Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-846
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.12.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.30/68(734) Հոդ.1505
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
18.12.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2009

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

18 դեկտեմբերի 2009 թ.

 

2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԱԿ-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի դեկտեմբերի 13-ին Նյու Յորքում ստորագրված՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայում (կից առարկությամբ) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է՝ մուտքագրված 2009 թվականի նոյեմբերի 19-ին:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Կոնվենցիան ստորագրվել է 2006 թվականի դեկտեմբերի 13-ին` Նյու Յորքում: Հայաստանի Հանրապետության կողմից կոնվենցիան (կից առարկությամբ) ստորագրվել է 2007 թվականի դեկտեմբերի 30-ին: Առարկությունը վերաբերում է Ադրբեջանի Հանրապետության կողմից սույն կոնվենցիայի վավերացման ընթացքում կատարված վերապահմանը:

Կոնվենցիայի նպատակն է աջակցել, պաշտպանել և ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց` լիարժեքորեն և հավասարապես օգտվել մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից, ինչպես նաև ապահովել հարգանքը նրանց նկատմամբ:

2. Կոնվենցիայով սահմանվում են ընդհանուր սկզբունքներն ու պարտավորությունները, հավասարությունը և հաշմանդամության վրա հիմնված ցանկացած խտրականության կանխարգելման մեխանիզմները, շեշտվում է այդ բնագավառում համագործակցության կարևորությունը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հաշմանդամ երեխաների և կանանց պաշտպանության խնդիրներին:

3. Կոնվենցիան երաշխավորում է հաշմանդամ անձանց` կյանքի, օրենքի առաջ հավասարության, ազատության և անվտանգության, խոշտանգումների, շահագործման, բռնության և դաժան վերաբերմունքի բացառման, ազատ տեղաշարժի, խոսքի և կարծիքի ազատության, տեղեկատվության մատչելիության, անձնական և ընտանեկան անձեռնմխելիության, կրթության, առողջության, աշխատանքի ու զբաղվածության, սոցիալական, մշակութային, քաղաքական ու քաղաքացիական և այլ հանրահայտ իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:

4. Կոնվենցիայի 34 հոդվածի համաձայն հիմնվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտե (այսուհետ` Կոմիտե), որի 18 անդամներն ընտրվում են 4 տարի ժամկետով` մեկ անգամ վերընտրման իրավունքով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Կոմիտեի աշխատանքների արդյունավետ իրականացման համար տրամադրում է համապատասխան անձնակազմ և նյութական միջոցներ: Կոմիտեի անդամներին տրվում են այնպիսի արտոնություններ և անձեռնմխելիություն, որոնք սահմանված են ՄԱԿ-ի հարցերով առաքելություններ իրականացնող փորձագետների համար:

5. Կոնվենցիան սահմանում է, որ յուրաքանչյուր մասնակից պետություն իր համար սույն կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո` 2 տարվա ընթացքում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջոցով Կոմիտեին ներկայացնում է համապարփակ հաշվետվություն սույն Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված միջոցառումների և արձանագրված առաջընթացի մասին: Դրանից հետո մասնակից պետությունները ներկայացնում են հաշվետվություններ` առնվազն 4 տարին մեկ անգամ, կամ Կոմիտեի պահանջով` ցանկացած պահի:

6. Կոնվենցիայի համաձայն մասնակից պետությունները պարբերաբար հանդիպում են մասնակից պետությունների համաժողովում` քննարկելու համար կոնվենցիայի կիրարկմանն առնչվող բոլոր հարցերը: Համաժողովը հրավիրվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից ոչ ուշ, քան կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 6 ամիս հետո: Հետագա նիստերը հրավիրվում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից` 2 տարին մեկ անգամ կամ համաժողովում կայացված որոշմամբ:

7. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

- ապահովել և օժանդակել հաշմանդամություն ունեցող անձանց` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների լիակատար իրականացմանը` առանց հաշմանդամության վրա հիմնված ցանկացած խտրականության,

- տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների առումով քայլեր ձեռնարկել իր առկա միջոցների առավելագույն չափով, ինչպես նաև միջազգային համագործակցության շրջանակներում, նպատակ ունենալով աստիճանաբար հասնել այդ իրավունքների լիակատար իրականացմանը,

- ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու հաշմանդամ երեխաների և կանանց զարգացումը, առաջխաղացումը և պաշտպանությունը,

- ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունն ու ապահովությունը վտանգավոր իրավիճակներում, այդ թվում` զինված հակամարտությունների, արտակարգ հումանիտար իրավիճակների և բնական աղետների դեպքում,

- ձեռնարկել անհրաժեշտ ու արդյունավետ միջոցներ ապահովելու համար հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքն իրենց սեփականությունը տնօրինելու կամ ժառանգելու, սեփական ֆինանսական գործարքները վերահսկելու և բանկային վարկերից, հիպոթեկից և ֆինանսական վարկավորման այլ միջոցներից օգտվելու համար, ինչպես նաև երաշխավորել նրանց սեփականության անձեռնմխելիությունը,

- ապահովել, որ հաշմանդամություն ունեցող անձինք չպահվեն ստրկության կամ ծառայության մեջ և մյուսների հետ հավասար հիմունքներով պաշտպանված լինեն հարկադիր կամ պարտադիր աշխատանքից,

- ձեռնարկել արդյունավետ միջոցներ ապահովելու համար հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորինս ինքնուրույն շարժունակությունը,

- ձեռնարկել օրենսդրական, վարչական, սոցիալական, կրթական և այլ համապատասխան միջոցներ` շահագործման, բռնության կամ դաժան վերաբերմունքի բոլոր ձևերից հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանելու համար ինչպես տանը, այնպես էլ դրսում` հաշվի առնելով նաև հարցի գենդերային կողմերը,

- ճանաչել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների` կենսապահովման բավարար մակարդակ ունենալու և սոցիալական պաշտպանության, մյուսների հետ հավասար հիմունքներով մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը և այլն:

8. Կոնվենցիայում նախատեսված են առանձին դրույթներ` կոնվենցիայի ուժի մեջ մտնելու, դրանում վերապահումներ կամ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև մասնակից պետության կողմից այն չեղյալ հայտարարելու վերաբերյալ։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2006 թվականի դեկտեմբերի 13-ին Նյու Յորքում ստորագրված՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայում (կից առարկությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

18 դեկտեմբերի 2009 թ.

 ՍԴՈ-846