ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
12 հունվարի 2010 թ. |
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՑՅՈՒՐԻԽ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխ քաղաքում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 17 նոյեմբերի 2009թ. ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունները և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններն ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարները 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխ քաղաքում:
«Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր է համարվում ցանկացած գրավոր համաձայնություն, «...որ ձևակերպվել է պայմանագրի, համաձայնագրի, կոնվենցիայի, հուշագրի, արձանագրության տեսքով կամ որևէ այլ անվանումով փաստաթղթի տեսքով, կամ որն արտահայտվել է նոտաների կամ նամակների փոխանակումով»:
Օրենքի 24-րդ հոդվածի համաձայն միջպետական միջազգային պայմանագրերը ենթակա են վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից: Ընդ որում, օրենքի 7-րդ հոդվածի համաձայն միջպետական պայմանագրով կարգավորվող հարաբերություններ են, մասնավորապես, որևէ երկրի հետ քաղաքական, համագործակցության կամ հյուպատոսական հարաբերությունները:
Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969թ. կոնվենցիայով (հոդվածներ 2, 14), ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 2-րդ կետի ե) ենթակետով, «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով (հոդվ. 24) սահմանված է նաև, որ վավերացման են ենթակա բոլոր այն միջազգային պայմանագրերը, որոնցով նախատեսվում է վավերացում:
ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն մինչև միջազգային պայմանագրի վավերացումը ՀՀ սահմանադրական դատարանն օրենքով սահմանված նախնական վերահսկողության կարգով որոշում է նրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը:
2. Ըստ գործի նյութերի` Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո երկու հարևան երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել, իսկ դրանց բացակայության պայմաններում և պատճառով կուտակվել են բազմաթիվ իրավապայմանագրային խնդիրներ, որոնք մեկ ակտով` դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ, լուծվել չեն կարող: Այդ նկատառումով, բացի դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունից, ստորագրվել է երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը: Ու թեև երկու արձանագրությունները ձևական տեսակետից առանձին փաստաթղթեր են, սակայն դրանց իրավակարգավորման առարկաները փոխպայմանավորված են ու փոխլրացնող, ստորագրվել են միևնույն օրը, կապված են միմյանց կատարվող հղումներով, դրանցով ստանձնվող փոխադարձ պարտավորությունները նույնպես փոխկապակցված են: Նշված հանգամանքներից ելնելով դրանց վավերագրերը փոխանակվելու են միաժամանակ և դրանք ուժի մեջ են մտնելու միևնույն օրը: Ընդ որում, Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված է, որ «պայմանագիր» նշանակում է պետությունների միջև գրավոր ձևով կնքված և միջազգային իրավունքով կարգավորվող միջազգային համաձայնություն, անկախ նրանից, այդ համաձայնությունը պարունակվում է մեկ կամ երկու, կամ միմյանց հետ կապված մի քանի փաստաթղթերում, ինչպես նաև անկախ դրա կոնկրետ անվանումից:
Հիշյալ երկու արձանագրությունները միասին առաջին քայլն են, որոնք իրավական հիմք են հանդիսանում երկու պետությունների իրավազորության շրջանակներում միջպետական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հետագա գործողությունների համար:
3. Քննության առարկայի շրջանակներում ներկայացված արձանագրությունների ուսումնասիրությունը վկայում է, որ երկու երկրները, հիմք ընդունելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, վկայակոչելով միջազգային բազմակողմ համաձայնագրերով ստանձնած իրենց պարտավորությունները, առաջնորդվելով, մասնավորապես, ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված` միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու, անդամ պետությունների ինքնիշխան հավասարությունը ճանաչելու հանձնառությամբ, նպատակ ունենալով պետական մակարդակով երկխոսության ծավալման միջոցով հասնել տարբեր ոլորտներում միջպետական բնականոն հարաբերությունների հաստատման ու զարգացման` փոխադարձության հիման վրա համաձայնել են.
- հաստատել դիվանագիտական հարաբերություններ` Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961 թվականի կոնվենցիային համապատասխան և փոխանակել դիվանագիտական ներկայացուցչություններ,
- բացել ընդհանուր սահմանը «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում,
- երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև կանոնավոր կերպով անցկացնել քաղաքական խորհրդակցություններ,
- իրականացնել երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում` պատմական փաստաթղթերի և արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրություն` առկա խնդիրների սահմանման ու առաջարկների ձևակերպման համար,
- առավելագույնս օգտագործել երկու երկրների միջև գոյություն ունեցող` տրանսպորտային, հաղորդակցության և էներգետիկ ենթակառուցվածքներն ու ցանցերը և միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ,
- ստեղծել երկկողմ իրավական դաշտ` երկու երկրների միջև համագործակցությունը խթանելու նպատակով,
- համագործակցել գիտության և կրթության ոլորտներում համապատասխան հաստատությունների միջև հարաբերությունները խրախուսելու, ինչպես նաև մասնագետների և ուսանողների փոխանակումը խթանելու միջոցով և աշխատանք տանել երկու կողմերի մշակութային ժառանգության պահպանման և համատեղ մշակութային ծրագրեր սկսելու նպատակով,
- համագործակցություն հաստատել հյուպատոսական բնագավառում` Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի 1963 թվականի կոնվենցիայի համաձայն, երկու երկրների քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն և պաշտպանություն ցուցաբերելու նպատակով,
- ձեռնարկել կոնկրետ միջոցներ երկու երկրների միջև առևտուրը, զբոսաշրջությունը և տնտեսական համագործակցությունը զարգացնելու նպատակով,
- սկսել երկխոսություն և ամրապնդել համագործակցությունը բնապահպանական հարցերով:
Կողմերը նաև համաձայնել են ստեղծել միջկառավարական երկկողմ հանձնաժողով, որը բաղկացած կլինի առանձին ենթահանձնաժողովներից: Միջկառավարական հանձնաժողովի և նրա ենթահանձնաժողովների աշխատաձևերի մշակման նպատակով սահմանված ժամկետում կստեղծվի աշխատանքային խումբ` կողմերի արտգործնախարարների ղեկավարությամբ: Համաձայնեցված են աշխատաձևերի հաստատման կարգը, Միջկառավարական հանձնաժողովի և ենթահանձնաժողովների աշխատանքներն սկսելու ժամանակացույցը: «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրության իրագործման համար երկու կողմերի համաձայնեցրած ժամանակացույցը և տարրերը ներկայացված են Արձանագրության անբաժանելի մասը կազմող հավելվածում:
Կողմերի փոխհամաձայնությամբ ստանձնվող վերոհիշյալ պարտավորությունները, ինչպես նշվեց, փոխպայմանավորված են, որից ելնելով «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններն ուժի մեջ են մտնում նույն օրը` վավերագրերի փոխանակմանը հաջորդող առաջին ամսվա առաջին օրը: Դա նաև ենթադրում է, որ այդ արձանագրություններից մեկն առանց մյուսի իրավաբանական ուժ ստանալ ու գործել չի կարող:
Արձանագրությունները կազմված են հայերեն, թուրքերեն և անգլերեն` հավասարազոր երկու բնօրինակներով: Մեկնաբանության տարբերության դեպքում գերակայությունը տրվում է անգլերեն տեքստին, որը նույնպես ուսումնասիրվել է սահմանադրական դատարանի կողմից:
4. Սահմանադրական դատարանն իր իրավասության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող պարտավորությունների, արձանագրությունների համատեքստի, առարկայի ու նպատակների սահմանադրաիրավական բովանդակության համալիր վերլուծության հիման վրա արտահայտում է հետևյալ իրավական դիրքորոշումները.
ա) «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններով ստանձնվող փոխադարձ պարտավորությունները` միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, ունեն բացառապես երկկողմանի միջպետական բնույթ և չեն կարող վերաբերել ու տարաբնույթ հղումներով վերագրվել որևէ երրորդ կողմի կամ վերջինիս հետ սույն արձանագրություններն ստորագրած կողմերի փոխհարաբերություններին.
բ) միջազգային պայմանագրերի նախաբաններում համընդհանուր ճանաչում ու լայն կիրառում գտած` «հաշվի առնելով», «նկատի ունենալով», «ճանաչելով», «նշելով», «ղեկավարվելով», «ձգտելով», «գիտակցելով», «կարևորելով», «հաստատելով», «վերահաստատելով», «հավաստելով», «վկայակոչելով», «հիշեցնելով», «ընդունելով», «համոզված լինելով» և այլ եզրույթներն արձանագրում են գոյություն ունեցող, փաստացի իրողություններ, ցանկություններ, նպատակներ, ձգտումներ, որոշակի ընդհանուր սկզբունքներ և այլն, որոնք նկատի ունենալով` պայմանագրի կողմերը փոխադարձության սկզբունքով համաձայնում են ստանձնել որոշակի միջազգային իրավական պարտավորություններ: Հիշյալ արձանագրություններով ստանձնվող երկու կոնկրետ պարտավորությունները` «...հաստատել դիվանագիտական հարաբերություններ» և «...բացել ընդհանուր սահմանը», ունեն փոխպայմանավորված ելակետային նշանակություն: Հետևաբար, այդ արձանագրություններում ամրագրված մյուս բոլոր պարտավորությունները միջազգային իրավական ուժ կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև փաստացի սահմանի բաց լինելու և կոնկրետ դիվանագիտական հարաբերությունների առկայության դեպքում, որը ենթադրում է անհրաժեշտ նախադրյալների ապահովում կողմերի ստանձնած պայմանագրային պարտավորությունները կատարելու համար.
գ) նշված արձանագրությունները չեն նախատեսում վիճելի հարցերի լուծման, պայմանագրային պարտավորությունների կասեցման կամ դադարեցման ընթացակարգեր ու պայմաններ: Առավելապես շեշտադրումը կատարվում է ցանկությունների, նպատակների, հարաբերությունների հետագա զարգացման նախադրյալների ստեղծման մտադրությունների վրա: Ուստի սահմանադրական դատարանը նկատի է առնում, որ երկու երկրների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա հաստատումն ու զարգացումը խարսխված կլինի երկու պետությունների միջև գրավոր ձևով կնքված և միջազգային իրավունքով կարգավորվող կոնկրետ համաձայնությունների վրա (համաձայն Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի a) ենթակետի), որոնցով ստանձնվող պարտավորությունների սահմանադրականության գնահատման հարցը ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի համաձայն կդառնա ինքնուրույն քննության առարկա.
դ) «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությամբ նախատեսված` ընդհանուր սահմանը բացելու վերաբերյալ կողմերի հանձնառության շրջանակներում Հայաստանի Հանրապետության հանձնառությունը վերաբերելի է սահմանային անցակետերի բնականոն գործունեությունն իր կողմից ապահովելու հետ կապված իրավակազմակերպչական ու կառուցակարգային խնդիրները լուծելու պատրաստակամությանը.
ե) միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության համար իրավաբանական ուժ կարող են ունենալ միայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորման շրջանակներում` նկատի ունենալով միջազգային իրավունքի տեսանկյունից դրանց վավերականության ու ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգով Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մաս լինելու հանգամանքները:
5. ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրության դրույթները Հայաստանի Հանրապետության օրինաստեղծ ու իրավակիրառական պրակտիկայում, ինչպես նաև միջպետական հարաբերություններում չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որը կհակասի ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին և Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետի պահանջներին:
6. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, որպեսզի Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող քայլերը` նախատեսվող պարտավորությունների ստանձնման և դրանց կատարումն անհրաժեշտ օրենսդրական ու կառուցակարգային երաշխիքներով ապահովելու ուղղությամբ, ներդաշնակ լինեն սույն որոշման մեջ ներկայացված իրավական դիրքորոշումներին և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից, հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
12 հունվարի 2010 թ. ՍԴՈ-850 |