ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
22 հունվարի 2010 թ. |
2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՔԻՇՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գ. Եգանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի նոյեմբերի 14-ին Քիշնևում ստորագրված՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների աշխատող միգրանտների և նրանց ընտանիքների անդամների իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 10.12.2009թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Կոնվենցիան ստորագրվել է 2008 թվականի նոյեմբերի 14-ին` Քիշնևում: Կոնվենցիան բաղկացած է 5 բաժիններից, որոնցում ներառված են 32 հոդվածներ:
2. Կոնվենցիայի նպատակն է օրենսդրությամբ և միջազգային պարտավորություններով կանոնակարգվող նորմերի սահմաններում հավասար վերաբերմունք ապահովելու համար պայմաններ ստեղծել աշխատող միգրանտների, նրանց ընտանիքների անդամների և ընդունող Կողմի քաղաքացիների նկատմամբ:
Կոնվենցիան, ներառելով նպատակային տերմինների սահմանումը, նշելով գործողության տարածական սահմանները`
ա) մերժում է խտրականությունը` անկախ սեռից, ռասայից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային, էթնիկական կամ սոցիալական ծագումից, կողմերի քաղաքացիությունից, տարիքից, տնտեսական, գույքային, ընտանեկան դրությունից կամ ցանկացած այլ հատկանիշից,
բ) թվարկում է աշխատող միգրանտների և նրանց ընտանիքների անդամների հիմնական իրավունքները` ընդունող Կողմի տարածք մուտք գործելու, այնտեղ մնալու, տեղաշարժվելու և այնտեղից մեկնելու, համարժեք աշխատանքի դիմաց հավասար վարձատրությունից օգտվելու, բնակարանի անձեռնմխելիության նկատմամբ անօրինական ոտնձգությունից պաշտպանվելու, կրթություն ստանալու,
գ) առանձնացնում է սահմանամերձ և սեզոնային աշխատողների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կիրառվող դրույթները:
3. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● ՀՀ օրենսդրությանը համապատասխան` ապահովել, որպեսզի աշխատող միգրանտներն օգտվեն այնպիսի իրավունքներից, որպիսիք են՝ անվտանգ աշխատանքային պայմանները, համարժեք աշխատանքի դիմաց հավասար վարձատրությունը, ներառյալ լրավճարումները, փոխհատուցման հիմունքով բնակարանից օգտվելու, սոցիալական ապահովության (սոցիալական ապահովագրության)` բացառությամբ կենսաթոշակային, արտադրությունում դժբախտ պատահարի կամ մասնագիտական հիվանդության արդյունքում կյանքին և առողջությանը հասցված վնասի փոխհատուցման, աշխատանքային գործունեության դիմաց ստացած վարձատրության բանկային դրամական փոխանցման իրավունքները,
● աշխատող միգրանտների ընտանիքների անդամներին (բացառությամբ սահմանամերձ և սեզոնային աշխատողների) տրամադրել հավասար իրավունքներ՝ ստանալու կրթություն և լրացուցիչ մասնագիտական կրթություն, և կազմել հայոց լեզվի ուսումնասիրման ծրագրեր և աջակցել այդ ծրագրերի իրականացմանը:
Կոնվենցիան գործում է ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարվա ընթացքում, ժամկետը լրանալուց հետո այն ինքնաբերաբար երկարաձգվում է` հերթական հնգամյա ժամկետով, եթե Կողմերն այլ որոշում չեն ընդունում:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2008 թվականի նոյեմբերի 14-ին Քիշնևում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների աշխատող միգրանտների և նրանց ընտանիքների անդամների իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|