Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (13.03.1992-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
13.03.1992
Ստորագրման ամսաթիվ
13.03.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.1992

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները,

ղեկավարվելով Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին Համաձայնագրի 2-րդ և 4-րդ հոդվածներով,

ելնելով կենսաթոշակային ապահովության բնագավառում քաղաքացիների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից,

գիտակցելով, որ Համագործակցության յուրաքանչյուր մասնակից պետություն իր քաղաքացիների կենսաթոշակային ապահովության համար պետք է կրի անմիջական պատասխանատվություն,

ընդունելով, որ Համագործակցության մասնակից պետությունները պարտականություններ ունեն անաշխատունակ անձանց նկատմամբ, որոնք կենսաթոշակային ապահովության իրավունք են ձեռք բերել իրենց կամ այլ հանրապետությունների տարածքում, ԽՍՀՄ-ի կազմի մեջ գտնվելու ժամանակաշրջանում, և իրականացնում են այդ իրավունքը Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքում,

ընդունելով կենսաթոշակային ապահովության հարցերով ԽՍՀՄ-ի կնքած միջազգային համաձայնագրերով պարտավորությունների անվերապահ պահպանման անհրաժեշտությունը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում նրանք բնակվում են:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի զինծառայողների կենսաթոշակային ապահովությունը և նրանց թոշակային ապահովության միջոցների հատկացման կարգը կարգավորվում է հատուկ Համաձայնագրով:

Մինչև հատուկ Համաձայնագրի կնքումը, Համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի զինծառայողների կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է պետությունների կողմից սույն Համաձայնագրի ստորագրման պահին գործող օրենսդրությանը համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Սույն Համաձայնագրով կենսաթոշակային ապահովության իրականացման հետ կապված բոլոր ծախսերը կրում է ապահովություն տրամադրող պետությունը: Փոխադարձ հաշվարկներ չեն կատարվում, եթե երկկողմ համաձայնագրերով այլ բան նախատեսված չէ:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Համաձայնագրի մասնակից պետությունները վարում են կենսաթոշակային ապահովության վերաբերյալ օրենսդրության ներդաշնակության քաղաքականություն:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Սույն Համաձայնագիրը տարածվում է քաղաքացիների կենսաթոշակային ապահովության բոլոր տեսակների վրա, որոնք սահմանվել են կամ կսահմանվեն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

1. Համաձայնագրի մասնակից պետությունների քաղաքացիների կենսաթոշակի նշանակումը կատարվում է ըստ բնակության վայրի:

2. Համաձայնագրի մասնակից պետությունների քաղաքացիների կենսաթոշակի իրավունքի սահմանման համար, այդ թվում՝ արտոնյալ հիմունքներով և բազմամյա ծառայության համար, հաշվի է առնվում այդ պետություններից ցանկացածի տարածքում, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ տարածքում ձեռք բերված աշխատանքային ստաժը` մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ժամանակահատվածի համար:

3. Կենսաթոշակների հաշվարկումը կատարվում է աշխատանքային ստաժի մեջ հաշվարկվող աշխատած ժամանակաշրջանների աշխատավարձից (եկամուտներից):

Այն դեպքում, եթե Համաձայնագրի մասնակից պետություններում մտցվում է ազգային տարադրամ, աշխատավարձի (եկամտի) չափը որոշվում է` ելնելով կենսաթոշակի նշանակման պահին պաշտոնապես սահմանված փոխարժեքից:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Համաձայնագրի մասնակից պետությունների սահմաններում կենսաթոշակառուի տեղափոխման դեպքում թոշակի վճարումը նախկին բնակության վայրում դադարեցվում է, եթե նույնատիպ թոշակ նախատեսված է նոր բնակության վայրի պետության օրենսդրությամբ:

Կենսաթոշակի չափը վերանայվում է ըստ թոշակառուի նոր բնակության վայրի, Համաձայնագրի մասնակից պետության օրենսդրությանը համաձայն, պահպանելով սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված պայմանները:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Համաձայնագրի մասնակից պետություններում կենսաթոշակային ապահովությունն իրականացնող մարմինները միմյանց հետ համագործակցում են իրենց կենտրոնական մարմինների միջև որոշվող համաձայնության կարգով:

Կողմերը լիազորում են իրենց իրավասու մարմիններին` կնքելու նշված համաձայնագրերը սույն Համաձայնագրի ստորագրման օրվանից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Համագործակցության մասնակից պետությունները բանակցությունների միջոցով քննարկում են սույն Համաձայնագրով չկարգավորված, ինչպես նաև դրա կիրառման հետ կապված հարցերը:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Համագործակցության մասնակից պետությունները պարտավորություն են ստանձնում միմյանց տեղեկացնել իրենց պետություններում գործող կենսաթոշակային օրենսդրության, դրա հետագա փոփոխությունների մասին, ինչպես նաև ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ թոշակի իրավունքը և դրա չափը որոշելու համար վճռական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների և ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտած պետությունների տարածքում մինչև 1991 թվականի դեկտեմբերի 1-ը պատշաճ կարգով տրված կենսաթոշակային ապահովության անհրաժեշտ փաստաթղթերը Համագործակցության մասնակից պետությունների տարածքում ընդունվում են առանց օրինականացման:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Հ ո դ վ ա ծ  13

 

1. Սույն Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից կարող է դրանից դուրս գալ` ավանդապահին ուղարկելով համապատասխան գրավոր ծանուցում: Այդ մասնակցի նկատմամբ Համաձայնագրի գործողությունը դադարում է այդպիսի ծանուցումը պահառուի կողմից ստանալու օրվանից 6 ամիսը լրանալուց հետո:

2. Սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների ծագող կենսաթոշակային իրավունքները չեն կորցնում իրենց ուժը նաև Համաձայնագրից այն մասնակից պետության դուրս գալու դեպքում, որի տարածքում նրանք բնակվում են:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1992 թվականի մարտի 13-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը դրա հաստատված պատճենը կուղարկի սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի մարտի 13-ից: