Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (26.04.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2011.01.14/12(20) Հոդ.5
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
17.06.2009
Ստորագրման ամսաթիվ
17.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2010

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Սիրիայի Արաբական Հանրապետության Կառավարությունը (այսուհետ՝ Պայմանավորվող կողմեր),

հաշվի առնելով երկու երկրների և նրանց ժողովուրդների միջև բարեկամական և համագործակցային հարաբերությունները,

նպատակ ունենալով բարենպաստ պայմաններ ստեղծել մի Պայմանավորվող կողմի ներդրողների` մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ներդրումներ կատարելու համար` ինքնիշխան հավասարության և փոխշահավետության հիման վրա,

և

ընդունելով, որ ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը կնպաստի երկու երկրներում ներդրումային գործունեության խթանմանը,

 համաձայնեցին հետևյալի մասին:

 

Հոդված 1

 

Սահմանումներ

 

1. Սույն Համաձայնագրի նպատակների համար`

«ներդրումներ» եզրույթը նշանակում է` գույքի ցանկացած տեսակ, որը ներդրվում է մի Պայմանավորվող կողմի ներդրողի կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածքում` վերջինիս օրենքներին և կանոնակարգերին համապատասխան, և մասնավորապես, սակայն ոչ բացառապես ներառում է.

 ա) շարժական և անշարժ գույքը, ինչպես նաև այլ գույքային իրավունքները, ինչպիսիք են գրավը, արտոնությունները, երաշխիքները և նման այլ իրավունքները,

բ) բաժնետոմսերը, պարտատոմսերը կամ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գործող ընկերություններում կամ համատեղ ձեռնարկություններում մասնակցության ցանկացած այլ ձևերը,

գ) արտոնագրերը, արդյունաբերական նմուշները, առևտրային նշանները, առևտրային անվանումները, «նոու-հաու»-ն և մտավոր սեփականության այլ իրավունքները,

դ) ներդրումներին առնչվող օրենքով կամ պայմանագրով տրամադրված գործարար կոնցեսիաները` ներառյալ բնական պաշարների հետազոտման և շահագործման կոնցեսիան:

2. «Ներդրողներ» եզրույթը նշանակում է.

ա) այն ֆիզիկական անձինք, որոնք հանդիսանում են երկու պետություններից որևէ մեկի քաղաքացի` համաձայն վերջինիս օրենքների և կանոնակարգերի,

բ) իրավաբանական անձինք կամ այլ տնտեսական միություններ, որոնք հիմնադրվել են Պայմանավորվող կողմերից մեկի օրենքների և կանոնակարգերի համաձայն, և որոնց իրավաբանական հասցեն գտնվում է այդ Պայմանավորվող կողմի տարածքում:

3. «Առանց ուշացման» եզրույթը համարվում է կատարված, եթե փոխանցումն իրականացվում է այնպիսի ժամանակահատվածում, որը սովորաբար պահանջվում է միջազգային ֆինանսական պրակտիկայում:

4. «Եկամուտ» եզրույթը նշանակում է` ներդրման արդյունքում ստացված գումարներ, որոնք մասնավորապես, բայց ոչ բացառապես ներառում են շահույթը, տոկոսները, շահաբաժինները, կապիտալի աճը, ռոյալթիները և վարձատրությունները:

5. «Տարածք» եզրույթը նշանակում է.

Հայաստանի Հանրապետության դեպքում` Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքը, ներքին ջրերը և դրանց վերևի օդային տարածությունը, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է ինքնիշխան իրավունքներ և ունի իրավասություն` համաձայն իր գործող ազգային օրենքների և միջազգային իրավունքի:

«Սիրիա», միջազգային իրավունքի համաձայն, նշանակում է` Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքները, ներառյալ ներքին ջրերը, ծովային տարածքները, ստորջրյա տարածքները և դրանց վերևի օդային տարածությունը, որոնց նկատմամբ Սիրիան ունի ինքնիշխան իրավունքներ, ինչպես նաև` այլ մերձափնյա տարածքներ, որոնց նկատմամբ Սիրիան ունի ինքնիշխան իրավունքներ իրականացնելու իրավունք բնական պաշարների հետազոտման, շահագործման և պահպանման նպատակներով:

 

Հոդված 2

 

Ներդրումների խրախուսում և պաշտպանություն

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է խրախուսի և բարենպաստ պայմաններ ստեղծի իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից այդ տարածքում ներդրումներ կատարելու համար և պետք է ընդունի այդ ներդրումները` իր օրենքների և կանոնակարգերի համաձայն:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ պետք է մշտապես ցուցաբերվի արդար և հավասար վերաբերմունք, և ներդրողները պետք է ստանան պատշաճ պաշտպանություն և ապահովություն մյուս Պայմանավորվող կողմի տարածքում:

 

Հոդված 3

 

Առավել բարենպաստ ռեժիմի դրույթներ

 

1. Մի Պայմանավորվող կողմի ներդրողների ընդունված ներդրումները, որոնք կատարվել են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում վերջինիս օրենքների և կանոնակարգերի համաձայն, կստանան մյուս Պայմանավորվող կողմի տարածքում իրավական պաշտպանություն և արդարացի վերաբերմունք ոչ պակաս բարենպաստ պայմաններով, քան այն վերաբերմունքն է, որը ցուցաբերվում է սեփական ներդրողների կամ նման իրավիճակում գտնվող որևէ երրորդ պետության ներդրողների նկատմամբ, եթե այն ավելի բարենպաստ է:

2. Եթե Պայմանավորվող կողմը հատուկ արտոնություններ է տրամադրում որևէ երրորդ պետության ներդրողներին ազատ առևտրի գոտի, մաքսային միություն, ընդհանուր շուկա կամ տարածաշրջանային նման այլ կազմակերպություն ստեղծող համաձայնագրի կամ կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրի հիման վրա, ապա նա պարտավորված չէ նման արտոնություններ տրամադրել մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին:

 

Հոդված 4

 

Օտարում

 

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի ներդրողների ներդրումները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում չպետք է օտարվեն, սեփականազրկվեն, ազգայնացվեն կամ ենթարկվեն օտարմանը, սեփականազրկմանը և ազգայնացմանը համարժեք հետևանքներ ունեցող այլ միջոցների կիրառման (այսուհետ՝ օտարում): Ներդրումները կարող են օտարվել հասարակության և պետության կարիքների համար միայն բացառիկ դեպքերում, երբ գերակայում են հանրային շահերը, օրենքով սահմանված կարգով, անխտրականության հիման վրա և համարժեք փոխհատուցմամբ, որը պետք է վճարվի օտարման միջոցներ ձեռնարկող` ընդունող երկրի սահմանադրության և օրենքների համաձայն: Այդ փոխհատուցումը պետք է համարժեք լինի օտարվող ներդրումների իրական շուկայական արժեքին` անմիջապես օտարումից կամ օտարումը հանրորեն հայտնի դառնալուց առաջ, պետք է ներառի մոտալուտ տոկոսները` հաշվարկված կիրառելի առևտրային տոկոսադրույքով օտարման փաստացի օրվանից մինչև վճարման ամսաթիվը, և պետք է լինի արդյունավետ կերպով իրացվելի:

2. Օտարման և փոխհատուցման դեպքում կցուցաբերվի ոչ պակաս բարենպաստ վերաբերմունք, քան այն վերաբերմունքն է, որը Պայմանավորվող կողմը ցուցաբերում է իր կամ որևէ երրորդ պետության ներդրողների նկատմամբ: Փոխհատուցումը պետք է կատարվի ազատ փոխարկելի արժույթով:

3. Մի Պայմանավորվող կողմի այն ներդրողները, որոնց նկատմամբ օտարում է կատարվել, ունեն մյուս Պայմանավորվող կողմի դատական կամ այլ անկախ մարմնի կողմից իրենց գործի և ներդրումների գնահատման շուտափույթ վերանայման իրավունք` սույն հոդվածում սահմանված սկզբունքների համաձայն:

4. Երբ մի Պայմանավորվող կողմը օտարում է այն ընկերության ակտիվները, որը հիմնադրվել կամ կազմավորվել է իր օրենքների և կանոնակարգերի համաձայն, և որում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողները հանդիսանում են բաժնետոմսերի, պարտատոմսերի կամ մասնակցության այլ ձևերի սեփականատեր, կիրառվում են սույն հոդվածի դրույթները:

 

Հոդված 5

 

Վնասների փոխհատուցում

 

1. Մի Պայմանավորվող կողմի այն ներդրողներին, որոնց ներդրումները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում վնասներ են կրում պատերազմի կամ այլ զինված ընդհարումների, հեղափոխության, արտակարգ դրության, խռովության, քաղաքացիական անկարգությունների կամ ապստամբության հետևանքով այդ Պայմանավորվող կողմի տարածքում, վերջին Պայմանավորվող կողմը տրամադրում է վնասների փոխհատուցման, վերականգնման կամ այլ կարգավորման հետ կապված ռեժիմ:

2. Այդ ռեժիմը պետք է լինի ոչ պակաս բարենպաստ, քան այն վերաբերմունքն է, որը վերջին Պայմանավորվող կողմը ցուցաբերում է իր կամ որևէ երրորդ պետության ներդրողների նկատմամբ, եթե վերջինս ավելի բարենպաստ է տվյալ ներդրողների համար:

 

Հոդված 6

 

Փոխանցումներ

 

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը իր օրենքների և կանոնակարգերի շրջանակներում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների առնչությամբ երաշխավորում է առանց ուշացման փոխանցել.

 ա) շահույթը, տոկոսները, շահաբաժինները և ընթացիկ այլ եկամուտները,

բ) դրամական միջոցները, որոնք անհրաժեշտ են`

i) հումքի և օժանդակ նյութերի, կիսապատրաստվածքների և պատրաստի ապրանքների ձեռքբերման համար, կամ

ii) ներդրումների շարունակականությունը ապահովելու նպատակով հիմնական կապիտալի համալրման համար,

գ) ներդրումների աճի համար անհրաժեշտ լրացուցիչ դրամական միջոցները,

դ) փոխառությունների մարմանն ուղղված գումարները,

ե) ռոյալթիները կամ վարձատրությունները,

զ) ֆիզիկական անձանց աշխատավարձերը,

է) ներդրման վաճառքից կամ լուծարումից ստացված հասույթները,

ը) վնասների դիմաց փոխհատուցումը,

թ) օտարման դիմաց փոխհատուցումը:

2. Փոխանցումը պետք է իրականացվի փոխանցման օրվա դրությամբ տվյալ արտարժույթով կատարվելիք փոխանցման գործառնության համար արտարժույթի գերակայող փոխարժեքով:

 

Հոդված 7

 

Սուբրոգացիա

 

Եթե Պայմանավորվող կողմերից մեկի ներդրողների ներդրումն ապահովագրված է ոչ առևտրային ռիսկերից օրենքով սահմանված կարգով, ապա ապահովագրողին կամ վերաապահովագրողին տվյալ ներդրողի իրավունքների փոխանցումը սուբրոգացիայի միջոցով` տվյալ ապահովագրության պայմանների համաձայն, պետք է ճանաչվի մյուս Պայմանավորվող կողմի կողմից, այնուամենայնիվ, պայմանով, որ ապահովագրողը կամ վերաապահովագրողը չեն ստանա այլ իրավունքներ, որոնք իրականացնելու իրավունք ներդրողը չի ունեցել:

 

Հոդված 8

 

Պայմանավորվող կողմի և ներդրողի միջև վեճերի կարգավորումը

 

1. Մի Պայմանավորվող կողմի ներդրողի և մյուս Պայմանավորվող կողմի միջև ցանկացած վեճ` կապված մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կատարած ներդրման հետ, հնարավորության սահմաններում պետք է կարգավորվի բարեկամաբար` վեճին մասնակից կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

2. Եթե վեճը հնարավոր չէ կարգավորել բանակցությունների միջոցով մեկ տարվա ընթացքում, ապա վեճին մասնակից յուրաքանչյուր կողմ իրավունք ունի վեճը ներկայացնելու ներդրումն ընդունող Պայմանավորվող կողմի իրավասու դատարան:

3. Եթե օտարման դիմաց փոխհատուցման գումարին վերաբերող վեճը չի կարող կարգավորվել մեկ տարվա ընթացքում սույն հոդվածի 1-ին կետում սահմանված բանակցությունների միջոցով, ապա այն կարող է, յուրաքանչյուր կողմի պահանջով, ներկայացվել ad հօc (տվյալ նպատակի համար կազմավորված) միջնորդ դատարան: Սույն կետի դրույթները չեն կիրառվում, եթե տվյալ ներդրողը դիմել է սույն հոդվածի 2-րդ կետում առանձնանշված ընթացակարգին:

4. Նման միջնորդ դատարանը պետք է կազմավորվի յուրաքանչյուր առանձին դեպքի համար` հետևյալ կերպով. վեճին մասնակից յուրաքանչյուր կողմ պետք է նշանակի դատարանի մեկ անդամի, և այդ երկու անդամները պետք է նախագահ ընտրեն այն երրորդ պետության քաղաքացու, որի հետ երկու Պայմանավորվող կողմերն ունեն դիվանագիտական հարաբերություններ: Առաջին երկու անդամները պետք է նշանակվեն վեճին մասնակից կողմերից մեկի` վեճը այս կերպով կարգավորելու մասին մյուս կողմին ծանուցելու օրվանից երկու ամսվա ընթացքում, իսկ նախագահը` չորս ամսվա ընթացքում: Եթե վերոնշյալ ժամանակահատվածում միջնորդ դատարանը չի կազմավորվել, ապա վեճին մասնակից յուրաքանչյուր կողմ կարող է հրավիրել Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի գլխավոր քարտուղարին` անհրաժեշտ նշանակումները կատարելու համար:

5. Միջնորդ դատարանն ինքն է սահմանում իր ընթացակարգը: Այնուամենայնիվ, դատարանը կարող է ընթացակարգը սահմանելիս հետևել Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի ընդունած արբիտրաժի կանոններին` որպես ուղեցույցի:

6. Միջնորդ դատարանն իր որոշումը կայացնում է ձայների մեծամասնությամբ: Նման որոշումը վերջնական և պարտադիր է վեճին մասնակից երկու կողմերի համար: Երկու Պայմանավորվող կողմերը պետք է հանձն առնեն կատարել որոշումը` իրենց համապատասխան ներքին օրենսդրության համաձայն:

7. Միջնորդ դատարանն իր որոշումը կայացնում է վեճին մասնակից` ներդրումն ընդունած Պայմանավորվող կողմի օրենքներին համապատասխան, ներառյալ կոլիզիոն իրավունքի նորմերը, սույն Համաձայնագրի դրույթները, ինչպես նաև միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ստացած այն սկզբունքները, որոնք երկու Պայմանավորվող կողմերն ընդունել են:

8. Վեճին մասնակից յուրաքանչյուր կողմ պետք է կրի իր նշանակած դատարանի անդամի և դատական գործընթացում իր ներկայացուցչության հետ կապված ծախսերը: Նշանակված նախագահի և մնացած ծախսերը վեճին մասնակից կողմերը կրում են հավասար մասնաբաժիններով:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանմանը և կիրառմանը վերաբերող վեճերի կարգավորումը երկու Պայմանավորվող կողմերի միջև

 

1. Սույն Համաձայնագրի մեկնաբանմանը կամ կիրառմանը վերաբերող ցանկացած վեճ հնարավորինս պետք է կարգավորվի դիվանագիտական ուղիներով կատարվող խորհրդակցությունների միջոցով:

2. Եթե այս կերպով վեճը հնարավոր չէ կարգավորել վեց ամսվա ընթացքում, ապա այն կարող է, յուրաքանչյուր կողմի պահանջով, ներկայացվել ad հօc միջնորդ դատարան:

3. Նման միջնորդ դատարանը կազմվում է երեք անդամից: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նշանակում է դատարանի մեկ անդամի` Պայմանավորվող կողմերից մեկի` մյուս Պայմանավորվող կողմից կարգավորման մասին ծանուցում ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում: Այդ երկու անդամները հաջորդող երկու ամիսների ընթացքում միասին ընտրում են երրորդ անդամին` այն երրորդ պետության քաղաքացու, որը երկու Պայմանավորվող կողմերի հետ ունի դիվանագիտական հարաբերություններ: Պայմանավորվող կողմերը երրորդ անդամին նշանակում են միջնորդ դատարանի նախագահ:

4. Եթե միջնորդ դատարանը չի կազմավորվել արբիտրաժի մասին գրավոր ծանուցում ստանալուց հետո չորս ամսվա ընթացքում, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, ցանկացած այլ համաձայնության բացակայության դեպքում, կարող է հրավիրել Արդարադատության միջազգային դատարանի նախագահին` դատարանի դեռևս չնշանակված անդամին (ներին) նշանակելու համար: Եթե նախագահը որևէ Պայմանավորվող կողմի քաղաքացի է կամ որևէ այլ պատճառով չի կարող իրականացնել տվյալ գործառույթը, ապա անհրաժեշտ նշանակումը (ները) կատարելու համար հրավիրվում է Արդարադատության միջազգային դատարանի` ավագությամբ հաջորդ անդամը, որը Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի չէ:

5. Միջնորդ դատարանն ինքն է սահմանում իր ընթացակարգը: Միջնորդ դատարանն իր որոշումը կայացնում է սույն Համաձայնագրի դրույթների և միջազգային իրավունքի այն սկզբունքների համաձայն, որոնք երկու Պայմանավորվող կողմերը ճանաչել են:

6. Միջնորդ դատարանն իր որոշումը կայացնում է ձայների մեծամասնությամբ, և նման որոշումը վերջնական է և պարտադիր երկու Պայմանավորվող կողմերի համար: Ad հօc միջնորդ դատարանը, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի պահանջով, պետք է հիմնավորի իր որոշման պատճառները:

7. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է կրի իր նշանակած անդամի և արբիտրաժի գործընթացում իր ներկայացուցչության հետ կապված բոլոր ծախսերը: Նախագահի և միջնորդ դատարանի մնացած ծախսերը Պայմանավորվող կողմերը պետք է կրեն հավասար մասնաբաժիններով:

 

Հոդված 10

 

Փոփոխություններ և լրացումներ

 

Սույն Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել դրա ուժի մեջ մտնելուց հետո, Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխությունները և լրացումները պետք է ձևակերպվեն լրացուցիչ արձանագրությամբ, որն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածով նախատեսված կարգով և հանդիսանում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

Հոդված 11

 

Ուժի մեջ մտնելը, տևողությունը և դադարեցումը

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վավերացման ներպետական ընթացակարգերի ավարտի մասին դիվանագիտական ուղիներով Պայմանավորվող կողմերից որևէ մեկի վերջին ծանուցման ստացման օրվանից երեք ամիս հետո: Այն ուժի մեջ է տասը տարի ժամկետով և կշարունակի ուժի մեջ մնալ հաջորդ տասը տարիների համար և այդպես շարունակ, քանի դեռ Պայմանավորվող կողմերից որևէ մեկը Համաձայնագրի գործողության ժամկետի ավարտից մեկ տարի առաջ գրավոր չի ծանուցել Համաձայնագիրը չեղյալ հայտարարելու մասին:

2. Ինչ վերաբերում է այն ներդրումներին, որոնք կատարվել են մինչև սույն Համաձայնագրի դադարեցման ուժի մեջ մտնելը, սույն Համաձայնագրի 1-10-րդ հոդվածների դրույթները պետք է մնան ուժի մեջ սույն Համաձայնագրի դադարեցման օրվանից հետագա տասը տարիների ընթացքում:

Ի ՎԿԱՅՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված համապատասխան Կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

Կատարված է Երևան քաղաքում 2009 թվականի հունիսի 17-ին, երկու բնօրինակով` հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանության ժամանակ ծագած տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010թ. ապրիլի 26-ին