Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (29.04.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2011.01.14/12(20) Հոդ.14
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
17.06.2009
Ստորագրման ամսաթիվ
17.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.04.2010

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ԵՎ Սիրիայի Արաբական Հանրապետության շրջակա միջավայրի հարցերով պետական նախարարության միջԵՎ բնապահպանության ոլորտում համագործակցության մասին

 

Սիրիայի Արաբական Հանրապետության շրջակա միջավայրի հարցերով պետական նախարարությունը և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը (այսուհետ՝ Կողմեր),

հաշվի առնելով ներկա և ապագա սերունդների համար շրջակա միջավայրի պահպանության և բարելավման անհրաժեշտությունը,

համարելով, որ բնապահպանության ոլորտում օրենսդրական, ինստիտուցիոնալ և տեխնիկական համագործակցության զարգացումն ու աջակցությունը կամրապնդեն երկու երկրների միջև հարաբերությունները,

հաշվի առնելով, որ երկու երկրներում առկա բնապահպանական խնդիրների նմանության շնորհիվ առավել արդյունավետ լուծումները կարող են գտնվել երկկողմ համակարգման միջոցով,

կարևորելով երկու երկրների միջև բնապահպանության ոլորտում հարաբերությունների զարգացումը՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում գործող այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում,

հաշվի առնելով 1992 թ. Ռիո դե Ժանեյրոյում կայացած` ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի և զարգացման համաժողովի և 2002 թ. Յոհանեսբուրգում կայացած` կայուն զարգացման համաշխարհային գագաթաժողովում ընդունված սկզբունքները և առաջարկությունները,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը պայմանավորվում են բնապահպանության ոլորտում համագործակցություն իրականացնել իրենց իրավասությունների շրջանակներում և իրենց ազգային օրենսդրությանը և սույն Համաձայնագրին համապատասխան:

 

Հոդված 2

 

Սույն Համաձայնագրի նպատակներին հասնելու համար Կողմերը կձգտեն խթանել բնապահպանության ոլորտում գործող իրենց պետական և մասնավոր հաստատությունների միջև երկկողմ համագործակցությունը: Կողմերը ջանքեր կգործադրեն` համակարգելու համար իրենց դիրքորոշումները Միջերկրածովյան ավազանի բնապահպանական խնդիրների շուրջ և այն միջազգային միջոցառումները, որոնցում իրենք մասնակցում են, և կձգտեն համագործակցել մեկը մյուսի հետ` օգտագործելով միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից տրամադրվող ֆինանսական հնարավորությունները՝ բնապահպանության ոլորտում երկու երկրների համար փոխշահավետ փորձնական ծրագրերի ստեղծման նպատակով:

Կողմերը ջանքեր կգործադրեն, որ ձեռք բերեն ֆինանսական միջոցներ համատեղ ծրագրերի իրականացման համար՝ Կողմերի և ներգրավված ֆինանսական հաստատության միջև լիակատար համագործակցության միջոցով:

 

Հոդված 3

 

Կողմերը պայմանավորվում են սույն Համաձայնագրի մասին տեղեկացնել իրենց համապատասխան երկրներում բնապահպանության ոլորտում գործող պետական սեկտորի կազմակերպություններին, որպեսզի, սույն Համաձայնագրի 4-րդ և 5-րդ հոդվածների համաձայն, դրանք կարողանան հստակեցնել այն ոլորտները, որոնցում պահանջվում է Կողմերի միջև առանձնահատուկ համագործակցություն, և վերջինիս իրականացման միջոցները:

 

Հոդված 4

 

Կողմերի միջև սույն Համաձայնագրով նախատեսվող համագործակցությունը իրականացվում է բնապահպանության հետևյալ բնագավառներում.

- կլիմայի փոփոխություն,

- կենսաբանական բազմակերպության պահպանություն,

- բնության հատուկ պահպանվող գոտիների ստեղծում և կառավարում,

- պայքար անապատացման դեմ,

- բնական ռեսուրսների, հատկապես ջրի խելամիտ օգտագործում,

- էկոտուրիզմ,

- կոշտ թափոնների կառավարում,

- փորձի փոխանակում սակավաթափոն, անթափոն և ռեսուրսներ խնայող տեխնոլոգիաների զարգացման և կիրառման ոլորտում,

- տեղեկությունների փոխանակում արդյունաբերական և կենցաղային թափոնների մշակման և օգտագործման վերաբերյալ,

- տեղեկությունների փոխանակում քիմիական նյութերի անվտանգ օգտագործման և կառավարման խնդիրների վերաբերյալ,

- արդյունաբերական աղտոտում,

- կեղտաջրերի վերամշակում,

- կեղտաջրերի վերամշակման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում,

- աջակցություն բնապահպանության ոլորտում գիտահետազոտական ծրագրերին,

- աջակցություն իրենց երկրներում բնապահպանության ոլորտում գործող կազմակերպություններին և դրանց միջև համագործակցությանը,

- հասարակության բնապահպանական իրազեկությունը բարձրացնող նախաձեռնություններ,

- աջակցություն էկոպիտակավորման համակարգերի զարգացմանը,

- շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ փորձի փոխանակում:

Կողմերը կարող են համաձայնության գալ շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող այլ ոլորտներում համագործակցության մասին:

 

Հոդված 5

 

Սույն Համաձայնագրում նշված համագործակցությունն իրականացվում է հետևյալ ձևերով.

- երկու երկրների բնապահպանական ծրագրերի վերաբերյալ տեղեկությունների փոխանակում, ինչպես նաև սույն Համաձայնագրում ընդգրկված ոլորտներին վերաբերող տեխնիկական և գիտական գրականության փոխանակում,

- համագործակցության ամրապնդում երկու երկրների միջազգային բնապահպանական նախաձեռնությունների իրականացման գործում,

- հնարավորության դեպքում երկու երկրների դիրքորոշումների համակարգում իրենց երկրներից դուրս բնապահպանական խնդիրներին առնչվող բանակցություններում,

- փորձի և տեղեկությունների փոխանակում երկու երկրների փորձագետների, պաշտոնյաների և այլ մասնագետների միջև,

- սույն Համաձայնագրում նշված առանձին ոլորտներին վերաբերող համատեղ ուսումնական ծրագրերի նախապատրաստում և իրականացում:

Կողմերը կարող են համաձայնության գալ համագործակցության այլ ձևերի մասին:

 

Հոդված 6

 

Կողմերը պայմանավորվում են ստեղծել համատեղ հանձնաժողով` սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածում նշված համագործակցության ոլորտներում երկամյա աշխատանքային միասնական ծրագրեր մշակելու, դրանց իրականացման և ֆինանսական միջոցները հաստատելու համար:

Երկու Կողմերը համաձայնում են իրագործել սույն Համաձայնագիրն այն ֆինանսական միջոցների սահմաններում, որոնք կարող են տրամադրվել:

Փորձագետների, պաշտոնյաների և այլ ներկայացուցիչների կեցության և տեղական փոխադրումների ծախսերը հոգում է հյուրընկալ երկիրը:

 

Հոդված 7

 

Սույն Համաձայնագրի տեքստում լրացումներ կամ փոփոխություններ կատարվում են Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, և դրանք ձևակերպվում են առանձին արձանագրություններում:

Արձանագրություններն ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով և հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

Հոդված 8

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն ազդում Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության այն իրավունքների և պարտավորությունների վրա, որոնք բխում են այլ միջազգային համաձայնագրերում նրանց մասնակցությունից:

 

Հոդված 9

 

Կողմերի միջև առաջացած` սույն Համաձայնագրի իրականացմանն առնչվող ցանկացած վեճ կարգավորվում է դիվանագիտական ուղիներով` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

Հոդված 10

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ներպետական օրենսդրությամբ սահմանված բոլոր ընթացակարգերի ավարտի մասին վերջին ծանուցման օրվանից: Այն մնում է ուժի մեջ հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար երկարաձգվում է նույն հնգամյա ժամկետներով, եթե Համաձայնագրի գործողության ժամկետի լրանալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ Կողմերից մեկը մյուս Կողմին գրավոր չի ծանուցում Համաձայնագրի գործողության ժամկետը չերկարաձգելու իր մտադրության մասին:

Սույն Համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել Կողմերից մեկի՝ այդպիսի մտադրության մասին դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին ծանուցելու օրվանից վեց ամիս հետո:

Սույն Համաձայնագիրը դադարեցնելու դեպքում դրա շրջանակներում գործող ցանկացած անավարտ ծրագիր կամ համագործակցություն ուժի մեջ է մնում մինչև ավարտը:

Կատարված է Երևան քաղաքում 2009 թվականի հունիսի 17-ին, երկու բնօրինակով` հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարազոր են:

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանության տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010թ. ապրիլի 29-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան