ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ2/0065/02/09 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Հ. Թորոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Անտոնյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Վ. Ավանեսյանի | |
|
Ա. Բարսեղյանի | |
Մ. Դրմեյանի | ||
|
Ե. Խունդկարյանի | |
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի նոյեմբերի 6-ին,
դռնբաց դատական նիստում քննելով «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 14.05.2009 թվականի վճռի դեմ` ըստ Սևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) հայցի ընդդեմ Կազմակերպության՝ 11.651.600 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է բռնագանձել Կազմակերպությունից 11.651.600 ՀՀ դրամ` որպես հողամասերի վարձավճարների գումար:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 14.05.2009 թվականի վճռով Քաղաքապետարանի հայցը բավարարվել է մասնակիորեն, այն է` Կազմակերպությունից հօգուտ Քաղաքապետարանի բռնագանձվել է 11.318.226 ՀՀ դրամ, որից որպես հիմնական պարտք` 11.096.300 ՀՀ դրամ, ինչպես նաև հայցի բավարարված մասի նկատմամբ համամասնորեն բաշխված նախապես վճարված պետական տուրքի գումարը` 221.926 ՀՀ դրամ, հայցը մնացած` 555.300 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Քաղաքապետարանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վարչական դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ, 25-րդ, 26-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ, 304-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 301-րդ, 302-րդ, 611-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Կազմակերպության հետ վարձակալության պայմանագրեր կնքած թվով 79 քաղաքացիներ դրանք պետական գրանցման չեն ներկայացրել: Այսինքն, 79 չգրանցված վարձակալության պայմանագրերը արդեն իսկ օրենքի ուժով առոչինչ պայմանագրեր են, հետևաբար, Դատարանը չէր կարող առոչինչ պայմանագրի մասով Կազմակերպությունից 4.587.800 ՀՀ դրամ վարձավճարի գումար բռնագանձել, առավել ևս, որ Կազմակերպությունը չգրանցված վարձակալության պայմանագրերով քաղաքացիներից վարձավճարների գումարներ չի բռնագանձել: Ավելին, սույն գործում առկա չէ որևէ հիմնավոր ապացույց պետական գրանցում չստացած վարձակալության պայմանագրերից վարձավճարներ գանձելու վերաբերյալ: Այդուհանդերձ, Դատարանը «Արդշինինվեստ բանկ» ՓԲԸ-ի գրությունը, որով վերջինս բանկային գաղտնիքը Դատարանին տրամադրելու համար պահանջել է համապատասխան որոշում, դիտել է որպես Կազմակերպության կողմից վարձավճարների գանձման փաստը հավաստող ապացույց:
Բացի այդ, Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վերոնշյալ 79 անձանցից 40-ը վարձակալության պայմանագրեր են կնքել Քաղաքապետարանի հետ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 14.05.2009 թվականի վճռի` 4.587.800 ՀՀ դրամի բռնագանձման մասը և այն փոփոխել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոք բերած անձը Դատարանի վճիռը վիճարկում է միայն 79 անձանց պայմանագրերից բխող պարտավորությունների մասով, սակայն պետք է նշել, որ այդ պայմանագրերի պետական գրանցում չստանալը ևս վիճելի է, քանի որ գործի քննության ընթացքում պատասխանողը համապատասխան ապացույցներ չի ներկայացրել այդ պայմանագրերի պետական գրանցում ստացած չլինելու վերաբերյալ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 2004-2008 թվականներին Կազմակերպությունը թվով 285 քաղաքացիների հետ կնքել է հողի վարձակալության և կառուցապատման պայմանագրեր, որոնցից պետական գրանցում են ստացել 206-ը (գ.թ. 70-78):
2) 23.04.2009 թվականին Կազմակերպության գլխավոր հաշվապահի և Քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետի միջև կնքված` փոխադարձ հաշիվների ստուգման ակտի համաձայն` պետական գրանցում չստացած վարձակալության պայմանագրերով նախատեսված վարձավճարների 30 տոկոսը կազմում է 4.587.800 ՀՀ դրամ (գ.թ. 75):
3) «Արդշինինվեստ բանկ» ՓԲԸ-ի «Սևան» մասնաճյուղի 06.05.2009 թվականի թիվ 75-90 գրությամբ, «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն մերժվել է թվով 79 քաղաքացիների հետ կնքված վարձակալության պայմանագրերով նախատեսված վարձավճարները վճարած լինելու վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, և նշվել է, որ այն կարող է տրամադրվել միայն դատարանի համապատասխան որոշման առկայության դեպքում (գ.թ. 48):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Բացի այդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե (,,ex officio,,):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է այն փաստերը, որոնք իր կարծիքով էական են վեճի լուծման համար և անհրաժեշտության դեպքում կողմերից պահանջում է ներկայացնել այդ փաստերի ապացույցներ, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես պահանջելու ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի:
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի ուժով վարչական դատարանի կողմից գործի փաստերի ի պաշտոնե պարզման դատավարական իրավունքին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացումը թեև Դատարանի իրավունքն է, սակայն Դատարանի այդ իրավունքը սահմանափակված է նույն օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու Դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Աշտարակի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ Ժորա Դանիելովի` 5.670.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և Ժորա Դանիելովի հակընդդեմ հայցն ընդդեմ Տեսչության` 08.05.2008 թվականի թիվ 2326225 ակտը վերացնելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի թիվ ՎԴ3/0207/05/08 (2008թ.) որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն՝ անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: Իսկ նույն օրենսգրքի 302-րդ հոդվածի համաձայն՝ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Նման գործարքն առոչինչ է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 611-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
Վերը նշված հոդվածներից հետևում է, որ եթե անշարժ գույքի նկատմամբ վարձակալի վարձակալության իրավունքը պետական գրանցում չի ստանում, ապա վարձակալության պայմանագիրը համարվում է առոչինչ:
ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի թիվ 907-Ն որոշմամբ վերախմբավորված` Կազմակերպության կանոնադրության 33-րդ կետի համաձայն` «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրինմանը հանձնված` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի համայնքների վարչական տարածքներում ընդգրկված հողամասերի վարձակալության պայմանագրերով նախատեսված վարձավճարների տարեկան գումարի 30 տոկոսը համամասնորեն` մինչև յուրաքանչյուր բյուջետային տարվա ավարտը, փոխանցվում է այն համայնքների բյուջեներ, որոնց վարչական տարածքներում ընդգրկված են վարձակալության տրված` նշված հողամասերը:
Սույն գործի փաստերի համաձայն` 2004-2008 թվականները թվով 285 քաղաքացիների հետ կնքվել են հողի վարձակալության և կառուցապատման պայմանագրեր, ընդ որում, թվով 79 քաղաքացիների հետ կնքված վարձակալության պայմանագրերից ծագող վարձակալության իրավունքը պետական գրանցում չի ստացել:
Սույն գործով Դատարանը հաստատված է համարել թվով 79 պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցում չստանալու փաստը, առոչինչ է ճանաչել դրանք` նշելով անվավերության հետևանքները, այն է` 79 պայմանագրերով վարձակալների կողմից պահանջներ ներկայացնելու և դրանք դատարանի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում Կազմակերպությունը կարող է պարտավորեցվել վերադարձնել վարձավճարների գումարները: Միաժամանակ, Դատարանը, հիմք ընդունելով «Արդշինինվեստ բանկ» ՓԲԸ-ի «Սևան» մասնաճյուղի 06.05.2009 թվականի թիվ 75-90 գրությունը, որով մերժվել է թվով 79 քաղաքացիների հետ կնքված վարձակալության պայմանագրերով նախատեսված վարձավճարները վճարած լինելու վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, գտել է, որ մասնաճյուղը ընդունել է, որ համապատասխան վարձավճարները գանձվել են, սակայն դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը պայմանավորել է դատարանի կողմից համապատասխան որոշում կայացնելու հետ: Արդյունքում Դատարանը հաստատված է համարել նշված վարձավճարների փաստացի գանձման հանգամանքը` պարտավորեցնելով Կազմակերպությանը Քաղաքապետարանի բյուջե փոխանցել այդ գումարների 30 տոկոսը` 4.587.800 ՀՀ դրամը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կազմակերպության և թվով 79 քաղաքացիների միջև կնքված և պետական գրանցում չստացած վարձակալության պայմանագրերի առոչինչ լինելու պարագայում թե՛ Կազմակերպության և թե՛ պայմանագրերը կնքած քաղաքացիների համար չեն կարող առաջանալ փոխադարձ իրավունքներ և պարտականությաններ, հետևաբար չի կարող նաև առաջանալ Կազմակերպության` նշված վարձակալության պայմանագրերով նախատեսված վարձավճարների տարեկան գումարի 30 տոկոսը համամասնորեն` մինչև յուրաքանչյուր բյուջետային տարվա ավարտը, Սևան համայնքի բյուջե վճարելու պարտավորությունը:
Ավելին, Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ «Արդշինինվեստ բանկ» ՓԲԸ-ի «Սևան» մասնաճյուղի գրությունը չի կարող պատշաճ ապացույց հանդիսանալ 79 պայմանագրերով վարձավճարների փաստացի վճարված լինելու փաստը հաստատելու համար, քանի որ այդ գրությամբ մերժվել է այդ պայմանագրերով նախատեսված վարձավճարները վճարած լինելու վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը` դատարանի համապատասխան որոշման բացակայության պատճառով:
Վերոնշյալից հետևում է, որ Դատարանը չի ձեռնարկել ողջամիտ միջոցներ այդ փաստի առկայությունը հավաստող այլ ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճռի մասը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 14.05.2009 թվականի վճռի` 79 պայմանագրերով վարձավճարների բռնագանձման մասը և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` նոր քննության: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ս. Անտոնյան | |
Վ. Աբելյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|