Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.12.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.03.10/10(744) Հոդ.207
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.12.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0937/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0937/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան

Դատավորներ՝ Ն. Հովսեփյան

               Ա. Մկրտչյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. Բարսեղյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի դեկտեմբերի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Թադևոս, Ալբերտ և Առաքել Խաչատրյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.06.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անուշ Խաչատրյանի ընդդեմ Թադևոս, Ալբերտ և Առաքել Խաչատրյանների՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 Դիմելով դատարան` Անուշ Խաչատրյանը պահանջել է ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ Երևանի Գագարինի փողոցի թիվ 13 հասցեում գտնվող տան իրեն հասանելիք բաժնի նկատմամբ:

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 26.03.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.06.2009 թվականի որոշմամբ Դատարանի 26.03.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Թադևոս, Ալբերտ և Առաքել Խաչատրյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Անուշ Խաչատրյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը, 220-րդ հոդվածի 2-րդ մասը, որի արդյունքում կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ և 1226-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով:

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա բոլոր ապացույցները, որոնցից հետևում է, որ Անուշ Խաչատրյանը փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունը չի ընդունել, քանի որ կոմունալ վճարումներ չի կատարել, փաստացի չի տիրապետել Երևանի Գագարինի փողոցի թիվ 13 տունը, միջոցներ չի ձեռնարկել այն պահպանելու և երրորդ անձանց ոտնձգություններից պաշտպանելու համար, այլ այցելել է նշված բնակարան որպես հյուր:

 

 Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 12.06.2009 թվականի որոշումը և այն փոփոխել՝ Անուշ Խաչատրյանի հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը ճիշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ և 1226-րդ հոդվածները, քանի որ Անուշ Խաչատրյանը իր երեխաների հետ 1970 թվականից բնակվել է Երևանի Գագարինի փողոցի թիվ 13 տանը, և փաստացի տիրապետում է ժառանգական գույքը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Երևանի Գագարինի փողոցի թիվ 13 հասցեի բնակելի տունը գույքագրված է Բաբկեն Խաչատրյանի անվամբ (հ. 1-ին գ. թ. 30):

2. Բաբկեն Խաչատրյանը մահացել է 24.09.1971 թվականին (հ. 1-ին գ. թ. 6):

3. Անուշ Խաչատրյանը Բաբկեն Խաչատրյանի ըստ օրենքի առաջին հերթի ժառանգն է:

4. Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ղեկավարի 11.03.2009 թվականի գրության համաձայն՝ ըստ ուսումնասիրության արդյունքների Անուշ Խաչատրյանը համայնքի Գագարինի թիվ 13 տանը չի բնակվում, համաձայն նույն տան տնային գրքի տվյալ հասցեում հաշվառում չունի: Իսկ այն հանգամանքը, թե Անուշ Խաչատրյանը առանց հաշվառման որ հասցեում և որ թվականից է բնակվում, թաղապետարանի կողմից հնարավոր չէ պարզել (հ. 1-ին գ. թ. 132-137):

5. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Մալաթիա-Սեբաստիա սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետի 20.02.2009 թվականի թիվ 54/14-361 գրության համաձայն՝ «Անուշ Խաչատրյանի թիվ 62345 կենսաթոշակի գործը նշանակվել է 30.10.1998 թվականին կենսաթոշակային ապահովագրության Էջմիածնի տարածքային կենտրոնի կողմից: Տվյալ պահին Ա. Բ. Խաչատրյանը հաշվառված է եղել Էջմիածին քաղաքի Արագածի փողոցի 5 շենքի 39 բնակարանում: Միաժամանակ հայտնվում է, որ 22.01.2001 թվականին իր դիմումի և Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի` առանց գրանցման Գագարինի փողոցի 13 տանը բնակվելու մասին տեղեկանքի հիման վրա, կենսաթոշակի գործը պահանջվել է Էջմիածնի սոցապ բաժնից և առ այսօր շարունակվում է վճարումը Մալաթիա-Սեբաստիա սոցիալական ապահովության տարածքային բաժնի կողմից» (հ. 1-ին գ. թ. 124):

 6. 25.07.1972 թվականի բնակարանային օրդերի համաձայն` Արամ Միքայելյանի ընտանիքի 5 անձին` այդ թվում Անուշ Խաչատրյանին, հատկացվել է Էջմիածնի Չարենցի փողոցի 7 շենքի թիվ 2 բնակարանը:

7. ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Վաղարշապատի տարածքային ստորաբաժանման կողմից 29.01.2009 թվականին տրված գրության համաձայն` Անուշ Խաչատրյանը Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի 5 շենքի թիվ 39 բնակարանի համասեփականատեր է (հ. 1-ին գ. թ. 79, 116):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

 Իրավահարաբերության ծագման ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է ընդունի այն: Չի թույլատրվում ժառանգության ընդունումը պայմանով կամ վերապահումներով:

Ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա փաստորեն սկսում է տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը, կամ երբ նա ժառանգության բացման վայրի նոտարական մարմնին հայտարարել է ժառանգությունն ընդունելու մասին:

Այս հոդվածում նշված գործողությունները պետք է կատարվեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:

Իրավահարաբերության ծագման ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 531-րդ հոդվածի համաձայն՝ ժառանգության բացման ժամանակ է համարվում ժառանգատուի մահվան օրը, իսկ նրան մեռած հայտարարելու դեպքում` նույն օրենսգրքի 21 հոդվածում նշված օրը:

Վճռաբեկ դատարանը իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ժառանգի կողմից փաստացի տիրապետման եղանակով ժառանգության ընդունման հարցին և նշել, որ փաստացի տիրապետման հիմքով ժառանգի կողմից ժառանգությունն ընդունած կամ չընդունած լինելու փաստի գնահատման հարցում էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե արդյոք առկա են ժառանգի կամքը և ցանկությունը` ընդունելու ժառանգությունը, թե ոչ, և արդյոք ժառանգությունն ընդունելու համար ժառանգը միջոցներ (ակտիվ գործողություններ) է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից և հավակնություններից պաշտպանելու համար (տես՝ Կիմա Սարգսյանի հայցն ընդդեմ Հարություն Սարգսյանի, Վարդուհի Սարգսյանի և Անժելա Սարգսյանի՝ փաստացի տիրապետման եղանակով բնակարանի ժառանգությունն ընդունած համարելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի թիվ 3-1224(ՎԴ) որոշումը):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ գործում առկա ապացույցներով հիմնավորվել է հայցվորի՝ որպես առաջին հերթի ժառանգի՝ վիճելի հասցեում բնակվելու, այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու հանգամանքները:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ տեղազննության ժամանակ պարզվել է, որ վիճելի տան որոշակի հատվածի դռան բանալին Անուշ Խաչատրյանի մոտ է, նշված հատվածում են գտնվել Անուշ Խաչատրյանին և նրա դստերը պատկանող իրեր, հագուստ և սննդամթերք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես՝ Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը):

Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանը որոշման մեջ չի նշել այն ապացույցները, որոնց հիման վրա հաստատված է համարել, որ Անուշ Մկրտչյանը՝ որպես առաջին հերթի ժառանգ, ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում վիճելի հասցեում բնակվել է և պաշտպանել այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից:

Ինչ վերաբերում է տեղազննության ժամանակ պարզված այն հանգամանքին, որ վիճելի տան որոշակի հատվածի դռան բանալին Անուշ Խաչատրյանի մոտ է, նշված հատվածում են գտնվել Անուշ Խաչատրյանին և նրա դստերը պատկանող իրեր, հագուստ և սննդամթերք, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հանգամանքն ինքնին հիմք չէ ժառանգության ընդունման փաստը հաստատված համարելու համար (տվյալ դեպքում անհրաժեշտ է Անուշ Խաչատրյանի կողմից ժառանգության զանգվածի փաստացի տիրապետման փաստի առկայությունը օրենքով սահմանված վեց ամսվա ընթացքում ՝ ժառանգատու Բաբկեն Խաչատրյանի մահվան օրվանից սկսած՝ 24.09.1971 թվականից):

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.06.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան