Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.11.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.02.24/8(742) Հոդ.125
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
06.11.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/7188/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ/7188/05/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ռ. Հակոբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Տ. Պետրոսյանի

2009 թվականի նոյեմբերի 6-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 05.05.2009 թվականի վճռի դեմ` ըստ «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն)՝ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով վերահաշվարկ կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Տեսչությանը «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով կատարել վերահաշվարկ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 05.05.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ մասը, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 02.04.2004 թվականի թիվ 1-05/7-Ն հրամանով հաստատված «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի (այսուհետ՝ Հրահանգ) 9.8-րդ կետի «ը» ենթակետը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 24-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 6-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը վճռի հիմքում դրել է այն հանգամանքը, որ Հրահանգի 9.8-րդ կետի «ը» ենթակետով սահմանված «մինչև հայտարարության ներկայացնելը հաշվարկված շահութահարկի կանխավճարների ամսական գումարների գծով վերահաշվարկ չի կատարվում» դրույթը հակասում է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 6-րդ մասին, և վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի չի համարել: Մինչդեռ Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հարկատուն կարող է ինքնուրույն որոշել ընթացիկ տարվա ամսական կանխավճարների գումարները, եթե ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս է նախատեսում նախորդ տարվա համեմատ, և եթե այդ մասին գրավոր դիմել է հարկային մարմնին՝ մինչև ընթացիկ տարվա ապրիլի 15-ը ներառյալ, իսկ հարկատուի կողմից ամսական կանխավճարների գումարն ինքնուրույն որոշվելու դեպքում մինչև դիմում ներկայացնելն արդեն իսկ հաշվարկված կանխավճարների վերահաշվարկ չի կատարվում:

Այսպիսով, Հրահանգի՝ «մինչև հայտարարություն ներկայացնելը հաշվարկված շահութահարկի կանխավճարների ամսական գումարների գծով վերահաշվարկ չի կատարվում» կանոնի և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 6-րդ մասի միջև որևէ հակասություն առկա չէ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 05.05.2009 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Ընկերությունը որպես հարկատու կատարել է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածում հստակ նշված է, որ նախորդ տարվա (2007 թվական) նկատմամբ ընթացիկ տարվա (2008 թվականի հունվարից դեկտեմբեր ամիսներ) հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն ամսական (առանց վերապահման՝ տարվա 12 ամիսների համար) կանխավճարի մեծությունը որոշում է ինքնուրույն, այսինքն՝ տվյալ դեպքում ընթացիկ տարվա յուրաքանչյուր ամսվա համար ամսական կանխավճարի սահմանաչափն առանց նախապայմանի որոշում է հարկատուն, եթե իհարկե սահմանված ժամկետում (մինչև ընթացիկ տարվա ապրիլի 15-ը) հարկային տեսչությանը ներկայացնում է համապատասխան գրավոր տեղեկություն:

Հրահանգի 9.8-րդ կետի «ը» ենթակետն ամբողջությամբ հակասում է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչությունը 2008 թվականի առաջին երեք ամիսների համար շահութահարկի կանխավճարի գումարները հաշվարկել է 7.404.300 ՀՀ դրամ, իսկ 01.04.2008 թվականից սկսած՝ 1.500.000 ՀՀ դրամ (գ.թ. 107):

2) Ընկերությունը 15.04.2008 թվականին Մյասնիկյանի հարկային տեսչություն ներկայացրած գրությամբ հայտնել է, որ հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջները՝ 2008 թվականի ֆինանսական տարվա շահութահարկի կանխավճարը նախատեսում է 1.500.000 ՀՀ դրամ (գ.թ. 77):

3) Ընկերությունն իր 11.07.2008, 23.07.2008 և 01.09.2008 թվականների դիմումներով խնդրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին կատարել 2008 թվականի առաջին երեք ամիսների կանխավճարի վերահաշվարկ (գ.թ.12, 18, 15):

4) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 16.07.2008, 11.08.2008 և 08.09.2008 թվականների գրություններով մերժվել է Ընկերության դիմումը (գ.թ. 11, 14, 13):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի «դ» ենթակետի համաձայն՝ հարկ վճարողը պարտավոր է ժամանակին վճարել օրենքով սահմանված հարկերը՝ հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում սահմանված կարգով կատարելով նաև դրանց կանխավճարային մուծումները:

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն՝ տարվա ընթացքում հարկատուն պարտավոր է կատարել շահութահարկի կանխավճարներ՝ նույն հոդվածով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության համաձայն՝ կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր ամիս՝ նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության մեկ տասնվեցերորդի չափով՝ տվյալ ամսվա քսանհինգից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ մինչև նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարի հաշվարկումը, հարկատուն շահութահարկի կանխավճարները յուրաքանչյուր անգամ կատարում է նախորդ տարվա վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս չափով: Նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարները հայտնի դառնալուց հետո շահութահարկի հաշվարկի ներկայացմանը հաջորդող առաջին կանխավճարային մուծման ժամանակ կատարվում է մինչև հաշվարկի ներկայացումը տվյալ տարվա ընթացքում կատարված կանխավճարների գումարների ճշտում՝ տարվա սկզբից աճող հանրագումարով և նույն հոդվածի 2-րդ կետում նշված չափերով:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն ամսական կանխավճարի մեծությունը որոշում է ինքնուրույն՝ շահութահարկի հաշվարկների ներկայացման ժամկետից ոչ ուշ՝ այդ մասին գրավոր հայտնելով հարկային տեսչության մարմիններին:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ հաշվետու տարվա ավարտից հետո հարկատուն, ելնելով հաշվարկված հարկվող շահույթից, հաշվարկում է շահութահարկի գումարը՝ դրան հաշվանցելով տվյալ հաշվետու տարվա համար կատարված կանխավճարների գումարները:

Հրահանգի 9.8-րդ կետի «ը» ենթակետի համաձայն՝ նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում ռեզիդենտը այդ մասին նախօրոք (բայց նախորդ տարվա շահութահարկի հաշվարկների օրենքով սահմանված ներկայացման ժամկետից ոչ ուշ) գրավոր հայտնում է հարկային մարմնին և շահութահարկի կանխավճարների ամսական գումարները որոշում է ինքնուրույն՝ հավասարաչափ բաշխելով ըստ ամիսների: Մինչև հայտարարության ներկայացնելը հաշվարկված շահութահարկի կանխավճարների ամսական գումարների գծով վերահաշվարկ չի կատարվում:

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքները, որ ընթացիկ տարին, որի յուրաքանչյուր ամսվա համար Ընկերության որոշած շահութահարկի կանխավճարի գումարը կազմել է 1.500.000 ՀՀ դրամ, սկսվում է տվյալ տարվա հունվարի 1-ից և ավարտվում է դեկտեմբերի 31-ին: Տեսչությունը Ընկերության 2008 թվականի շահութահարկի կանխավճարի գումարը հաշվարկելիս պետք է հիմք ընդուներ Ընկերության ինքնուրույն որոշած գումարի չափը՝ 1.500.000 ՀՀ դրամը: Մինչդեռ 2008 թվականի առաջին երեք ամիսների համար հաշվարկը կատարվել է Ընկերության ներկայացրած 2008 թվականի տարեկան շահութահարկի հաշվարկի հիման վրա որոշված 7.404.300 ՀՀ դրամով: Հրահանգի 9.8-րդ կետի «ը» ենթակետում սահմանված «մինչև հայտարարության ներկայացնելը հաշվարկված շահութահարկի կանխավճարների ամսական գումարների գծով վերահաշվարկ չի կատարվում» դրույթը հակասում է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին, ուստի, այդ դրույթը նշված հարաբերությունների նկատմամբ չի կարող կիրառվել:

Մինչդեռ վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ սահմանադրական նորմի ուժով հարկատուն պարտավոր է տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր ամիս՝ տվյալ ամսվա քսանհինգից ոչ ուշ, կատարել շահութահարկի կանխավճարներ, որոնց չափը մինչև նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարի հաշվարկումը պետք է լինի նախորդ տարվա վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս: Օրենքով հարկատուին իրավունք է վերապահված նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում ամսական կանխավճարի մեծությունը որոշել ինքնուրույն, որի համար վերջինս պարտավոր է շահութահարկի հաշվարկների ներկայացման ժամկետից (հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ից) ոչ ուշ այդ չափի մասին գրավոր հայտնել հարկային մարմնին: Այսինքն՝ նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն իրավունք ունի հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ից ոչ ուշ դիմել հարկային մարմնին և ամսական կանխավճարի մեծությունը որոշել ինքնուրույն, սակայն մինչև ընթացիկ տարվա փաստացի շահութահարկի գումարի հաշվարկումը վերջինս պարտավոր է կատարել նախորդ տարվա վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս կանխավճարներ, որոնց հաշվանցումը կատարվում է միայն հաշվետու տարվա ավարտից հետո: Այսինքն՝ օրենքով հրամայական (իմպերատիվ) կերպով նախատեսված է հարկատուի կողմից մինչև ընթացիկ տարվա փաստացի շահութահարկի գումարի հաշվարկումը նախորդ տարվա վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս կանխավճարներ կատարելու պարտավորություն, առանց նախատեսելու վերահաշվարկ կատարելու իրավունք, հետևաբար, անհիմն է Դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Հրահանգի 9.8-րդ կետի «ը» ենթակետում սահմանված «մինչև հայտարարության ներկայացնելը հաշվարկված շահութահարկի կանխավճարների ամսական գումարների գծով վերահաշվարկ չի կատարվում» դրույթը հակասում է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին:

 

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 05.05.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի հայցը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան