Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.10.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.25/66(732) Հոդ.1496
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
16.10.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ3/0088/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ3/0088/05/09

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

 

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

2009 թվականի հոկտեմբերի 16-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գեղամ Թումանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 20.04.2009 թվականի վճռի դեմ` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) հայցի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Գեղամ Թումանյանի (այսուհետ՝ Գեղամ Թումանյան)՝ 542.440 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է բռնագանձել Գեղամ Թումանյանից 542.440 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 20.04.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գեղամ Թումանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 6-րդ մասը, 42-րդ հոդվածի 4-րդ մասը, ««Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնությունների կիրառման մասին» ՀՀ օրենքի 1-ին, 2-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածը, 26-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերը, 153-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ 2005 թվականի մարտի դրությամբ որևէ օրենք որևէ սուբյեկտի չէր պարտավորեցնում գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումը ներկայացնել հարկային մարմնին, և բողոք բերած անձի 18.03.2005 թվականին ներկայացրած դիմումը լիովին կարող է համապատասխանել գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումին:

«Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքը կիրառվում է բոլոր այն անհատ ձեռնարկատերերի նկատմամբ, ովքեր գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դիմում են ներկայացրել մինչև 2006 թվականը, սակայն բողոք բերած անձը, 18.03.2005 թվականին հարկային մարմնին դիմում ներկայացնելով, չէր կարող հղում կատարել նշված օրենքի վրա, քանի որ այն ուժի մեջ է մտել 15.12.2005 թվականին:

Դատարանը բողոք բերած անձի նկատմամբ պարզապես պետք է կիրառեր նշված օրենքով սահմանված արտոնությունը:

Բացի այդ, ««Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնությունների կիրառման մասին» ՀՀ օրենքը մինչ այսօր և առանց ժամկետի սահմանափակման բոլոր այն անհատ ձեռնարկատերերին, որոնք չեն օգտվել «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնություններից, իրավունք է վերապահում դիմել հարկային մարմնին և օգտվել համապատասխան արտոնություններից: Այսինքն՝ եթե նույնիսկ բողոք բերած անձը 2005 թվականին օրենքով սահմանված արտոնությունից չէր օգտվել, ապա վերջինս նշված արտոնությունից կարող է օգտվել նաև այսօր: Հետևաբար, Դատարանի վճռով սահմանափակվում է արտոնությունից օգտվելու բողոք բերած անձի իրավունքը:

Ավելին, Դատարանը սխալ է բաշխել ապացուցման բեռը, քանի որ Տեսչությունն է կրում իրավախախտման առկայության ապացուցման պարտականությունը: Մինչդեռ, Դատարանը բողոք բերած անձի վրա է դրել իրավախախտման բացակայության ապացուցման պարտականությունը:

Դատարանն անտեսել է, որ 2005 թվականից հետո բողոք բերած անձի նկատմամբ սոցիալական ապահովագրության վճարներից բացի այլ հարկային պարտավորություններ չեն առաջադրվել, ինչով ևս հաստատվում է, որ Տեսչությունն ընդունել է այն փաստը, որ բողոք բերած անձը 18.03.2005 թվականից հետո որևէ գործունեություն չի իրականացրել:

Բացի այդ, Դատարանը, հղում կատարելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 8-րդ մասին, բողոք բերած անձի պատասխան չներկայացնելը դիտել է որպես Տեսչության վկայակոչած փաստերի ընդունում: Մինչդեռ, առարկությունները կարող են լինել նաև իրավունքի վերաբերյալ, ինչն էլ բողոք բերած անձը ներկայացրել է դատաքննության ընթացքում: Ավելին, բոլոր այն փաստերը, որոնք վկայակոչված են հայցադիմումում, ներկայումս էլ չեն վիճարկվում, խնդիրն այն է, որ հայցադիմումում արտոնությունների վերաբերյալ խոսք անգամ չկա, չի նշվել նաև, որ բողոք բերած անձը վկայականը չի ներկայացրել հարկային մարմնին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 20.04.2009 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 28.04.1999 թվականի «Անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման» թիվ 01 Ա 055290 վկայականի թիվ 1 ներդիրի համաձայն՝ Գեղամ Թումանյանը 27.04.1999 թվականին գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր (գ.թ. 15):

2) Գեղամ Թումանյանը Տեսչության պետին ուղղված 18.03.2005 թվականի դիմումով խնդրել է կատարել լուծարային ստուգում և տալ տեղեկանք՝ պետական ռեգիստր ներկայացնելու համար (գ.թ. 23):

3) ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 18.05.2005 թվականի թիվ 013872 հանձնարարագրի հիման վրա Գեղամ Թումանյանի մոտ կատարվել է ՀՀ օրենսդրությամբ հարկային մարմիններին վերապահված իրավասության սահմաններում բյուջեի հետ փոխհարաբերությունների և նույն հանձնարարագրով նշված հարցերի պահպանման ճշտության լուծարային ստուգում (գ.թ. 16):

4) Տեսչության 14.06.2005 թվականի թիվ 013872 ակտով Գեղամ Թումանյանին 2003-2005 թվականների համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով վճարման է առաջադրվել 211.500 ՀՀ դրամ նվազագույն սոցիալական վճար, որից ապառք՝ 150.000 ՀՀ դրամ, տույժ՝ 61.500 ՀՀ դրամ (գ.թ. 17-22):

5) Գեղամ Թումանյանի սոցիալական ապահովության վճարի անձնական հաշվի քարտի համաձայն՝ վերջինիս նկատմամբ 2006-2009 թվականների համար հաշվարկվել է նվազագույն սոցիալական վճար (գ.թ. 7-14):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով և չի խախտում այլոց իրավունքները և ազատությունները: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

«Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը տարածվում է միայն եկամտահարկի և (կամ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների վճարման հետ կապված պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերի վրա:

Նշված օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներում չնշված անհատ ձեռնարկատերերն ազատվում են 2003-2005 թվականների համար հաշվարկված և չվճարված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված և չվճարված տույժերի վճարումից (բացառությամբ նույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված դեպքի): Նույն հոդվածում նշված անհատ ձեռնարկատերերի կողմից 2006 թվականի հունվարի 1-ից հետո մինչև պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառման պահը պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարներ չեն հաշվարկվում (չեն վճարվում): Նույն հոդվածում նշված անհատ ձեռնարկատերերի ցանկերը (2003-2005 թվականների համար հաշվարկված և չվճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների պարտադիր նշումով) հարկային տեսչությունները մինչև 2006 թվականի սեպտեմբերի 1-ը ներկայացնում են պետական ռեգիստրի գործակալության համապատասխան տարածքային ստորաբաժանումներ՝ մինչև 2006 թվականի նոյեմբերի 1-ը պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառում կատարելու, նրանց վկայականները անվավեր ճանաչելու և պարտավորությունները հրապարակելու համար:

Վերոգրյալ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքով սահմանված արտոնություններից օգտվող անհատ ձեռնարկատերերն արտոնությանը վերաբերող հաշվետու ժամանակաշրջանների համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների և եկամտահարկի գծով տարեկան եկամուտների մասին հայտարարագրեր կարող են չներկայացնել: Նույն օրենքով սահմանված արտոնություններից օգտվող անհատ ձեռնարկատերերն արտոնությանը վերաբերող հաշվետու ժամանակաշրջանների ընթացքում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների և հարկային օրենսդրությունների պահանջները խախտելու համար չեն ենթարկվում պատասխանատվության:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ անձ չի կարող կրել օրենքով չնախատեսված պարտականություններ: Հարկային և պարտադիր սոցիալական ապահովության օրենսդրությունների տեսանկյունից օրենքով չնախատեսված պարտականություն է համարվում նաև օրենքով նախատեսված որևէ արտոնությունից օգտվող անձին այդպիսի արտոնության անտեսմամբ պարտավորություններով ծանրաբեռնելը: Մասնավորապես, «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով Հայաստանի Հանրապետությունը 2003-2005 թվականների համար հաշվարկված և չվճարված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված և չվճարված տույժերի վճարման պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերի համար նախատեսել է արտոնություններ՝ անկախ պարտավորությունների առաջացման հիմքերից: Բացի այդ, հարկային մարմինների համար սահմանել է 2006 թվականի հունվարի 1-ից հետո մինչև պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառման պահը նշված արտոնություններից օգտվող անհատ ձեռնարկատերերի նկատմամբ պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների հաշվարկման արգելք, միաժամանակ, նույն նորմով հարկային մարմիններին ծանրաբեռնել է անհատ ձեռնարկատերերի ցանկերը պետական ռեգիստրի գործակալության համապատասխան տարածքային ստորաբաժանումներ ներկայացնելու պարտականությամբ՝ պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառում կատարելու, նրանց վկայականներն անվավեր ճանաչելու և պարտավորությունները հրապարակելու համար:

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Գեղամ Թումանյանը մինչև 01.05.2006 թվականը և դրանից հետո Տեսչությանը գործունեությունը դադարեցնելու (լուծարվելու) դիմում չի ներկայացրել և չի հանձնել վկայականը, իսկ 18.03.2005 թվականի դիմումը վերաբերում է միայն լուծարային ստուգում անցկացնելուն, հետևաբար, Տեսչությունը չէր կարող կիրառել օրենքով սահմանված արտոնությունները, իսկ 2006-2009 թվականների համար հաշվարկված ապառքի գումարները նվազագույն սոցիալական վճարներ են՝ ամսական 5.000 ՀՀ դրամ:

Մինչդեռ, գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պարտավորությունը նախատեսված էր «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով, որն ուժի մեջ է մտել 15.12.2005 թվականին, իսկ բողոք բերած անձը լուծարային ստուգման մասին դիմում է ներկայացրել մինչև այդ օրենքի ուժի մեջ մտնելը` 18.03.2005 թվականին: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել այն հանգամանքը, որ լուծարային ստուգման մասին դիմում ներկայացնելու նպատակը հենց գործունեության դադարեցումն է: Հետևաբար, այլ բան հաստատված չլինելու պարագայում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ լուծարային ստուգման մասին դիմումի առկայությունը բավարար է Գեղամ Թումանյանի կողմից գործունեության դադարեցման մասին դիմում ներկայացնելու փաստն ապացուցված համարելու համար:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 20.04.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչության հայցը մերժել:

2. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչությունից հօգուտ Գեղամ Թումանյանի բռնագանձել 16.274 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան