Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.10.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.25/66(732) Հոդ.1493
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
16.10.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/0569/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/0569/05/09

2009թ.

Նախագահող դատավոր՝ Լ. Սոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Խունդկարյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի հոկտեմբերի 16-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 15.08.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի-1 հարկային տեսչության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արմեն Խաչատրյանի՝ 816.847 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի-1 հարկային տեսչությունը (այսուհետ՝ Տեսչություն) պահանջել է բռնագանձել անհատ ձեռնարկատեր Արմեն Խաչատրյանից 816.847 ՀՀ դրամ, որից հաստատագրված վճարի գծով տույժ՝ 246.379 ՀՀ դրամ, եկամտահարկի գծով տույժ՝ 38.700 ՀՀ դրամ, պարտադիր սոցիալական ապահովության վճարի գծով ապառք՝ 355.000 ՀՀ դրամ, տույժ՝ 176.768 ՀՀ դրամ։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 15.08.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

 Տեսչության կողմից խախտումը հայտնաբերվել է 1999 թվականին, երբ պատասխանողի կողմից 03.06.1998 թվականին ներկայացված հաստատագրված վճարների տվյալների գրանցման մասին դիմում-հայտարարության հիման վրա «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի և «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի հիմքով կատարվել է հաստատագրված վճարի հաշվարկ։ Հաշվարկված գումարներից պատասխանողը կատարել է վճարումներ՝ 26.11.1999 թվականին՝ 50.000 ՀՀ դրամ, 27.03.2000 թվականին՝ 150.000 ՀՀ դրամ, 31.03.2000 թվականին՝ 119.400 ՀՀ դրամ, 15.10.2002 թվականին՝ 50.000 ՀՀ դրամ, որի արդյունքում մնացորդը կազմել է 246.379 ՀՀ դրամ տույժ։

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը վերաբերում է հարկային պարտավորությունների հաշվարկմանն ու հայտնաբերմանը, մինչդեռ արդեն իսկ հայտնաբերված պարտավորությունների բռնագանձման համար հարկային օրենսդրությունը վաղեմության ժամկետ չի սահմանում։

Միաժամանակ նմանատիպ գործի վերաբերյալ առկա է ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2007 թվականի թիվ 3-1150/ՏԴ նախադեպային որոշումը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 15.08.2009 թվականի վճռի՝ 246.379 ՀՀ դրամ հաստատագրված վճարի տույժի բռնագանձումը մերժելու մասը և այդ մասով դատական ակտը փոփոխել. հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 03.06.1998 թվականին պատասխանող Արմեն Խաչատրյանը Տեսչություն է ներկայացրել հաստատագրված վճարների տվյալների գրանցման մասին դիմում-հայտարարություն (գ.թ. 11):

 2. 26.11.1999 թվականին պատասխանող Արմեն Խաչատրյանը Տեսչություն է ներկայացրել դիմում-հայտարարություն՝ հաստատագրված վճար վճարողի գործունեության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ (գ.թ. 10):

3. Տեսչության կողմից ներկայացված՝ պարտավորության առաջացման վերաբերյալ տեղեկանքի համաձայն՝ պատասխանողի պարտավորությունները ՀՀ պետական բյուջեի հանդեպ կազմում են 816.847 ՀՀ դրամ, որից հաստատագրված վճարի գծով տույժ` 246.379 ՀՀ դրամի չափով: Ընդ որում հաստատագրված վճարի գծով տույժի հաշվարկը կատարվել է 1998 թվականի հուլիս ամսից մինչև 25.12.1999 թվականը (գ.թ. 7):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային պարտավորությունը ներառում է հարկերի (այդ թվում` թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող oբյեկտի համար նախատեսված), ինչպես նաև հարկային oրենսդրությունը և Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված՝ հարկային oրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումը:

«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի (իրավահարաբերությունների ծագման պահին գործող խմբագրությամբ) համաձայն՝ հարկային տեսչության մարմնին նոր հայտարարություն չներկայացնելու դեպքում յուրաքանչյուր ամսվա համար հաստատագրված վճարի չափը հաշվարկվում է հարկային տեսչության մարմնի կողմից՝ նախորդ ամսվա հաստատագրված վճարի հաշվարկման համար հիմք ընդունված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների կիրառմամբ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ճշգրտվում է հաստատագրված վճարի չափը, այդ թվում՝ նույն օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում:

Նույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի (իրավահարաբերությունների ծագման պահին գործող խմբագրությամբ) համաձայն՝ հաստատագրված վճարի վճարումը կատարվում է վճարողի կողմից ինքնուրույնաբար՝ յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև հաջորդ ամսվա 25-ը ներառյալ:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ՝ դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի համաձայն՝ հարկային oրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ հարկատուի մոտ հարկային պարտավորություններ չեն առաջանում, եթե վերջինիս կողմից թույլ տրված հարկային օրենսդրության խախտումը դրան հաջորդող երեք տարիների ընթացքում հարկային մարմնի կողմից չի հայտնաբերվել (Տես՝ Շահումյանի հարկային տեսչություն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Գայանե Ադյանի՝ 4.955.100 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 01.08.2007 թվականի թիվ 3-1150 (ՏԴ)/2007 որոշումը):

Սույն գործի փաստերից հետևում է, որ 03.06.1998 թվականին Արմեն Խաչատրյանը Տեսչություն է ներկայացրել հաստատագրված վճարների տվյալների գրանցման մասին դիմում-հայտարարություն, իսկ 26.11.1999 թվականին՝ հաստատագրված վճար վճարողի գործունեության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ դիմում-հայտարարություն: Նշված հայտարարության հիման վրա Տեսչությունը հաշվարկել է հաստատագրված վճարներ մինչև գործունեության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ դիմում-հայտարարության ներկայացնելը` միաժամանակ կատարելով հաստատագրված վճարի գծով տույժի հաշվարկ՝ 1998 թվականի հուլիս ամսից մինչև 25.12.1999 թվականը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ տույժի հաշվարկը բավարար հիմք է արձանագրելու համար, որ Արմեն Խաչատրյանի կողմից թույլ տրված խախտումը Տեսչության կողմից հայտնաբերվել է դեռևս 1999 թվականին, այսինքն՝ Տեսչությունը պատշաճ կերպով իրականացրել է հարկերի հաշվարկման և վճարման կարգի նկատմամբ հսկողություն իրականացնելու՝ օրենքով նախատեսված պարտավորությունը: Մինչդեռ Դատարանը, մերժելով հայցը (բողոքարկված մասով), անտեսել է այն հանգամանքը, որ հաստատագրված վճարների հաշվարկման և վճարման կարգի խախտման փաստը Տեսչության կողմից հայտնաբերվել է 1999 թվականին:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածների ուժով Դատարանի վճռի՝ 246.379 ՀՀ դրամ հաստատագրված վճարի տույժի բռնագանձումը մերժելու մասը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 15.08.2009 թվականի վճռի՝ հաստատագրված վճարի տույժը բռնագանձելու մերժման մասը և այդ մասով այն փոփոխել. անհատ ձեռնարկատեր Արմեն Խաչատրյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 246.379 ՀՀ դրամ՝ հաստատագրված վճարի տույժի գումարը, և 4.927 ՀՀ դրամ՝ հայցադիմումի համար վճարված պետական տուրքի գումարը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ե. Խունդկարյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան