Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Լիտվայի Հանրապետության Կառավարության միջԵՎ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Լիտվայի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ՝ Պայմանավորվող կողմեր,
ձգտելով խրախուսել բարեկամական հարաբերությունների զարգացումը, ամրապնդել համագործակցությունը տնտեսական, առևտրական, տեխնիկական, գիտական, մշակութային և այլ բնագավառներում,
ձգտելով դյուրացնել դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց փոխադարձ այցերը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացիները, ովքեր ունեն վավերական դիվանագիտական անձնագրեր, կարող են առանց մուտքի արտոնագրի մուտք գործել մյուս Պայմանավորվող կողմի տարածք միջազգային երթևեկության համար նախատեսված սահմանակետերից, գտնվել այնտեղ որոշ ժամանակ, ոչ ավելի, քան իննսուն (90) օր, և մեկնել առանց առանձին թույլտվություն ստանալու:
Հոդված 2
1. Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացիները, ովքեր ունեն վավերական դիվանագիտական անձնագիր և հանդիսանում են դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների անդամներ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, կարող են մուտք գործել մյուս Պայմանավորվող կողմի տարածք առանց մուտքի արտոնագրի, գտնվել այնտեղ իրենց ծառայության ողջ ընթացքում:
2. Սույն Համաձայնագրի 1-ին կետում շարադրված իրավունքները կիրառվում են նաև երկու երկրների այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր մի Պայմանավորվող կողմի ներկայացուցիչներն են միջազգային կազմակերպություններում, որոնց գլխակայանները կամ առաքելությունները տեղակայված են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, կամ ովքեր իրականացնում են իրենց գործունեությունը նման միջազգային կազմակերպություններում և դիվանագիտական անձնագիր ունեցող անձինք են:
3. 1-ին և 2-րդ կետերում նշված անձանց ընտանիքների անդամները կարող են մուտք գործել մյուս Պայմանավորվող կողմի տարածք առանց մուտքի արտոնագիր ստանալու, գտնվել այնտեղ իրենց ծառայության ողջ ընթացքում և մեկնել առանց առանձին թույլտվություն ստանալու, եթե իրենք ունեն վավերական դիվանագիտական անձնագրեր:
Հոդված 3
Սույն Համաձայնագիրը մի Պայմանավորվող կողմի քաղաքացիներին չի ազատի մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գործող օրենքներին և կանոններին ենթարկվելու պարտավորություններից:
Հոդված 4
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրեն իրավունք է վերապահում մերժել կամ արգելել մյուս Պայմանավորվող կողմի այն քաղաքացիների մուտքը կամ նրանց մնալը իր տարածքում, որոնց ներկայությունը այդ Պայմանավորվող կողմի տարածքում անցանկալի է:
Հոդված 5
1. Պայմանավորվող կողմերը պետք է դիվանագիտական ուղիներով փոխանակեն վավերական դիվանագիտական անձնագրերի նմուշները սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված ծանուցման հետ միասին:
2. Եթե Պայմանավորվող կողմերից մեկը ձևափոխում է իր դիվանագիտական անձնագրերը սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, նա պետք է մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական ուղիներով տրամադրի նման փաստաթղթերի նմուշները դրանց ուժի մեջ մտնելուց առնվազն երեսուն (30) օր առաջ:
Հոդված 6
Դիվանագիտական անձնագիրը կորցնելու կամ փչացնելու դեպքում տվյալ երկրի դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը, որի քաղաքացին է վերոնշյալ փաստաթղթի տերը, պետք է այդ անձին տրամադրի նոր ճամփորդական փաստաթուղթ և միաժամանակ այդ մասին դիվանագիտական ուղիներով տեղեկացնի մյուս Պայմանավորվող կողմին:
Հոդված 7
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է կասեցնել կամ դադարեցնել սույն Համաձայնագրի կիրառումը ամբողջությամբ կամ մասամբ՝ ելնելով ազգային անվտանգության, հասարակական կարգի կամ հանրության առողջության գործոններից: Նման կասեցման կամ դադարեցման մասին Պայմանավորվող կողմը պետք է դիվանագիտական ուղիներով անհապաղ ծանուցի մյուս Պայմանավորվող կողմին:
Հոդված 8
Սույն Համաձայնագրում Կողմերի համաձայնությամբ կատարված ցանկացած ուղղում ուժի մեջ կմտնի հայտագրերի փոխանակման միջոցով:
Հոդված 9
1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամանակով և ուժի մեջ կմտնի վերջին գրավոր ծանուցման ստացման օրվան հաջորդող օրվանից 30 օր հետո, որով Պայմանավորվող կողմերը միմյանց ծանուցում են դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերի կատարման մասին:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցելու միջոցով դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը: Այդ դեպքում Համաձայնագիրը կդադարեցվի նման ծանուցում ստանալու օրվանից 30 օր հետո:
Կատարված է Երևան քաղաքում 2003 թվականի սեպտեմբերի 15-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, լիտվերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Մեկնաբանության ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:
*Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2004 թվականի օգոստոսի 28-ից: