ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2094/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2094/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան | |
Դատավորներ՝ Ս. Միքայելյան Դ. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի հոկտեմբերի 16-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Լավրենտի Գրիգորյանի ներկայացուցիչ Ներսես Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.06.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Նինա Երեմյանի ընդդեմ Լավրենտի Գրիգորյանի` համատեղ ամուսնությամբ ձեռք բերված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Նինա Երեմյանը պահանջել է Երևանի Գրիբոյեդովի փողոցի 31 շենքի 42 բնակարանի 1/2 նկատմամբ ճանաչել սեփականության իրավունքը, որպես համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույք:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 25.02.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 04.06.2009 թվականի որոշմամբ Նինա Երեմյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է Դատարանի 25.02.2009 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լավրենտի Գրիգորյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նինա Երեմյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը, 48-րդ հոդվածի 4-րդ կետը, 53-րդ հոդվածի 1-ին կետը, 144-րդ հոդվածի 2-րդ կետը:
Լավրենտի Գրիգորյանը կոոպերատիվի անդամ դառնալու ժամանակ դեռևս ամուսնացած չի եղել, իսկ ամուսնությունը գրանցվել է միայն 18.09.1985 թվականին: Բացի այդ, Նինա Երեմյանը չի ապացուցել այն հանգամանքը, որ իր կողմից վճարվել է կոոպերատիվ բնակարանի ամբողջ փայը, սակայն Լավրենտի Գրիգորյանը վիճելի բնակարանի ամբողջ փայը վճարելու վերաբերյալ ներկայացրել է «Արեգ» համատիրության կողմից 14.06.2004 թվականին տրված տեղեկանքը, իսկ Վերաքննիչ դատարանը այդ տեղեկանքը գնահատելիս հանգել է սխալ եզրահանգման, քանի որ այդ տեղեկանքի համաձայն` Լավրենտի Գրիգորյանը մշտական գրանցված բնակվել է Երևանի Գրիբոյեդովի 31 շենքի թիվ 42 բնակարանում, և այդ բնակարանի փայը 100 տոկոսով մարված է, և պարտք չունի «Ֆրեզերագործ» 1-ին շին. կոոպերատիվին:
Բացի այդ, հայցվորը հայտնել է, որ ինքն է վճարել բնակարանի ամբողջ գումարը, ուստի և պետք է ապացուցի իր այդ փաստարկը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.06.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 25.02.2009 թվականի որոշմանը:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Այն փաստը, որ սեփականության վկայականում նշված է միայն Լավրենտի Գրիգորյանի անունը, չի նշանակում, որ Նինա Երեմյանը բնակարանի նկատմամբ չունի սեփականության իրավունք: 1967 թվականին համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ամուսիններով կոոպերատիվ հիմունքներով ձեռք են բերել Երևանի Գրիբոյեդովի փողոցի 31 շենքի թիվ 42 բնակարանը: 1967 թվականի թիվ 15 օրդերի արմատի բնակելի տարածության իրավունք ունեցող անձանց շրջանակում ընդգրկված է նաև Նինա Երեմյանը, այդ հանգամանքով հաստատվում է նաև, որ Նինա Երեմյանը բնակարանի համասեփականատերն է:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Լավրենտի Գրիգորյանի և Նինա Երեմյանի ամուսնությունը ՔԿԱԳ Օրջոնիկիձեի տարածքային բաժնում գրանցվել է 18.09.1965 թվականին, իսկ դատարանի 12.02.1979 թվականի վճռով ամուսնալուծվել են, որը գրանցվել է 04.02.1982 թվականին (հատոր առաջին գ.թ 16-17):
2. 1967 թվականին Երևանի 26 կոմիսարների շրջսովետի գործադիր կոմիտեի կողմից Լավրենտի Գրիգորյանին, Նինա Երեմյանին և Աշոտ Լավրենտի Գրիգորյանին Երևանի Գրիբոյեդովի 31 շենքի թիվ 42 բնակարանի նկատմամբ որպես բնակելի տարածության իրավունք ունեցողներ տրվել է թիվ 15 օրդերը ( հատոր առաջին գ.թ 7):
3. «Արեգ» համատիրության կողմից 14.06.2004 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Լավրենտի Գրիգորյանը մշտական գրանցված բնակվել է Երևանի Գրիբոյեդովի 31 շենքի թիվ 42 բնակարանում, և այդ բնակարանի փայը 100 տոկոսով մարված է, և պարտք չունի «Ֆրեզերագործ» 1-ին շին. կոոպերատիվին:
4. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր) կողմից Երևանի Գրիբոյեդովի փողոցի 31 շենքի թիվ 42 բնակարանի նկատմամբ Երքաղխորհրդի գործադիր կոմիտեի 04.09.1991 թվականի թիվ 16/3 որոշման թիվ 15 օրդերի և Երևանի քաղաքապետի 09.09.2004 թվականի թիվ 1717-Ա որոշման հիման վրա Լավրենտի Գրիգորյանին 06.10.2004 թվականին տրվել է թիվ 1544014 սեփականության իրավունքի վկայականը (հատոր առաջին գ.թ 8-10, 18, 20-21):
5. ՀՀ ազգային արխիվի կողմից տրված Երևանի 26 Կոմիսարների շրջխորհրդի գործկոմի 28.11.1986 թվականի թիվ 24 արձանագրության քաղվածքի համաձայն` Նինա Երեմյանն ընտանիքի հինգ անձով` ինքը, նախկին ամուսինը, չափահաս աղջիկը, չափահաս տղան և 1974 թվականին ծնված տղան, բնակվում է Գրիբոյեդովի փողոցի 31 կոոպերատիվ շենքի թիվ 42 երկուսենյականոց բնակարանում, որի փայատերը նախկին ամուսինն է` Լավրենտի Գրիգորյանը, «Երարտշին» տրեստի միջնորդության հիման վրա գործադիր կոմիտեի որոշմամբ Նինա Երեմյանի ընտանիքի երեք անձին` իրեն, չափահաս աղջկան և 1974 թվականին ծնված տղային հատկացրել է Ա.Խաչատրյան փողոցի 26/3 շենքի թիվ 83 բնակարանը՝ 36,0 քմ բնակտարածությունով: 1983 թվականին ծնված տղան Աշոտ Գրիգորյանը հրաժարվել է մոր հետ բնակարան ստանալուց և ցանկություն է հայտնել հոր հետ համատեղ բնակվել (հատոր առաջին գ.թ 45):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ նրանց մինչև կնքված պայմանագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ բնակարանային, ամառանոցային, ավտոտնակային կամ այլ կոոպերատիվի անդամը և փայակուտակման իրավունք ունեցող այլ անձինք, որոնք լրիվ մուծել են իրենց փայավճարը կոոպերատիվի կողմից իրենց տրամադրված բնակարանի, ամառանոցի, ավտոտնակի կամ այլ շինության համար, այդ գույքի նկատմամբ ձեռք են բերում սեփականության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Դատարանը Նինա Երեմյանի հայցը մերժելիս պատճառաբանել է, որ «վիճելի բնակարանը, որպես ֆրեզերային հաստոցների գործարանի աշխատող «Ֆրեզերովչիկ» շին. կոոպերատիվին անդամագրվելու և փայատեր դառնալու միջոցով ձեռք է բերել Լավրենտ Գրիգորյանը, 1962 թ-ին մուծելով բնակարանի կանխավճարի 40% չափով, իսկ արժեքի 60% վճարել է մինչև 1980-81թթ», «Նինա Երեմյանն ամուսնալուծված լինելով պատասխանողից դարձել է բնակկարիքավոր և ընդգրկվելով բնակբարելավման ցուցակում, նա արդեն իսկ ստացել է երկուսենյականոց բնակարան, որով լուծվել է նրա բնակարանային հարցը, իսկ վիճելի բնակարանը թողնվել է պատասխանողին և նրա մեկ երեխային»:
Վերաքննիչ դատարանը, դատական ակտի բեկանման և գործը նոր քննության ուղարկելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Դատարանը չի կատարել գործում առկա ապացույցների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, քանի որ սույն քաղաքացիական գործում բացակայում է Դատարանի՝ պատասխանողի կողմից 1980-1981 թվականներին փայավճարը վճարված լինելու մասին ապացույց:
Վճռաբեկ դատարանը նույնպես գտնում է, որ սույն գործի քննության ընթացքում հայցի բավարարման համար պետք է պարզվեր գործի քննության համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքը, թե երբ են կատարվել կոոպերատիվի փայավճարները: Մինչդեռ տվյալ հանգամանքի ապացուցման պարտականությունը, ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ ապացուցման բեռի բաշխման վերոնշյալ կանոնի պետք է կրեր հայցվորը, քանի որ վերջինս է պնդում վիճելի բնակարանի՝ ամուսնության ընթացքում ձեռբերված լինելը: Այսինքն` հենց նա էլ պետք է ապացուցեր այն հանգամանքը, որ վիճելի բնակարանի համար վճարումները կատարվել են 18.09.1965 թվականից՝ այսինքն` ամուսնության գրանցման պահից մինչև 04.02.1982 թվականը՝ ամուսնալուծության գրանցման պահն ընկած ժամանակահատվածում: Մինչդեռ սույն գործում բացակայում է վերոնշյալ հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի նոր քննության անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ հայցվորը Դատարանում գործի քննության ընթացքում չի կատարել իր վկայակոչած փաստերի ապացուցման պարտականությունը:
Վերոգրյալ հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 04.06.2009 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատարանի դատական ակտը փոփոխելով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.06.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 25.02.2009 թվականի վճռին:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Վ. Ավանեսյան |
|
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|