ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ6/0230/05/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Միրզոյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. Պետրոսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
|
Վ. Ավանեսյանի | |
Ա. Բարսեղյանի | ||
|
Մ. Դրմեյանի | |
Ե. Խունդկարյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի նոյեմբերի 6-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 10.04.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ Կոմիտեի հայցի ընդդեմ Մանիշակ Միսկարյանի` տուգանքի, պետական տուրքի գումարների բռնագանձման և մաքսային պարտավորության կատարմանը պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Կոմիտեն պահանջել է բռնագանձել Մանիշակ Միսկարյանից 323.720 ՀՀ դրամ տուգանքի, 10.475 ՀՀ դրամ պետական տուրքի գումարները և պարտավորեցնել մաքսային մարմնին ներկայացնել ապրանքի` 630 կգ լոլիկի վերաբերյալ հայտարարագիր:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 10.04.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ՀՀ մաքսային օրենսգրքի 222-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ մաքսային օրենսգրքի 160-162-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել նույն օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Մանիշակ Միսկարյանը ոչ վերադասության կարգով է բողոքարկել վարչական տույժ նշանակելու մասին որոշումը, ոչ էլ օրենքով սահմանված երկամսյա ժամկետում վիճարկման հայցով դիմել է դատարան: Բացի այդ, Մանիշակ Միսկարյանը սույն գործով չի ներկայացրել հակընդդեմ հայց և հայցադիմումի պատասխան: Այսինքն` Դատարանը գործը քննել է հայցի շրջանակներից դուրս գալով` ըստ էության քննելով չներկայացված վիճարկման հայց:
Բացի այդ, Դատարանը վճիռ կայացնելիս, որպես իրավական հիմքեր կիրառել է ՀՀ մաքսային օրենսգրքի 160-րդ, 161-րդ, 162-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, քանի որ դրանք վերաբերում են ապրանքների ծագման երկրները ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի կողմից որոշելուն: Տվյալ դեպքում Դատարանը պետք է կիրառեր ՀՀ մաքսային օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը, որը վերաբերում է ապրանքի ծագմանը վերաբերող հայտարարագրված տեղեկությունները մաքսային մարմինների կողմից հաստատելուն:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 10.04.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ստուգում կատարելու վերաբերյալ 30.03.2008 թվականի արձանագրության համաձայն` Ալավերդի քաղաքի երկաթգծի կայարանում ստուգման են ենթարկվել Թբիլիսի-Երևան գնացքի ուղևոր Մանիշակ Միսկարյանի կողմից ՀՀ տարածք ներմուծված 630 կգ լոլիկի մաքսային ձևակերպման փաստաթղթերը, որի ընթացքում պարզվել է, որ վերջինիս կողմից ներմուծված և որպես վրացական ծագման հայտարարագրված լոլիկը թուրքական ծագման է (գ.թ. 104):
2) Փաստի առթիվ 15.04.2008 թվականին Մանիշակ Միսկարյանի նկատմամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն (գ.թ. 114):
3) «Վարչական տույժ նշանակելու մասին» 08.05.2008 թվականի որոշմամբ Մանիշակ Միսկարյանը ՀՀ մաքսային օրենսգրքի 202-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման համար ենթարկվել է վարչական պատասխանատվության` 323.720 ՀՀ դրամ տուգանքի (գ.թ. 7-8):
4) Մանիշակ Միսկարյանը ոչ վերադասության, ոչ էլ դատական կարգով չի բողոքարկել «Վարչական տույժ նշանակելու մասին» 08.05.2008 թվականի որոշումը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ մաքսային օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայտարարագրումն իրականացվում է վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով՝ գրավոր կամ բանավոր՝ նշելով ճշգրիտ տեղեկություններ՝ ապրանքների և տրանսպորտային միջոցների, դրանց տեղափոխման նպատակի մասին, ինչպես նաև մաքսային հսկողության և ձևակերպման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:
ՀՀ մաքսային օրենսգրքի 131-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայտարարատուն նույն օրենսգրքի համաձայն կրում է պատասխանատվություն՝ հայտարարագրված տեղեկությունների հավաստիության համար:
ՀՀ մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետի համաձայն` հայտարարատուն պարտավոր է իրականացնել ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրում` նույն օրենսգրքով նախատեսված կարգով:
ՀՀ մաքսային օրենսգրքի 202-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը` մաքսային մարմին մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման համար կեղծ, անoրինական ճանապարհով ստացված, անվավեր համարված կամ այլ ապրանքներին և տրանսպորտային միջոցներին վերաբերող փաստաթղթեր ներկայացնելով, ինչպես նաև կեղծ մաքսային ապահովման միջոցներ oգտագործելով` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում` առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:
Սույն գործով Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «Վարչական տույժ նշանակելու մասին» 08.05.2008 թվականի որոշման կայացման ընթացքում չի հաստատվել Մանիշակ Միսկարյանի ներկայացրած 28.03.2008 թվականի թիվ 11890810 հավաստագրի կեղծ, անօրինական ճանապարհով ստացված, անվավեր համարված կամ այլ ապրանքներին վերաբերող փաստաթուղթ հանդիսանալու փաստը, իսկ վարչական մարմինը, չնայած նշված հանգամանքը հաստատելու պարտավորությունը կրելուն, որևէ միջոցառում չի իրականացրել այդ ուղղությամբ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 297-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը պարտադիր է կատարման պետական և հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, հայցը մերժելիս դուրս է եկել հայցի շրջանակներից, քանի որ վարչական ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում անդրադարձել է վարչական ակտի իրավաչափության հարցին և բացառել է դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունը այն դեպքում, երբ սույն գործով «Վարչական տույժ նշանակելու մասին» 08.05.2008 թվականի որոշումը չի վիճարկվել և չի վերացվել:
ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ «Վարչական տույժ նշանակելու մասին» 08.05.2008 թվականի որոշումն ընդունվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակում: Դրա հետևանքով պետք է եզրակացնել, որ նշված որոշումն իրավաչափ է և որևէ անձ, այդ թվում՝ պետական մարմինը, չի կարող կասկածի տակ դնել այդ որոշման իրավաչափությունը (տե՛ս, ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ Մեխակ Մարտիրոսյանի և անհատ ձեռնարկատեր Մկրտիչ Յաղուբյանի` գումար բռնագանձելու և մաքսային պարտավորության կատարմանը պարտավորեցնելու պահանջների մասին, թիվ ՎԴ/7703/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.07.2009 թվականի որոշումը):
Այսպիսով, բողոքի սույն հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ինչ վերաբերում է նյութական իրավունքի խախտման վերաբերյալ բողոքի փաստարկին, ապա «Վարչական տույժ նշանակելու մասին» 08.05.2008 թվականի որոշումը չվիճարկվելու պայմաններում Վճռաբեկ դատարանը դրան չի անդրադառնում:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 10.04.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հայցը բավարարել` Մանիշակ Միսկարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 323.720 (երեք հարյուր քսաներեք հազար յոթ հարյուր քսան) ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը և նրան պարտավորեցնել կատարելու ՀՀ մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված պարտավորությունը` մաքսային մարմնին ներկայացնել 630 կգ լոլիկի վերաբերյալ հայտարարագիր:
2. Մանիշակ Միսկարյանից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 10.475 (տասը հազար չորս հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ և 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի և վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Տ. Պետրոսյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|