Գլխավոր տեղեկություն
Համար
N 744-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (27.02.2010-24.09.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.23/47(637) Հոդ.797
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.06.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.08.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունիսի 2008 թվականի N 744-Ն

ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԻ ԵՎ ԴԻՏԱՐԿՄԱՆ, ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻԱՅԻ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը խմբ. 29.01.10 N 70-Ն)

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը խմբ. 29.01.10 N 70-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հուլիսի 16
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
հունիսի 19-ի N 744-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԻ ԵՎ ԴԻՏԱՐԿՄԱՆ, ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻԱՅԻ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
(Վերնագիրը խմբ. 29.01.10 N 70-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Օդային երթևեկության կազմակերպում, աերոնավիգացիոն կապ և դիտարկում, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովում, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն (այսուհետ` աերոնավիգացիոն սպասարկում) իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգով (այսուհետ` կարգ) սահմանվում է Հայաստանի Հանրապետության օդային տարածքում ու աերոդրոմներում քաղաքացիական օդանավերի աերոնավիգացիոն սպասարկումն իրականացնող կազմակերպություններին և մարմիններին (այսուհետ` կազմակերպություն) թույլտվություն տալու գործընթացը:

(1-ին կետը փոփ. 29.01.10 N 70-Ն)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 29.01.10 N 70-Ն)

3. Հայաստանի Հանրապետության օդային տարածքում օդային երթևեկության կազմակերպում, աերոնավիգացիոն կապ և դիտարկում, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնում է սույն կարգով թույլտվություն (այսուհետ` թույլտվություն) ստացած կազմակերպությունը: Օդային տարածքի առանձին մասերում նշված սպասարկումը կարող են իրականացնել թույլտվություն ստացած այլ կազմակերպություններ: Հայաստանի Հանրապետության օդային տարածքում և դրա առանձին մասերում աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովում իրականացվում է նշված գործունեությունն իրականացնելու համար թույլտվություն ստացած կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների կողմից:

(3-րդ կետը փոփ. 29.01.10 N 70-Ն)

4. Սույն կարգի նպատակը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին և Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին Հայաստանի Հանրապետությունում մատուցվող աերոնավիգացիոն սպասարկման ծառայությունների համապատասխանության ապահովումն է` այդ ծառայությունները մատուցողի գործունեության համապատասխանության գնահատման ու վերահսկողության միջոցով:

 

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ

 

5. Սույն կարգի իմաստով կազմակերպությանը թույլտվություն տալը համարվում է գործառույթ, որի ընթացքում տեսական և գործնական եղանակներով ուսումնասիրվում է կազմակերպության և դրա կողմից իրականացվող գործառույթների համապատասխանությունը սույն կարգում ներկայացվող Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ` Չիկագոյի կոնվենցիա) հավելվածներով, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) ձեռնարկներով և Աերոնավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպության (այսուհետ` Եվրակոնտրոլ) փաստաթղթերով սահմանված չափանիշներին ու ստանդարտներին:

6. Թույլտվություն ստանալու համար կազմակերպությունն ապահովում է մատուցվող ծառայությունների անվտանգությունը, արդյունավետությունն ու անընդհատությունը` օդային երթևեկության առկա և կանխատեսվող ինտենսիվությանը համապատասխան: Թույլտվություն ստանալու նպատակով կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետ` գլխավոր վարչություն) է ներկայացնում հայտ` համաձայն N 1 ձևի: Հայտին կից ներկայացվում են`

1) կազմակերպության կանոնադրությունը և նրա կողմից իրականացվող գործառույթը (գործառույթները)` ըստ սույն կարգի 2-րդ կետի դասակարգման.

2) կազմակերպության կառուցվածքը, գործունեության միջնաժամկետ ռազմավարական ծրագիրը և մոտակա տարվա ծրագիրը.

3) տեղեկատվություն աշխատողների թվի ու նրանց մասնագիտական պատրաստվածության մասին.

4) կազմակերպությունում թռիչքների անվտանգության ապահովման ընթացակարգերը.

5) ավիացիոն անվտանգության ապահովման ընթացակարգերը.

6) ըստ գործառույթների տեսակների` կազմակերպության ներքին կանոնակարգերը, ինչպես նաև դրանցում փոփոխությունների կատարման, աշխատողների տեղեկացվածության ապահովման ընթացակարգերը.

7) որակի կառավարման համակարգի կիրառումն ապահովող ընթացակարգերը և որակի կառավարման համակարգի սերտիֆիկատի (սերտիֆիկատների) պատճենները: Սույն ենթակետի պահանջները կարգի օդային երթևեկության կազմակերպման և աերոնավիգացիոն կապի և դիտարկման գործառույթների նկատմամբ կիրառվում են կարգն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում.

8) կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների ամբողջականության կամ անընդհատության վրա հնարավոր ներազդեցություն ունեցող իրավիճակներում գործունեության վթարային պլանը.

9) ըստ գործառույթների տեսակների` սույն կարգի դրույթներով սահմանված փաստաթղթեր ու տեղեկատվություն:

(6-րդ կետը փոփ. 29.01.10 N 70-Ն)

7. Աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովումն իրականացնող կազմակերպությունը, ի լրումն սույն կարգի 6-րդ կետի 1-9-րդ ենթակետերում նշված փաստաթղթերի, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության օդերևութաբանության ոլորտի պետական լիազոր մարմնի կողմից տրված նշանակումն օդերևութաբանական ծառայություններ մատուցելու վերաբերյալ:

8. Կազմակերպությանը թույլտվություն տալու գործընթացն իրականացվում է գլխավոր վարչության պետի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի (այսուհետ` խումբ) կողմից 30-օրյա ժամկետում` կազմակերպության մասնագիտական և տեխնիկական պատրաստականության տեսական ու գործնական ուսումնասիրությունների միջոցով` համաձայն սույն կարգի դրույթների:

(8-րդ կետը փոփ. 29.01.10 N 70-Ն)

9. Ուսումնասիրությունների արդյունքները և կազմակերպությանը թույլտվություն տալու վերաբերյալ եզրակացությունը խմբի կողմից` արձանագրության ձևով ներկայացվում են գլխավոր վարչության պետին:

10. Եթե ուսումնասիրությունների արդյունքում խմբի կողմից արձանագրվում է, որ կազմակերպությունը համապատասխանում է սույն կարգի 5-րդ կետում ներկայացված փաստաթղթերով սահմանված չափանիշներին և ստանդարտներին, ապա գլխավոր վարչության պետի համապատասխան հրամանով կազմակերպությանը տրվում է թույլտվություն` համաձայն N 2 ձևի: Կազմակերպությանը տրվում է թույլտվության բնօրինակը: Թույլտվության պատճենը պահվում է գլխավոր վարչությունում:

11. Եթե ուսումնասիրությունների արդյունքում խմբի կողմից արձանագրվում են անհամապատասխանություններ սույն կարգի 5-րդ կետում ներկայացված փաստաթղթերով սահմանված չափանիշներին և ստանդարտներին, ապա գլխավոր վարչությունը սահմանում է մեկամսյա ժամկետ` դրանց վերացման նպատակով:

12. Սույն կարգի 11-րդ կետում նշված անհամապատասխանությունները սահմանված ժամկետում վերացնելուց հետո կազմակերպությունը կարող է դիմել գլխավոր վարչություն` կրկնակի ուսումնասիրություններ իրականացնելու համար:

13. Սույն կարգի 12-րդ կետով սահմանված պայմանի չապահովման դեպքում հայտը մերժվում է:

14. Կազմակերպությանը թույլտվությունը տրվում է անժամկետ:

15. Կազմակերպության կողմից գործունեության դադարեցման դեպքում թույլտվության բնօրինակը վերադարձվում է գլխավոր վարչություն:

16. Թույլտվություն ստացած կազմակերպությունը տեղեկացնում է գլխավոր վարչությանն իր կողմից մատուցվող ծառայություններում նախատեսվող այնպիսի փոփոխությունների մասին, որոնք կարող են ներազդել սույն կարգի պահանջներին նրա համապատասխանության կամ թույլտվությամբ նախատեսված պայմանների վրա:

17. Թռիչքների անվտանգությանն առնչվող փոփոխություններն իրականացվում են սույն կարգի IX գլխի պահանջներին համապատասխան:

(17-րդ կետը խմբ. 29.01.10 N 70-Ն)

 

III. ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(Վերնագիրը փոփ. 29.01.10 N 70-Ն)

 

18. Օդային երթևեկության կազմակերպման (այսուհետ` ՕԵԿ) գործառույթների ապահովման մասնագիտական և տեխնիկական պատրաստականությունը հավաստող փաստաթղթերի փաթեթում ներկայացվում են`

1) ՕԵԿ-ի գործընթացում թռիչքների անվտանգության կառավարման համակարգի կիրառման ընթացակարգերը` համաձայն գլխավոր վարչության կողմից սահմանված օդային երթևեկության սպասարկման պահանջներին.

2) ՕԵԿ-ի կարգավարական կետերի տեխնիկական հագեցվածությունն ըստ կարգավարների աշխատանքային տեղերի, սպասարկման տարածքը, վերահսկողության, դիտարկման և կապի միջոցների ցանկը.

3) «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված գլխավոր վարչության կողմից տրված կամ ուժ ստացած ՕԵԿ-ի կարգավարների ատեստավորման վկայականների պատճենները և նրանց հաստիքացուցակը.

4) աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայության գործառույթներն իրականացնող այլ կազմակերպությունների և աերոդրոմ շահագործողի հետ կնքված համաձայնագրերի պատճենները.

5) ՕԵԿ-ի գործընթացում կիրառվող ընթացակարգերը սահմանող ձեռնարկները և տեղական հրահանգները:

(18-րդ կետը փոփ. 29.01.10 N 70-Ն)

19. ՕԵԿ-ի տեսական ուսումնասիրությունների շրջանակներում խմբի կողմից ուսումնասիրվում են`

1) ՕԵԿ-ի կարգավարական անձնակազմի համալրվածությունն ըստ աշխատատեղերի` ելնելով մատուցվող օդային երթևեկության կարգավարական սպասարկման ծառայությունների տեսակներից և ինտենսիվությունից.

2) ՕԵԿ-ի կարգավարների ատեստավորման, մասնագիտական համապատասխանության ապահովման և պահպանման ընթացակարգերը` համաձայն գլխավոր վարչության կողմից սահմանված օդային երթևեկության կառավարման կարգավարների ատեստավորման պահանջների.

3) ՕԵԿ-ի կարգավարական կետերի տեխնիկական հագեցվածությունը. վերահսկողության, դիտարկման և կապի միջոցների ցանկը, դրանց քանակական և որակական համապատասխանությունը գլխավոր վարչության կողմից սահմանված օդային երթևեկության սպասարկման ռադիոտեխնիկական ապահովման չափորոշիչներին.

4) ՕԵԿ-ի գործընթացում կիրառվող կարգերը, ընթացակարգերը սահմանող ձեռնարկները և տեղական հրահանգները` համաձայն սույն կարգի 18-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների.

5) ՕԵԿ իրականացնող այլ կազմակերպության և թռիչքների աերոնավիգացիոն ու աերոդրոմային սպասարկումներ ապահովող կազմակերպությունների (մարմինների) հետ կնքված փոխհամագործակցության համաձայնագրերը թռիչքատեղեկատվական հաղորդագրությունների տրամադրման ապահովման վերաբերյալ:

(19-րդ կետը փոփ. 29.01.10 N 70-Ն)

20. ՕԵԿ-ի գործնական ուսումնասիրությունների շրջանակներում խմբի կողմից ուսումնասիրվում են`

1) սույն կարգի 19-րդ կետի 3-րդ ենթակետում ներկայացված տեխնիկական միջոցների շահագործողական վիճակը և համապատասխանությունն արտադրողի կողմից սահմանված չափանիշներին.

2) ՕԵԿ-ի անխափան էներգամատակարարման համակարգը.

3) ՕԵԿ-ի կարգավարների աշխատանքային և հանգստի պայմանները:

(20-րդ կետը փոփ. 29.01.10 N 70-Ն)

 

IV. ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԻ ԵՎ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(Վերնագիրը փոփ. 29.01.10 N 70-Ն)

 

21. Աերոնավիգացիոն կապի և դիտարկման (այսուհետ` ռադիոտեխնիկական ապահովման) գործառույթների մասնագիտական և տեխնիկական պատրաստականությունը հավաստող փաստաթղթերի փաթեթում ներկայացվում են`

1) ռադիոտեխնիկական ապահովման գործընթացում թռիչքների անվտանգության կառավարման համակարգի կիրառման ընթացակարգերը` համաձայն սույն կարգի 18-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների.

2) նավիգացիոն, ավիացիոն էլեկտրակապի (շարժական և ֆիքսված) և դիտարկման (ռադիոլոկացիոն) միջոցների (այսուհետ` միջոցներ), ինչպես նաև դիտարկման տվյալների մշակման ու արտապատկերման համակարգերի (այսուհետ` համակարգեր) ցանկը և դրանց համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի պատճենները` համաձայն սույն կարգի 19-րդ կետի 3-րդ ենթակետում ներկայացվող չափորոշիչների.

3) կիրառվող ռադիոհաճախականությունների ցանկը.

4) միջոցների թռիչքային և վերգետնյա ստուգումների արձանագրությունները (ակտերը).

5) անխափան էներգամատակարարման ապահովման միջոցառումները.

6) օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայության գործառույթներն իրականացնող այլ կազմակերպությունների և աերոդրոմ շահագործողների հետ կնքված համաձայնագրերի պատճենները:

(21-րդ կետը փոփ. 29.01.10 N 70-Ն)

22. Ռադիոտեխնիկական ապահովման գործառույթների տեսական ուսումնասիրությունների շրջանակներում խմբի կողմից ուսումնասիրվում են`

1) միջոցների և համակարգերի քանակական ու որակական համապատասխանությունը գլխավոր վարչության կողմից սահմանված օդային երթևեկության սպասարկման ռադիոտեխնիկական ապահովման կարգում ներկայացվող չափորոշիչներին.

2) միջոցների և համակարգերի աշխատանքային ռեսուրսների համապատասխանությունն արտադրողի կողմից սահմանված նորմերին կամ դրանց երկարաձգման հիմքերը.

3) միջոցների և համակարգերի շահագործողական փաստաթղթերի (տեխնիկական անձնագրեր, տեղեկաքարտեր) վարման ընթացակարգը.

4) ռադիոտեխնիկական ապահովման նպատակով օգտագործվող ռադիոհաճախականությունների համաձայնեցման և գրանցման ընթացակարգերի համապատասխանությունը սույն կարգի 19-րդ կետի 3-րդ ենթակետում ներկայացվող չափորոշիչներին.

5) միջոցների և համակարգերի անխափան էներգամատակարարման սխեմաները և դրա ապահովման միջոցառումները.

6) ռադիոտեխնիկական ապահովման նպատակով ընդունված ու կիրառվող կանոնակարգերը` ուղղված Չիկագոյի կոնվենցիայի N 10 հավելվածով և արտադրողի կողմից սահմանված միջոցների ու համակարգերի շահագործողատեխնիկական ցուցանիշների ապահովմանը.

7) օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայության գործառույթներն իրականացնող այլ կազմակերպությունների և աերոդրոմ շահագործողների հետ կնքված համաձայնագրերի պատճենները:

(22-րդ կետը փոփ. 29.01.10 N 70-Ն)

23. Համաձայն գլխավոր վարչության հարցման` հայտատուն ներկայացնում է տեղեկություններ միջոցների և համակարգերի շահագործումն ու տեխնիկական սպասարկումն ապահովող աշխատողների հաստիքացուցակների և մասնագիտական պատրաստվածության ապահովման ու պահպանման միջոցառումների մասին:

24. Ռադիոտեխնիկական ապահովման գործառույթների գործնական ուսումնասիրությունների շրջանակներում խմբի կողմից ուսումնասիրվում են`

1) միջոցների և համակարգերի, ինչպես նաև էներգաաղբյուրների (տրանսֆորմատորային ենթակայաններ, դիզել-ագրեգատներ, կուտակիչներ) տեխնիկական վիճակը և ելքային ցուցանիշները (լարումներ, հզորություններ, հաճախականություններ).

2) միջոցների և համակարգերի էներգասնուցման ընդհատումների ու էներգաաղբյուրների (հիմնական և պահուստային) ավտոմատ փոխարկումների թույլատրելի առավելագույն տևողությունների համապատասխանությունը Չիկագոյի կոնվենցիայի N 10 հավելվածով սահմանված չափանիշներին.

3) միջոցների և համակարգերի ապահովվածությունը պահուստային մասերով և հանգույցներով.

4) միջոցների և համակարգերի համար նախատեսված շենք-շինությունների, օբյեկտների կամ կառույցների շահագործողական, ինչպես նաև շահագործող և սպասարկող անձնակազմերի աշխատանքային ու հանգստի պայմանները և դրանց համապատասխանությունն ԻԿԱՕ-ի N 9426 (Դոկ. 9426) ձեռնարկով և Եվրակոնտրոլի Ներդրման ապահովման Եվրակոնտրոլի ընդհանուր ուղեցույցով սահմանված պահանջներին.

5) աերոդրոմում և դրա շրջանում տեղադրված միջոցների ցերեկային ու գիշերային մականշումների համապատասխանությունը Չիկագոյի կոնվենցիայի N 14 հավելվածով սահմանված պահանջներին:

 

V. ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻԱՅԻ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ) ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(Վերնագիրը փոփ. 29.01.10 N 70-Ն)

 

25. Սույն կարգի իմաստով աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովում (այսուհետ` ԱՕԱ) է համարվում աերոդրոմներում և օդային երթուղիներում հետևյալ գործառույթների իրականացումը`

1) օդերևութաբանական դիտումներ, ամփոփագրերի կազմում ու տրամադրում, ավիացիոն կլիմատոլոգիական տեղեկատվության տրամադրում.

2) եղանակի կանխատեսումների կազմում և տրամադրում.

3) գոտիական կանխատեսումների համաշխարհային կենտրոնից քարտեզների ստացում և տրամադրում.

4) օդերևութաբանական տվյալների միջազգային բանկերից տեղեկատվությունների ստացում և տրամադրում:

(25-րդ կետը փոփ. 29.01.10 N 70-Ն)

26. ԱՕԱ-ի գործառույթների մասնագիտական և տեխնիկական պատրաստականությունը հավաստող փաստաթղթերի փաթեթում ներկայացվում են`

1) ԱՕԱ-ի կազմակերպության (ստորաբաժանման) կառուցվածքը.

2) օդերևութաբանական և դիտարկման միջոցների, ինչպես նաև դիտարկման տվյալների մշակման ու արտապատկերման համակարգերի ցանկը և դրանց որակական համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի պատճենները.

3) օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայության գործառույթներն իրականացնող այլ կազմակերպությունների և աերոդրոմ շահագործողի հետ կնքված համաձայնագրերի պատճենները.

4) ԱՕԱ-ի գործունեությունը կանոնակարգող ընթացակարգերը:

(26-րդ կետը փոփ. 29.01.10 N 70-Ն)

27. ԱՕԱ իրականացնող կազմակերպությանը (ստորաբաժանմանը) թույլտվություն տալու գործընթացի շրջանակներում խմբի կողմից տեսական և գործնական եղանակներով ուսումնասիրվում են կազմակերպության (ստորաբաժանման) կառուցվածքի, սարքավորումների, միջոցների և ծառայությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 383-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման կանոնակարգին և գլխավոր վարչության կողմից սահմանված` Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիային մատուցվող օդերևութաբանական ծառայությունների տեսակներին ու չափանիշներին:

(27-րդ կետը փոփ. 29.01.10 N 70-Ն)

 

VI. ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(Վերնագիրը փոփ. 29.01.10 N 70-Ն)

 

28. Սույն կարգի իմաստով աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայություն է համարվում աերոնավիգացիոն տեղեկատվական հոսքերի ապահովումը` թռիչքների անվտանգության և կանոնավորության ապահովման, ինչպես նաև օդային նավիգացիայի արդյունավետության բարձրացման նպատակով:

(28-րդ կետը փոփ. 29.01.10 N 70-Ն)

29. Աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայության գործառույթների մասնագիտական և տեխնիկական պատրաստականությունը հավաստող փաստաթղթերի փաթեթում ներկայացվում են`

1) աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայության կառուցվածքի նկարագրությունը.

2) աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայությունն իրականացնող աշխատողների մասնագիտական պատրաստվածությունը հավաստող փաստաթղթերի պատճենները.

3) աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայության տեղեկատվական և տեխնիկական միջոցների ցանկերը.

4) աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայության գործունեությունը կանոնակարգող կարգերը, ընթացակարգերը, ձեռնարկները և տեղական հրահանգները.

5) Հայաստանի Հանրապետության աերոնավիգացիոն տեղեկատվական ժողովածուն:

(29-րդ կետը փոփ. 29.01.10 N 70-Ն)

30. Աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայության գործառույթների տեսական ուսումնասիրությունների շրջանակներում խմբի կողմից ուսումնասիրվում են`

1) աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայության կառուցվածքի համապատասխանությունը գլխավոր վարչության կողմից սահմանված աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման պահանջներին.

2) աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայությունն իրականացնող աշխատողների մասնագիտական պատրաստվածության ապահովումը և դրան ուղղված միջոցառումները` համաձայն Եվրակոնտրոլի ՔԱՍՊ 1.0 (CASP 1.0) փաստաթղթերի պահանջների.

3) աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայության գործառույթները կանոնակարգող կարգերը, ընթացակարգերը, ձեռնարկները և տեղական հրահանգները.

4) աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայություններից օգտվողների և տեղեկատվություն տրամադրողների հետ կնքված համաձայնագրերի պատճենները:

(30-րդ կետը փոփ. 29.01.10 N 70-Ն)

31. Աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայության գործնական ուսումնասիրություններն իրականացվում են սույն կարգի 30-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներին համապատասխան, որի շրջանակներում խմբի կողմից ուսումնասիրվում են`

1) միասնական աերոնավիգացիոն փաթեթի համալրվածությունը.

2) աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների հագեցվածությունը կապի (հաղորդագրությունների ապահովման) և տեխնիկական (կազմակերպչական) միջոցներով.

3) բրիֆինգ օֆիսի թռիչքային անձնակազմերի սպասարկման պայմանները:

(31-րդ կետը փոփ. 29.01.10 N 70-Ն)

 

VII. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
(Գլուխը լրաց. 29.01.10 N 70-Ն)

 

 32. Կարգի 7-րդ, 8-րդ 9-րդ և 10-րդ գլուխների դրույթները տարածվում են սույն կարգի 1-ին բաժնին համապատասխան թույլտվություն ստացած օդային երթևեկության կազմակերպում, աերոնավիգացիոն կապ և դիտարկում իրականացնող և աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություններ մատուցող կազմակերպությունների վրա:

33. Վերահսկողությունը կրում է շարունակական բնույթ և իրականացվում է երկու հիմնական ուղղություններով՝

1) օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, ծառայությունների մատուցման անվտանգության մոնիթորինգ.

2) թռիչքների անվտանգության ապահովման նպատակով սահմանված կանոնակարգերի պահանջների և դրանց կիրառմանն ուղղված միջոցառումների իրականացման ուսումնասիրություն (այսուհետ` աուդիտ):

34. Մոնիթորինգը կատարվում է գլխավոր վարչությունում տվյալների հավաքագրմամբ, դրանց ուսումնասիրությամբ, համեմատությամբ նախորդ տարիների վերահսկողությունների արդյունքների հետ:

35. Մոնիթորինգի ընթացքում որոշվում են թռիչքների անվտանգության ապահովման համար աուդիտի առաջնահերթ խնդիրները:

36. Մոնիթորինգի արդյունքների հիման վրա գլխավոր վարչությունում մշակվում են աուդիտի տարեկան ծրագրեր և սահմանվում են օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման գործընթացը կարգավորող ուղեցույցներ:

(Գլուխը լրաց. 29.01.10 N 70-Ն)

 

VIII. ԱՈՒԴԻՏԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
(Գլուխը լրաց. 29.01.10 N 70-Ն)

 

37. Կազմակերպության աուդիտն իրականացվում է տարեկան ծրագրերի հիման վրա`

1) աուդիտի տարեկան ծրագիրը և այն իրականացնող մասնագետների ցանկը հաստատվում են գլխավոր վարչության պետի հրամանով.

2) աուդիտի ծրագիրը մշակվում է ESARR-1-ի 6.3-րդ կետի համաձայն.

3) աուդիտի տարեկան ծրագիրը կազմում են այնպես, որպեսզի երկու տարեկան աուդիտների ընթացքում հնարավոր լինի իրականացնել կազմակերպության ամբողջական աուդիտը.

4) աուդիտի գործընթացում ընդգրկված մասնգետները պետք է ունենան թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման բնագավառի անհրաժեշտ գիտելիքներ, աուդիտ իրականացնելու փորձ ու ունակություններ և կատարեն աուդիտի արդյունքների մասնագիտական գնահատում:

38. Աուդիտն իրականացվում է`

1) կազմակերպության համապատասխանությունը կարգի 1-ին բաժնով սահմանված կարգով գլխավոր վարչության կողմից տրված թույլտվության պայմաններն ուսումնասիրելու նպատակով.

2) գլխավոր վարչության կողմից կազմակերպության կասեցված թույլտվության վերականգնման նպատակով.

3) գլխավոր վարչության կողմից կազմակերպությանը տրված դիտարկման գործընթացը կարգավորող ուղեցույցների ներդրման և կիրառման նպատակով:

39. Աուդիտն իրականացվում է հարցաթերթերով, որի ընթացքում ուսումնասիրվում են`

1) կազմակերպության կարգավարական և տեխնիկական անձնակազմերի համապատասխանությունը Չիկագոյի կոնվենցիայի N 1 հավելվածի և Եվրակոնտրոլի ESARR-5-ի պահանջներին՝ ՕԵԿ-ի կարգավարների վկայականների առկայությունը, ուժի մեջ լինելը, բժշկական զննման արդյունքները, անգլերեն լեզվի մակարդակը հավաստող վկայականները և վարժանքների անցկացումը.

2) կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին իրավական ակտերը և դրանց մեջ իրականացվող փոփոխությունների ընթացակարգերը.

3) օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման միջոցների շահագործողական ցուցանիշները.

4) աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման գործընթացը:

40. Աուդիտի ընթացքում լրացված հարցաթերթերի հիման վրա կազմվում է հաշվետվություն և ներկայացվում գլխավոր վարչության պետին:

41. Հաշվետվությունում ներառվում են հետևյալ տվյալները՝

1) աուդիտի անցկացման տարեթիվը.

2) ներգրավված մասնագետները.

3) տվյալ աուդիտի նպատակները և ընդգրկման ծավալները.

4) նախորդ աուդիտից հետո անցած ժամանակահատվածում թերությունների վերացման ուղղությամբ իրականացված գործողությունները.

5) աուդիտի անցկացման ժամանակացույցը.

6) ուսումնասիրված փաստաթղթերի ցանկը.

7) հայտնաբերված անհամապատասխանությունները և դրանց առկայությունը հավաստող մանրամասները.

8) իրավիճակի գնահատականը:

42. Աուդիտի ընթացքում թռիչքների անվտանգությանն սպառնացող թերությունների ի հայտ գալու դեպքում, դրանց մասին, մինչև հաշվետվություն ներկայացնելը, անմիջապես տեղեկացվում է գլխավոր վարչության պետին և թողարկվում են անվտանգության ուղեցույցներ` համաձայն Եվրակոնտրոլի ESARR-ի 10-րդ բաժնի և Եվրամիության 543/2004, 550/2004, 551/2004 կանոնակարգերի պահանջների և տրվում են առաջարկություններ, որոնք ուղղված են թերությունների վերացմանը:

43. Թռիչքների անվտանգության ուղեցույցներն ընդգրկում են՝

1) իհայտ բերված թերությունները, որոնք սպառնում են թռիչքների անվտանգությանը.

2) այն համակարգերը, որոնց վրա իհայտ բերված թերությունը կարող է բացասական ազդել.

3) թերությունը վերացնելու համար անհրաժեշտ գործողությունները և դրանց կատարման ժամկետները:

44. Թռիչքների անվտանգության ուղեցույցները հաստատվում են գլխավոր վարչության պետի կողմից` համապատասխան հրամանով:

45. Աուդիտի հաշվետվությունները գլխավոր վարչությունը ներկայացնում է աուդիտ իրականացրած կազմակերպությանը` այն կազմելուց հետո 5-օրյա ժամկետում`

1) աուդիտի ընթացքում ի հայտ բերված թերությունների առկայության դեպքում կազմակերպությունը մշակում է դրանց վերացման միջոցառումների ժամանակացույց և ներկայացնում գլխավոր վարչություն.

2) գլխավոր վարչությունը կարող է իրականացնել լրացուցիչ աուդիտ՝ թերությունների վերացման նպատակով:

(Գլուխը լրաց. 29.01.10 N 70-Ն)

 

IX. ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

(Գլուխը լրաց. 29.01.10 N 70-Ն)

 

46. Թույլտվություն ստացած օդային երթևեկության կազմակերպման և աերոնավիգացիոն կապի և դիտարկման գործառույթներ իրականացնող կազմակերպությունը տեղեկացնում է գլխավոր վարչությանը թռիչքների անվտանգությանն առնչվող փոփոխությունների մասին, որոնք նախատեսում է իրականացնել իր օդային երթևեկության կազմակերպման համակարգերում`

1) կարգի իմաստով օդային երթևեկության կազմակերպման համակարգեր են համարվում օդային երթևեկության կազմակերպման և աերոնավիգացիոն կապի և դիտարկման գործառույթներն իրականացնելիս կիրառվող ընթացակարգերի և համակարգերի (ներառյալ տեխնիկական համակարգերի) ամբողջությունը:

47. Օդային երթևեկության կազմակերպման համակարգերում թռիչքների անվտանգությանն առնչվող փոփոխությունների իրականացման ընթացակարգը համաձայնեցվում է գլխավոր վարչության հետ:

48. Թռիչքների անվտանգությանն առնչվող փոփոխությունները, որոնք իրականացվում են օդային երթևեկության կազմակերպման համակարգերում, դասակարգվում են երկու դասերի՝ նշանակալի և ոչ նշանակալի`

1) կարգի իմաստով նշանակալի փոփոխություններ են համարվում այն փոփոխությունները, որոնց անվտանգության գնահատման արդյունքները ցույց են տալիս, որ դրանք կարող են հանգեցնել ավիացիոն պատահարի կամ լուրջ միջադեպի, ինչպես նաև անհրաժեշտություն առաջացնել օդանավերի շահագործողական նոր ստանդարտների ներդրմանը, այլ փոփոխությունները համարվում են ոչ նշանակալի.

2) ոչ նշանակալի փոփոխություններ ներկայացնելու դեպքում գլխավոր վարչությունն ուսումնասիրում և ի գիտություն է ընդունում դրանց վերաբերյալ տեղեկատվությունը: Եթե ուսումնասիրության արդյունքում գլխավոր վարչությունն արձանագրում է, որ կազմակերպության կողմից ներկայացված ոչ նշանակալի փոփոխությունը կարող է հանգեցնել սույն կետի 1-ին ենթակետում նշված հետևանքներին, ապա դրա մասին եռօրյա ժամկետում տեղեկացնում է կազմակերպությանը:

49. Նշանակալի փոփոխությունների ներդրման նպատակով կազմակերպությունը ներկայացնում է հայտ, որում ներառվում են ավտանգության մակարդակի մասին, ռիսկերի և դրանց իջեցման գնահատականները`

1) գլխավոր վարչությունը, ուսումնասիրելով կազմակերպության կողմից ներկայացված հայտը, առնվազն մեկ ամսվա ընթացքում ընդունում է որոշում նշանակալի փոփոխությունների ընդունման կամ չընդունման մասին.

2) հայտի ուսումնասիրությունն իրականացվում է Թռիչքների անվտանգության Եվրակոնտրոլի կանոնակարգող պահանջների Ի ԷՍ ԷՅ ԱՐ ԱՐ 1 (ESARR-1)-ի 7-րդ բաժնի դրույթներին համապատասխան:

(Գլուխը լրաց. 29.01.10 N 70-Ն)

 

X. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(Գլուխը լրաց. 29.01.10 N 70-Ն)

 

50. Համաձայն Եվրակոնտրոլի ESARR-1-ի 12-րդ բաժնի դրույթների` գլխավոր վարչությունը յուրաքանչյուր տարվա վերջին վերահսկողությունների արդյունքների հիման վրա մշակում և կազմում է տարեկան հաշվետվություն թռիչքների անվտանգության վերահսկողության մասին:

51. Տարեկան հաշվետվությունը կազմվում է Եվրակոնտրոլի ESARR-1-ի 12-րդ բաժնի դրույթներին համապատասխան:

52. Գլխավոր վարչությունն ապահովում է տարեկան հաշվետվության հրապարակումն իր էլեկտրոնային կայքի միջոցով:

(Գլուխը լրաց. 29.01.10 N 70-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետ

 

_________________________

(ղեկավարի անունը, ազգանունը)

 

Հ Ա Յ Տ

 

Խնդրում եմ ______________________________________ տալ թույլտվություն`

(կազմակերպության (մարմնի) անվանումը)

______________________________________________ իրականացնելու համար:

(կարգով սահմանված գործառույթի տեսակը)

 

Սահմանված կարգի համաձայն` կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

 

_____________________________________________________________

 

_____________________________________________________________

 

_____________________________________________________________

 

Ղեկավար ___________________   ___________________

(ստորագրությունը)                        (անունը, ազգանունը)                

 

(հայտը ներկայացվում է կազմակերպության

(մարմնի) ձևաթղթի վրա)

 

(Ձևը փոփ. 29.01.10 N 70-Ն)

 

Ձև N 2

 

Ներմուծեք նկարագրությունը_19336

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

РЕСПУБЛИКА АРМЕНИЯ
ГЛАВНОЕ УПРАВЛЕНИЕ ГРАЖДАНСКОЙ АВИАЦИИ

 

GENERAL DEPARTAMENT OF CIVIL AVIATION
REPUBLIC OF ARMENIA


РАЗРЕШЕНИЕ

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N _____

PERMIT

 

Սույնով հավաստիացվում է, որ

Настоящим удостоверяется, что

This certifies that

 

___________________________

(կազմակերպության (մարմնի) անվանումը)

_______________________

(название организации (органа))

_______________________

(Name of Organization (Body))

 

своей профессиональной подготовкой и теxни-
ческой оснащенностью соответствует требова-
ниям, установленными законодательством
Республики Армения и положениям Конвен-
ции о международной гражданской авиации
и она может осуществлять

___________________________. 


Настоящее Разрешение выдано бессрочно и не
подлежит передаче.

Գլխավոր վարչության պետ
Начальник Главного управления
Director General

մասնագիտական և տեխնիկական պատրաստակա-
նությունը համապատասխանում է Հայաստանի Հան-
րապետության օրենսդրությամբ և «Միջազգային
քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայով
սահմանված չափանիշներին և այն կարող է
իրականացնել
____________________________________:

(կարգով սահմանված գործառույթի տեսակը) 

Սույն թույլտվությունը տրված է անժամկետ և
ենթակա չէ փոխանցման:

_____________ _______________________

(ստորագրությունը) (ազգանունը, անունը, հայրանունը)

professional and technical abilities comply
with the requirements, established by the
legislation of the Republic of Armenia and
with the regulations of Convention on
International Civil Aviation and is able to
realize
_____________________________


This Permit is valid without time limit and
is not transferable.

թ.
(Կ. Տ.)        ___ _______20__ г.
y.

(Ձևը փոփ. 29.01.10 N 70-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.02.2022, N 203-Ն 05.03.2022, N 744-Ն
16.05.2013, N 511-Ն 01.06.2013, N 744-Ն
25.08.2011, N 1246-Ն 24.09.2011, N 744-Ն
29.01.2010, N 70-Ն 27.02.2010, N 744-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան