Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.09.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.25/66(732) Հոդ.1451
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.09.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ
դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 06-3501

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0227/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան

Դատավորներ՝ Ն. Հովսեփյան

               Գ. Մատինյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

 2009 թվականի սեպտեմբերի 18-ին

 դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի «Ագրիքո» ԲՎԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Բենիկ Աբգարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ Բենիկ Աբգարյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով Բենիկ Աբգարյանի բողոքը նոր երևան եկած հանգամանքներով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 17.11.2006 թվականի վճիռը վերանայելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է բռնագանձել Բենիկ Աբգարյանից 3.948 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:

Դիմելով դատարան՝ Բենիկ Աբգարյանը հակընդդեմ հայցով պահանջել է բռնագանձել Ընկերությունից 20.393.000 ՀՀ դրամ:

Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 18.08.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 17.11.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է:

Վճռաբեկ դատարանի 12.01.2007 թվականի և 13.02.2007 թվականի որոշումներով Բենիկ Աբգարյանի վճռաբեկ բողոքները վերադարձվել են:

Վերաքննիչ դատարանի 17.11.2006 թվականի վճիռը նոր երևան եկած հանգամանքով վերանայելու հիմքով բողոք է ներկայացրել Բենիկ Աբգարյանը:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 27.08.2008 թվականի որոշմամբ բողոքը մերժվել է:

Վերաքննիչ դատարանի 29.01.2009 թվականի որոշմամբ բեկանվել է Դատարանի 27.08.2008 թվականի որոշումը և հիմք ընդունելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 26.12.2008 թվականի օրենքի 20-րդ հոդվածի պահանջները՝ հարուցված վարույթը փոխանցվել է Վճռաբեկ դատարան:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանի 17.11.2006 թվականի վճռում որպես իրավունք վերապահող և պատասխանատվություն առաջացնող փաստաթղթեր հիմք են ընդունվել 17.05.2004 թվականի թիվ 18, 32, 33 հաշիվ-ապրանքագրերը:

 Մինչդեռ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 21.02.2008 թվականի որոշմամբ հաստատված հանգամանք է համարվել այն փաստը, որ 17.05.2004 թվականին կազմված հանձնման-ընդունման ակտը, ինչպես նաև թիվ 18, 32, 33 հաշիվ-ապրանքագրերը ստորագրել է Մայիս Աբգարյանը, այլ ոչ թե Բենիկ Աբգարյանը: Նշված հանգամանքը հաստատվել է նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետի կողմից 19.04.2007 թվականին կատարված հետազոտությամբ:

Այսպիսով, նշված փաստաթղթերը Բենիկ Աբգարյանի կողմից չեն ստորագրվել, հետևաբար, դրանք չեն կարող հիմք հանդիսանալ Բենիկ Աբգարյանի նկատմամբ պահանջ ներկայացնելու համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել Վերաքննիչ դատարանի 17.11.2006 թվականի վճիռը:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Ինչպես Դատարանում, այնպես էլ Վերաքննիչ դատարանում Բենիկ Աբգարյանն ընդունել է, որ ստացել է կարտոֆիլի տնկանյութ և միաժամանակ անդրադարձել է 17.05.2004 թվականի թիվ 18, 32, 33 հաշիվ-ապրանքագրերն իր կողմից ստորագրված չլինելու հանգամանքին:

Այդ փաստաթղթերը կեղծ լինելու առթիվ Բենիկ Աբգարյանը դիմել է նաև քրեական հետապնդում իրականացնող մարմիններին: ՀՀ ոստիկանության Երևանի քննչական բաժնի 22.11.2007 թվականի որոշմամբ հարուցված քրեական գործը կարճվել է, որով ևս հիմնավորվել է, որ Բենիկ Աբգարյանն ընդունել է իրեն հասանելիք տնկանյութը, իսկ կազմված փաստաթղթերում արտացոլված են իրականությանը համապատասխանող տվյալներ:

Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է ոչ թե փաստաթղթերի չստորագրման արդյունքում Բենիկ Աբգարյանի համար պարտավորությունների առաջացմանը, այլ ստացված ապրանքի դիմաց վճարման պարտավորությանը:

 

3. Բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Բենիկ Աբգարյանի և Ընկերության միջև 05.05.2004 թվականին կնքված թիվ 016 պայմանագրով Ընկերությունը պարտավորվել է Բենիկ Աբգարյանին մատակարարել 50 տոննա կարտոֆիլի տնկանյութ, յուրաքանչյուր տոննան 630 եվրոյին համարժեք դրամ արժեքով: Բենիկ Աբգարյանը պարտավորվել է ընդունել ապրանքը և վճարել դրա դիմաց (գ.թ. 17-18):

2. 17.05.2004 թվականին կազմված թիվ 32, 33 հաշիվ-ապրանքագրերով, ինչպես նաև նույն օրը կազմված հանձնման-ընդունման ակտով Ընկերությունը մատակարարել է 25 տոննա կարտոֆիլի տնկանյութ (գ.թ. 19-21):

3. Վերաքննիչ դատարանի 17.11.2006 թվականի վճռով Ընկերության հայցը՝ Բենիկ Աբգարյանից 3.948 եվրոյին համարժեք դրամ բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է, իսկ Բենիկ Աբգարյանի հակընդդեմ հայցը՝ Ընկերությունից որպես վնաս 20.393.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, մերժվել է: Ընկերության հայցը բավարարելու հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Բենիկ Աբգարյանն ամբողջությամբ չի վճարել մատակարարված կարտոֆիլի տնկանյութի արժեքը: Այդ հանգամանքը դատարանը հաստատված է համարել կողմերի բացատրություններով, ապրանքի հանձման փաստաթղթերով և պայմանագրով (գ.թ. 6-7):

4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 21.02.2008 թվականի որոշմամբ մերժվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 21.01.2008 թվականի «Թիվ 13111407 քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշման դեմ բերված Բենիկ Աբգարյանի բողոքը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 21.02.2008 թվականի որոշմամբ հաստատված է համարվել այն հանգամանքը, որ 17.05.2004 թվականի հանձնման-ընդունման ակտը կեղծ փաստաթուղթ է: Որոշմամբ հաստատվել է նաև, որ Բենիկ Աբգարյանն ստացել է մատակարարման պայմանագրի առարկան, կազմված հանձնման-ընդունման ակտը և թիվ 18, 32 և 33 հաշիվ-ապրանքագրերը բովանդակային առումով որևէ կեղծ տեղեկություն չեն պարունակում, չնայած այն հանգամանքի, որ այդ փաստաթղթերը ստորագրել է Մայիս Աբգարյանը, որը օրենքով կամ պայմանագրով դրա իրավունքը չի ունեցել (գ.թ. 10-14):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված՝ վկայի ակնհայտ կեղծ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, փաստաթղթերի կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել է ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված է, որ վկայի ակնհայտ կեղծ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, փաստաթղթերի կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար նոր երևան եկած հանգամանքը վերանայելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն՝ արդյո՞ք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե՝ ոչ:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը Ընկերության հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ընկերության և Բենիկ Աբգարյանի միջև 05.05.2004 թվականին կնքված պայմանագրի շրջանակներում Ընկերությունը Բենիկ Աբգարյանին հանձնել է 30 տոննա կարտոֆիլի տնկանյութ, որի դիմաց Բենիկ Աբգարյանը վճարումը կատարել է մասնակիորեն, որի հետևանքով առաջացել է 3.948 եվրոյին համարժեք դրամի չափով պարտք: Այդ հանգամանքը Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել կողմերի բացատրություններով, ապրանքի հանձնման փաստաթղթերով և պայմանագրով:

Իսկ Բենիկ Աբգարյանի հակընդդեմ հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ ապրանքը ստանալու փաստը Բենիկ Աբգարյանը չի ժխտել, այդ պահին դրա անորակ լինելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի կազմվել, տնկանյութը ետ չի վերադարձվել: Ցանքատարածությունների 55 և ավելի տոկոսով վատ ծլունակության պատճառով տուժելու փաստի վերաբերյալ կազմված ակտերը հիմք չեն հակընդդեմ հայցը բավարարելու համար, քանի որ դրանք կազմվել են Բենիկ Աբգարյանի հայտարարության հիման վրա, սակայն փաստաթուղթ այն մասին, թե որ տնկանյութն է օգտագործվել ստուգված դաշտում, չի կազմվել և չի ներկայացվել: Բենիկ Աբգարյանը չի ապացուցել այն հանգամանքը, որ օգտագործել է Ընկերությունից ձեռք բերված տնկանյութը, որը եղել է անորակ, և դրա հետևանքով պատճառվել է վնաս:

Բողոք բերած անձի կողմից որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 21.02.2008 թվականի որոշումը:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 21.02.2008 թվականի որոշման ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձը չի հիմնավորել իր կողմից վկայակոչված հանգամանքի նոր երևան եկած լինելու փաստը:

Մասնավորապես, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 21.02.2008 թվականի որոշմամբ մերժվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 21.01.2008 թվականի «Թիվ 13111407 քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշման դեմ բերված Բենիկ Աբգարյանի բողոքը: Բացի այդ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 21.02.2008 թվականի որոշմամբ հաստատված համարելով, որ 17.05.2004 թվականի հանձնման-ընդունման ակտը կեղծ փաստաթուղթ է, արձանագրվել է նաև, որ Բենիկ Աբգարյանն ստացել է մատակարարման պայմանագրի առարկան, իսկ կազմված հանձնման-ընդունման ակտը և թիվ 18, 32 և 33 հաշիվ-ապրանքագրերը բովանդակային առումով որևէ կեղծ տեղեկություն չեն պարունակում՝ չնայած այն հանգամանքին, որ այդ փաստաթղթերը ստորագրել է Մայիս Աբգարյանը, որը օրենքով կամ պայմանագրով դրա իրավունքը չի ունեցել:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 21.02.2008 թվականի որոշումը սույն գործի լուծման համար էական նշանակություն չունի, քանի որ այդ որոշմամբ հաստատվել է նաև, որ Բենիկ Աբգարյանն ստացել է մատակարարման պայմանագրի առարկան, իսկ կազմված հանձնման-ընդունման ակտը և թիվ 18, 32 և 33 հաշիվ-ապրանքագրերը բովանդակային առումով որևէ կեղծ տեղեկություն չեն պարունակում:

 Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20418-րդ, 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 17.11.2006 թվականի թիվ 06-3501 վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան