Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (25.10.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2011.01.14/12(20) Հոդ.26
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
23.03.2010
Ստորագրման ամսաթիվ
23.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2010

Հ Ա Ն Ձ Ն Մ Ա Ն  Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության ԵՎ Սիրիայի Արաբական Հանրապետության միջԵՎ

 

Հայաստանի Հանրապետությունը և Սիրիայի Արաբական Հանրապետությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը և հանձնման բնագավառում արդյունավետ համագործակցությանն առնչվող համատեղ շահերը,

ելնելով պետական ինքնիշխանության, միմյանց ներքին գործերին չմիջամտելու և փոխադարձ շահերի պաշտպանության սկզբունքներից,

 

համաձայնեցին հետևյալի մասին:

 

Հոդված 1.

Հանձնման պարտականությունը

 

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է մյուս Պայմանավորվող կողմի հարցման դեպքում հանձնել իր տարածքում գտնվող յուրաքանչյուր անձի, ով հանցանք կատարելու կամ պատիժը կրելու համար հետապնդման մեջ է գտնվում մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմինների կողմից:

 

Հոդված 2.

Հանձնման հիմքերը

 

Հանձնումը կարող է իրականացվել հետևյալ հիմքերի առկայության դեպքում.

1) անձի հանձնման մասին հարցում է կատարվում քրեորեն հետապնդելի այնպիսի արարքի համար, որը երկու Պայմանավորվող կողմերի օրենքներով համարվում է հանցանք, և որի համար, որպես առավելագույն պատիժ, սահմանվում է առնվազն մեկ տարի ազատազրկում.

2) հանձնման մասին հարցում է կատարվում այն դատապարտյալի նկատմամբ, որի կատարած արարքը և դրա համար նախատեսված առավելագույն պատիժը համապատասխանում են սույն հոդվածի 1-ին պարբերությանը, և կայացված դատավճիռը սահմանում է առնվազն 6 ամիս ազատազրկում:

 

Հոդված 3.

Հանձնումից հրաժարվելը

 

Հանձնման մասին հարցումը մերժվում է, երբ`

1) անձը, որի համար հանձնման մասին հարցում է ներկայացվում, հայցվող Կողմի քաղաքացի է.

2) հանցանքը, որի համար հանձնման մասին հարցում է ներկայացվել, քաղաքական կամ ռազմական հանցագործություն է: Հանցանքի բնույթը որոշում է հայցվող Պայմանավորվող կողմը.

3) հանցանքը տեղի է ունեցել հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում կամ նշված Կողմի տարածքից դուրս, և այդ գործով դատավարության իրականացումը գտնվում է հայցվող Պայմանավորվող կողմի իրավազորության ներքո.

4) հանցանքը, որի համար հանձնման մասին հարցում է ներկայացվել, Պայմանավորվող կողմերից մեկի օրենքներին և կանոնակարգերին համապատասխան` օրենքով չի հետապնդվում, և (կամ) դատավճիռը ենթակա չէ կատարման.

5) հայցվող Պայմանավորվող կողմի օրենքներին համապատասխան` հանձնման մասին հարցման իրականացումը վնասում է նրա պետական ինքնիշխանությանը, ազգային անվտանգությանը, հասարակական կարգին կամ բարոյական նորմերին կամ հակասում է իրավական հիմնարար սկզբունքներին:

Եթե հանձնման մասին հարցումը չի բավարարվում, ապա հայցող Պայմանավորվող կողմը տեղեկացվում է հանձնման մասին հարցման մերժման և մերժման հիմքերի մասին:

 

Հոդված 4.

Հանձնման մասին հարցումը

 

Հանձնման մասին հարցումը, որին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը, պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

1) հայցող մարմնի անվանումը.

2) հանցանքի կատարման օրվա դրությամբ` այն օրենքների հոդվածների և դրույթների տեքստերը, որոնց հիման վրա կատարված արարքը հայցող Պայմանավորվող կողմը համարում է հանցանք, ինչպես նաև դրա համար նախատեսված համապատասխան պատիժը.

3) հանձնման ենթակա անձի անունը, ազգանունն ու քաղաքացիությունը, առկայության դեպքում` նաև հայրանունը, ծննդյան ամսաթիվը, մշտական բնակության վայրը, տարբերակիչ նշանները, լուսանկարը, մատնահետքերը և տվյալ անձի նույնականացման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ.

4) այն հանցանքի մանրամասները, որի համար հանձնման մասին հարցում է կատարվել, հնարավորության դեպքում` հանցանքի կատարման ժամանակը և վայրը, դրա իրավական որակումը և օրենքի համապատասխան դրույթներին կատարված հղումները.

5) դատապարտման մասին վերջնական դատավճռի հաստատված օրինակը, ձերբակալման մասին որոշումը կամ դատարան ներկայանալու մասին ծանուցագիրը կամ հավասարազոր որևէ այլ փաստաթուղթ, պատժի արդեն իսկ կրած, ինչպես նաև մնացած ժամանակահատվածը, առկայության դեպքում` իրավասու մարմինների կողմից տրված` պատճառված վնասի կամ կորստի չափը սահմանող հավաստագիրը:

Եթե անձը, որի համար հանձնման մասին հարցում է ներկայացվել, ձերբակալված է, կամ նրա նկատմամբ կիրառվել են խափանման այլ միջոցներ, և հայցվող Պայմանավորվող կողմը պահանջում է որևէ լրացուցիչ տեղեկություն կամ պարզաբանում, ապա հայցող Պայմանավորվող կողմը կարող է պահանջել, որ Պայմանավորվող մյուս կողմը տրամադրի անհրաժեշտ տեղեկությունները կամ պարզաբանումը: Լրացուցիչ տեղեկությունը կամ պարզաբանումը սահմանված ժամանակահատվածում և առավելագույնը 30 օրվա ընթացքում չստանալու դեպքում հայցվող Պայմանավորվող կողմն ազատ է արձակում անձին, որի համար հանձնման մասին հարցում է ներկայացվել: Այնուամենայնիվ, վերը նշվածը չի խոչընդոտում հետագայում տվյալ անձի կալանավորմանը լրացուցիչ տեղեկությունը կամ պարզաբանումը ստանալուց հետո: Հանձնման մասին հարցումը պետք է կնքված լինի իրավասու մարմնի կնիքով և վավերացված լինի պաշտոնատար անձի ստորագրությամբ:

 

Հոդված 5.

Փաստաթղթերի թարգմանությունը

 

Սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածում նշված փաստաթղթերը կազմվում են հայցող Պայմանավորվող կողմի օրենքներին համապատասխան, որոնց կից ներկայացվում է հայցվող Պայմանավորվող կողմի լեզվով կամ անգլերենով դրանց համապատասխան թարգմանությունը: Հայցող Պայմանավորվող կողմը կամ նրա դիվանագիտական առաքելությունը կամ հյուպատոսությունը և (կամ) նշված Կողմի պաշտոնական թարգմանիչը և (կամ) հայցվող Պայմանավորվող կողմը հաստատում են այդ փաստաթղթերի թարգմանությունը:

 

Հոդված 6.

Հանձնման ենթակա անձի կալանավորումը

 

Ստանալով հանձնման մասին հարցումը, բացառությամբ սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածում նշված դեպքերի, հայցվող Պայմանավորվող կողմը, իր ներքին օրենքներին համապատասխան, ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ պահանջվող անձին ձերբակալելու կամ կալանավորելու համար:

 

Հոդված 7.

Կալանքը մինչև հանձնման մասին հարցում ստանալը

 

1) Անհետաձգելի դեպքերում հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները կարող են գրավոր հարցում ներկայացնել պահանջվող անձին ժամանակավորապես կալանավորելու մասին Ինտերպոլի միջոցով կամ դիվանագիտական ուղիներով կամ, Պայմանավորվող կողմերի միջև առկա պայմանավորվածության համաձայն, ցանկացած ուղով:

Նման դեպքերում հայցվող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները պահանջվող անձի կալանավորման մասին որոշում են կայացնում իրենց ներպետական իրավունքին համապատասխան:

2) Հայցող Պայմանավորվող կողմը կալանավորման մասին հարցման մեջ հղում է անում դատավճռին կամ դատարանի որոշմանը կամ կալանքի մասին որոշմանը՝ նշելով, որ տվյալ անձի համար հանձնման մասին հարցում կներկայացվի, իսկ հանձնմանը վերաբերող փաստաթղթերն անհապաղ կտրամադրվեն հայցվող Պայմանավորվող կողմին:

3) Կալանավորված անձն ազատ կարձակվի, եթե հանձնման մասին հարցումը չստացվի անձի կալանավորման օրվանից հետո 30 օրվա ընթացքում: Դա չի արգելում հայցող Պայմանավորվող կողմին հետագայում ևս հարցում ներկայացնել և չի խոչընդոտում պահանջվող անձի հանձնմանը:

 

Հոդված 8.

Հանձնումը հետաձգելը և ժամանակավոր փոխանցումը

 

1) Հանձնման մասին հարցման վերաբերյալ որոշում կայացնելիս հայցվող Պայմանավորվող կողմը կարող է հետաձգել տվյալ անձի հանձնումը, եթե նա ցանկանում է քննություն անցկացնել տվյալ հանցանքից բացի այլ հանցանքին առնչվող գործով:

2) Հանձնումը հետաձգելու փոխարեն հայցվող Պայմանավորվող կողմը կարող է պահանջվող անձին ժամանակավորապես փոխանցել մյուս Պայմանավորվող կողմին՝ հիմք ընդունելով սույն Համաձայնագրի 17-րդ հոդվածում նշված իրավասու մարմինների միջև համաձայնեցված ժամկետները և պայմանները:

 

Հոդված 9.

Դատավարությունը հանձնումը մերժելու դեպքում

 

Եթե հանձնումը մերժվում է` համաձայն սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին պարբերության, ապա հայցվող Պայմանավորվող կողմը մեղադրվող անձի նկատմամբ հետապնդում է իրականացնում իր օրենքներին համապատասխան: Նման դեպքերում հայցող Պայմանավորվող կողմը հայցվող Պայմանավորվող կողմին տրամադրում է ապացույցները, իսկ առկայության դեպքում`հանցագործության գործիքները:

 

Հոդված 10.

Մի քանի պետության կողմից միաժամանակ կատարվող հանձնման մասին հարցումը

 

Եթե միևնույն կամ տարբեր հանցանքների առնչությամբ պահանջվող անձի հանձնման մասին հարցում է ներկայացվում միաժամանակ Պայմանավորվող կողմի պետության և այլ պետությունների կողմից, ապա հայցվող Պայմանավորվող կողմը գործի վերաբերյալ որոշում է կայացնում` հաշվի առնելով բոլոր հանգամանքները և, մասնավորապես, հանցանքի ծանրությունն ու կատարման վայրը, հարցումների ներկայացման համապատասխան ամսաթվերը, պահանջվող անձի քաղաքացիությունը և հետագայում մեկ այլ պետության հանձնելու հնարավորությունը:

 

Հոդված 11.

Հանձնված անձի քրեական հետապնդումը

 

1) Հանձնված անձը չի ենթարկվում քրեական հետապնդման և պատիժ չի կրում հանձնման հիմք հանդիսացած հանցանքից բացի` նրա կողմից մինչև իր փոխանցումը կատարված այլ հանցանքի համար, եթե չի ստացվել հայցվող Պայմանավորվող կողմի համաձայնությունը:

2) Եթե հանձնված անձը քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո` 15 օրվա ընթացքում, չի հեռանում հայցող Պայմանավորվող կողմի տարածքից և (կամ) հեռանալուց հետո կամավոր վերադառնում է, ապա հայցվող Պայմանավորվող կողմի համաձայնությունն այլևս չի պահանջվում: Այդ ժամանակահատվածը չի ընդգրկում այն ժամանակը, որի ընթացքում անձը չի հեռանում հայցող Պայմանավորվող կողմի տարածքից իրենից անկախ պատճառներով:

3) Հանձնված անձը, առանց հայցվող Պայմանավորվող կողմի համաձայնության, չի փոխանցվում երրորդ պետության նախքան հանձնումը կատարած հանցանքի համար:

 

Հոդված 12.

Հանձնումն իրականացնելը

 

1) Հայցվող Պայմանավորվող կողմը տեղեկացնում է հայցող Պայմանավորվող կողմին հանձնման մասին հարցման վերաբերյալ իր որոշման մասին:

2) Եթե Պայմանավորվող կողմերը համաձայնել են հանձնման շուրջ, ապա հայցվող Պայմանավորվող կողմը տեղեկացնում է հայցող Պայմանավորվող կողմին հանձնման վայրի և ժամանակի մասին, ինչպես նաև այն ժամանակահատվածի մասին, որի ընթացքում նախքան փոխանցումը հանձնման ենթակա անձը կալանավորված է եղել:

3) Եթե հանձնման ենթակա անձը սահմանված ժամկետում չի ընդունվել, ապա, սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն, Պայմանավորվող կողմերը կարող են սահմանել նոր ժամկետ, որի ընթացքում հանձնման ենթակա անձը կարող է կալանքի տակ պահվել։ Ամեն դեպքում հանձնման ենթակա անձը չպետք է կալանքի տակ մնա 30 օրից ավելի՝ սկսած հանձնման համար սահմանված ժամկետի առաջին օրվանից:

Նման դեպքերում հայցվող Պայմանավորվող կողմը պարտավորված չէ հանձնման իր նախկին որոշմամբ և կարող է վերանայել նույն հանցանքի համար ներկայացված հանձնման մասին հարցումը:

4) Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը իրենից անկախ պայմաններում և հանգամանքներում չի փոխանցում կամ չի ընդունում հանձնման ենթակա անձին, ապա տվյալ Պայմանավորվող կողմը, համապատասխանաբար, տեղեկացնում է մյուս Պայմանավորվող կողմին այդ մասին: Նման դեպքերում Պայմանավորվող կողմերը սահմանում են հանձնման նոր ժամկետ: Սույն հոդվածի 3-րդ պարբերության դրույթները կիրառելի են նաև նոր ժամկետի դեպքում:

 

Հոդված 13.

Կրկնակի հանձնումը

 

Եթե հանձնված անձը վերադառնում է մյուս Պայմանավորվող կողմի տարածք նախքան հետապնդումը, դատավարությունը կամ պատժի կատարումը դադարեցնելը, ապա, հայցող Պայմանավորվող կողմի պահանջով, նա կրկին հանձնվում է։ Նման դեպքերում սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածում նշված փաստաթղթերը ներկայացնելն այլևս չի պահանջվում։

 

Հոդված 14.

Իրերի փոխանցումը

 

1) Սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան` հայցվող Պայմանավորվող կողմը հայցող Պայմանավորվող կողմին է փոխանցում հանցանքի ապացույց հանդիսացող բոլոր իրերն ու առարկաները, հանցագործության գործիքները կամ հանցանքի հետևանքով ձեռք բերված գործիքները։ Վերը նշված իրերը, առարկաները և գործիքները պետք է փոխանցվեն, եթե նույնիսկ հանձնումը չի կարող իրականացվել հանձնման ենթակա անձի մահվան կամ փախուստի պատճառով կամ հնարավոր որևէ այլ պատճառով։

2) Պայմանավորվող կողմը կարող է ժամանակավորապես հետաձգել սույն հոդվածի 1-ին պարբերությունում նշված առարկաների և իրերի փոխանցումը մեկ այլ քրեական վարույթով քննություն կատարելու համար կամ կարող է դրանք փոխանցել՝ վերադարձնելու պայմանով։

3) Վերը նշված առարկաների և իրերի առնչությամբ պաշտպանվում են յուրաքանչյուր երրորդ անձի իրավունքները, և նման իրերն ու առարկաները վերադարձվում են հայցվող Պայմանավորվող կողմին։

 

Հոդված 15.

Տարանցիկ փոխադրումը

 

1) Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, հանձնմանը վերաբերող իր ներպետական կանոններին և կանոնակարգերին, ինչպես նաև սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան, թույլատրում է երրորդ պետության կողմից մյուս Պայմանավորվող կողմին հանձնվող անձի տարանցիկ փոխադրումը իր տարածքով։

2) Տարանցիկ փոխադրման թույլտվության մասին հարցումը, որին կից ներկայացվում են սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը, պետք է կազմված լինի նույն հոդվածում նշված կարգով։

3) Ամեն դեպքում Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները համակարգում են տարանցիկ փոխադրման միջոցը, երթուղին և մյուս պայմանները։

4) Եթե տարանցիկ փոխադրումը Պայմանավորվող կողմերից որևէ մեկի տարածքով իրականացվում է օդային տրանսպորտով` առանց նրա տարածքում վայրէջքի, ապա տվյալ Պայմանավորվող կողմի թույլտվությունը չի պահանջվում:

 

Հոդված 16.

Ծախսերը

 

Հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում հանձնման հետ կապված ծախսերը հոգում է այդ կողմը, իսկ տարանցիկ փոխադրման ծախսերը կրում է հայցող Պայմանավորվող կողմը։

 

Հոդված 17.

Հաղորդակցության ուղիները

 

Սույն Համաձայնագրի հետ կապված` Պայմանավորվող կողմերի միջև հանձնման գործերով ցանկացած հաղորդակցություն իրականացվում է դիվանագիտական ուղիներով. մի կողմից՝ Սիրիայի Արաբական Հանրապետության դատական մարմինների, մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության (հետապնդում սկսելուց մինչև դատարանում դատավարական ընթացակարգի սկիզբը) և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (դատարանում դատավարական ընթացակարգի սկզբից մինչև դատավճռի կատարում) միջոցով։

 

Հոդված 18.

Վեճերի կարգավորումը

 

Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի կատարման և մեկնաբանման ընթացքում ծագած վեճերը լուծում են անմիջական բանակցությունների միջոցով կամ դիվանագիտական ուղիներով։

 

Հոդված 19.

Փոփոխությունները

 

Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ` դիվանագիտական ուղիներով միմյանց գրավոր ծանուցելու միջոցով։ Այդ փոփոխությունները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով։

 

Հոդված 20.

Համաձայնագրի գործողության ժամկետը և ուժի մեջ մտնելը

 

Սույն Համաձայնագիրը գործում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցումը ստանալու օրվանից։

Սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է այն օրվանից 6 ամիս հետո, երբ Պայմանավորվող կողմերից մեկը դիվանագիտական ուղիներով տեղեկացնում է մյուս Պայմանավորվող կողմին Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին։

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդում Համաձայնագրի գործողության ընթացքում նախաձեռնված` հանձնման մասին որևէ հարցման իրականացման վրա։

 

Սույն Համաձայնագիրը ստորագրվել է Դամասկոս քաղաքում, 2010 թվականի մարտի 23-ին, երկու բնօրինակով` հայերեն, արաբերեն և անգլերեն. ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են։

 

Սույն Համաձայնագրի տեքստերի մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայում է անգլերեն տեքստը։

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 25-ին