրենքներին համապատասխան ձեռնարկատերերի կարգավիճակ ունեցող քաղաքացիները և նրանց միավորումները,

բ) ապրանք ասելով հասկացվում են ինչպես ժողովրդական սպառման ապրանքներ, այնպես էլ արտադրատեխնիկական նշանակության արտադրանքը:

3. Ապրանքների մատակարարումը կատարվում է պայմանագրերով (կոնտրակտներով):

Պայմանագիրը հանդիսանում է բոլոր տեսակի ապրանքների մատակարարման համար իրավունքներ և պարտավորություններ սահմանող միակ փաստաթուղթը:

Ձեռնարկությունները ազատ են պայմանագրի առարկայի, պարտավորությունների սահմանման, տնտեսական հարաբերությունների ցանկացած այլ պայմանների ընտրության գործում, բացառությամբ միջպետական համաձայնագրերով ապրանքների մատակարարման դեպքերի:

4. Սույն Համաձայնագիրը չի տարածվում Համագործակցության անդամներ չհանդիսացող պետությունների տնտեսվարող սուբյեկտների միջև տնտեսական հարաբերությունների վրա:

5. Համագործակցության պետություններն իրենց մարմինների միջոցով աշխատանք են իրականացնում միջպետական համաձայնագրերով մատակարարման տնտեսական պայմանագրերի ժամանակին կնքման, դրանց կատարման նկատմամբ հսկողության ապահովման ուղղությամբ:

 

2. Պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը

 

6. Համագործակցության մասնակից պետությունների ազատ շուկայական հարաբերությունների անցման ժամանակաշրջանում ապրանքների մատակարարումը, որպես կանոն, կատարվում է մատակարարողի և գնորդի միջև ուղղակի պայմանագրի կնքման ճանապարհով, ինչպես նաև ապրանքների մատակարարումը ապահովող և մատարակարարի ու գնորդի միջև տնտեսական կապերի հաստատման համար ծառայություններ մատուցող միջնորդ ընկերությունների, այլ կազմակերպությունների օգնությամբ: Ընդ որում, միջնորդ ընկերությունները և այլ կազմակերպությունները կարող են հանդես գալ պայմանագրի կողմ ինչպես մատակարարի, այնպես էլ գնորդի դերում` իրենց վրա վերցնելով սույն Կանոնադրությամբ նախատեսված դրանց իրավունքները, պարտավորությունները և պատասխանատվությունը:

Կողմերը իրավասու են մատակարարման պայմանագրեր կնքել ապրանքային շուկաների համակարգի` ապրանքային բորսաների, տոնավաճառների, աճուրդների և շուկայական այլ համակարգերի միջոցով:

7. Պետական կարիքների համար մատակարարումը կանոնակարգող մարմինները ձևավորում են պետական կարիքների համար ապրանքների մատակարարման ծավալները դրանց ձևերի, տարածքի և մատակարարների կտրվածքով և մինչև մատակարարմանը նախորդող տարվա մայիսի 1-ը ներկայացնում են դրանք Համագործակցության այլ պետությունների կանոնակարգող մարմիններին` փոխադարձ մատակարարման մասով համաձայնեցված ձևով և անվանացանկով:

Համագործակցության յուրաքանչյուր մասնակից անդամը տեղեկացնում է նրա բոլոր մասնակիցներին այն մարմինների լիազորությունների մասին, որոնք իրավասու են ծանուցումներ տալ մատակարարների գնորդներին կցելու մասին:

8. Մատակարարումները կանոնակարգող մարմինները համաձայնեցնում են ապրանքների ծավալները և մինչև հունիսի 1-ը ստորագրում համապատասխան փաստաթղթեր, որոնք հանդիսանում են առևտրատնտեսական համագործակցության մասին Համաձայնագրերի անբաժանելի մաս:

9. Համագործակցության պետությունների մատակարարումները կանոնակարգող մարմինները մինչև օգոստոսի 1-ը միջպետական համաձայնագրերով ապրանքների մատակարարումների ծավալները կանոնակարգող մարմիններին են հասցնում յուրաքանչյուր սպառող-պետության համար քվոտաների քանակը:

10. Գնորդի գտնվելու վայրով Համագործակցության պետությունների մատակարարումները կանոնակարգող մարմինները, մինչև սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածը, սպառողներին հասցնում են քանակները` մատակարարող ձեռնարկությանը գնորդի կցման մասին ծանուցում տալով:

11. Գնորդը կցման մասին ծանուցումը ստանալու պահից 20 օրվա ընթացքում մատակարարին է ուղարկում ապրանքի մատակարարման պատվերը:

Մատակարարը, պատվերը ստանալուց 20 օրվա ընթացքում, գնորդին հայտնում է պատվերի կատարման ընդունելու մասին կամ ուղարկում է պայմանագրի իր նախագիծը:

12. Գնորդը իրավունք ունի ամբողջովին կամ մասնակիորեն հրաժարվել իրեն հատկացված ապրանքից և պայմանագիրը կնքելուց` տեղեկացնելով կցման մասին ծանուցում տված մարմնին և մատակարարին` կցման մասին ծանուցումը ստանալու պահից 20 օրվա ընթացքում:

13. Ամբողջովին կամ մասնակիորեն ամրացման մասին ծանուցման հետ մատակարարի անհամաձայնության դեպքում, երբ ապրանքի քանակը գերազանցում է պետական կարիքների համար նախատեսված ծավալը, ինչպես նաև կենտրոնական ձևով կարգավորվող նյութական ռեսուրսների բացակայության կամ ամրացման մասին ծանուցման մեջ նշված ապրանքի, մատակարարի մասնագիտացվածության և ուղղվածության անհամապատասխանության դեպքում, նա իրավունք ունի ծանուցումը ստանալու պահից 20 օրվա ընթացքում դիմել մատակարարի գտնվելու վայրի մատակարարումները կարգավորող մարմնին` ծանուցումը չեղյալ հայտարարելու կամ փոփոխելու հայտարարությամբ:

Հայտարարություն նշված ժամկետում չներկայացնելու դեպքում, ծանուցումը կատարման համար ընդունված է համարվում և մատակարարը իրավունք չունի հրաժարվել սպառողների հետ տնտեսական պայմանագրերի կնքումից: Ծանուցումը չեղյալ հայտարարելու և փոփոխելու մասին մատակարարի հայտարարությունը ստացած մարմինը պարտավոր է հայտարարությունը ստանալու պահից տասնօրյա ժամկետում քննարկել դրա հիմնավորվածությունը և մատակարարի դիտողությունների ու փաստարկների հետ համաձայնության դեպքում վերաձևակերպել ամրացման մասին ծանուցումը այլ մատակարարի (իրական) և ապահովել վերաձևակերպված ծանուցման կատարումը:

Այդ հայտարարության պատճենը ուղարկվում է ստացողին:

14. Միջպետական համաձայնագրերով ապրանքների մատակարարման պայմանագրերի կնքման մասին վեճերը քննության են առնվում Համագործակցության մասնակից պետությունների մատակարար ձեռնարկությունների գտնվելու վայրի արբիտրաժային (տնտեսական) դատարանների կողմից:

15. Մատակարարման պայմանագրերի փոփոխման և լուծման մասին վեճերը քննության են առնվում մատակարարների (արտադրողների) գտնվելու վայրի արբիտրաժային (տնտեսական) դատարանների կողմից` անկախ պայմանագրի կնքման հիմքից:

16. Պայմանագրերը կնքվում են կողմերի ստորագրած մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով կամ գնորդի պատվերը մատակարարի կողմից կատարման ընդունելու միջոցով, եթե պատվերը պարունակում է ապրանքի մատակարարման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Կողմերի միջև պայմանագրային հարաբերություններ կարող են հաստատվել նաև նամակների, հեռագրերի, հեռատիպերի կամ ֆաքսերի փոխանակման միջոցով:

Գրավոր պայմանագրի նախագիծը երկու օրինակից մատակարարը (արտադրողը) ուղարկում է գնորդին (սպառողին) ծանուցումը ստանալու պահից 20 օրվա ընթացքում:

17. Պայմանագրում անպայման սահմանվում են ապրանքի անվանացանկը (տեսականին), քանակը, որակը, գինը, մատակարարման ժամկետները, բեռնաթափման և վճարային տվյալները: Այդ պայմանների բացակայության դեպքում պայմանագիրը կնքված չի համարվում:

Եթե կնքվում է երկարաժամկետ պայմանագիր, ապա այդ պայմանները պետք է սահմանվեն մատակարարման առաջին տարվա համար: Հաջորդ տարիների համար դրանք պետք է համաձայնեցվեն մատակարարման ժամանակաշրջանը սկսվելուց առնվազն 45 օր առաջ:

18. Պայմանագիրը ստորագրում են տնտեսվարման սուբյեկտի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձինք և պայմանագիրը ամրագրվում է կնիքով:

Նամակների, հեռագրերի, հեռատիպերի կամ հեռահաղորդակցության միջոցներով պայմանագրի կնքման դեպքում, Կողմերից յուրաքանչյուրը պետք է ունենա մյուս Կողմին համապատասխան առաջարկությունների և դրանց վերաբերյալ պատասխանների ուղարկումը (փոխանցումը) հաստատող ապացույցներ:

19. Պայմանագրի փոփոխումը, լուծումը կամ գործողության ժամկետի երկարաձգումը ձևակերպվում է Կողմերի միջև լրացուցիչ համաձայնագրով:

20. Պայմանագրի նախագիծը ստացած Կողմը 20 օրվա ընթացքում ստորագրում է այն և դրա առաջին օրինակը վերադարձնում է մյուս Կողմին: Եթե նա ներկայացված նախագծի վերաբերյալ առարկություններ ունի, ապա պայմանագիրը ստորագրվում է առարկությունների մասին արձանագրության հետ միասին, ինչի մասին պարտադիր կերպով նշում է կատարվում պայմանագրում: Նման նշման բացակայության դեպքում առարկությունները իրավաբանական ուժ չունեն:

Առարկությունների մասին արձանագրության հետ պայմանագիրը ստացած Կողմը 20 օրվա ընթացքում քննարկում է դրանք, պայմանագրում ներառում է մյուս կողմի բոլոր ընդունած առաջարկությունները, իսկ չընդունված առաջարկությունները նույն ժամկետում փոխանցում է մատակարարի գտնվելու վայրի տնտեսական վեճեր լուծող մարմնին:

Եթե ծագած տարաձայնությունները դրանք ստանալու պահից 20 օրվա ընթացքում չփոխանցվեն մատակարարի գտնվելու վայրի տնտեսական վեճեր լուծող մարմնին, ապա պայմանագիրը ուժի մեջ է մտնում տարաձայնությունների մասին արձանագրությունը ուղարկած կողմի խմբագրությամբ:

21. Պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարվելը (ամբողջովին կամ մասնակիորեն) թույլատրվում է.

անորակ, չափանիշներին, տեխնիկական պայմաններին կամ նմուշներին չհամապատասխանող ապրանքի մատակարարման դեպքում,

կողմերից որևէ մեկին անվճարունակ կամ սնանկ հայտարարելու դեպքում,

մատակարարի կողմից առանց գնորդի հետ նախնական համաձայնեցման ապրանքի գնի բարձրացման:

Նշված հիմքերով պայմանագրի լուծման դեպքում շահագրգիռ կողմը պետք է զգուշացնի մյուս կողմին ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:

Գնորդն իրավունք ունի նաև հրաժարվել (ամբողջովին կամ մասնակիորեն) պայմանագրով նախատեսված ապրանքից` մատակարարին դրա հետ կապված վնասների լրիվ փոխհատուցման պայմանով:

22. Մատակարարվող ապրանքի գները, որակը, կոմպլեկտավորումը և հաշվարկների կարգը, ապրանքների մատակարարման քանակը, տեսականին, ժամկետները, կարգը և կողմերի գույքային պատասխանատվությունը որոշվում է ապրանքների մատակարարման մասին պայմանագրերում, մատակարարի և սպառողի միջև փոխադարձ համաձայնությամբ:

Միջպետական համաձայնագրերով պայմանագրերի կնքումից խուսափելու համար մատակարարը պատասխանատվություն է կրում սահմանված քվոտաներին համապատասխան մատակարարման ենթակա ապրանքի արժեքի չափով:

23. Պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով տույժի /տուգանքի/ վճարումը և պատճառած վնասների փոխհատուցումը կողմերին իրականում չի ազատում պարտավորությունների կատարումից:

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում 1992 թվականի հուլիսի 1-ից:

 

Կատարված է Կիև քաղաքում 1992 թվականի մարտի 20-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենները:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի հուլիսի 1-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան