Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.10.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.25/66(732) Հոդ.1488
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
16.10.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/7185/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ/7185/05/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Ղազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ա. Բարսեղյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի հոկտեմբերի 16-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 07.05.2009 թվականի վճռի դեմ` ըստ Սիլվա Կուզիկյանի, Մարտին Կուզիկյանի հայցի ընդդեմ Քաղաքապետարանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր)՝ Երևանի քաղաքապետի (այսուհետ՝ Քաղաքապետ) 12.11.2007 թվականի թիվ 4743-Ա որոշումն անվավեր ճանաչելու և ինքնակամ շինության և հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սիլվա և Մարտին Կուզիկյանները պահանջել են անվավեր ճանաչել Քաղաքապետի 12.11.2007 թվականի թիվ 4743-Ա որոշումը, ինչպես նաև ինքնակամ շինության և հողատարածքի նկատմամբ ճանաչել սեփականության իրավունքը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 07.05.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Սիլվա և Մարտին Կուզիկյանները:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 6-րդ, 24-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ, 132-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Քաղաքապետի 12.11.2007 թվականի թիվ 4743-Ա որոշման կայացման համար հիմք է հանդիսացել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Պետական և համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն, 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, Քաղաքապետի 21.12.2006 թվականի «ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումների կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 2250-Ա որոշումներն ու Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 02.11.2007 թվականի թիվ 18-06/Ի-6424 եզրակացությունը, որի համաձայն՝ կառույցով զբաղեցված և դրա սպասարկման համար անհրաժեշտ 34,75 քմ մակերեսով հողամասն ըդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, որի արդյունքում առաջարկվել է ճանաչել շինության նկատմամբ պետության սեփականության իրավունքը՝ հետագայում օրինական ճանաչելու և կառուցապատողին օտարելու հնարավորությամբ:

Դատարանը չի նշել, թե վիճարկվող վարչական ակտը ո՞ր օրենքի խախտման, սխալ կիրառման կամ մեկնաբանման արդյունքում է կայացվել, ինչը կարող էր հիմք հանդիսանալ Քաղաքապետի վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու համար:

Դատարանը, Քաղաքապետի վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելով, վճռի պատճառաբանական մասում չի նշել այն ապացույցները, որոնք հիմք են հանդիսացել եզրահանգելու, որ նշված որոշումը կայացվել է ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ:

 Դատարանը, ի պաշտոնե պարզելով գործի փաստերը, պարտավոր էր պարզել այն փաստը, թե արդյո՞ք Քաղաքապետի վիճարկվող որոշման կայացման պահին խախտվել են Սիլվա և Մարտին Կուզիկյանների իրավունքները:

2) Դատարանը կիրառել է «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

«Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել ավելի ուշ, քան Քաղաքապետի վիճարկվող որոշումը և չի պարունակում նշված օրենքին հետադարձ ուժ տալու վերաբերյալ նորմ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 07.05.2009 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները

Դատարանի 07.05.2009 թվականի վճիռը հիմնավոր է և օրինական, իսկ բողոք բերած անձի մատնանշած խախտումները բացակայում են:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Մարտին Կուզիկյանը դիմում է ներկայացրել Քաղաքապետարան՝ ինքնակամ կառուցված շինությունը և դրա համար առանձնացված հողամասն անհատույց սեփականաշնորհելու վերաբերյալ:

2) Քաղաքապետի 12.11.2007 թվականի թիվ 4743-Ա որոշմամբ Կալենցի փողոցի թիվ 6/2 հասցեում Մարտին Կուզիկյանի կողմից պետական սեփականություն հանդիսացող 34.75քմ մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված շինությունը (բնակելի տանը կից ավտոտնակ) ճանաչվել է պետական սեփականություն (գ.թ. 62):

3) Քաղաքապետի 12.11.2007 թվականի թիվ 4743-Ա որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթին Սիլվա և Մարտին Կուզիկյանները մասնակից չեն դարձվել:

4) Քաղաքապետարանի 10.12.2007 թվականի թիվ 09/6478 գրությամբ Մարտին Կուզիկյանը տեղեկացվել է, որ Քաղաքապետի 12.11.2007 թվականի թիվ 4743-Ա որոշմամբ Կալենցի փողոցի թիվ 6/2 հասցեում գտնվող ինքնակամ կառույցի (ավտոտնակ) նկատմամբ ճանաչվել է Քաղաքապետարանի սեփականության իրավունքը (գ.թ. 12):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական վարույթի մասնակիցներն են (այսուհետ՝ վարույթի մասնակիցներ)՝

ա) վարչական ակտի հասցեատերը՝ այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ.

բ) երրորդ անձինք՝ այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի «բ» կետում նշված վարույթի մասնակիցները վարչական վարույթում ներգրավվում են իրենց դիմումի համաձայն կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինը իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պատշաճ ձևով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է, իսկ նույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին՝ նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:

Նույն օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է՝

ա) օրենքի խախտմամբ, այդ թվում՝ օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.

բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:

Նշված հոդվածներից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական նորմի ուժով յուրաքանչյուրի համար երաշխավորված է պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը, որը դրսևորվում է նաև դիմումի հիման վրա կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի մասին ծանուցվելու, իրականացվող վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ արտահայտվելու և վարչական ակտի ընդունման մասին իրազեկվելու իրավունքների սահմանմամբ: Որպես անձի՝ պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքի սահմանադրական նորմի իրացման երաշխիք, օրենքով սահմանված է այդ իրավունքի խախտմամբ ընդունված վարչական ակտի անվավեր ճանաչման հնարավորություն:

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ վիճարկվող ակտի ընդունման կապակցությամբ Քաղաքապետարանի նախաձեռնությամբ հարուցվել է վարչական վարույթ, ինչի արդյունքում կայացվել է Քաղաքապետի 12.11.2007 թվականի թիվ 4743-Ա որոշումը, սակայն նշված վարչական վարույթին Սիլվա և Մարտին Կուզիկյանները մասնակից չեն դարձվել: Բացի այդ, Դատարանը հաստատված է համարել, որ Երևանի Կալենցի փողոցի թիվ 6/2 հասցեում պետական սեփականություն հանդիսացող 42 քմ մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված ավտոտնակի նկատմամբ Քաղաքապետարանի սեփականության իրավունքը գրանցելու պահին՝ 04.12.2007 թվականին, Քաղաքապետի 12.11.2007 թվականի թիվ 4743-Ա որոշումը դեռևս ուժի մեջ մտած չի եղել, քանի որ Սիլվա և Մարտին Կուզիկյանները նշված որոշման մասին տեղեկացվել են միայն 10.12.2007 թվականի գրությունից:

Վճռաբեկ դատարանը Դատարանի նշված պատճառաբանությունները համարում է հիմնավոր, քանի որ գործի նյութերով հաստատվում է, որ Մարտին Կուզիկյանն ինքնակամ կառուցված վիճելի շինությունը և դրա համար առանձնացված հողամասն անհատույց սեփականաշնորհելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Քաղաքապետարան, սակայն Քաղաքապետարանն իր նախաձեռնությամբ իրականացրել է Քաղաքապետի 12.11.2007 թվականի թիվ 4743-Ա որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթ, որին Սիլվա և Մարտին Կուզիկյանները մասնակից չեն դարձվել և ընդհանրապես չեն ծանուցվել վարչական վարույթի հարուցման մասին` անտեսելով այն հանգամանքը, որ նրանք «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի ուժով երրորդ անձինք են: Բացի այդ, գործի նյութերով հաստատվում է նաև, որ Սիլվա և Մարտին Կուզիկյանները վիճարկվող վարչական ակտի ընդունման մասին իրազեկվել են միայն Քաղաքապետարանի 10.12.2007 թվականի թիվ 09/6478 գրությամբ, հետևաբար, Քաղաքապետի 12.11.2007 թվականի թիվ 4743-Ա որոշումն ուժի մեջ է մտել միայն նրանց իրազեկելուն հաջորդող օրվանից, մինչդեռ նշված որոշման հիման վրա դեռևս 04.12.2007 թվականին Քաղաքապետարանին է տրվել թիվ 2286299 սեփականության իրավունքի գրանցման վկայականը, այսինքն՝ Քաղաքապետարանի սեփականության իրավունքը գրանցվել է ուժի մեջ չմտած վարչական ակտի հիման վրա:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Քաղաքապետի 12.11.2007 թվականի թիվ 4743-Ա որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի իրականացմամբ խախտվել է Սիլվա և Մարտին Կուզիկյանների՝ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված պետական մարմնի առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը, և այդպիսի վարչարարության արդյունք հանդիսացող վարչական ակտը ենթակա է անվավեր ճանաչման:

Վերը նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի սույն հիմքում բերված մյուս փաստարկները:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն՝ իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն՝ ունի հետադարձ ուժ միայն նույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում:

Նշված նորմերից հետևում է, որ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտը կարող է տարածվել մինչև այդ ակտի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա միայն դրա վերաբերյալ օրենքով կամ տվյալ ակտով նախատեսված դրույթի առկայության դեպքում:

Սույն գործով Դատարանը, կիրառելով «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, պատճառաբանել է, որ այն քաղաքացու համար սահմանում է իրավազորություն՝ օրինական հողամասին կից սահմանազատված մինչև 300 քմ հողամասի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու համար, ինչից հետևում է, որ որևէ խոչընդոտ չկար Սիլվա և Մարտին Կուզիկյանների կողմից տիրապետվող ինքնակամ զբաղեցված 42 քմ հողամասը և այդ հողամասում ինքնակամ կառուցված ավտոտնակը վերջիններիս սեփականությանը հանձնելու համար:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը կիրառելի չէ, քանի որ այն ուժի մեջ է մտել 19.07.2008 թվականին և չի պարունակում մինչև օրենքի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվելու վերաբերյալ դրույթ: Մինչդեռ սույն գործով Մարտին Կուզիկյանը վիճարկվող որոշման վերաբերյալ տեղեկացվել է Քաղաքապետարանի 10.12.2007 թվականի թիվ 09/6478 գրությունից, ինչից հետևում է, որ ինքնակամ կառուցված շինությունը և դրա համար առանձնացված հողամասն անհատույց սեփականաշնորհելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է առնվազն 10.12.2007 թվականից առաջ, այսինքն՝ մինչև նշված օրենքի ուժի մեջ մտնելը: Հետևաբար, հիմնավոր է «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի սխալ կիրառելիության վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկը:

Ինչ վերաբերում է ինքնակամ շինության և հողատարածքի նկատմամբ Սիլվա և Մարտին Կուզիկյաննների սեփականության իրավունքը ճանաչելու պահանջին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված պահանջը ենթակա չէ դատարանում քննության և այդ մասով գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.

«Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ նույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցման համար հիմք է ֆիզիկական անձի դիմումի հիման վրա կայացված Երևանի քաղաքապետի որոշումը:

Երևանի քաղաքապետի որոշման հետ գրանցող մարմին է ներկայացվում օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված համապատասխան հողամասի հատակագիծը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել նույն օրենսգրքի 65-67-րդ հոդվածներին համապատասխան:

Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունելու այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժվել է վարչական մարմնի կողմից, կամ որը նա չի ընդունել:

Նշված նորմերից հետևում է, որ ճանաչման հայց կարող է ներկայացվել միայն այն դեպքում, երբ պարտավորեցման հայց ներկայացնել հնարավոր չէ (տես նաև` Գևորգ Ճղլյան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրված ճանաչելու և կառուցապատման իրավունքը ճանաչելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 11.08.2009 թվականի թիվ ՎԴ/7081/05/08 որոշումը):

Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն՝ չի բացառվել Քաղաքապետին համապատասխան վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու հայցի հարուցման հնարավորությունը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ընդդատյա չէ վարչական դատարանին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:

Վերոնշյալից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի վարույթը մասնակիորեն ենթակա է կարճման՝ այն Դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 07.05.2009 թվականի վճռի` Երևանի Կալենցի փողոցի թիվ 6/2 հասցեում գտնվող 42քմ ինքնակամ զբաղեցված հողամասի և ինքնակամ շինությունների նկատմամբ Սիլվա Կուզիկյանի և Մարտին Կուզիկյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասը և այդ մասով գործի վարույթը կարճել: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան