ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0024/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0024/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան | |
Դատավորներ՝ Ա. Պետրոսյան Կ. Չիլինգարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Տ. Պետրոսյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Մարգարիտ Աբգարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ռոբերտ Թումանյանի ընդդեմ Մարգարիտ Աբգարյանի` վնասի հատուցման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ռոբերտ Թումանյանը պահանջել է բռնագանձել Մարգարիտ Աբգարյանից համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված Երևանի Մայիսի 9-ի փողոցի 13 շենքի թիվ 54 բնակարանի օտարման արդյունքում ստացված իրեն հասանելիք 3.026.000 ՀՀ դրամը, ինչպես նաև դրամական միջոցներն ապօրինի պահելու և դրանք վերադարձնելուց խուսափելու համար այդ գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսները:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Մարգարիտ Աբգարյանը և Նուրիկ Հակոբյանը պահանջել են Ռոբերտ Թումանյանից բռնագանձել 5.415.000 ՀՀ դրամ և 6000 ԱՄՆ դոլար՝ բռնագանձումը տարածելով Երևանի Կատովսկու փողոցի թիվ 9/1 տան և «Լադա-10» մակնիշի 68ՕՍ145 պետհամարանիշի ավտոմեքենայի՝ Ռոբերտ Թումանյանին պատկանող 1/2 բաժնի վրա, ինչպես նաև Մարգարիտ Աբգարյանին հատկացնել Երևանի Բագրատունյանց փողոցի 24 շենքի թիվ 37 բնակարանի՝ Ռոբերտ Թումանյանին պատկանող 1/2 բաժնից նրան հասանելիք 1/2 մասը:
Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 12.05.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.09.2008 թվականի որոշմամբ բեկանվել է Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 12.05.2008 թվականի վճռի՝ Ռոբերտ Թումանյանի հայցը բավարարելու մասը և գործն այդ մասով ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության: Վճռի մնացած մասը թողնվել է օրինական ուժի մեջ:
Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 28.10.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.07.2009 թվականի որոշմամբ Դատարանի 28.10.2008 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարգարիտ Աբգարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածը, 17-րդ հոդվածի 2-րդ մասը, 201-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ռոբերտ Թումանյանը Երևանի Մայիսի 9-ի փողոցի 13 շենքի թիվ 54 բնակարանի սեփականաշնորհման ժամանակ տվյալ բնակտարածությունում գրանցված չի եղել, սեփականաշնորհման սուբյեկտ չէ, հետևաբար այդ բնակարանի համասեփականատեր չէ:
Բացի այդ, ՀՀ Վճռաբեկ դատարանն իր 30.03.2007 թվականի թիվ 3-506 (ՎԴ) որոշմամբ արձանագրել է, որ սեփականաշնորհմամբ ձեռք բերված գույքի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված` ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության կարգավիճակը չի գործում: Սեփականաշնորհման ընթացքում ամուսինների ստացած գույքը նրանցից յուրաքանչյուրի սեփականությունն է: Այսինքն` Ռոբերտ Թումանյանի համար վիճելի բնակարանը չէր կարող համարվել համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույք:
Հետևաբար, նշված բնակարանի նկատմամբ կատարված գործարքի արդյունքում Ռոբերտ Թումանյանի որևէ իրավունք չի խախտվել, և նրան վնաս չի պատճառվել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.07.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 28.10.2008 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 03.12.1986 թվականի թիվ III-СЛ N 317848 ամուսնության վկայականի համաձայն` Ռոբերտ Թումանյանի և Մարգարիտ Աբգարյանի ամուսնությունը գրանցվել է 1986 թվականի դեկտեմբերի 03-ին (հ. 1, գ.թ. 5):
2) 11.01.1993 թվականի տեղեկանքի համաձայն` Երևանի Մայիսի 9-ի փողոցի 13 շենքի թիվ 54 բնակարանում գրանցված բնակվել են Մարգարիտ Աբգարյանը, Նուրիկ Հակոբյանը և Գևորգ Աբգարյանը (Թումանյանը) (հ. 1, գ.թ. 53):
3) Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի 11.03.1993 թվականի որոշմամբ Մարգարիտ Աբգարյանի` երեք անձից բաղկացած ընտանիքի դիմումի հիման վրա բնակ. տնտեսության արտադրական վարչությանը թույլատրվել է Երևանի Մայիսի 9-ի փողոցի 13 շենքի թիվ 54 բնակարանը որպես սեփականություն 9909 ռուբլի 89 կոպեկ արժողությամբ վաճառել Մարգարիտ Աբգարյանին: Նշված որոշման հիման վրա Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի և Մարգարիտ Աբգարյանի միջև 01.04.1993 թվականին կնքվել է բնակարանի առուվաճառքի պայմանագիր (հ. 1, գ.թ. 7, 8-9):
4) 20.02.2003 թվականի «ստացական-պարտավորագրի» համաձայն` Մարգարիտ Աբգարյանը և Գևորգ Թումանյանը Երևանի Մայիսի 9-ի փողոցի 13 շենքի թիվ 54 բնակարանի իրենց բաժինը ներքին գրավոր պայմանագրով փոխանակել են Նուրիկ Հակոբյանի` Երևանի Նորքի 15-րդ փողոցի թիվ 32 տան հետ և ստացել 4.400 ԱՄՆ դոլարի չափով հատուցում (հ. 1, գ.թ. 13):
5) Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած 04.12.2003 թվականի վճռով Նուրիկ Հակոբյանի հայցի հիման վրա դադարեցվել է Մարգարիտ Աբգարյանի և Գևորգ Թումանյանի սեփականության իրավունքը Երևանի Մայիսի 9-ի փողոցի 13 շենքի թիվ 54 բնակարանի նկատմամբ (հ. 1, գ.թ. 10-12):
6) Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած 30.12.2003 թվականի վճռով Ռոբերտ Թումանյանի և Մարգարիտ Աբգարյանի ամուսնությունը լուծվել է (հ. 1, գ.թ. 6):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:
Սույն գործով Դատարանը, հղում կատարելով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի թիվ 3-506 (ՎԴ) որոշմանը, հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ սեփականաշնորհման ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանցից յուրաքանչյուրի սեփականությունն է:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հաստատված համարելով, որ Ռոբերտ Թումանյանը վիճելի բնակարանում դրա սեփականաշնորհումից առաջ և հետո չի բնակվել, հանգել է այն հետևության, որ վիճելի բնակարանը ձեռք է բերվել Մարգարիտ Աբգարյանի և Ռոբերտ Թումանյանի ամուսնության մեջ գտնվելու ընթացքում, ուստի այն ամուսինների համատեղ սեփականությունն է:
Սույն գործի փաստերի համաձայն` Ռոբերտ Թումանյանի և Մարգարիտ Աբգարյանի ամուսնությունը գրանցվել է 1986 թվականի դեկտեմբերի 03-ին, իսկ Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի 11.03.1993 թվականի որոշմամբ Մարգարիտ Աբգարյանի` երեք անձից բաղկացած ընտանիքի դիմումի հիման վրա Երևանի Մայիսի 9-ի փողոցի 13 շենքի թիվ 54 բնակարանը վաճառքի ձևով սեփականաշնորհվել է Մարգարիտ Աբգարյանին:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է սեփականաշնորհված գույքի նկատմամբ ամուսինների սեփականության իրավունքի ծագման հարցին և արձանագրել, որ սեփականաշնորհմամբ ձեռք բերված գույքի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված` ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության կարգավիճակը չի գործում: Սեփականաշնորհման ընթացքում ամուսինների ստացած գույքը հանդիսանում է նրանցից յուրաքանչյուրի սեփականությունը (տե՛ս, ըստ հայցի Գարիկ Կուրդիյանի ընդդեմ Թագուհի Կուրդիյանի, Հովհաննես, Տիգրան Այվազյանների` ժառանգությունն ընդունած ժառանգ համարելու և ընդհանուր սեփականության իրավունքում բաժինները որոշելու պահանջների մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-506 (ՎԴ)):
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճելի բնակարանը թեև ձեռք է բերվել Ռոբերտ Թումանյանի և Մարգարիտ Աբգարյանի համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, սակայն Մարգարիտ Աբգարյանն այն ձեռք է բերել սեփականաշնորհման հիմքով, հետևաբար այդ բնակարանը նրանց ընդհանուր համատեղ սեփականությունը չէ, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասը սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառելի չէ:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճելի բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք չունենալու պայմաններում Մարգարիտ Աբգարյանի կողմից այդ բնակարանի օտարման արդյունքում Ռոբերտ Թումանյանի իրավունքները չեն խախտվել:
Այսպիսով, վճռաբեկ բողոքում նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 28.10.2008 թվականի վճռին:
2. Ռոբերտ Թումանյանից հօգուտ Մարգարիտ Աբգարյանի բռնագանձել 90.800 (իննսուն հազար ութ հարյուր) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Տ. Պետրոսյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Է. Հայրիյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|