ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ2/0079/05/09 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Հ. Թորոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
|
Ա. Բարսեղյանի | |
Մ. Դրմեյանի | ||
Ե. Խունդկարյանի |
2009 թվականի սեպտեմբերի 18-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի (այսուհետ՝ Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 23.04.2009 թվականի վճռի դեմ` ըստ Տեսչության հայցի ընդդեմ «Էդգար և Խորեն» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) տնօրեն Էդգար Մկրտչյանի` 40.000 ՀՀ դրամ տուգանքի գումար բռնագանձելու պահանջի մասին և Էդգար Մամիկոնի Մկրտչյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Տեսչության` տուգանք սահմանելու մասին 16.09.2008 թվականի թիվ 2319 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին.
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Տեսչությունը պահանջել է բռնագանձել Ընկերության տնօրեն Էդգար Մկրտչյանից Տեսչության 16.09.2008 թվականի որոշմամբ նշանակված վարչական տույժի գումարը՝ 40.000 ՀՀ դրամ:
Դիմելով դատարան՝ Ընկերության տնօրեն Էդգար Մկրտչյանը պահանջել է անվավեր ճանաչել վարչական տուգանք նշանակելու մասին 16.09.2008 թվականի Տեսչության որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 23.04.2009 թվականի վճռով Տեսչության հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը խախտել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 255-րդ հոդվածը, ինչպես նաև չի կիրառել «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված հիմնավորումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը գտել է, որ 10.09.2008 թվականի թիվ 3548 ստուգման ակտը կազմվել է «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ, մասնավորապես, դրանում նշված չէ խախտման կատարման ժամկետը: Դատարանի նման եզրահանգումը հիմնված է ստուգման ակտի թերի ուսումնասիրության վրա, քանի որ Դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ ստուգման ակտի 3-րդ էջում առկա է «Խախտումը կատարվել է ստուգման ժամանակ» նախադասությունը: Այսինքն, ստուգման ակտում պահպանված են «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկաման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության բոլոր պահանջները, ինչպես նաև առկա է նշում այն մասին, թե երբ է կատարվել խախտումը:
Դատարանը հանգել է նաև այն եզրակացության, որ արձանագրությունը կազմվել է իրավախախտման համար պատասխանատու անձի բացակայությամբ, որին էլ չեն բացատրվել իր իրավունքներն ու պարտականությունները, ինչը ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի պահանջների խախտում է:
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով չի նախատեսվում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության օրինակի հանձնում այն անձին, որը դրանում նշված է որպես իրավախախտման համար պատասխանատու անձ: Այստեղից կարելի է հետևություն անել, որ այդ փաստաթուղթը նախատեսված է միայն վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության համար լիազորված մարմնի համար, որն էլ դրանում նշված տեղեկությունների արժանահավատությունն ստուգում է գործի քննության ժամանակ՝ հնարավորություն ստեղծելով քննությանը մասնակցող անձանց համար ներկայացնելու լրացուցիչ ապացույցներ, հիմնավորելու իրենց դիրքորոշումը, կատարելու միջնորդություններ և ձեռնարկելու անհրաժեշտ այլ միջոցներ իրենց իրավունքների պաշտպանության համար:
2) Դատարանը չի կիրառել «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված հիմնավորումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը գտել է, որ ստուգումներ իրականացնող մարմինը պետք է ստուգվող տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ վերջինիս փոխարինող պաշտոնատար անձին տեղեկացներ ստուգումները փաստացի սկսելու ժամանակի մասին: Մինչդեռ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հրամանի կամ հանձնարարագրի երկու oրինակը, ստուգումն սկսելուց առնվազն երեք աշխատանքային oր առաջ, տրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Տվյալ դեպքում Ընկերության տնօրեն Էդգար Մկրտչյանն ստացել է ստուգման հանձնարարագիրը ստուգումը փաստացի սկսելուց երեք աշխատանքային օր առաջ:
Դատարանը որպես «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի խախտում է որակել այն հանգամանքը, որ ստուգման հանձնարարագիրն ստուգվող տնտեսվարող սուբյեկտի պաշտանատար անձին է հանձնվել ոչ թե առձեռն, այլ՝ փոստային ծառայության միջոցով, ինչը գնահատվել է որպես ոչ պատշաճ ծանուցում: Դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ ստուգման հանձնարարագրի հանձնումը նպատակ է հետապնդում ապահովելու տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի կամ վերջինիս փոխարինող պաշտոնատար անձի տեղեկացվածությունը իրականացվելիք ստուգման մասին: Այսինքն, առաջնային նշանակություն ունի ոչ թե հանձնարարագրի օրինակի հանձնման ձևը, այլ հենց հանձնարարագիրը հանձնված լինելու փաստը:
3) Դատարանը խախտել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի
288-րդ հոդվածի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:
Բողոք բերած անձը նշված հիմնավորումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
16.09.2008 թվականի տուգանք սահմանելու մասին թիվ 2319 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին 23.03.2009 թվականին հակընդդեմ հայց է ներկայացրել Ընկերության տնօրեն Էդգար Մկրտչյանը: Այսինքն` այն ժամանակ, երբ ընդունված տուգանքի որոշումը բողոքարկելու համար սահմանված տասնօրյա ժամկետը լրացած է եղել, և ակտը դարձել է անբողոքարկելի: Միաժամանակ, չի ներկայացվել նաև միջնորդություն՝ հարգելի պատճառներով բաց թողնված ժամկետը վերականգնելու խնդրանքով: Այսինքն` Դատարանի կողմից վարույթ է ընդունվել անբողոքարկելի դարձած վարչական ակտն առոչինչ ճանաչելու պահանջի մասին հայցադիմում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել և փոփոխել Դատարանի 23.04.2009 թվականի վճիռը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 22.08.2008 թվականի թիվ 1969/05 հանձնարարագրով հանձնարարվել է Ընկերության «Նիրվանա» հանգստյան գոտում անցկացնել սանիտարական օրենսդրության, սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնների և նորմերի, հակահամաճարակային ռեժիմի պահանջների կատարման նկատմամբ թեմատիկ ստուգում (գ.թ. 4):
2. Ստուգման արդյունքներով 10.09.2008 թվականին կազմվել է թիվ 3548 ստուգման ակտը (գ.թ. 2):
3. Փոստային ծանուցագրի համաձայն՝ 22.08.2008 թվականի թիվ 1969/05 հանձնարարագիրը Ընկերության տնօրենը ստացել է 28.08.2008 թվականին (գ.թ. 3):
4. Փոստային ծանուցագրերի համաձայն՝ 10.09.2008 թվականի թիվ 3548 ստուգման ակտը և սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտման մասին 10.09.2008 թվականի թիվ 3297 արձանագրությունը և ստուգման արդյունքների ամփոփմանը և որոշում կայացնելու նիստը 16.09.2008 թվականին անցկացնելու մասին ծանուցումը Ընկերության տնօրենը ստացել է 12.09.2008 թվականին (գ.թ. 5):
5. 16.09.2009 թվականի թիվ 2319 տուգանք սահմանելու մասին որոշմամբ Ընկերության նկատմամբ նշանակվել է 40.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք (գ.թ. 10,11):
6. Վարչական իրավախախտում կատարելու տեղը, ժամանակը և էությունը տողում իրավախախտում կատարելու ժամանակ է նշված 9.09.2008 թվականը (գ.թ. 7):
7. Ստուգման ակտի 3-րդ էջում նշված « … խախտումը կատարվել է ստուգման ժամանակ:» նախադասությունը (գ.թ. 11):
8. Ընկերության տնօրեն Էդգար Մկրտչյանը 23.03.2009 թվականին սույն քաղաքացիական գործով ներկայացրել է հակընդդեմ հայց (գ.թ. 16):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն՝ ստուգման ակտում պետք է նկարագրվեն արձանագրված խախտումները, այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել, խախտման կոնկրետ ժամանակը, հղում՝ համապատասխան փաստաթղթերին, պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Սույն գործով Դատարանը ստուգման ակտում սանիտարական և սանիտարահամաճարակային կանոնների խախտման կոնկրետ ժամանակը նշված չլինելու մասին եզրահանգում կատարելիս պատշաճ գնահատման առարկա չի դարձրել ակտը, ինչպես նաև վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրությունը: Մասնավորապես, ստուգման ակտի 3-րդ էջում նշված է` « … խախտումը կատարվել է ստուգման ժամանակ» նախադասությունը, իսկ վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրության «վարչական իրավախախտում կատարելու տեղը, ժամանակը և էությունը» տողում իրավախախտում կատարելու ժամանակ է նշված 09.09.08 թվականը:
Ինչ վերաբերում է Դատարանի այն հետևությանը, համաձայն որի` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվել է իրավախախտման համար պատասխանատու անձի բացակայությամբ, որին չի բացատրվել իր իրավունքներն ու պարտականությունները, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստուգման մասին պատշաճ կերպով ծանուցված լինելու պայմաններում Ընկերության պատասխանատու անձի բացակայությամբ արձանագրություն կազմելը չի կարող դիտվել որպես ստուգումն իրականացնող մարմնի կողմից օրենսդրական պահանջների խախտում:
2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը, ստուգումն սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ, տրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին … :
Վարչական դատարանը, ղեկավարվելով վերոնշյալ հոդվածով, եկել է այն եզրահանգման, որ Տեսչությունը պարտավոր է հրամանում կամ հանձնարարագրում ամրագրել ստուգումներն իրականացնելու կոնկրետ ժամանակը և տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ վերջինիս փոխարինող պաշտոնատար անձին տեղեկացնել ստուգման փաստացի սկսվելու ժամանակի մասին:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:
«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի տառացի մեկնաբանությունից հետևում է, որ այն չի պարտավորեցնում ստուգումն իրականացնող մարմնին հրամանում կամ հանձնարարագրում ամրագրել ստուգումներն իրականացնելու կոնկրետ ժամանակը, կամ համապատասխան տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ վերջինիս փոխարինող պաշտոնատար անձին տեղեկացնել ստուգման փաստացի սկսվելու ժամանակի մասին:
Ինչ վերաբերում է տնտեսվարող սուբյեկտներին ստուգման մասին պատշաճ կարգով ծանուցված չլինելու մասին Դատարանի եզրահանգմանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն նույնպես անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օերնքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է հրամանի կամ հանձնարարագրի օրինակը տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ վերջինիս փոխարինող պաշտոնատար անձին «տալու» ստուգում իրականացնող մարմնի պարտականությունը, առանց սահմանելու տրման կոնկրետ եղանակը:
Սույն գործի փաստերից հետևում է, որ ստուգում իրականացնող պետական մարմնի կողմից պահպանվել է օրենքի վերոնշյալ հոդվածի պահանջը : Մասնավորապես, Թիվ 1192 ստացման մասին փոստային ծանուցագրի համաձայն` 22.08.2008 թվականի թիվ 1969/05 հանձնարարագիրը Ընկերության տնօրենն ստացել է 28.08.2008 թվականին:
3. Վճռաբեկ բողոքը երրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն` Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատ կարող է տրվել որոշումն ընդունելու օրվանից տասն օրվա ընթացքում: Նշված ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում այդ ժամկետը կարող է վարականգնվել գանգատը քննելու համար իրավազոր մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, այն անձի դիմումով, որի նկատմամբ ընդունված է որոշումը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի: Բողոքարկման ժամկետը կարող է վերականգնվել հարգելի պատճառով բաց թողնվելու դեպքում: Ընդ որում, վարչական բողոքի համար սահմանված ժամկետի բացթողումը վարչական ակտը դարձնում է անբողոքարկելի միայն վարչական կարգով:
Նույն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` օրենքի գործողությունը չի տարածվում դատավարական իրավունքի նորմերով կարգավորվող հարաբերությունների վրա:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հոդվածները սահմանում են վարչական ակտը վարչական կարգով բողոքարկելու ժամկետները և կարգը, հետևաբար կիրառելի չեն դատարան հայցադիմում ներկայացնելու ժամկետների հետ կապված հարաբերությունների նկատմամբ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի համաձայն` վարչական բողոքը կարող է բերվել`
ա) վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսվա ընթացքում.
բ) վարչական մարմնի կողմից գործողություն կատարելու օրվանից մեկ ամսվա ընթացքում.
գ) վարչական մարմնի կողմից անգործություն ցուցաբերելու օրվանից 3 ամսվա ընթացքում.
դ) գրավոր վարչական ակտում դրա բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի: Բողոքարկման ժամկետը կարող է վերականգնվել հարգելի պատճառով բաց թողնվելու դեպքում:
Բողոքարկման ժամկետի բաց թողնելը հարգելի համարելու հանգամանք կարող է դառնալ վարույթի մասնակցից անկախ պատճառներով բողոքարկման ժամկետը բաց թողնելը:
Բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառներ) վերացնելուց հետո վարույթի մասնակիցը կարող է բողոք ներկայացնել 15 օրվա ընթացքում` նշելով ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառներ): Վարչական մարմինը, որի վարույթում է գտնվում վարչական բողոքը, վերականգնում է բաց թողնված ժամկետը և բողոքն ըստ էության քննարկում և լուծում է, եթե բողոքով կամ բողոքի քննարկման ընթացքում հիմնավորվում է բողոք բերողից անկախ պատճառներով (նրա մեղքի բացակայությամբ) բողոքարկման ժամկետը բաց թողնելու հանգամանքը:
Բողոքարկման ժամկետը լրանալուց` մեկ տարի անցնելուց հետո վարույթի մասնակիցը կորցնում է բողոքարկման ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու հիմնավորմամբ բողոք բերելու իրավունքը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերելու ժամկետը բաց թողնելը կապված է անհաղթահարելի ուժի առաջացրած հետևանքների հետ:
Տվյալ դեպքում բողոքարկման կարգի և ժամկետների վերաբերյալ հիշյալ նորմերը նույնպես վերաբերում են վարչական կարգով ակտի բողոքարկմանը (իրավական հիմնավորումները տե՛ս ըստ «Գլուր» ՍՊԸ-ի դիմումի ընդդեմ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմկերպության, ՀՀ արդարադատության նախարարության Գեղարքունիքի ԴԱՀԿ ծառայության Մարտունի-Վարդենիս տարածաշրջանային բաժանմունքի, երրորդ անձինք՝ Գուրգեն Դարբինյանի, Տիգրան Դարբինյանի, Ֆիրդուս Զաքարյանի և Ժիրայր Գալստյանի՝ պաշտոնատար անձանց օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը) :
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին և երկրորդ հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով ՀՀ վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 23.04.2009 թվականի վճիռը, և այն փոփոխել: ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի հայցը բավարարել` «Էդգար և Խորեն» ՍՊԸ-ի տնօրեն Էդգար Մկրտչյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ: «Էդգար և Խորեն» ՍՊԸ-ի հակընդդեմ հայցը մերժել:
2.«Էդգար և Խորեն» ՍՊԸ-ի տնօրեն Էդգար Մկրտչյանից ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության օգտին բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Վ. Ավանեսյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան |