ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1906/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1906/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան | |
Դատավորներ՝ Ա. Պետրոսյան Կ. Չիլինգարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Խունդկարյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի դեկտեմբերի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Նելլի Բադալյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.07.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ Անուշ Ներսիսյանի հայցի ընդդեմ Նելլի Բադալյանի՝ բռնագանձումը գույքի վրա տարածելու և գումարի բռնագանձման պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Անուշ Ներսիսյանը պահանջել է բռնագանձել Նելլի Բադալյանից 2.428.244 ՀՀ դրամ՝ պատճառված վնասի գումարը, այդ գումարի, ինչպես նաև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 23.04.2001 թվականի վճռով սահմանված բռնագանձման պահին 9.800 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի բռնագանձումը տարածել Ռիմա Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող, իսկ հետագայում Նելլի Բադալյանին ժառանգությամբ անցած՝ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի թիվ 33 հասցեում գտնվող տան վրա:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 12.01.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է. «Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 23.04.2001 թվականի վճռով սահմանված 9.800 ԱՄՆ դոլարին բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ գումարի չափով բռնագանձումը տարածել Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 33 հասցեում գտնվող տան վրա: Անուշ Ներսիսյանի պահանջը՝ Նելլի Բադալյանից 2.428.224 ՀՀ դրամ գումար բռնագանձելու մասին, մերժել»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 16.07.2009 թվականի որոշմամբ Դատարանի 12.01.2009 թվականի վճիռը մասնակի բեկանվել և փոփոխվել է. Նելլի Բադալյանից հօգուտ Անուշ Ներսիսյանի բռնագանձվել է 2.428.244 ՀՀ դրամ պատճառված վնասի գումարը:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նելլի Բադալյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Անուշ Ներսիսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածը, 52-րդ հոդվածի 2-րդ կետը, 53-րդ հոդվածը, որի արդյունքում կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը գործում առկա ապացույցները չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 01.07.2004 թվականի և 29.09.2006 թվականի վճիռներով հաստատված այն հանգամանքները, որ Անուշ Ներսիսյանը 1999 թվականի մարտ ամսից մինչև 2006 թվականի նոյեմբեր ամիսը՝ 7 տարի 8 ամիս, անհատույց ապրել է Ռիմա Կարապետյանին պատկանող Մյասնիկյան պողոտայի 33 տանը՝ չվճարելով ջրի, տանը կից հողի և այլ կոմունալ վճարները, ինչի արդյունքում առաջացել են մեծ պարտքեր, որոնք մինչև այժմ վճարում է Նելլի Բադալյանը։
Բացի այդ, վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորությունը պայմանավորված է վնասի առաջացման և վնաս պատճառած անձի գործողությունների պատճառահետևանքային կապով, ինչպես նաև մեղքի առկայությամբ, մինչդեռ սույն գործի փաստերի առկայության պայմաններում Ռիմա Կարապետյանի իրավահաջորդ Նելլի Բադալյանի մեղքը ենթադրյալ վնասի պատճառման հարցում բացակայում է։
2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` 01.07.2004 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով դատարանը գտել է, որ Անուշ Ներսիսյանի իրավանախորդի հայցապահանջը չի բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի պահանջներից։ Փաստորեն, նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից քաղաքացիական գործի վարույթը ենթակա էր կարճման:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.07.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 12.01.2009 թվականի վճռին:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները
2004 թվականին Անուշ Ներսիսյանը հայցադիմում է ներկայացրել պատասխանողից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով վնասների բռնագանձման պահանջով, իսկ 2008 թվականին հայցապահանջ է ներկայացվել ԱՄՆ դոլարի փոխարժեքի արժեզրկման հետևանքով պատճառված նյութական վնասի վերականգնման պահանջով: Հետևաբար 01.07.2004 թվականի և 16.07.2009 թվականի կայացված դատական ակտերով լուծում ստացած հայցապահանջների հիմքն ու առարկան նույնը չեն, ուստիև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով սույն գործի վարույթը չէր կարող կարճվել։
Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքը նույնպես անհիմն է, քանի որ Նելլի Բադալյանը հակընդդեմ հայցադիմում չի ներկայացրել և Անուշ Ներսիսյանից վնասի հատուցում չի պահանջել, իսկ նախկինում նրա պահանջը մերժվել է պատշաճ ապացույցներ չներկայացնելու հիմքով:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, հաստատված համարելով այն հանգամանքները, որ Արամ Դանիելյանը 06.02.1999 թվականին Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 33 հասցեում գտնվող բնակելի տունը գնելու նպատակով գրավոր ստացականի համաձայն Ռիմա Կարապետյանին տվել է 9.800 ԱՄՆ դոլար, որ Ռիմա Կարապետյանի կողմից նշված տունը չի վաճառվել, և գումարը չի վերադարձվել, 23.04.2001 թվականի թիվ 2-523/2001 օրինական ուժի մեջ մտած վճռով վճռել է Ռիմա Կարապետյանից հօգուտ Արամ Դանիելյանի բռնագանձել 9.800 ԱՄՆ դոլարին բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ:
2) Նշված վճռի հիման վրա դատարանի կողմից տրված 10.05.2001 թվականի թիվ 2-523 կատարողական թերթի հիման վրա` 17.12.2003 թվականին հարուցվել է կատարողական վարույթ: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության 30.06.2004 թվականի թիվ 7229/02 գրությամբ հայտնվել է, որ Արամ Դանիելյանի հայցով ընդդեմ Ռիմա Կարապետյանի կատարողական վարույթն ավարտվել է և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով ուղարկվել է պահանջատիրոջը՝ պարտապանի բաժնեմասն առանձնացնելու համար։
3) 22.06.2005 թվականի թիվ 028804 մահվան վկայականի համաձայն՝ Արամ Դանիելյանը մահացել է 28.05.2005 թվականին։
4) Ամուսնության 06.12.1994 թվականի թիվ 4-ՍԼ 261307 վկայականի համաձայն՝ պետական գրանցում է ստացել Արամ Դանիելյանի և Անուշ Ներսիսյանի ամուսնությունը:
5) ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման 09.06.2008 թվականի թիվ ԵԼ-4286 գրությամբ հայտնվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 33 հասցեում գտնվող բնակելի տունը սեփականության իրավունքով գրանցված է Ռիմա Կարապետյանի անվամբ։ Համաձայն 06.11.2006 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Ռիմա Կարապետյանի գույքի նկատմամբ ժառանգ է ճանաչվել Նելլի Բադալյանը։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ նույն օրենքով կամ պայմանագրով:
Վնասներ են՝ իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված oգուտ):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տես, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի՝ վնասի հատուցման պահանջի մասին, թիվ ՀՔԴ 3/0016/02/08 գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009թ. որոշումը):
Ընդ որում, քննարկվող պարագայում օրենսդրի կողմից ամրագրվել է վնաս պատճառած անձի մեղավորության կանխավարկածը, քանի որ ենթադրյալ վնաս պատճառած անձն է կրում իր մեղքի բացակայության ապացուցման պարտականությունը, որի ապացուցումն էլ վնաս պատճառած անձին ազատում է այն հատուցելուց:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի հիմքով վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող տարրերից՝ հայցվորի մոտ իրական կամ բաց թողնված օգուտի տեսքով վնասների առկայության, պատասխանողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի առկայության, վնասների ու ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայության հանգամանքների ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը, իսկ հայցվորի կրած վնասի հարցում իր մեղքի բացակայության հանգամանքի ապացուցման պարտականությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանխավարկածի հիմքով կրում է պատասխանող կողմը:
Սույն գործով 2.428.244 ՀՀ դրամ վնասի բռնագանձման պահանջի հիմքում Արամ Դանիելյանի իրավահաջորդ Անուշ Ներսիսյանի կողմից դրվել է 2001 և 2008 թվականներին 9.800 ԱՄՆ դոլարի փոխարժեքային կուրսերի տարբերությունը (2001 թվականին՝ 550 ՀՀ դրամ, 2008 թվականին՝ 302 ՀՀ դրամ), որն էլ խնդրել է բռնագանձել դատարանի վճռի (9.800 ԱՄՆ դոլարին բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամի վճարման) պահանջը չկատարած անձի՝ Ռիմա Կարապետյանի իրավահաջորդից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Ընդ որում, դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատված ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի՝ համաձայն նույն հոդվածի 2-րդ կետի:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել 2.428.244 ՀՀ դրամի վնասը Նելլի Բադալյանի գործողությունների հետևանքով պատճառված լինելու հանգամանքը առանց բավարար ապացույցների առկայության:
Մասնավորապես, սույն գործի փաստերի համաձայն՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի` 23.04.2001 թվականի թիվ 2-523/2001 օրինական ուժի մեջ մտած վճռով վճռվել է Ռիմա Կարապետյանից հօգուտ Արամ Դանիելյանի բռնագանձել 9.800 ԱՄՆ դոլարին բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ: Նշված վճռի հիման վրա դատարանի կողմից տրված 10.05.2001 թվականի թիվ 2-523 կատարողական թերթի հիման վրա 17.12.2003 թվականին հարուցվել է կատարողական վարույթ, իսկ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության 30.06.2004 թվականի թիվ 7229/02 գրության համաձայն՝ նշված կատարողական վարույթն ավարտվել է և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով ուղարկվել է պահանջատիրոջը՝ պարտապանի բաժինն առանձնացնելու համար։ Արամ Դանիելյանը և Ռիմա Կարապետյանը ներկայումս մահացած են:
Սույն գործի փաստերը համադրելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված փաստական հանգամանքների առկայությամբ չեն հիմնավորվում Նելլի Բադալյանի կողմից ոչ օրինաչափ վարքագիծ դրսևորելու, ինչպես նաև Նելլի Բադալյանի որևէ գործողության հետևանքով Անուշ Ներսիսյանի կողմից վնասներ (թե իրական վնասի և թե բաց թողնված օգուտի տեսքով) կրելու հանգամանքները:
Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1242-րդ հոդվածի պահանջն առ այն, որ պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները, ընդ որում դրանք, մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը, կարող են ներկայացվել ժառանգությունն ընդունած ժառանգին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում՝ ժառանգության բացման վայրի նոտարին: Այնինչ, սույն գործում Արամ Դանիելյանի իրավահաջորդ Անուշ Ներսիսյանի կողմից Ռիմա Կարապետյանի ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում նրա իրավահաջորդ Նելլի Բադալյանի նկատմամբ պահանջ ներկայացնելու մասին որևէ ապացույց առկա չէ:
2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ, բացառությամբ նույն օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի:
Սույն գործի փաստերից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 01.07.2004 թվականի թիվ 04-1900/2004 վճռով մերժվել է Արամ Դանիելյանի հայցն ընդդեմ Ռիմա Կարապետյանի՝ 9.800 ԱՄՆ դոլար գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված բանկային տոկոսներ բռնագանձելու պահանջի մասին:
Բողոք բերած անձի փաստարկն այն մասին, որ սույն քաղաքացիական գործը ենթակա էր կարճման, անհիմն է, քանի որ նախ նշված վեճերը միևնույն անձանց միջև չէին, և բացի այդ, սույն գործով հայցի իրավական հիմքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածներն են, իսկ վկայակոչված գործով հայցի իրավական հիմքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետն էր:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանն Անուշ Ներսիսյանի հայցը 2.428.224 ՀՀ դրամ վնասի գումարը բռնագանձելու պահանջի մասով մերժելիս դատական ակտը սխալ է պատճառաբանել, ուստի Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև տվյալ իրավիճակում գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անդրադառնում է Վերաքննիչ դատարանի 19.03.2009 թվականի և Վճռաբեկ դատարանի 09.09.2009 թվականի որոշումներով վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարման ենթակա հետաձգված պետական տուրքերի վճարման հարցին, որոնք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի հիմքով (հայցի մերժման պարագայում) ենթակա են վճարման Անուշ Ներսիսյանի կողմից: Սակայն նկատի ունենալով այն հանգամանքը, որ Անուշ Ներսիսյանը գտնվում է ծանր նյութական վիճակում և նրա ընտանիքը գտնվում է «ընտանիքների անապահովության գնահատման համակարգ»-ում (հիմք՝ գ.թ. 11-ում առկա տեղեկանքը), Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Անուշ Ներսիսյանին պետք է ազատել պետական տուրքի վճարման պարտականությունից հետևյալ պատճառաբանությամբ.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի ա) կետի համաձայն՝ պետական տուրքի գծով կարող է սահմանվել պետական տուրքի վճարումից ազատման տեսքով արտոնությունը:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի դ) կետի համաձայն՝ առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները՝ նույն oրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով՝ ելնելով կողմերի գույքային դրությունից:
Վերը նշված հոդվածներից հետևում է, որ դատարաններում պետական տուրքի գծով արտոնություն, այդ թվում պետական տուրքի վճարումից ազատման տեսքով, կարող են սահմանել նաև դատարանները կամ դատավորները՝ հաշվի առնելով կողմերի գույքային դրությունը, որն էլ ուղղված է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.07.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 12.01.2009 թվականի վճռին:
2. Անուշ Ներսիսյանին ազատել վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար սահմանված պետական տուրքի վճարումից:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ե. Խունդկարյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |