Գլխավոր տեղեկություն
Համար
N 324-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.04.2010-15.08.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.04.14/15(749) Հոդ.393
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.03.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մարտի 2010 թվականի N 324-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գանձապետական համակարգի միջոցով օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների շրջանառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. ապրիլի 7

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

մարտի 25-ի N 324-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության գանձապետական համակարգի միջոցով օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների (այսուհետ` ֆինանսական միջոցներ) շրջանառման գործընթացը, և կարգավորվում են այդ գործընթացի հետ կապված հիմնական հարաբերությունները:

2. Ֆինանսական միջոցների շրջանառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գանձապետական համակարգի միջոցով` միասնական դրամարկղի սկզբունքի հիման վրա, որը նախատեսում է այդ միջոցների շրջանառումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ` նախարարություն) անվամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում (այսուհետ` բանկ) բացված միասնական գանձապետական հաշվով:

3. Միասնական գանձապետական հաշվով ֆինանսական միջոցների շրջանառման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նախարարության և բանկի միջև կնքված պայմանագրով (համաձայնագրով):

4. Սույն կարգի պահանջները գործում են, եթե առկա է վարկային կամ դրամաշնորհային միջոցները տրամադրած օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության համաձայնությունը:

5. Ֆինանսական միջոցների հաշվին իրականացվող յուրաքանչյուր ծրագրի (այսուհետ` ծրագիր) համար այդ ծրագիրն իրականացնող գրասենյակի (այսուհետ` ԾԻԳ) անվամբ Հայաստանի Հանրապետության գանձապետարանում բացվում և վարվում են արտարժութային, իսկ անհրաժեշտության դեպքում նաև Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված գանձապետական հաշիվներ (այսուհետ` հաշիվներ): Ֆինանսական միջոցների շրջանառման նպատակով ԾԻԳ-երը հաշիվներ են բացում բացառապես Հայաստանի Հանրապետության գանձապետարանում:

 

II. ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼԸ

 

6. Հաշիվ բացելու նպատակով ԾԻԳ-ը գրավոր դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության գանձապետարան` ներկայացնելով հետևյալ տեղեկությունները (փաստաթղթերը)`

1) ԾԻԳ-ի կանոնադրության և պետական ռեգիստրի հաշվառման վկայականի պատճենները, հաշվից գործարք կատարելու նպատակով նախատեսված վճարային փաստաթղթերը հաստատելու համար օգտագործվող կնիքի նմուշը, ինչպես նաև ԾԻԳ-ի հարկ վճարողի հաշվարկային համարը.

2) ծրագրի անվանումը, որի համար բացվում է հաշիվը.

3) բացվող հաշվի արժույթը.

4) հաշիվը տնօրինելու` առաջին և երկրորդ կարգի ստորագրության իրավունք ունեցող և վերջիններիս փոխարինող անձանց տվյալները` յուրաքանչյուր անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, անձնագրի պատճենը և ստորագրության նմուշը: Սույն ենթակետով նախատեսված տվյալները հաստատվում են ԾԻԳ-ի ղեկավարի և (կամ) վերջինիս փոխարինող անձի կողմից:

7. ԾԻԳ-ի տնօրենը կամ վերջինիս փոխարինող անձն է պատասխանատվություն կրում հաշիվ բացելու նպատակով Հայաստանի Հանրապետության գանձապետարան ներկայացված տվյալների (փաստաթղթերի) իսկության և արժանահավատության համար: Եթե հաշիվ բացելու նպատակով Հայաստանի Հանրապետության գանձապետարան ներկայացված տվյալները փոփոխվում են, ապա ԾԻԳ-ը կատարված փոփոխությունների մասին տվյալները (փաստաթղթերը) երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության գանձապետարան:

8. Սույն կարգով նախատեսված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության գանձապետարան ներկայացվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության գանձապետարանի համապատասխան ստորաբաժանումը ԾԻԳ-ի անվամբ բացում է համապատասխան հաշիվ (հաշիվներ): Բացված հաշվի (հաշիվների) մասին տվյալները (հաշվի անձնագիրը) Հայաստանի Հանրապետության գանձապետարանի համապատասխան ստորաբաժանումը գրավոր` հաստատված ստորաբաժանման կնիքով, տրամադրում է ԾԻԳ-ին:

9. Հաշիվ բացելու և այն սպասարկելու համար վճար չի գանձվում: Հաշիվների քանակը և արժույթը որոշում է ԾԻԳ-ը:

 

III. ՀԱՇԻՎՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

10. Հաշիվների սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գանձապետական հաշիվների սպասարկման հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն կարգով նախատեսված առանձնահատկությունները:

11. ԾԻԳ-ը կարող է իր անվամբ բացված հաշվից միջոցներ ելքագրել, ինչպես նաև` հաշվի մասին տեղեկություններ` հաշվից քաղվածքներ ստանալ (և արտատպել) էլեկտրոնային եղանակով:

12. Հաշիվների սպասարկման շրջանակում Հայաստանի Հանրապետության գանձապետարանը ԾԻԳ-երին մատուցում է բանկային ծառայություններ` բացի վարկերի և փոխառությունների տրամադրումից: Հաշիվների սպասարկման, այդ թվում` մատուցվող ծառայությունների շրջանակը (տեսակները), այդ ծառայությունների մատուցման պայմանները, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով հաշիվների սպասարկման գործընթացի կազմակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նախարարության և ԾԻԳ-ի միջև կնքված համապատասխան պայմանագրով (համաձայնագրով կամ վարչական ակտով): Պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:

13. Հայաստանի Հանրապետության գանձապետարանը հաշվից միջոցները ելքագրում է այդ նպատակով ԾԻԳ-ի կողմից ներկայացված վճարային փաստաթղթերն ստանալու օրվան հաջորդող մեկ բանկային օրվա ընթացքում: Հայաստանի Հանրապետության գանձապետարան ներկայացվող վճարային փաստաթղթերի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:

14. ԾԻԳ-ը կարող է իր անվամբ բացված հաշվով կատարված գործարքների մասին պահանջել գրավոր` Հայաստանի Հանրապետության գանձապետարանի համապատասխան ստորաբաժանման կնիքով հաստատված տեղեկատվություն` հաշվից քաղվածք: ԾԻԳ-ը հաշվից քաղվածք ստանալու պարբերականությունը նշում է սույն կարգի համաձայն հաշիվ բացելու նպատակով Հայաստանի Հանրապետության գանձապետարան ներկայացրած դիմումում:

15. Հաշիվների սպասարկման շրջանակում Հայաստանի Հանրապետության գանձապետարանը ԾԻԳ-երի ֆինանսական միջոցների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված նախնական հսկողության գործառույթներ չի իրականացնում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.06.2018, N 706-Ն 09.07.2018, N 324-Ն
01.08.2013, N 822-Ն 15.08.2013, N 324-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան