ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/4832/4843/05/08 |
Վարչական գործ թիվ ՎԴ/4832/4843/05/08 |
2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Աբովյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի մասնակցությամբ դատավորներ Ե. Սողոմոնյանի Վ. Աբելյանի Ս. Անտոնյանի Վ. Ավանեսյանի Ա. Բարսեղյանի Մ. Դրմեյանի Ե. Խունդկարյանի Է. Հայրիյանի Տ. Պետրոսյանի
2009 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 01.07.2009 թվականի վճռի դեմ` ըստ Կոմիտեի հայցի ընդդեմ Սիլվարդ Ստեփանյանի, «ԱԴԵԼ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)` Սիլվարդ Ստեփանյանից պետության օգտին 3.079.860 ՀՀ դրամ տուգանքի ու վճարված 61.598 ՀՀ դրամ պետական տուրքի գումարները բռնագանձելու, Ընկերությանը մաքսային պարտավորությունը կատարելուն պարտավորեցնելու ու վճարված 4.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը բռնագանձելու պահանջների մասին, և ըստ Սիլվարդ Ստեփանյանի հայցի ընդդեմ Կոմիտեի` «Քրեական գործի հարուցումը մերժելու և վարչական տույժ նշանակելու մասին» 24.06.2008 թվականի որոշման 2-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Սիլվարդ Ստեփանյանից բռնագանձել 3.079.860 ՀՀ դրամ տուգանքի և 61.598 ՀՀ դրամ պետական տուրքի գումարները, Ընկերությանը պարտավորեցնել կատարել ՀՀ մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով նախատեսված պարտավորությունը և բռնագանձել 4.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը:
Դիմելով դատարան` Սիլվարդ Ստեփանյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 24.06.2008 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու և վարչական տույժ նշանակելու մասին» որոշման 2-րդ կետը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 11.09.2008 թվականի որոշմամբ նշված վարչական գործերը միացվել են մեկ վարույթում:
Դատարանի 01.07.2009 թվականի վճռով Կոմիտեի և Սիլվարդ Ստեփանյանի հայցերը բավարարվել են մասնակիորեն՝ վճռվել է Ընկերությանը պարտավորեցնել կատարելու մաքսային պարտավորությունը, անվավեր է ճանաչվել Կոմիտեի 24.06.2008 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու և վարչական տույժ նշանակելու մասին» որոշման 2-րդ կետը՝ մաքսային արժեքի չափին վերաբերող մասով, ինչպես նաև Կոմիտեն պարտավորեցվել է փոփոխել նշված որոշման 2-րդ կետը՝ դրա հիմքում դնելով հիմնավորված մաքսային արժեք: Կոմիտեից հօգուտ Սիլվարդ Ստեփանյանի բռնագանձվել է նաև 4.000 ՀՀ դրամ՝ որպես վճարված պետական տուրք, իսկ հօգուտ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ 10.000 ՀՀ դրամ՝ որպես փորձաքննության կատարման համար վճարման ենթակա գումար:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը վճիռ կայացնելիս չի անդրադարձել այն հանգամանքին, որ 1.500կգ չինական ծագման ցինկապատ ցանցերի վերաբերյալ Սիլվարդ Ստեփանյանը մաքսային մարմնին համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել, որոնց առկայության դեպքում միայն մաքսային մարմինը, ղեկավարվելով ՀՀ մաքսային օրենսգրքի 88-րդ հոդվածով, կարող էր որոշել ապրանքի մաքսային արժեքը:
Դատարանը հաշվի չի առել Կոմիտեի առարկությունն այն մասին, որ Սիլվարդ Ստեփանյանի ներկայացրած 11.08.2008 թվականի թիվ C-22772 բեռնային մաքսային հայտարարագրով ապրանքներն Ընկերությունը Հայաստանի Հանրապետություն է ներմուծել դիտարկվող խախտման դեպքից հետո:
Դատարանն անտեսել է, որ Կոմիտեն փորձաքննություն նշանակելիս հիմնվել է ՀՀ մաքսային օրենսգրքի 216-րդ և 217-րդ հոդվածների պահանջների վրա, և կասկածի տակ է դրել հաշվարկի համապատասխանությունն օրենքին՝ չնշելով, թե որ օրենքի պահանջն է խախտվել:
Դատարանն անընդհատ զուգահեռներ է անցկացրել իրանական և չինական ծագման երկրի ցինկապատ ցանցերի մաքսային արժեքների միջև: Մինչդեռ, տվյալ դեպքում դա քննարկման առարկա չէր կարող լինել, քանի որ առկա է անմիջական իրավախախտման օբյեկտ հանդիսացող չինական ծագման երկրի ցինկապատ ցանց, որի մաքսային արժեքն էլ մաքսային մարմինը որոշել է՝ ելնելով փորձագետի տված եզրակացությունից:
Դատարանը պարտավորեցրել է վարչական մարմնին փոփոխել Սիլվարդ Ստեփանյանի նկատմամբ կայացված որոշումը՝ հիմք դնելով հիմնավորված մաքսային արժեքը: Մինչդեռ, Դատարանը չի հիմնավորել այդ պահանջը: ՀՀ մաքսային և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերով նախատեսված չէ տուգանքի չափի փոփոխում: Մաքսային կանոնների խախտում նախատեսող ՀՀ մաքսային օրենսգրքի հոդվածների սանկցիաները չեն նախատեսում տարբեր պատժատեսակներ կամ պատժաչափի նվազագույնից առավելագույն սահմաններ: Հետևաբար հնարավոր չէ կատարել պատժատեսակի կամ պատժաչափի փոփոխություն:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 01.07.2009 թվականի վճռի` Կոմիտեի հայցը մերժելու և Սիլվարդ Ստեփանյանի հայցը բավարարելու մասերը և դրանք փոփոխել՝ Կոմիտեի հայցը բավարարել, իսկ Սիլվարդ Ստեփանյանի հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) 23.05.2008 թվականի թիվ C 13055 բեռնային մաքսային հայտարարագրով Սիլվարդ Ստեփանյանի կողմից Ընկերության անվամբ ՀՀ ներմուծված 7.050կգ շինարարական մետաղյա ցինկապատ ցանցի ծագման երկիր է հայտարարագրված Իրանը (գ.թ. 10-14):
2) Կոմիտեի 24.06.2008 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու և վարչական տույժ նշանակելու մասին» որոշմամբ պարզվել է, որ «2008թ. մայիսի 24-ին ՄԴՊ վարչության և Արարատյան տարածաշրջանային մաքսատան ԱՄԸՀ բաժնի աշխատակիցները «Ուրարտու» ԱՄ մաքսային պահեստում զննման են ենթարկել ԻԻՀ-ից «Ադել» ՍՊ ընկերության անվամբ 21.05.2008թ. Մեղրիի մաքսային կետով թիվ 481843 փոխադրման ամփոփագրով ՀՀ տարածք ներմուծված և 23.05.2008թ. Արարատյան տարածաշրջանային մաքսատանը ընկերության տնօրեն Սիլվարդ Ստեփանյանի կողմից թիվ C 13055 ԲՄՀ-ով հայտարարագրված բեռը և պարզել, որ Սիլվարդ Ստեփանյանը չինական ծագման 1500կգ շինարարական մետաղյա ցինկապատ ցանցը հայտարարագրել է ոչ ճշգրիտ տեղեկություններով՝ որպես իրանական ծագման: Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, 1500կգ շինարարական մետաղյա ցինկապատ ցանցը վերցվել է և ի պահ է հանձնվել «Ուրարտու» Ա/Մ մաքսային պահեստ»: Նույն որոշմամբ նշվել է, որ փորձագետի եզրակացության հիման վրա հաշվարկվել է 1.500կգ շինարարական մետաղյա ցինկապատ ցանցի մաքսային արժեքը, որը կազմում է 3.079.860 ՀՀ դրամ: Նշված որոշմամբ Սիլվարդ Ստեփանյանը ճանաչվել է զանցառու ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով և տուգանվել է ոչ ճշգրիտ տեղեկություններով հայտարարագրված չինական ծագման 1.500կգ շինարարական մետաղյա ցինկապատ ցանցի մաքսային արժեքի չափով՝ 3.079.860 ՀՀ դրամ (գ.թ. 18-20):
3) «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 17.06.2008 թվականի թիվ 20280810 եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված, որոշմամբ առաջադրված 1.500կգ ցինկապատ մետաղյա ցանցի ընդհանուր շուկայական մանրածախ արժեքը 23.05.2008 թվականի դրությամբ կարող էր կազմել 5.250.000 ՀՀ դրամ, իսկ մեծածախը՝ 4.200.000 ՀՀ դրամ (գ.թ. 16):
4) «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 30.04.2009 թվականի թիվ 14640910 եզրակացության համաձայն՝ փորձաքննությանն առաջադրված, 17.06.2008 թվականի թիվ 20280810 եզրակացությունում նշված ցանցերի շուկայական արժեքները, հիմնվելով ՀՀ քաղաքաշինության նախարարության «ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ի կողմից թողարկված տեղեկագրերի տվյալների վրա, 2008 թվականի փետրվարից մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածի դրությամբ փոփոխման չեն ենթարկվել: Իրանական արտադրության, փորձաքննության առարկա հանդիսացող ցանցերի մեծածախ և մանրածախ գները 2008 թվականի փետրվար-օգոստոս ամիսների դրությամբ հնարավոր չէ տալ: Միաժամանակ, նույն եզրակացությամբ հայտնվել է, որ փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ ՀՀ շուկաներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում իրանական և չինական արտադրության ցանցերի շուկայական արժեքների տարբերություն չի հայտնաբերվել (գ.թ. 160):
5) Սիլվարդ Ստեփանյանը 03.06.2008 թվականին տվել է բացատրություն, որով հայտնել է, որ Ընկերության տնօրենն է: Ընկերությունը ներկրում է շինանյութ հիմնականում Իրանի Իսլամական Հանրապետությունից: Թիվ 481843 փոխադրման ամփոփագրով 21.05.2008 թվականին ներկրել է տարբեր տեսակի շինարարական ապրանքներ, այդ թվում՝ 7.050կգ ցինկապատ ցանց: 23.05.2008 թվականին նշված ապրանքները մաքսազերծելու նպատակով առանց նախնական զննում կատարելու տարել է Արարատյան տարածաշրջանային մաքսատուն, քանի որ համոզված էր ապրանքի քաշի և քանակի համապատասխանությանը՝ համաձայն հաշիվ-ապրանքագրի, և կատարել է հայտարարագրում, որում ապրանքների ծագման երկիրը նշել է Իրանը (գ.թ. 15):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
Նույն օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը:
Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունելու այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժվել է վարչական մարմնի կողմից, կամ որը նա չի ընդունել:
Նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Նշված նորմերից հետևում է, որ Դատարանը պարտավոր է գործը հարուցել, քննել և լուծել միայն հայցի հիման վրա և միմիայն հայցի շրջանակներում: Սույն գործով Դատարանը, մասնակիորեն բավարելով Սիլվարդ Ստեփանյանի հայցը և պատճառաբանելով, որ դատաքննության ընթացքում Ընկերությունն ընդունել է մաքսային պարտավորությունը կատարելու Կոմիտեի հայցապահանջը, սակայն դրա իրականացումը հնարավոր չի համարել մինչև մաքսային արժեքի ճշտումը, և հիմք ընդունելով վարչական տույժի չափի անհամապատասխանությունը՝ Կոմիտեին պարտավորեցրել է փոփոխել 24.06.2008 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու և վարչական տույժ նշանակելու մասին» որոշման 2-րդ կետը՝ դրա հիմքում դնելով հիմնավորված մաքսային արժեք:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, Կոմիտեին պարտավորեցնելով փոփոխել վիճարկվող որոշման 2-րդ կետը, անտեսել է այն հանգամանքը, որ Սիլվարդ Ստեփանյանը նման պահանջով հայց չի ներկայացրել: Վերջինս ներկայացրել է վիճարկման հայց, որով պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 24.06.2008 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու և վարչական տույժ նշանակելու մասին» որոշման 2-րդ կետը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը դուրս է եկել հայցապահանջի շրջանակներից:
Հիմնավոր է նաև մաքսային արժեքի որոշման կանոնի վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկը: Այսպես՝ ՀՀ մաքսային օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ ապրանքները և տրանսպորտային միջոցները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, ենթակա են հայտարարագրման տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսատներում կամ մաքսային կետերում վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով: Հայտարարագրումն իրականացվում է վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով՝ գրավոր և բանավոր՝ նշելով ճշգրիտ տեղեկություններ՝ ապրանքների և տրանսպորտային միջոցների, դրանց տեղափոխման նպատակի մասին, ինչպես նաև մաքսային հսկողության և ձևակերպման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայտարարատուն նույն օրենսգրքի համաձայն կրում է պատասխանատվություն՝ հայտարարագրված տեղեկությունների հավաստիության համար:
ՀՀ մաքսային օրենսգրքի 164-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման ժամանակ հայտարարատուն, այլ տեղեկությունների հետ մեկտեղ, հայտարարագրում է տեղափոխվող ապրանքների ծագման երկիրը:
Նույն օրենսգրքի 203-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը, այսինքն՝ դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելը, ինչպես նաև հայտարարագրումը ոչ իրենց անվանմամբ՝ հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:
ՀՀ մաքսային օրենսգրքի 216-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով կարևոր նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ այլ բնագավառների հատուկ մասնագիտական գիտելիքներ, ապա մաքսային կանոնների խախտման գործը վարող պաշտոնատար անձը նշանակում է փորձաքննություն:
Նույն օրենսգրքի 217-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մաքսային մարմինը նույն օրենսգրքի 212 հոդվածին համապատասխան վերցված ապրանքները գնահատում է Հայաստանի Հանրապետության գործող գների, իսկ վերջիններիս վերաբերյալ տեղեկությունների բացակայության դեպքում՝ փորձագետների եզրակացության հիման վրա:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ մաքսային սահմանով հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման ժամանակ հայտարարատուն այլ տեղեկություններից բացի պարտավոր է հայտարարագրել նաև տեղափոխվող ապրանքի ծագման երկիրը: Նշված տեղեկությունների հավաստիության համար պատասխանատվություն է կրում հայտարարատուն: Մասնավորապես՝ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների վերաբերյալ սահմանված ձևով ճշգրիտ տեղեկությունների չհայտարարագրման դեպքում վերջինիս նկատմամբ առաջանում են բացասական հետևանքներ, այն է՝ տուգանք այդ ապրանքների մաքսային արժեքի չափով: Նշված պահանջի լիարժեք կատարման անհրաժեշտությունից ելնելով՝ մաքսային մարմինն օրենքով լիազորված է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով կարևոր նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակել փորձաքննություն, ինչպես նաև պարտավոր է վերցված համապատասխան ապրանքները գնահատել ՀՀ գործող գներով, իսկ վերջիններիս վերաբերյալ տեղեկությունների բացակայության դեպքում՝ փորձագետների եզրակացության հիման վրա:
Սույն գործով Դատարանը Սիլվարդ Ստեփանյանի հայցը մասնակիորեն բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ մաքսային մարմինը կիրառել է ՀՀ մաքսային օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված իր լիազորությունը՝ ինքնուրույն որոշելով մաքսային արժեքը՝ առանց հիմնավորելու մաքսային արժեքի որոշման կոնկրետ եղանակի ընտրությունը: Մինչդեռ, ՀՀ մաքսային օրենսգրքի 94-րդ հոդվածը սահմանում է մաքսային արժեքի որոշման եղանակների որոշակի հերթականություն, որը տվյալ դեպքում ենթակա էր պահպանման: Բացի այդ, վարչական վարույթում ներառված մաքսային արժեքի հաշվարկը ՀՀ մաքսային օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նվազեցումներին համապատասխան չի ձևակերպված, ինչը հնարավորություն չի տալիս գնահատել այդ հաշվարկի համապատասխանությունը օրենքի պահանջին:
Մինչդեռ, սույն գործով Կոմիտեի 24.06.2008 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու և վարչական տույժ նշանակելու մասին» որոշմամբ Սիլվարդ Ստեփանյանը ճանաչվել է զանցառու ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով և տուգանվել է ոչ ճշգրիտ տեղեկություններով հայտարարագրված չինական ծագման 1.500կգ շինարարական մետաղյա ցինկապատ ցանցի մաքսային արժեքի չափով՝ 3.079.860 ՀՀ դրամ: Մաքսային արժեքը որոշվել է փորձագետի եզրակացության հիման վրա, քանի որ ՀՀ գործող գների վերաբերյալ տեղեկատվություն մաքսային մարմինը չի ունեցել: Այսինքն՝ Սիլվարդ Ստեփանյանը թույլ է տվել մաքսային կանոնների խախտում, այդպիսի խախտման օբյեկտը վերցվել և ի պահ է հանձնվել մաքսային պահեստ, որի դեպքում մաքսային մարմինը ՀՀ մաքսային օրենսգրքի 216-րդ և 217-րդ հոդվածների ուժով վերցված ապրանքի գնահատումը պարտավոր էր իրականացնել միայն ՀՀ գործող գներով, իսկ վերջիններիս վերաբերյալ տեղեկությունների բացակայության դեպքում՝ փորձագետի եզրակացության հիման վրա:
Հետևաբար Կոմիտեն ՀՀ գործող գների վերաբերյալ տեղեկությունների բացակայության պայմաններում իրավացիորեն ղեկավարվել է ՀՀ մաքսային օրենսգրքի 216-րդ և 217-րդ հոդվածներով և 1.500կգ չինական ծագման ցինկապատ ցանցի գինը գնահատել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 17.06.2008 թվականի թիվ 20280810 եզրակացության հիման վրա:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 17.06.2008 թվականի թիվ 20280810 և 30.04.2009 թվականի թիվ 14640910 եզրակացությունների միջև առկա են էական հակասություններ, որոնք հնարավորություն չեն տալիս բացահայտել չինական ծագման շինարարական մետաղյա ցինկապատ ցանցի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող իրական գները: Այսպես՝ առաջին դեպքում եզրակացություն է տրվել այն մասին, որ նշված ցանցի ընդհանուր շուկայական մանրածախ արժեքը 23.05.2008 թվականի դրությամբ կարող էր կազմել 5.250.000 ՀՀ դրամ, իսկ մեծածախը՝ 4.200.000 ՀՀ դրամ, իսկ երկրորդ դեպքում՝ այն մասին, որ նշված ցանցերի շուկայական արժեքները 2008 թվականի փետրվարից մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածի դրությամբ փոփոխման չեն ենթարկվել, ապա նշվել է, որ իրանական արտադրության ցանցերի մեծածախ և մանրածախ գները 2008 թվականի փետրվար-օգոստոս ամիսների դրությամբ հնարավոր չէ տալ: Միաժամանակ նույն եզրակացությամբ նշվել է, որ փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ ՀՀ շուկաներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում իրանական և չինական արտադրության ցանցերի շուկայական արժեքների տարբերություն չի հայտնաբերվել:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը մասնակիորեն՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հայցը մերժելու և Սիլվարդ Ստեփանյանի հայցը բավարարելու մասերով, բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 01.07.2009 թվականի վճռի՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հայցը մերժելու և Սիլվարդ Ստեփանյանի հայցը բավարարելու մասերը, և այդ մասերով գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ե. Սողոմոնյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան |