ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/2848/05/09 |
Վարչական գործ թիվ ՎԴ/2848/05/09 |
2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ռ. Սարգսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի մասնակցությամբ դատավորներ Ե. Սողոմոնյանի Վ. Աբելյանի Ս. Անտոնյանի Վ. Ավանեսյանի Ա. Բարսեղյանի Մ. Դրմեյանի Ե. Խունդկարյանի Է. Հայրիյանի Տ. Պետրոսյանի
2009 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության (այսուհետ՝ Ոստիկանություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 30.06.2009 թվականի վճռի դեմ` ըստ Ոստիկանության հայցի ընդդեմ Դավիթ Ղուկասյանի՝ վճարման կարգադրություն արձակելու պահանջի մասին, և ըստ Դավիթ Ղուկասյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ոստիկանության՝ տուգանքը գանձելուն ուղղված գործողություններն անօրինական ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ոստիկանությունը պահանջել է արձակել Դավիթ Ղուկասյանի նկատմամբ 6.000 ՀՀ դրամի վճարման կարգադրություն:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Դավիթ Ղուկասյանը պահանջել է անօրինական ճանաչել տուգանքը գանձելուն ուղղված Ոստիկանության գործողությունները:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 30.06.2009 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ոստիկանությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հաստատված է համարել, որ Դավիթ Ղուկասյանը 30 օրվա ընթացքում վճարել է վարչական տուգանքը: Մինչդեռ, Դավիթ Ղուկասյանը այն վճարել է 16.01.2009 թվականին, այսինքն՝ 30-օրյա ժամկետից մեկ օր ուշացումով (31-րդ օրը):
Դատարանն անտեսել է, որ դատավարական ժամկետները և դրանք սահմանող իրավանորմերը կիրառելի չեն տուգանքների վճարման նկատմամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 30.06.2009 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Ոստիկանության 15.12.2008 թվականի թիվ 674168 որոշմամբ Դավիթ Ղուկասյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը խախտելու համար ենթարկվել է 5.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի (գ.թ. 3):
2) Դիմելով դատարան՝ Ոստիկանությունը հայտնել է, որ նշված տուգանքը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, եռապատկվել է և կազմում է 15.000 ՀՀ դրամ (գ.թ. 1):
3) 15.01.2009 թվականի թիվ 90115006480067 անդորրագրի համաձայն՝ Դավիթ Ղուկասյանը, ի կատարումն Ոստիկանության 15.12.2008 թվականի թիվ 674168 որոշման, 15.01.2009 թվականին վճարել է 9.000 ՀՀ դրամ (գ.թ. 9):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն oրենսգրքի 123-129-րդ, 132-134.1-րդ և 140-րդ հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելու oրվանից, իսկ տուգանքը տարաժամկետելու դիմումում սահմանված ժամկետում կամ տուգանքը նշանակելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու դեպքում բողոքն առանց բավարարման թողնելուց հետո` 30 oրվա ընթացքում, տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափը եռապատկվում է:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավական ակտերով սահմանված ժամկետը որոշվում է օրացուցային տարով, ամսով, ամսաթվով կամ տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով կամ ժամերով հաշվարկվող որոշակի ժամանակահատվածի ավարտով: Ժամանակահատվածով որոշվող ժամկետն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա և ամսաթվի կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը:
Նույն օրենքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն՝ եթե ժամկետը սահմանվել է որևէ գործողություն կատարելու համար, այդ գործողությունը կարող է կատարվել մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը:
Նշված նորմերից հետևում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ մասում նշված տուգանքները, ընդհանուր կանոնի համաձայն, իրավախախտում կատարած անձը պետք է վճարի 30 օրվա ընթացքում, իսկ 30-օրյա ժամկետի հաշվարկը սկսվում է տուգանք նշանակելու մասին որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվան հաջորդող օրվանից և ավարտվում է 30-րդ օրվա ժամը քսանչորսին: Այսինքն՝ տուգանքի գումարի վճարումը պետք է իրականացվի նշված ժամանակահատվածում, որպիսի պահանջը չպահպանելու դեպքում տուգանքի չափը եռապատկվում է:
Սույն գործով Դատարանը հայցը մերժելու և հակընդդեմ հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Դավիթ Ղուկասյանը, ի կատարումն Ոստիկանության 15.12.2008 թվականի թիվ 674168 որոշման, 15.01.2009 թվականին վճարել է 9.000 ՀՀ դրամի վարչական տուգանքը, այսինքն՝ 4.000 ՀՀ դրամ ավել է վճարել, քան նախատեսված էր նշված որոշմամբ:
Միաժամանակ Դատարանը նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական գործողությունները կատարվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետներում, իսկ դրանց սահմանված չլինելու դեպքում՝ դատարանի սահմանած ժամկետներում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով: Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օրերը: Նշվածից երևում է, որ Դավիթ Ղուկասյանը ժամանակին՝ 30 օրվա ընթացքում է կատարել 5.000 ՀՀ դրամ տուգանքի վճարումը:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ մասի սխալ մեկնաբանման արդյունք:
Մասնավորապես` Դատարանն անտեսել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական ժամկետի հաշվարկը տվյալ դեպքում կիրառելի չէ, քանի որ այն վերաբերում է դատավարական գործողությունների կատարմանը, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում տուգանքը վճարելու պարտավորության կատարումը դատավարական գործողություն չէ և այդ պարտավորության կատարման 30-օրյա ժամկետի առումով նույն օրենսգրքով որևէ բացառություն նախատեսված չէ: Այսինքն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետի հաշվարկի նկատմամբ կիրառելի է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետի որոշման կանոնը, որից հետևում է, որ իրավախախտում կատարած անձի կողմից տուգանք նշանակելու մասին որոշումը ստանալու օրվան հաջորդող օրվանից սկսած մինչև 30-րդ օրվա ժամը քսանչորսը ներառյալ տուգանքի չվճարման դեպքում այն եռապատկվում է:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դավիթ Ղուկասյանը Ոստիկանության 15.12.2008 թվականի թիվ 674168 որոշմամբ սահմանված 5.000 ՀՀ դրամ տուգանքի համար 15.01.2009 թվականին վճարել է 9.000 ՀՀ դրամ: Մինչդեռ, տուգանքի վճարման վերջնաժամկետը 14.01.2009 թվականն էր, այսինքն՝ վերջինս մեկ օրով խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տուգանքի վճարման ժամկետը, ինչի արդյունքում այն օրենքի ուժով եռապատկվել է և կազմում է 15.000 ՀՀ դրամ: Միաժամանակ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 9.000 ՀՀ դրամն արդեն վճարվել է, հետևաբար չվճարված 6.000 ՀՀ դրամի մասով հայցը ենթակա է բավարարման:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ, 118-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 30.06.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հայցը բավարարել՝ Դավիթ Ղուկասյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 6.000 ՀՀ դրամ: Դավիթ Ղուկասյանի հակընդդեմ հայցը մերժել:
2. Դավիթ Ղուկասյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 5.500 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի և հակընդդեմ հայցադիմումի, ինչպես նաև 10.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրք:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ե. Սողոմոնյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|