Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (22.04.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/2(2)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
07.10.2005
Ստորագրման ամսաթիվ
07.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2006

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության եվ Լատվիայի Հանրապետության Կառավարության միջեվ մաքսային հարցերում փոխադարձ օգնության մասին

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Լատվիայի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ընդունելով, որ մաքսային օրենսդրության խախտումները վնասում են իրենց համապատասխան երկրների տնտեսական և սոցիալական շահերին, ինչպես նաև առևտրի օրինական նպատակներին,

ընդունելով ապրանքների ներմուծման կամ արտահանման ընթացքում մաքսատուրքերի, այլ հարկերի, վճարների կամ գանձումների ճշգրիտ հաշվարկման և գանձման երաշխավորման, ինչպես նաև արգելման, սահմանափակման և հսկողության դրույթների պատշաճ իրականացման կարևորությունը,

համոզված լինելով, որ մաքսային օրենսդրության խախտումների կանխման և ներմուծման ու արտահանման մաքսատուրքերի, հարկերի, վճարների կամ գանձումների ճշգրիտ հաշվարկման երաշխավորմանն ուղղված ջանքերը կարող են իրականացվել ավելի արդյունավետ` իրենց մաքսային մարմինների միջև համագործակցության միջոցով,

հաշվի առնելով 1953թ. դեկտեմբերի 5-ի Մաքսային համագործակցության խորհրդի առաջարկությունը փոխադարձ վարչական օգնության մասին,

հաշվի առնելով նաև Թմրամիջոցների մասին միասնական կոնվենցիայի (1961թ. մարտի 30, Նյու Յորք), Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո կազմված Հոգեներգործող նյութերի մասին կոնվենցիայի (1971թ. փետրվարի 21, Վիեննա), ինչպես նաև Թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառության դեմ Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի (1988թ. դեկտեմբերի 19, Վիեննա) դրույթները,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Սահմանումներ

 

Հոդված 1

 

Սույն Համաձայնագրի նպատակներով.

 

1. «Մաքսային օրենսդրություն» նշանակում է` ապրանքների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման վերաբերյալ օրենքով կամ կանոնով նախատեսված դրույթներ կամ որևէ այլ մաքսային ընթացակարգ` կապված մաքսային մարմինների կողմից գանձվող մաքսատուրքերի, այլ հարկերի, վճարների կամ գանձումների կամ միջոցառումների կամ արգելման, սահմանափակման կամ հսկողության հետ:

2. «Մաքսային իրավախախտում» նշանակում է` մաքսային օրենսդրության ցանկացած խախտում, ինչպես նաև այդ օրենսդրության խախտման ցանկացած փորձ:

3. «Մաքսային մարմին» նշանակում է`

- Հայաստանի Հանրապետության համար՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե, և

- Լատվիայի Հանրապետության համար՝ պետական եկամուտների ծառայության ազգային մաքսային վարչություն:

4. «Հարցում կատարող մաքսային մարմին» նշանակում է` Պայմանավորվող կողմի մաքսային մարմին, որը մաքսային հարցերի վերաբերյալ կատարում է օգնության հարցում:

5. «Հարցվող մաքսային մարմին» նշանակում է` Պայմանավորվող կողմի մաքսային մարմին, որը մաքսային հարցերի վերաբերյալ ստանում է օգնության հարցում:

6. «Տեղեկատվություն» նշանակում է` ցանկացած ձևի տվյալ, փաստաթուղթ, հաշվետվություն, դրանց վավերացված կամ հաստատված պատճեններ կամ այլ հաղորդագրություններ:

7. «Անձ» նշանակում է` ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ:

8. «Անձնական տվյալներ» նշանակում է` ցանկացած տվյալ հայտնի կամ բացահայտման ենթակա անձի վերաբերյալ:

9. «Վերահսկելի առաքում» նշանակում է` թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և սկզբնանյութերի կամ դրանց փոխարինող նյութերի, զենքի, զինամթերքի, թունավոր գազի, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութերի` մեկ կամ ավելի երկրների տարածքից, այդ տարածքով կամ դեպի այդ տարածք ապօրինի կամ կասկածելի առաքումները թույլատրող միջոցառում, որը իրականացվում է այդ երկրների իրավասու մարմինների գիտությամբ և նրանց հսկողությամբ` այդպիսի իրավախախտումներում ընդգրկված անձանց բացահայտելու նպատակով:
 

Համաձայնագրի գործողության շրջանակը

 

Հոդված 2

 

1. Պայմանավորվող կողմերը, մաքսային մարմինների միջոցով և սույն Համաձայնագրում նախատեսված դրույթներին համապատասխան, միմյանց փոխադարձ օգնություն կցուցաբերեն՝

ա) իրենց պետությունների տարածքներում մաքսային օրենսդրության պահանջների իրականացման պայմանների վերաբերյալ հարցերով,

բ) մաքսային օրենսդրության խախտումները կանխելու, հետաքննություն կատարելու և դրանց դեմ պայքարելու նպատակով,

գ) մաքսային օրենսդրության կիրառմանը վերաբերող փաստաթղթեր ուղարկելու/ դրանց մասին ծանուցելու դեպքերում:

2. Սույն Համաձայնագրի շրջանակներում օգնությունը պետք է ցուցաբերվի հարցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող օրենսդրությանը համապատասխան և հարցվող մաքսային մարմնի իրավասության ու միջոցների սահմաններում: Անհրաժեշտության դեպքում մաքսային մարմինը կարող է կազմակերպել, որ օգնությունը տրամադրվի այլ իրավասու մարմնի կողմից` հարցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող օրենսդրությանը համապատասխան:

 

Տեղեկատվության փոխանակում

 

Հոդված 3

 

1. Մաքսային մարմինները իրենց սեփական նախաձեռնությամբ կամ հարցման դեպքում միմյանց կտրամադրեն այն ամբողջ տեղեկատվությունը, որը կարող է օգտակար լինել հետևյալ իրավիճակներում պարզաբանում կատարելիս.

ա) մաքսային մարմինների կողմից գանձվող մաքսատուրքերը, այլ հարկերը, վճարները և գանձումները հավաքելիս. և հատկապես այն տեղեկատվությունը, որը կարող է օգտակար լինել մաքսային նպատակներով ապրանքների արժեքը որոշելիս և նրանց սակագների դասակարգումը իրականացնելիս,

բ) ներմուծման և արտահանման արգելքներ և սահմանափակումներ կիրառելիս,

գ) մի Պայմանավորվող կողմի կամ երկու Պայմանավորվող կողմերի կողմից կնքված այլ համաձայնագրերով չկարգավորվող ապրանքների ծագման վերաբերյալ ազգային կանոնները կիրառելիս:

2. Եթե հարցվող մաքսային մարմինը չի տիրապետում հարցվող տեղեկատվությանը, նա պետք է փնտրի այդ տեղեկատվությունը հարցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող օրենսդրությանը համապատասխան:

3. Հարցվող մաքսային մարմինը կփնտրի տեղեկատվությունը այնպես, ինչպես կփնտրեր այն իր համար:

 

Հոդված 4

 

Հարցման դեպքում մաքսային մարմինները միմյանց կտրամադրեն հետևյալ տեղեկատվությունը.

ա) մի Պայմանավորվող կողմի տարածք ներմուծված ապրանքները օրինակա՞ն են արտահանվել մյուս Պայմանավորվող կողմի տարածքից, թե ոչ,

բ) մի Պայմանավորվող կողմի տարածքից արտահանված ապրանքները օրինակա՞ն են ներմուծվել մյուս Պայմանավորվող կողմի տարածք, թե ոչ,

գ) մի Պայմանավորվող կողմի տարածքից բարենպաստ պայմաններով արտահանման թույլտվություն ստացած ապրանքները պատշա՞ճ կերպով են ներմուծվել մյուս Պայմանավորվող կողմի տարածք, թե ոչ: Հասկանալի է, որ պետք է տրամադրվի նաև տեղեկատվություն մաքսային հսկողության ցանկացած միջոցառման վերաբերյալ, որին ենթարկվում են ապրանքները,

 դ) ապրանքները, որոնք տարանցիկ փոխադրվել են յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի պետության տարածքով, օրինակա՞ն են փոխադրվել, թե ոչ:

 

Հոդված 5

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի մաքսային մարմինը իր նախաձեռնությամբ կամ հարցման դեպքում մյուս Պայմանավորվող կողմի մաքսային մարմնին կտրամադրի ամբողջ այն տեղեկատվությունը, որը հնարավոր է, որ առնչություն ունենա մաքսային օրենսդրության իրավախախտումների հետ և, մասնավորապես.

ա) մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրության իրավախախտումներ կատարող կամ կատարած, հայտնի կամ իրավախախտումներ կատարելու մեջ կասկածվող անձանց մասին,

բ) ապրանքների ապօրինի փոխադրման ժամանակ օգտագործվող նոր միջոցների և մեթոդների մասին,

գ) ապօրինի շրջանառության առարկա հանդիսացող հայտնի ապրանքների մասին,

դ) այն փոխադրամիջոցների և բեռնարկղերի մասին, որոնք հայտնի է, որ օգտագործվել են, կամ կասկած կա, որ օգտագործվել են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրության իրավախախտումների ժամանակ,

ե) այն տարածքների մասին, որոնք օգտագործվել են, կամ կասկած կա, որ օգտագործվել են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրության իրավախախտումների ժամանակ:

 

Հոդված 6

 

1. Մի Պայմանավորվող կողմի մաքսային մարմինը իր նախաձեռնությամբ կամ հարցման դեպքում մյուս Պայմանավորվող կողմի մաքսային մարմնին կտրամադրի հաշվետվություններ, վկայությունների գրանցումներ կամ փաստաթղթերի հաստատված պատճեններ, որոնք տալիս են առկա ամբողջ տեղեկությունները հայտնի կամ ծրագրվող գործարքների վերաբերյալ, որոնք Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրության իրավախախտում են կամ հնարավոր է, որ իրավախախտում հանդիսանան:

2. Տեղեկատվությունը բնօրինակով կարող է պահանջվել միայն այն դեպքերում, երբ հաստատված պատճենները բավարար չեն: Ուղարկված բնօրինակները ենթակա են վերադարձման հնարավորին չափ շուտ:

 

Հոդված 7

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում տրամադրված փաստաթղթերը կարող են փոխարինվել ցանկացած ձևով նույն նպատակների համար կազմված համակարգչային տեղեկատվությամբ: Միևնույն ժամանակ պետք է նյութերի մեկնաբանման կամ օգտագործման համար տրամադրվի համապատասխան տեղեկատվություն:

 

Անձանց, ապրանքների և փոխադրամիջոցների նկատմամբ հսկողությունը

 

Հոդված 8

 

Մի Պայմանավորվող կողմի մաքսային մարմինը իր իրավասության և հնարավորությունների սահմաններում, իր նախաձեռնությամբ կամ մյուս Պայմանավորվող կողմի մաքսային մարմնի հարցման դեպքում հսկողություն կիրականացնի.

ա) այն անձանց տեղաշարժերի, հատկապես իր տարածք մուտք գործելու և այդ տարածքից դուրս գալու նկատմամբ, որոնք հայտնի է, որ կատարում են կամ կատարել են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրության իրավախախտումներ, կամ կասկած կա, որ կատարում են կամ կատարել են այդ իրավախախտումները,

բ) բոլոր այն փոխադրամիջոցների և բեռնարկղերի նկատմամբ, որոնք հայտնի են կամ կասկածվում են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրության իրավախախտումներ կատարելու ժամանակ օգտագործվելու մեջ,

գ) մյուս Պայմանավորվող կողմի մաքսային մարմնի հայտնած ապրանքների փոխադրման նկատմամբ, որոնք նպաստում են դեպի իր պետության տարածք կամ այդ տարածքից իրականացվող հիմնական ապօրինի փոխադրումներին կամ կասկածվում են դրանում:

 

Վերահսկելի առաքում

 

Հոդված 9

 

1. Պայմանավորվող կողմերը, ելնելով իրենց ազգային օրենսդրության պահանջներից, իրենց հնարավորությունների սահմաններում կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ միջազգային մակարդակով վերահսկելի առաքման համապատասխան օգտագործումը համաձայնագրերի և/կամ փոխադարձաբար ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա թույլատրելու համար` թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և սկզբնանյութերի կամ դրանց փոխարինող նյութերի, զենքի, զինամթերքի, թունավոր գազերի, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութերի ապօրինի առևտրում ներգրավված անձանց բացահայտելու և նրանց դեմ իրավական գործողություններ ձեռնարկելու նպատակով:

2. Վերահսկելի առաքում իրականացնելու մասին որոշումը կկայացվի ըստ յուրաքանչյուր դեպքի: Անհրաժեշտության դեպքում և պայմանով, որ այն համապատասխանում է Պայմանավորվող կողմերի երկրների ազգային օրենսդրությանը, կարող են հաշվի առնվել ձեռք բերված ֆինանսական պայմանավորվածությունները և համաձայնությունները:

3. Վերահսկելի առաքման ենթակա թմրամիջոցներով, հոգեներգործող նյութերով և սկզբնանյութերով կամ դրանց փոխարինող նյութերով, զենքով, զինամթերքով, թունավոր գազերով, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութերով ապօրինի բեռները իրավասու մարմինների փոխադարձ համաձայնությամբ կարող են կանգնեցվել և կարող է թույլատրվել շարունակել ընթացքը, թողնվել անփոփոխ վիճակում կամ տեղափոխվել կամ ամբողջությամբ կամ մասամբ փոխարինվել:

 

Հետաքննություններ

 

Հոդված 10

 

1. Հարցման դեպքում հարցվող մաքսային մարմինը կնախաձեռնի պաշտոնական հետաքննություններ այն գործարքների առնչությամբ, որոնք հակասում են կամ հնարավոր է, որ հակասեն հարցում կատարող Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրությանը: Նա հարցում կատարող մաքսային մարմնին կտեղեկացնի այդ հետաքննությունների արդյունքների մասին:

2. Այդ հետաքննությունները կիրականացվեն հարցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող օրենսդրության համաձայն:

3. Հարցվող մաքսային մարմինը կարող է հարցում կատարող Պայմանավորվող կողմի պաշտոնատար անձանց թույլատրել ներկա գտնվել այդպիսի հետաքննություններին:

4. Երբ մի Պայմանավորվող կողմի մաքսային մարմնի ներկայացուցիչները սույն Համաձայնագրի համաձայն գտնվում են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում, պետք է ցանկացած պահի կարողանան ներկայացնել ապացույցներ իրենց պաշտոնական լիազորությունների վերաբերյալ: Նրանք չպետք է կրեն համազգեստ և զենք:

5. Նշված տարածքում գտնվելու ընթացքում նրանց կտրամադրվի նույն պաշտպանվածությունը, որը տրամադրվում է մյուս Պայմանավորվող կողմի մաքսային մարմնին` այնտեղ գործող ազգային օրենսդրությանը համապատասխան, և նրանք պատասխանատվություն կկրեն իրենց կատարած ցանկացած իրավախախտման համար:

 

Փորձագետներ և վկաներ

 

Հոդված 11

 

1. Եթե մի Պայմանավորվող կողմի դատարանը կամ մարմինները պահանջել են ներկայանալ իրենց` կապված մաքսային օրենսդրության իրավախախտումների հետ, մյուս Պայմանավորվող կողմի մաքսային մարմինը կարող է լիազորել իր պաշտոնատար անձանց այդ դատարաններում կամ իրավասու մարմինների առջև ներկայանալ որպես փորձագետներ կամ վկաներ: Այդպիսի պաշտոնատար անձինք տալիս են վկայություն իրենց պարտականությունների կատարման ընթացքում արձանագրված փաստերի վերաբերյալ և իրենց տրված լիազորությունների շրջանակներում:

2. Փորձագետներ և վկաներ լիազորելու պահանջում հստակ նշվում են հարցի էությունը և հրավիրվող պաշտոնատար անձանց իրավասության շրջանակը: Մաքսային պաշտոնատար անձանց որպես փորձագետների և վկաների հրավիրելը պետք է իրականացվի Պայմանավորվող կողմի պետության գործող օրենսդրությանը համապատասխան:

3. Հարցում կատարող մաքսային մարմինը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները պաշտոնատար անձանց իր տարածքում գտնվելու ընթացքում անձնական անվտանգության և ցուցմունքների գաղտնիության ապահովման համար:

 

Տեղեկատվության օգտագործումը

 

Հոդված 12

 

1. Սույն Համաձայնագրի համաձայն ստացված տեղեկատվությունը չպետք է օգտագործվի սույն Համաձայնագրում չնշված նպատակներով, առանց դրանք տրամադրող մաքսային մարմնի գրավոր համաձայնության: Այս դրույթները կիրառելի չեն թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և սկզբնանյութերի կամ դրանց փոխարինող նյութերի, զենքի, զինամթերքի, թունավոր գազերի, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութերի հետ կապված իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվության նկատմամբ:

2. Սույն Համաձայնագրի համաձայն ցանկացած ձևով փոխանցված ցանկացած տեղեկատվություն պետք է ունենա գաղտնի բնույթ: Այն պետք է պահվի պաշտոնական գաղտնիքի պահման պարտավորությամբ և պահվի այնպես, ինչպես պահվում է նմանատիպ տեղեկատվությունը` այն ստացած Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող ազգային օրենսդրության համաձայն:

3. Պայմանավորվող կողմի մաքսային մարմինը, այնուամենայնիվ, կարող է սույն Համաձայնագրի նպատակին համապատասխան և սույն Համաձայնագրի շրջանակներում վկայությունների իր գրանցումներում, հաշվետվություններում և ցուցմունքներում ու դատական քննության ընթացքում ու դատարանում առաջադրված մեղադրանքներում սույն Համաձայնագրին համապատասխան ձեռք բերված տեղեկատվությունը օգտագործել որպես ապացույց:

Այդ տեղեկատվության որպես ապացույց օգտագործումը դատարանում և դրա կարևորությունը պետք է որոշվեն գործող ազգային օրենսդրությանը համապատասխան:

 

Առաքում/ծանուցում

 

Հոդված 13

 

Հարցման դեպքում հարցվող մաքսային մարմինը, հարցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող օրենսդրությանը համապատասխան, իր տարածքում մշտապես բնակվող կամ բնակություն հաստատած համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պետք է առաքի/ծանուցի սույն Համաձայնագրի շրջանակներում բոլոր փաստաթղթերը և որոշումները, որոնք հարցվում են հարցում կատարող մաքսային մարմնի կողմից:

 

Օգնության համար հարցման ձևը և բովանդակությունը

 

Հոդված 14

 

1. Սույն Համաձայնագրի համաձայն` հարցումը պետք է կատարվի գրավոր: Այդպիսի հարցումների կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է կցվեն հարցմանը: Անհրաժեշտության դեպքում անհետաձգելի իրավիճակներում կարող է ընդունվել բանավոր հարցումը, որը, սակայն, պետք է անհապաղ հաստատվի:

2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն կատարված հարցումները կներառեն հետևյալ տեղեկատվությունը.

ա) հարցում կատարող մաքսային մարմնի անվանումը,

բ) պահանջվող միջոցառումը,

գ) հարցման նպատակը և պատճառը,

դ) օրենսդրությունը և այլ իրավական նորմերը, որոնք ընկած են հարցման հիմքում,

ե) հարցումների սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերաբերյալ հնարավորին չափ ճշգրիտ ու սպառիչ տեղեկություններ,

զ) համապատասխան փաստերի համառոտ նկարագրությունը` բացառությամբ սույն Համաձայնագրի 12-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

3. Հարցումները պետք է ներկայացվեն ռուսերեն կամ անգլերեն:

4. Եթե հարցումը չի համապատասխանում ձևակերպման պահանջներին, ապա կարող է պահանջվել, որ այն ուղղվի կամ բերվի ավարտուն տեսքի: Դա չպետք է ազդի դրա հետ կապված կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու վրա:

5. Հարցումների պատասխանները պետք է ներկայացվեն ռուսերեն կամ անգլերեն:

 

Բացառություններ օգնություն ցուցաբերելու պարտավորությունից

 

Հոդված 15

 

1. Եթե հարցվող մաքսային մարմինը գտնում է, որ պահանջվող օգնությունը տրամադրելը կարող է վնասել հարցվող Պայմանավորվող կողմի պետության ինքնիշխանությանը, հասարակական կարգին, անվտանգությանը կամ այլ էական շահերին, կամ որ այն կարող է հանգեցնել Պայմանավորվող կողմի պետության տարածքում արդյունաբերական, առևտրային կամ մասնագիտական գաղտնիքի գաղտնիության խախտմանը, ապա նա կարող է մերժել նման օգնությունը կամ կարող է օգնություն տրամադրել միայն որոշակի պայմանների բավարարման դեպքում:

2. Եթե օգնության հարցումը չի կարող իրականացվել, ապա հարցում կատարող մաքսային մարմինը պետք է այդ մասին անհապաղ իրազեկվի և պետք է տեղեկացվի օգնության տրամադրումը մերժելու պատճառների մասին:

 

Ծախսեր

 

Հոդված 16

 

1. Յուրաքանչյուր մաքսային մարմին կհրաժարվի սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում կատարված ծախսերի փոխհատուցման համար բոլոր պահանջներից` բացառությամբ պետական ծառայողներ չհանդիսացող փորձագետների, վկաների, թարգմանիչների համար կատարվող ծախսերից:

2. Եթե ծախսերը զգալի են և ոչ սովորական բնույթի, կամ պահանջվում է կատարել հարցումը, ապա Պայմանավորվող կողմերը խորհրդակցում են` որոշելու համար այն ժամկետները և պայմանները, որոնց համաձայն իրականացվելու է հարցումը, ինչպես նաև` այն եղանակը, որի միջոցով պետք է ծածկվեն ծախսերը:

 

Իրականացումը

 

Հոդված 17

 

1. Սույն Համաձայնագրով նախատեսվող օգնությունը պետք է իրականացվի անմիջապես Կողմերի մաքսային մարմինների միջև:

2. Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինները համատեղ կորոշեն սույն Համաձայնագրի իրականացման համար մանրամասն միջոցառումները:

3. Սույն Համաձայնագրի նպատակների համար մաքսային մարմինները կնշանակեն մաքսային պաշտոնատար անձանց և կփոխանակեն այդ պաշտոնյաների անունները, պաշտոնները, հեռախոսի/ֆաքսի համարները, էլեկտրոնային փոստի հասցեները պարունակող ցուցակները:

4. Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինները կձգտեն փոխհամաձայնությամբ լուծել սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած տարաձայնություն կամ կասկած: Այն տարաձայնությունները, որոնք չեն կարգավորվել, կկարգավորվեն դիվանագիտական ուղիներով:

 

Տարածքային կիրառելիությունը

 

Հոդված 18

 

Սույն Համաձայնագիրը կկիրառվի երկու Պայմանավորվող կողմերի մաքսային տարածքներում:

 

Ուժի մեջ մտնելը և  դադարեցումը

 

Հոդված 19

 

1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագիրը վերանայելու նպատակով կբանակցեն դիմումի դեպքում կամ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երեք տարի հետո, եթե Կողմերը միմյանց չեն ծանուցել այդպիսի վերանայման անհրաժեշտության բացակայության մասին:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ դիվանագիտական ուղիներով մյուս Պայմանավորվող կողմին կծանուցի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ազգային իրավական բոլոր պահանջների կատարման մասին: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վերջին ծանուցումը ստանալուց 60 (վաթսուն) օր հետո:

3. Սույն Համաձայնագիրը կարող է դադարեցվել դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցմամբ և կդադարեցվի այդպիսի ծանուցումը մյուս Պայմանավորվող կողմի ստանալուց 6 (վեց) ամիս հետո:

4. Դադարեցման պահին ընթացքի մեջ գտնվող գործընթացները, այնուամենայնիվ, պետք է ավարտվեն` սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան:

 

Կատարված է Երևան քաղաքում 2005 թվականի հոկտեմբերի 7-ին, երկու բնօրինակով, հայերեն, լատիշերեն և անգլերեն. բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ ցանկացած տարաձայնության դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006թ. ապրիլի 22-ից: