Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Base act (13.01.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Միավորված Ազգերի Կազմակերպություն (ՄԱԿ)
Ընդունման ամսաթիվ
10.12.2008
Ստորագրման ամսաթիվ
10.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.01.2021

«ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳՐԻ ԿԱՄԸՆՏԻՐ

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Նախաբան

 

Սույն արձանագրության Կողմ պետությունները,

 

համարելով, որ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ հռչակված սկզբունքներին համապատասխան մարդու ընտանիքի բոլոր անդամների բնածին արժանապատվության և նրանց հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումն ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքն է,

      

նշելով, որ Մարդու իրավունքների համընդհանուր hռչակագրով հռչակվում է, որ բոլոր մարդիկ ծնվում են ազատ և հավասար՝ իրենց արժանապատվությամբ ու իրավունքներով, և որ յուրաքանչյուր ոք օժտված է Հռչակագրում ամրագրված իրավունքներով ու ազատություններով` առանց որևէ տարբերակման, ինչպես օրինակ՝ ռասան, մաշկի գույնը, սեռը, լեզուն, դավանանքը, քաղաքական կամ այլ հայացքներ, ազգային կամ սոցիալական պատկանելությունը, գույքը, ծննդյան կամ այլ կարգավիճակ,

     

վկայակոչելով, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով և «Մարդու իրավունքների մասին» միջազգային դաշնագրով ճանաչվում է, որ վախից ու կարիքից զերծ մարդկային ազատ անհատի կատարելատիպին կարելի է հասնել միայն այնպիսի պայմաններ ստեղծելու դեպքում, որոնցում յուրաքանչյուր ոք կկարողանա իրականացնել իր քաղաքացիական, մշակութային, տնտեսական, քաղաքական և սոցիալական իրավունքները,

 

վերահաստատելով մարդու բոլոր իրավունքների և հիմնարար ազատությունների համընդհանրությունը, անքակտելիությունը, փոխկախվածությունը և փոխկապվածությունը,

         

վկայակոչելով, որ «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի (այսուհետ՝ Դաշնագիր) յուրաքանչյուր Կողմ պետություն պարտավորվում է ինքնուրույն և միջազգային աջակցության ու համագործակցության միջոցով, հատկապես՝ տնտեսական և տեխնիկական բնագավառներում, առկա ռեսուրսների առավելագույն սահմաններում միջոցներ ձեռնարկել Դաշնագրով ճանաչված իրավունքների ամբողջական իրացումն աստիճանական կերպով իրականացնելու համար՝ բոլոր պատշաճ միջոցների գործադրմամբ, որոնք ներառում են հատկապես օրենսդրական միջոցների ընդունումը,

    

նկատի ունենալով, որ Դաշնագրի հետագա նպատակներին հասնելու և դրա դրույթները կիրարկելու համար նպատակահարմար է Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հարցերով կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) հնարավորություն ընձեռել իրականացնելու սույն արձանագրությամբ նախատեսված գործառույթները,

   

համաձայնեցին հետևյալի շուրջ.

 

Հոդված 1

          

Կոմիտեի՝ հաղորդագրություններ ստանալու և քննարկելու իրավասությունը

                

1. Սույն Դաշնագրի այն Կողմ պետությունը, որը դառնում է սույն արձանագրության կողմ, ճանաչում է Կոմիտեի` սույն արձանագրության դրույթներով նախատեսված կարգով հաղորդագրություններ ստանալու և քննարկելու իրավասությունը:

2. Կոմիտեի կողմից չպետք է ստացվի ոչ մի այնպիսի հաղորդագրություն, որը վերաբերում է Դաշնագրի այնպիսի Կողմ պետության, որը սույն արձանագրության Կողմ չէ:

        

Հոդված 2

 

Հաղորդագրությունները

  

Հաղորդագրությունները կարող են ներկայացվել Կողմ պետության իրավազորության ներքո գտնվող այն անհատների կամ անհատների խմբերի կողմից կամ նրանց անունից, որոնք պնդում են իրենց՝ այդ Կողմ պետության կողմից թույլ տրված՝ Դաշնագրով սահմանված տնտեսական, սոցիալական ու մշակութային որևէ իրավունքի խախտման զոհ լինելը: Հաղորդագրությունն անհատների կամ անհատների խմբերի անունից ներկայացվելու դեպքում այն ուղեկցվում է այդ անձանց համաձայնությամբ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրա հեղինակը հիմնավորում է առանց այդպիսի համաձայնության նրանց անունից հանդես գալու հանգամանքը:

    

Հոդված 3

 

Ընդունելիությունը

          

1. Կոմիտեն չպետք է քննարկի որևէ հաղորդագրություն, եթե այն չի հավաստիացել բոլոր առկա ներպետական իրավական պաշտպանության միջոցները սպառված լինելու մեջ: Այս սկզբունքը չի գործում այն դեպքերում, երբ այդպիսի իրավական պաշտպանության միջոցների կիրառումն անհարկի ձգձգվում է:

2. Կոմիտեն հայտարարում է հաղորդագրությունն անընդունելի այն դեպքում, երբ՝

ա) այն չի ներկայացվում ներպետական իրավական պաշտպանության միջոցները սպառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հեղինակն ապացուցում է հաղորդագրությունը նման ժամկետում ներկայացնելու անհնարինությունը,

բ) հաղորդագրության առարկա հանդիսացող փաստերը ի հայտ են եկել սույն արձանագրությունը համապատասխան Կողմ պետության համար ուժի մեջ մտնելուց առաջ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ փաստերը շարունակել են գոյություն ունենալ վերոհիշյալ օրվանից հետո,

գ) նույն հարցն արդեն քննվել է Կոմիտեի կողմից կամ էլ արդեն իսկ քննվել կամ քննվում է միջազգային հետապնդման կամ հարցերի կարգավորման մեկ այլ ընթացակարգի շրջանակներում,

դ) այն անհամատեղելի է Դաշնագրի դրույթների հետ,

ե) այն ակնհայտորեն չհիմնավորված է, բավարար չափով հիմնավորված չէ կամ բացառապես հիմնված է զանգվածային լրատվամիջոցների տարածած հաղորդումների վրա,

զ) այն հաղորդագրություն ներկայացնելու իրավունքի չարաշահում է, կամ

է) այն ներկայացվել է անանուն կամ ոչ գրավոր:

       

Հոդված 4

   

Հստակ վնաս չմատնանշող հաղորդագրությունները

         

Կոմիտեն կարող է անհրաժեշտության դեպքում մերժել հաղորդագրության քննարկումն այն դեպքում, երբ դրանով չի մատնանշվում հեղինակի կողմից հստակ վնաս կրած լինելու փաստը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Կոմիտեն համարում է, որ հաղորդագրությամբ շոշափվում է ընդհանուր նշանակության լուրջ հարց:

     

Հոդված 5

   

Միջանկյալ միջոցները

    

1. Հաղորդագրությունն ստանալուց հետո ցանկացած ժամանակ՝ մինչև ըստ էության որոշում կայացնելը, Կոմիտեն կարող է համապատասխան Կողմ պետության անհապաղ քննարկմանը ներկայացնել այնպիսի միջանկյալ միջոցներ ձեռնարկելու պահանջով դիմում, որոնք կարող են անհրաժեշտ լինել բացառիկ հանգամանքներում՝ ենթադրյալ խախտման զոհին կամ զոհերին հավանական անդառնալի վնասից զերծ պահելու համար:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված սեփական հայեցողական լիազորությունները Կոմիտեի կողմից իրականացնելը չի ենթադրում հաղորդագրության ընդունելիության կամ ըստ էության քննության վերաբերյալ որոշման կայացում:

     

Հոդված 6

    

Հաղորդագրության փոխանցումը

     

1. Կոմիտեն խորհրդապահական կերպով համապատասխան Կողմ պետության ուշադրությանն է ներկայացնում սույն արձանագրության համաձայն իրեն ներկայացված ցանկացած հաղորդագրություն՝ բացառությամբ այն դեպքերի, երբ անընդունելի է համարում համապատասխան հաղորդագրությունը` առանց համապատասխան Կողմ պետությանը վկայակոչելու:

2. Ստացող Կողմ պետությունը վեց ամսվա ընթացքում գրավոր բացատրություններ կամ հայտարարություններ է ներկայացնում Կոմիտեին՝ պարզաբանելով համապատասխան հարցը և առկայության դեպքում՝ այն իրավական պաշտպանության միջոցները, որոնք կարող էին տրամադրվել այդ Կողմ պետության կողմից:

      

Հոդված 7

    

Հարցերի բարեկամական կարգավորումը

     

1. Հարցերի բարեկամական կարգավորման նպատակով Կոմիտեն համապատասխան կողմերին ցուցաբերում է իր աջակցությունը՝ Դաշնագրով սահմանված պարտավորությունների պահպանման հիմքով:

2. Սույն արձանագրությամբ նախատեսված հաղորդագրության քննարկումն ավարտվում է հարցերի բարեկամական կարգավորման վերաբերյալ համաձայնությամբ:

      

Հոդված 8

     

Հաղորդագրության քննությունը

     

1. Կոմիտեն սույն արձանագրության 2-րդ հոդվածով նախատեսված հաղորդագրությունները քննության է առնում իրեն ներկայացված բոլոր փաստաթղթերի լույսի ներքո՝ պայմանով, որ այդ փաստաթղթերը փոխանցվել են համապատասխան կողմերին:

2. Սույն արձանագրությամբ նախատեսված հաղորդագրությունները քննելիս Կոմիտեն անց է կացնում դռնփակ նիստեր:

3. Սույն արձանագրությամբ նախատեսված ցանկացած հաղորդագրություն քննելիս Կոմիտեն կարող է անհրաժեշտության դեպքում օգտվել համապատասխան այնպիսի փաստաթղթերից, որոնք բխում են Միավորված ազգերի կազմակերպության այլ մարմիններից, մասնագիտացված գործակալություններից, հիմնադրամներից, ծրագրերից և կառուցակարգերից, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ մարդու իրավունքների տարածաշրջանային համակարգերից, ինչպես նաև համապատասխան Կողմ պետության ցանկացած դիտարկումից ու մեկնաբանությունից:

4. Սույն արձանագրությամբ նախատեսված հաղորդագրությունները քննելիս Կոմիտեն ուսումնասիրում է Կողմ պետության կողմից Դաշնագրի II մասին համապատասխան ձեռնարկված քայլերի ողջամտությունը: Դրանով Կոմիտեն նկատի է ունենում, որ Կողմ պետությունը կարող է սահմանել քաղաքականության հետ կապված մի շարք հավանական միջոցներ՝ Դաշնագրով սահմանված իրավունքների իրականացման համար:

        

Հոդված 9

     

Կոմիտեի կարծիքներին հաջորդող հետագա քայլերը

         

1. Հաղորդագրության քննությունից հետո Կոմիտեն առկայության դեպքում համապատասխան կողմերին է փոխանցում հաղորդագրության վերաբերյալ իր կարծիքները՝ իր առաջարկությունների հետ միասին:

2. Կողմ պետությունն առկայության դեպքում պատշաճ կերպով ուսումնասիրում է Կոմիտեի կարծիքներն ու առաջարկությունները և վեց ամսվա ընթացքում Կոմիտեին ներկայացնում է գրավոր պատասխան, այդ թվում` Կոմիտեի կարծիքների ու առաջարկությունների լույսի ներքո ձեռնարկված ցանկացած գործողության վերաբերյալ տեղեկատվություն:

3. Կոմիտեն կարող է Կողմ պետությանը կոչ անել վերջինիս՝ Դաշնագրի 16-րդ և 17-րդ հոդվածներով նախատեսված հետագա զեկույցներում ներկայացնելու լրացուցիչ տեղեկատվություն՝ Կոմիտեի կարծիքներին ու առաջարկություններին ի պատասխան ձեռնարկված ցանկացած միջոցի մասին՝ դրանց առկայության դեպքում, այդ թվում՝ Կոմիտեի կողմից նպատակահարմար գտնելու դեպքում:

         

Հոդված 10

    

Միջպետական հաղորդագրությունները

     

1. Սույն արձանագրության Կողմ պետությունը կարող է, սույն հոդվածի համաձայն, ցանկացած ժամանակ հայտարարել, որ այն ճանաչում է Կոմիտեի՝ այնպիսի հաղորդագրություններ ստանալու և քննարկելու իրավասությունը, որոնցով Կողմ պետությունը պնդում է, որ մեկ այլ Կողմ պետություն չի կատարում Դաշնագրով նախատեսված իր պարտավորությունները։ Սույն հոդվածով նախատեսված հաղորդագրությունները կարող են ստացվել և քննարկվել միայն այն դեպքում, երբ դրանք ներկայացվել են այնպիսի Կողմ պետության կողմից, որը հայտարարություն է արել Կոմիտեի իրավասությունն իր նկատմամբ ճանաչելու վերաբերյալ: Կոմիտեի կողմից ոչ մի հաղորդագրություն չպետք է ստացվի այն դեպքում, երբ այն վերաբերում է այդպիսի հայտարարություն չարած որևէ Կողմ պետության: Սույն հոդվածի համաձայն ստացված հաղորդագրությունները քննվում են հետևյալ ընթացակարգին համապատասխան.

ա) եթե սույն արձանագրության որևէ Կողմ պետություն համարում է, որ մեկ այլ Կողմ պետություն չի կատարում Դաշնագրով նախատեսված իր պարտավորությունները, ապա այն կարող է տվյալ հարցը գրավոր հաղորդագրությամբ ներկայացնել այդ Կողմ պետության ուշադրությանը: Կողմ պետությունը կարող է տվյալ հարցի մասին հայտնել նաև Կոմիտեին: Հաղորդագրությունն ստանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, ստացող պետությունը հաղորդագրությունն ուղարկող պետությանը ներկայացնում է բացատրություն կամ այլ գրավոր հայտարարություն՝ պարզաբանելով համապատասխան հարցը, որը հնարավորության ու վերաբերելիության սահմաններում պետք է ներառի հղում՝ տվյալ հարցի մասով ձեռնարկված, ակնկալվող կամ հասանելի ներպետական ընթացակարգերին և իրավական պաշտպանության միջոցներին,

բ) եթե ստացող պետության կողմից նախնական հաղորդագրությունն ստանալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, համապատասխան հարցը չի կարգավորվում տվյալ երկու Կողմ պետությունների համար ընդունելի տարբերակով, ապա պետություններից յուրաքանչյուրն իրավասու է հարցը փոխանցել Կոմիտեին՝ այդ մասին ծանուցելով Կոմիտեին և մյուս պետությանը,

գ) Կոմիտեն քննում է իրեն փոխանցված հարցը միայն այն բանից հետո, երբ հավաստիանում է, որ տվյալ հարցի մասով առկա բոլոր ներպետական իրավական պաշտպանության միջոցները վկայակոչվել են ու սպառվել: Այս սկզբունքը չի գործում այն դեպքերում, երբ այդպիսի իրավական պաշտպանության միջոցների կիրառումն անհարկի ձգձգվում է,

դ) պահպանելով սույն կետի «գ» ենթակետի դրույթները՝ Կոմիտեն հարցի բարեկամական լուծման նպատակով համապատասխան Կողմ պետություններին տրամադրում է իր աջակցությունը՝ Դաշնագրով սահմանված պարտավորությունների պահպանման հիմքով,

ե) սույն հոդվածով նախատեսված հաղորդագրությունները քննելիս Կոմիտեն անցկացնում է դռնփակ նիստեր,

զ) սույն կետի «բ» ենթակետի համաձայն իրեն փոխանցված ցանկացած հարցի մասով Կոմիտեն կարող է «բ» ենթակետով նախատեսված համապատասխան Կողմ պետություններին ցանկացած վերաբերելի տեղեկություններ տրամադրելու կոչ անել,

է) սույն կետի «բ» ենթակետով նախատեսված համապատասխան Կողմ պետություններն իրավասու են ներկայացված լինել Կոմիտեի կողմից հարցի ուսումնասիրության ժամանակ ու բանավոր և (կամ) գրավոր հայտարարություններ անել,

ը) Կոմիտեն սույն կետի «բ» ենթակետով նախատեսված ծանուցումն ստանալու օրվանից հետո իր համար նպատակահարմար եղանակով ներկայացնում է զեկույց հետևյալի մասին.

i) եթե լուծում է տրվում սույն կետի «դ» ենթակետով նախատեսված պայմաններին համապատասխան, ապա Կոմիտեն իր զեկույցում սահմանափակվում է փաստերի և տրված լուծման համառոտ շարադրանքով,

ii) եթե լուծում չի տրվում «դ» ենթակետով նախատեսված պայմաններին համապատասխան, ապա Կոմիտեն իր զեկույցում նշում է համապատասխան Կողմ պետությունների միջև ծագած հարցի մասով վերաբերելի փաստերը: Համապատասխան Կողմ պետությունների կողմից ներկայացված գրավոր հայտարարությունները և բանավոր հայտարարությունների արձանագրությունը կցվում են զեկույցին: Կոմիտեն կարող է նաև միայն համապատասխան Կողմ պետություններին հաղորդել այնպիսի կարծիքներ, որոնք այն կարող է վերաբերելի համարել նրանց միջև ծագած հարցի առնչությամբ:

Յուրաքանչյուր հարցի դեպքում զեկույցն ուղարկվում է համապատասխան Կողմ պետություններ:

2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն արված հայտարարությունը Կողմ պետությունների կողմից ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, որը դրա պատճենները փոխանցում է մյուս Կողմ պետություններին: Հայտարարությունը կարող է ցանկացած ժամանակ հետ վերցվել՝ այդ մասին ծանուցելով Գլխավոր քարտուղարին: Հայտարարությունը հետ վերցնելը չպետք է սահմանափակի այնպիսի հարցի ուսումնասիրությունը, որը սույն հոդվածի համաձայն արդեն իսկ փոխանցված հաղորդագրության առարկա է. հայտարարությունը հետ վերցնելու մասին ծանուցումը Գլխավոր քարտուղարի կողմից ստանալուց հետո սույն հոդվածի շրջանակներում որևէ Կողմ պետությունից որևէ լրացուցիչ հաղորդագրություն չի ստացվում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ համապատասխան Կողմ պետությունը նոր հայտարարություն է արել:

            

Հոդված 11

     

Քննության անցկացման ընթացակարգը

      

1. Սույն արձանագրության Կողմ պետությունը ցանկացած ժամանակ կարող է հայտարարել, որ այն ճանաչում է Կոմիտեի՝ սույն հոդվածով նախատեսված իրավասությունը:

2. Կողմ պետության կողմից Դաշնագրով սահմանված տնտեսական, սոցիալական և մշակութային որևէ իրավունքի կոպիտ կամ պարբերական խախտումների մասին Կոմիտեի կողմից հավաստի տեղեկատվություն ստանալու դեպքում Կոմիտեն կոչ է անում այդ Կողմ պետությանը համագործակցել տեղեկատվության ուսումնասիրության ուղղությամբ և այդ նպատակով ներկայացնել համապատասխան տեղեկատվության վերաբերյալ դիտարկումներ:

3. Հաշվի առնելով համապատասխան Կողմ պետության կողմից ներկայացված ցանկացած դիտարկում, ինչպես նաև իրեն հասանելի ցանկացած այլ հավաստի տեղեկատվություն՝ Կոմիտեն կարող է իր մեկ կամ ավելի անդամներին հանձնարարել անցկացնել քննություն և հրատապ զեկուցել Կոմիտեին: Հիմնավորված լինելու դեպքում և Կողմ պետության համաձայնությամբ տվյալ քննությունը կարող է նաև ներառել դրա տարածք կատարվող այցելություն:

4. Այսպիսի քննությունն անցկացվում է խորհրդապահական կերպով, և վարույթի բոլոր փուլերում ապահովվում է համապատասխան Կողմ պետության համագործակցությունը:

5. Այդպիսի քննության արդյունքներն ուսումնասիրելուց հետո Կոմիտեն այդ արդյունքները մեկնաբանությունների և առաջարկությունների հետ միասին փոխանցում է համապատասխան Կողմ պետությանը:

6. Համապատասխան Կողմ պետությունը Կոմիտեի կողմից փոխանցված արդյունքները, մեկնաբանությունները և առաջարկություններն ստանալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, իր դիտարկումները ներկայացնում է Կոմիտեին:

7. Սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան անցկացված քննության մասով այդպիսի վարույթի ավարտից հետո Կոմիտեն կարող է համապատասխան Կողմ պետության հետ խորհրդակցելուց հետո որոշել սույն արձանագրության 15-րդ հոդվածով նախատեսված իր տարեկան զեկույցում ներառել վարույթի արդյունքների մասին համառոտ հաշվետվություն:

8. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն հայտարարություն արած ցանկացած Կողմ պետություն կարող է ցանկացած ժամանակ հետ վերցնել տվյալ հայտարարությունը՝ այդ մասին ծանուցելով Գլխավոր քարտուղարին:

       

Հոդված 12

     

Քննության գործընթացին հաջորդող հետագա քայլերը

     

1. Կոմիտեն կարող է համապատասխան Կողմ պետությանը կոչ անել վերջինիս՝ Դաշնագրի 16-րդ և 17-րդ հոդվածների համաձայն ներկայացված զեկույցում ընդգրկելու մանրամասներ՝ սույն արձանագրության 11-րդ հոդվածի համաձայն անցկացված քննությանն ի պատասխան ձեռնարկված ցանկացած միջոցի մասին:

2. Անհրաժեշտության դեպքում Կոմիտեն կարող է 11-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված վեցամսյա ժամկետի ավարտից հետո համապատասխան Կողմ պետությանը կոչ անել իրեն տեղեկացնելու այդպիսի քննությանն ի պատասխան ձեռնարկված միջոցների մասին:

 

Հոդված 13

 

Պաշտպանության միջոցները

  

Կողմ պետությունը ձեռնարկում է բոլոր պատշաճ միջոցները՝ երաշխավորելու համար, որ իր իրավազորության ներքո գտնվող անհատները չենթարկվեն որևէ տեսակի վատ վերաբերմունքի կամ ահաբեկման` սույն արձանագրության համաձայն Կոմիտեի հետ իրականացվող հաղորդակցման հետևանքով:

  

Հոդված 14

  

Միջազգային աջակցությունը և համագործակցությունը

   

1. Կոմիտեն նպատակահարմար գտնելու դեպքում և համապատասխան Կողմ պետության համաձայնությամբ Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալություններին, հիմնադրամներին և ծրագրերին, ինչպես նաև այլ իրավասու մարմինների է փոխանցում տեխնիկական խորհրդատվության կամ աջակցության անհրաժեշտությունը մատնանշող հաղորդագրությունների և անցկացվող քննության վերաբերյալ իր կարծիքները կամ առաջարկությունները՝ առկայության դեպքում այդ կարծիքների կամ առաջարկությունների վերաբերյալ Կողմ պետության դիտարկումների ու առաջարկների հետ միասին:

2. Կոմիտեն կարող է նաև համապատասխան Կողմ պետության համաձայնությամբ այդ մարմինների ուշադրությանը ներկայացնել սույն արձանագրության շրջանակներում քննարկվող հաղորդագրություններից ծագող ցանկացած այնպիսի հարց, որը կարող է օգնել նրանցից յուրաքանչյուրին՝ իր իրավասության ոլորտում որոշում կայացնելու այն միջազգային-իրավական միջոցների նպատակահարմարության վերաբերյալ, որոնք ամենայն հավանականությամբ կարող են օգնել Կողմ պետություններին առաջընթաց արձանագրել Դաշնագրով ճանաչված իրավունքների կիրարկման հարցում:

3. Գլխավոր ասամբլեայի համապատասխան ընթացակարգերին համապատասխան ստեղծվում է հավատարմագրային հիմնադրամ, որը կառավարվում է Միավորված ազգերի կազմակերպության ֆինանսական կանոնակարգերին և կանոններին համապատասխան՝ Դաշնագրում ներառված իրավունքների առավել ընդլայնված կիրարկման նպատակով համապատասխան Կողմ պետությունների համաձայնությամբ Կողմ պետություններին փորձագիտական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար՝ այդպիսով նպաստելով սույն արձանագրության համատեքստում տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների ոլորտում ազգային կարողությունների զարգացմանը:

4. Սույն հոդվածի դրույթները չեն սահմանափակում յուրաքանչյուր Կողմ պետության պարտավորությունը՝ կատարելու Դաշնագրով նախատեսված իր պարտավորությունները:

     

Հոդված 15

   

Տարեկան զեկույց

   

Կոմիտեն իր տարեկան զեկույցում ներառում է սույն արձանագրությամբ նախատեսված իր գործունեության մասին ամփոփ տեղեկություններ:

    

Հոդված 16

   

Տարածումը և տեղեկատվությունը

     

Յուրաքանչյուր Կողմ պետություն պարտավորվում է լայնորեն իրազեկել ու տարածել Դաշնագիրը և սույն արձանագրությունը, ինչպես նաև դյուրացնել Կոմիտեի կարծիքների և առաջարկությունների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը, մասնավորապես՝ տվյալ Կողմ պետությանը վերաբերող հարցերի մասով, և դա իրականացնել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի ձևաչափով:

        

Հոդված 17

      

Ստորագրումը, վավերացումը և միացումը

         

1. Սույն արձանագրությունը բաց է Դաշնագիրը ստորագրած, վավերացրած կամ դրան միացած ցանկացած պետության կողմից ստորագրման համար։

2. Սույն արձանագրությունը ենթակա է վավերացման Դաշնագիրը վավերացրած կամ դրան միացած ցանկացած պետության կողմից։ Վավերացման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:

3. Սույն արձանագրությունը բաց է Դաշնագիրը վավերացրած կամ դրան միացած ցանկացած պետության կողմից միանալու համար։

4. Միացումը կատարվում է միացման մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու միջոցով։

     

Հոդված 18

      

Ուժի մեջ մտնելը

         

1. Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերացման կամ միացման մասին տասներորդ փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս հետո։

2. Վավերացման կամ միանալու վերաբերյալ տասներորդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո սույն արձանագրությունը վավերացնող կամ դրան միացող յուրաքանչյուր պետության համար արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերացման կամ միանալու մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս հետո։

       

Հոդված 19

       

Փոփոխությունները

         

1. Ցանկացած Կողմ պետություն կարող է առաջարկել փոփոխություն կատարել սույն արձանագրության մեջ և այն ներկայացնել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին։ Գլխավոր քարտուղարը ցանկացած առաջարկվող փոփոխության մասին հաղորդում է Կողմ պետություններին՝ առաջարկությունները քննարկելու և դրանց վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով Կողմ պետությունների հանդիպում անցկացնելուն կողմ լինելու կամ չլինելու վերաբերյալ իրեն ծանուցելու պահանջով։ Այդպիսի հաղորդագրության օրվանից չորս ամսվա ընթացքում Կողմ պետությունների առնվազն մեկ երրորդի կողմից այդպիսի հանդիպում անցկացնելուն կողմ լինելու դեպքում Գլխավոր քարտուղարը Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո հանդիպում է գումարում։ Անցկացվող հանդիպմանը ներկա գտնվող և քվեարկող Կողմ պետությունների երկու երրորդի մեծամասնությամբ ընդունված ցանկացած փոփոխություն Գլխավոր քարտուղարի կողմից ներկայացվում է Գլխավոր ասամբլեայի հաստատմանը, իսկ այնուհետև՝ բոլոր Կողմ պետությունների ճանաչմանը։

2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ընդունված և հաստատված փոփոխությունն ուժի մեջ է մտնում ճանաչման մասին ի պահ հանձնված փաստաթղթերի թիվը փոփոխության ընդունման օրվա դրությամբ Կողմ պետությունների ընդհանուր թվի երկու երրորդին հասնելուց հետո՝ երեսուներորդ օրը: Այնուհետև ցանկացած Կողմ պետության համար փոփոխությունն ուժի մեջ է մտնում ճանաչման մասին իր սեփական փաստաթուղթն ի պահ հանձնելուն հաջորդող երեսուներորդ օրը: Փոփոխությունը պարտադիր է միայն այն ճանաչած Կողմ պետությունների համար:

        

Հոդված 20

  

Դուրս գալը

   

1. Ցանկացած Կողմ պետություն կարող է ցանկացած ժամանակ դուրս գալ սույն արձանագրությունից՝ այդ մասին գրավոր ծանուցելով Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին։ Դուրս գալն ուժի մեջ է մտնում Գլխավոր քարտուղարի կողմից ծանուցումն ստանալու օրվանից վեց ամիս հետո։

2. Դուրս գալը չի սահմանափակում մինչև դրա ուժի մեջ մտնելը 2-րդ և 10-րդ հոդվածների համաձայն ներկայացված ցանկացած հաղորդագրության կամ 11-րդ հոդվածի համաձայն նախաձեռնված ցանկացած ընթացակարգի նկատմամբ սույն արձանագրության դրույթների շարունակական կիրառումը:

       

Հոդված 21

     

Գլխավոր քարտուղարի ծանուցումները

        

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը Դաշնագրի 26-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված բոլոր պետություններին ծանուցում է հետևյալ մանրամասների մասին՝

ա) սույն արձանագրության համաձայն ստորագրումների, վավերացումների ու միանալու մասին,

բ) սույն արձանագրությունը և 19-րդ հոդվածի համաձայն ցանկացած փոփոխություն ուժի մեջ մտնելու օրվա մասին,

գ) 20-րդ հոդվածի համաձայն դուրս գալու մասին:

       

Հոդված 22

       

Պաշտոնական լեզուները

       

1. Սույն արձանագրությունը, որի արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության արխիվներ։

2. Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը սույն արձանագրության հաստատված պատճենները փոխանցում է Դաշնագրի 26-րդ հոդվածով սահմանված բոլոր պետություններին։