Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.09.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.25/66(732) Հոդ.1490
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.09.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/0283/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/0283/05/09

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Վ. Ավանեսյանի

 

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

2009 թվականի սեպտեմբերի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արման Մելքոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 22.04.2009 թվականի վճռի դեմ` ըստ Գևորգ Վարդանյանի հայցի ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության (այսուհետ` Ոստիկանություն) և Արման Մելքոնյանի` Ոստիկանության կողմից կազմված եզրակացությունը և որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գևորգ Վարդանյանը պահանջել է անվավեր ճանաչել Ոստիկանության 23.12.2008 թվականի եզրակացությունը և 24.12.2008 թվականի թիվ 617022 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 22.04.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արման Մելքոնյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը Ոստիկանության վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ոստիկանությունը, խախտելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, չի պարզել ճանապարհատրանսպորտային պատահարի հետ կապված մի շարք հանգամանքներ:

Դատարանի մոտ առաջացած հարցադրումները հաստատում են, որ Դատարանն անմիջականորեն չի գնահատել գործում եղած բոլոր ապացույցները՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Մասնավորապես՝ Դատարանը չի գնահատել Գևորգ Վարդանյանի և Արման Մելքոնյանի տված բացատրությունները և դեպքի վայրի սխեմատիկ պատկերը, որտեղ ներկայացված է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, Գևորգ Վարդանյանի և Արման Մելքոնյանի` երթևեկության փողոցների «Կանգ-գծից» հեռավորությունը: Բացի այդ, Դատարանի վճռի պատճառաբանական մասում նույնպես բացակայում է որևէ անդրադարձ նշված ապացույցներին:

2) Դատարանը չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.6-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վարչական վարույթի ընթացքում Գևորգ Վարդանյանը բացատրություն է տվել այն մասին, որ կանգնած է եղել Երևանի Մովսես Խորենացի և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկի «կանգ առ» գծանշանին և լուսացույցի թույլատրող ազդանշանով վերսկսել է երթևեկությունը, իսկ ճանապարհատրանսպորտային պատահարի սխեմայի համաձայն՝ վերջինս անցել է մոտ 32 մետր: Արման Մելքոնյանը նույնպես բացատրություն է տվել այն մասին, որ նշված փողոցների խաչմերուկ է մուտք գործել լուսացույցի թույլատրող ազդանշանով, իսկ ճանապարհատրանսպորտային պատահարի սխեմայի համաձայն՝ վերջինս անցել է մոտ 50 մետր:

Գևորգ Վարդանյանի և Արման Մելքոնյանի բացատրությունները, ինչպես նաև մյուս ապացույցները Ոստիկանության համար բավարար փաստական հանգամանքներ են հանդիսացել ապացուցված համարելու, որ Գևորգ Վարդանյանը, եթե անգամ արդեն միացել էր երթևեկելի Երևանի Մովսես Խորենացի փողոցի լուսացույցի թույլատրող ազդանշանը, պետք է ճանապարհը զիջեր խաչմերուկի անցումը և երթևեկելի մասի հատումը դեռևս չավարտած Արման Մելքոնյանի տրանսպորտային միջոցին:

Նշվածի հիման վրա Ոստիկանությունն իրավաչափորեն գնահատել է, որ Գևորգ Վարդանյանը թույլ է տվել ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության» կանոնների 94-րդ կետի խախտում, որը Դատարանն անտեսել է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 22.04.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ոստիկանության 23.12.2008 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ» արձանագրության համաձայն՝ Գևորգ Վարդանյանը, «Միցուբիշի» մակնիշի «970 ԼՕ 68» հաշվառման համարանիշով ավտոմեքենայով 30.11.2008 թվականին ժամը 12:00-ի սահմաններում Երևանի Մովսես Խորենացի և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում մուտք գործելով խաչմերուկ, հնարավորություն չի տվել նույն խաչմերուկ մուտք գործած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային ավարտել խաչմերուկի անցումը, ինչի հետևանքով առաջացել է վթար (գ.թ. 16):

2) Գևորգ Վարդանյանը և Արման Մելքոնյանն ավտովթարի դեպքի առթիվ տվել են բացատրություններ, ինչի վերաբերյալ Ոստիկանությունը 02.12.2008 թվականին կազմել է «Բացատրություն վերցնելու մասին» արձանագրություններ:

Գևորգ Վարդանյանը բացատրությամբ հայտնել է, որ հասնելով Մովսես Խորենացի և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկ և տեսնելով լուսացույցի արգելող կարմիր ազդանշանը՝ երկրորդ շարքում «Կանգ-գծի» մոտ կանգ է առել: Լուսացույցի թույլատրող կանաչ ազդանշանի փոփոխումից հետո վերսկսել է երթևեկությունը և մուտք է գործել խաչմերուկ: Խաչմերուկի կենտրոնական մասում ձախ կողմից լսել է ազդանշանի ձայն և նկատելով, որ Վազգեն Սարգսյան փողոցից մեծ արագությամբ մոտենում է «Մերսեդես» մակնիշի «09 ՍՏ 036» հաշվառման համարանիշով ավտոմեքենան, ղեկը պտտել է աջ, որպեսզի խուսափի ընդհարումից, սակայն նշված ավտոմեքենան առջևի մասով ընդհարվել է իր ավտոմեքենայի հետևի ձախ կողային մասին:

Արման Մելքոնյանը բացատրությամբ հայտնել է, որ հասնելով Վազգեն Սարգսյան և Մովսես Խորենացի փողոցների խաչմերուկին և տեսնելով լուսացույցի թույլատրող կանաչ ազդանշանը՝ նույն արագությամբ մուտք է գործել խաչմերուկ: «Կանգ-գիծ»-ը հատելուց հետո կանաչ ազդանշանը փոփոխվել է նախազգուշացնող դեղին ազդանշանի և այդ տեսնելով՝ շարունակել է երթևեկությունը և մի քանի մետր անցնելուց հետո տեսել է Մովսես Խորենացի փողոցից խաչմերուկ մուտք գործող «Միցուբիշի» մակնիշի «970 ԼՕ 68» հաշվառման համարանիշով ավտոմեքենան ու դիմել է արգելակման, տվել է ձայնային ազդանշան և ղեկը պտտել է ձախ, սակայն ավտոմեքենայի առջևի մասով ընդհարվել է նշված ավտոմեքենայի հետևի ձախ կողային մասին (գ.թ. 14-15):

3) Ոստիկանության 23.12.2008 թվականի եզրակացությամբ պարզվել է, որ Գևորգ Վարդանյանը թույլ է տվել «Ճանապարհային երթևեկության կանոններ»-ի 94-րդ կետի պահանջի խախտում, ինչով պայմանավորվել է ընդհարումը, և վերջինս ենթակա է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.6-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշված եզրակացությամբ նշվել է, որ վերոգրյալ հանգամանքը հիմնավորվել է վթարի վայրում կազմված սխեմայով, ավտոմոբիլների զննության արձանագրություններով, վարորդների բացատրություններով և գործի ողջ նյութերով (գ.թ. 6):

4) Ոստիկանության 24.12.2008 թվականի թիվ 617022 որոշմամբ Գևորգ Վարդանյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.6-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է 20.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի (գ.թ. 7):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն oրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

Նշված օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

Նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը:

Սույն գործով Դատարանը հաստատված է համարել, որ Ոստիկանության վիճարկվող եզրակացությունը և որոշումը ընդունվել են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի խախտման և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.6-րդ հոդվածի 1-ին մասի սխալ կիրառման հետևանքով:

Մինչդեռ Դատարանը որևէ կերպ չի պատճառաբանել նշված համոզմունքի ձևավորումը և Ոստիկանության վիճարկվող եզրակացության և որոշման իրավաչափության ստուգման վերաբերյալ հետևությունները չի փաստարկել գործում առկա ապացույցներով, ինչի արդյունքում հանգել է չհիմնավորված հետևության:

Այսպես` Դատարանը չի հետազոտել և չի գնահատել Ոստիկանության 23.12.2008 թվականի՝ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող «Վարչական իրավախախտման վերաբերյալ» արձանագրությունը, 02.12.2008 թվականի «Բացատրություն վերցնելու մասին» արձանագրությունները, 23.12.2008 թվականի եզրակացությունը, ինչպես նաև ավտովթարի դեպքի սխեմատիկ պատկերը և առանց նշված ապացույցների վերաբերյալ հետևություններ անելու՝ եզրակացրել է վիճարկվող վարչական ակտի անվավերության մասին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio"): Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ դատարանը մատնանշում է այն փաստերը, որոնք, իր կարծիքով, էական են վեճի լուծման համար, և անհրաժեշտության դեպքում կողմերից պահանջում է ներկայացնել այդ փաստերի ապացույցներ:

Տվյալ դեպքում Դատարանն իր իսկ կողմից մատնանշած բացահայտման ենթակա հանգամանքները չի պարզել ի պաշտոնե, չի ձեռնարկել որևէ գործողություն այդ հանգամանքների պարզման համար:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի վճիռն անհիմն է:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին, ուստի սույն որոշմամբ նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ դրան (տե՛ս, օրինակ` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հայցի ընդդեմ «Քնար-88» ՍՊԸ-ի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, թիվ 3-2504(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի որոշումը):

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Ոստիկանության 24.12.2008 թվականի թիվ 617022 որոշման իրավաչափության ստուգումն անմիջականորեն կապված է ավտովթարի դեպքի իրական փաստերի բացահայտման հետ, ինչը, հաշվի առնելով որոշակի տեխնիկական բարդություններ, կարող է բացահայտել և բացահայտմանն օժանդակել նշված ոլորտում հատուկ իմացություն ունեցող անձը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի ցուցմունքը, գրավոր ապացույցները և իրեղեն ապացույցները:

Նշված օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ապացույցը գնահատելու կամ փաստը հաստատելու համար դատարանին կօգնի գիտական, տեխնիկական կամ այլ հատուկ իմացությունը, ապա անձը, որն իր կրթության, ունակության, հմտության կամ փորձի շնորհիվ կարող է փորձագետ համարվել, կարող է դատարանին ցուցմունք տալ տվյալ ապացույցի կամ փաստի վերաբերյալ եզրակացության ձևով:

Նույն օրենսգրքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սահմանում է, որ Դատարանն իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ կարող է նշանակել փորձագետ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 35-րդ և 36-րդ հոդվածներով սահմանված ապացույցը գնահատելու կամ փաստը հաստատելու համար փորձագետ նշանակելու հետ կապված դատավարական գործողությունների իրականացումը թեև Դատարանի իրավունքն է, սակայն Դատարանն այդ իրավունքն իրականացնելիս պետք է ձգտի նույն օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզմանը հանգելու պարտականության լիարժեք իրականացմանը, պետք է գործի իրական փաստերի բացահայտման գործընթացում ակտիվորեն օգտագործի դատավարական օրենսգրքով իրեն վերապահված իրավունքները և ցանկացած գործ քննելիս պետք է ելնի միմիայն անձին երաշխավորված արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթի գերակայությունից:

2) Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ Դատարանը գործը քննել է ոչ լիարժեք և հանգել է հետևության` առանց գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը հետազոտելու և գնահատելու, ինչի արդյունքում հնարավոր չէ Ոստիկանության 24.12.2008 թվականի թիվ 617022 որոշման իրավաչափության կամ ոչ իրավաչափության վերաբերյալ հետևություններ անել:

Ինչ վերաբերում է Ոստիկանության 23.12.2008 թվականի եզրակացությունն անվավեր ճանաչելու պահանջին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված պահանջը ենթակա չէ վարչական դատարանում քննության, և գործով վարույթն այդ մասով անհրաժեշտ է կարճել: Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում արդեն իսկ անդրադարձել է նշված իրավական խնդրի վերլուծությանը, ուստի սույն որոշմամբ նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ դրան (իրավական հիմնավորումները տե՛ս ըստ Կարապետ Նազարյանի հայցի ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության և «Շտապբուժօգնություն» ՊՓԲԸ-ի՝ «Շտապբուժօգնություն» ՊՓԲԸ-ի 06.11.2007 թվականի թիվ 014969 փաստաթուղթն անվավեր ճանաչելու և ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 13.11.2007 թվականի թիվ 236128 որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին վարչական գործով Վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի որոշումը):

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վարչական դատարանի 22.04.2009 թվականի վճիռը բեկանել: ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 24.12.2008 թվականի թիվ 617022 որոշումն անվավեր ճանաչելու մասով գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության, իսկ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 23.12.2008 թվականի եզրակացությունն անվավեր ճանաչելու մասով գործի վարույթը կարճել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան