Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.04.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.06.01/22(756).1 Հոդ.578.44
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
02.04.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ4/0091/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ4/0091/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Ծատուրյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի ապրիլի 2-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գագիկ Ղազարյանի և Արաքսյա Նիկողոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 14.08.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Գագիկ Ղազարյանի և Արաքսյա Նիկողոսյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վաղարշապատի տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր)՝ սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Գագիկ Ղազարյանը և Արաքսյա Նիկողոսյանը պահանջել են պարտավորեցնել Կադաստրին գրանցել Էջմիածին քաղաքի Արագած զանգվածի թիվ 12 Ա շենքին հարակից, վարձակալության իրավունքով իրենց պատկանող 40 քմ մակերեսով հողատարածքի վրա կառուցված 30,4 քմ մակերեսով խանութի նկատմամբ սեփականության իրավունքը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 14.08.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Գագիկ Ղազարյանը և Արաքսյա Նիկողոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կադաստրը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասը, որի արդյունքում սխալ է մեկնաբանել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Գագիկ Ղազարյանը թույլ է տվել շինարարության թույլտվությամբ սահմանված պահանջների խախտում, այն է՝ խանութը պետք է կառուցվեր 20 քմ մակերեսով հողամասի վրա, սակայն մի մասով կառուցվել է Արաքսյա Նիկողոսյանին վարձակալությամբ հատկացված հողամասի վրա:

Մինչդեռ, եթե Դատարանը պատշաճ գնահատեր գործում առկա թիվ 44 ճարտարապետահատակագծային առաջադրանքը, խանութի կառուցման աշխատանքային նախագիծը, թիվ 42 շինարարության թույլտվությունը, ապա կգար այն եզրահանգման, որ 40 քմ մակերեսով հողամասի վրա խանութ կառուցելու համար նույնպես տրվել է շինարարության թույլտվություն:

Դատարանը հաշվի չի առել, որ իրավունքների պետական գրանցում կատարելու համար ներկայացվել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որոնց առկայության պայմաններում իրավունքի պետական գրանցման մերժումը հակասում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածների պահանջներին:

Գագիկ Ղազարյանը և Արաքսյա Նիկողոսյանը օրենսդրության պահանջների պահպանմամբ ստեղծել են նոր գույք, որի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման:

 Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Դատարանի 14.08.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Էջմիածնի քաղաքապետի 28.08.2005 թվականի թիվ 1238 և 1239 որոշումներով Արաքսյա Նիկողոսյանին և Գագիկ Ղազարյանին հատկացվել է 20-ական քմ մակերեսով հողատարածք, որոնց նկատմամբ իրավունքները գրանցվել են, և 11.10.2005 թվականին տրվել են վարձակալության իրավունքի գրանցման վկայականներ:

Գագիկ Ղազարյանին 27.06.2007 թվականին տրվել է շինարարության թույլտվություն՝ իրեն հատկացված հողամասի վրա շինարարություն կատարելու համար: Սակայն Գագիկ Ղազարյանն ինքնակամ միացրել է նաև իր կնոջ՝ Արաքսյա Նիկողոսյանի անվամբ ձևակերպված հողատարածքը և կատարել կապիտալ շինարարություն:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Անշարժ գույքի նկատմամբ վարձակալության իրավունքի պետական գրանցման 11.10.2005 թվականի թիվ 0022276 վկայականի համաձայն` տաղավար տեղադրելու նպատակով Գագիկ Ղազարյանին վարձակալության իրավունքով հատկացվել է Էջմիածին քաղաքի «Արագած» զանգվածի թիվ 12 Ա շենքին հարակից 20 քմ մակերեսով հողամաս (գ.թ. 9):

2. Անշարժ գույքի նկատմամբ վարձակալության իրավունքի պետական գրանցման 11.10.2005 թվականի թիվ 0022275 վկայականի համաձայն` տաղավար տեղադրելու նպատակով Արաքսյա Նիկողոսյանին վարձակալության իրավունքով հատկացվել է Էջմիածին քաղաքի «Արագած» զանգվածի թիվ 12 Ա շենքին հարակից 20 քմ մակերեսով հողամաս (գ.թ. 10):

3. Էջմիածնի քաղաքապետարանի հետ համաձայնեցված՝ «Նշան և որդիներ» ՍՊԸ-ի կազմած նախագծով նախատեսվել է Էջմիածնի Արագած զանգվածի թիվ 12 Ա շենքին հարակից 30,4 քմ ընդհանուր մակերեսով խանութի կառուցապատումն իրականացնել 40 քմ մակերեսով հողամասի վրա (գ.թ. 13-33):

4. Էջմիածնի քաղաքապետի 27.06.2007 թվականի թիվ 42 շինարարության թույլտվությամբ Գագիկ Ղազարյանին թույլատրվել է Էջմիածնի Արագած զանգվածի թիվ 12 Ա շենքին հարակից հողամասում կատարել միահարկ խանութի շինարարական աշխատանքներ: Շինարարության թույլտվությունում հողամասի նկատմամբ որպես իրավունքների իրավահաստատող փաստաթղթեր նշվել են 11.10.2005 թվականի թիվ 0022276 և թիվ 0022276 անշարժ գույքի նկատմամբ վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականները (գ.թ. 12):

5. Էջմիածնի քաղաքապետի 28.07.2008 թվականի թիվ 17 շինարարության շահագործման փաստագրման ակտի համաձայն` Գագիկ Ղազարյանն ավարտել է 27.06.2007 թվականի թիվ 42 շինարարության թույլտվության հիման վրա իրականացված Էջմիածնի Արագած զանգվածի թիվ 12 Ա շենքին հարակից խանութի կառուցումը (գ.թ. 34):

6. Կադաստրի 09.02.2009 թվականի թիվ 242 գրության համաձայն` Էջմիածին քաղաքի Արագած զանգվածի թիվ 12 Ա շենքին հարակից 40 քմ մակերեսով հողատարածքի վրա կառուցված 30.4 քմ մակերեսով խանութի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը մերժվել է Գագիկ Ղազարյանին և Արաքսյա Նիկողոսյանին հատկացված հողատարածքները ինքնակամ միացնելու և դրա վրա Գագիկ Ղազարյանի անվամբ կապիտալ շինարարություն կատարելու պատճառաբանությամբ (գ.թ. 8):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն oրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով, և գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն պետական գրանցումը մերժվում է, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, այսինքն՝

ա) չեն համապատասխանում օրենսդրությանը, կամ դրանցով խախտվել են օրենսդրության պահանջները, կազմված են օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան,

բ) բացակայում է պետական գրանցման վճարի անդորրագիրը,

գ) ներկայացվել են մատիտով գրված, ջնջումներով, ուղղումներով, ինչպես նաև ոչ պատշաճ ձևակերպված փաստաթղթեր:

Արգելվում է այլ պատճառներով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մերժումը, այդ թվում՝ աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

Վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի վերլուծությանը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ կադաստրը միայն ծագած իրավունքները գրանցող պետական մարմին է և չի կարող անձանց համար սահմանել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով չնախատեսված փաստաթղթեր կամ հիմնավորումներ ներկայացնելու պարտականություններ: (տե՛ս Սամվել, Վազգեն և Գագիկ Կեգիշյանների ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Արաբկիր» տարածքային ստորաբաժանման` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի թիվ 3-1950 (ՎԴ) որոշումը):

Սույն գործով Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ «Գագիկ Ղազարյանը թույլ է տվել շինարարության թույլտվությամբ սահմանված պահանջների խախտում, որն արտահայտվել է նրանում, որ մեկհարկանի խանութը պետք է կառուցեր իրեն հատկացված 20 քմ մակերեսով հողամասի վրա, սակայն կառուցել է մի մասով այդ հողամասի, մյուս մասով՝ կնոջը հատկացված հողամասի վրա»:

Մինչդեռ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա «Նշան և որդիներ» ՍՊԸ-ի կազմած աշխատանքային նախագիծը, որով նախատեսվել է շինարարությունն իրականացնել 40 քմ մակերեսով հողամասի վրա, 27.06.2007 թիվ 42 շինարարության թույլտվությունը, որով թույլատրվել է նշված նախագծի համաձայն իրականացնել շինարարություն, ընդ որում շինարարության թույլտվության հիմքում դրվել են նաև 11.10.2005 թվականի թիվ 0022276 և թիվ 0022276 անշարժ գույքի նկատմամբ վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականները, ինչպես նաև 28.07.2008 թվականի թիվ 17 շինարարության շահագործման փաստագրման ակտը, որը վկայում է շինարարական աշխատանքները նախագծով և շինարարության թույլտվությամբ նախատեսված չափանիշներին համապատասխան իրականացված լինելու հանգամանքի մասին:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գագիկ Ղազարյանի և Արաքսյա Նիկողոսյանի կողմից Կադաստրին ներկայացվել են օրենքի պահանջներին համապատասխան փաստաթղթեր, մասնավորապես` 27.06.2007 թիվ 42 շինարարության թույլտվությունը, 28.07.2008 թվականի թիվ 17 շինարարության շահագործման փաստագրման ակտը, հետևաբար Կադաստրի կողմից 09.02.2009 թվականի թիվ 242 գրությամբ Էջմիածին քաղաքի Արագած զանգվածի թիվ 12 Ա շենքին հարակից 40 քմ մակերեսով հողատարածքի վրա կառուցված 30.4 քմ մակերեսով խանութի նկատմամբ Գագիկ Ղազարյանի և Արաքսյա Նիկողոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցման մերժումը հատկացված հողատարածքները ինքնակամ միացնելու և դրա վրա Գագիկ Ղազարյանի անվամբ կապիտալ շինարարություն կատարելու պատճառաբանությամբ իրավաչափ չէ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկիձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 14.08.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` Գագիկ Ղազարյանի և Արաքսյա Նիկողոսյանի հայցը բավարարել. պարտավորեցնել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վաղարշապատի տարածքային ստորաբաժանմանը գրանցելու Էջմիածին քաղաքի Արագած զանգվածի թիվ 12 Ա շենքին հարակից 40 քմ մակերեսով հողատարածքի վրա կառուցված 30.4 քմ մակերեսով խանութի նկատմամբ Գագիկ Ղազարյանի և Արաքսյա Նիկողոսյանի սեփականության իրավունքը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան