Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.10.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.25/66(732) Հոդ.1489
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
16.10.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ2/0402/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ2/0402/05/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Հ. Թորոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

2009 թվականի հոկտեմբերի 16-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Իջևանի քաղաքապետի (այսուհետ՝ Քաղաքապետ) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 06.02.2009 թվականի վճռի դեմ` ըստ Իջևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) հայցի ընդդեմ Ալբերտ Դավթյանի` 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանք բռնագանձելու պահանջի մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է բռնագանձել Ալբերտ Դավթյանից 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանք:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 06.02.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ալբերտ Դավթյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածը, 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանի վճռով ըստ էության անվավեր է ճանաչվել Քաղաքապետի 13.11.2008 թվականի թիվ 206 որոշումը, թեև քննվող գործով նման պահանջ չի ներկայացվել: Այսինքն՝ Դատարանը դուրս է եկել հայցապահանջի շրջանակներից: Վճռաբեկ դատարանն անդրադարձել է տվյալ իրավական խնդրին 06.07.2007 թվականի թիվ 3-1132 որոշմամբ:

Միաժամանակ Դատարանը, փաստելով, որ վարչական պատասխանատվության հիմք հանդիսացած վարչական ակտն առոչինչ չէ, քննվող գործով ներկայացված չէ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջ, նշել է, որ իրավասու չէ իր նախաձեռնությամբ այն անվավեր ճանաչել: Փաստորեն, Դատարանի վճռի պատճառաբանական և եզրափակիչ մասերը հակասում են միմյանց: Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Քաղաքապետի նշված որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած որևէ դատական ակտ գոյություն չունի, իսկ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Քաղաքապետի այդ որոշումն անհատական իրավական ակտ է և նույն հոդվածի հիմքով ենթակա է հարկադիր կատարման:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 06.02.2009 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցը բավարարել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Վճռաբեկ բողոքն անհիմն է: Այսպես՝ Վճռաբեկ բողոքում նշվել է, որ Դատարանը դուրս է եկել հայցի շրջանակներից՝ անվավեր ճանաչելով վարչական ակտը: Մինչդեռ, վճռի «վճռեց» մասից պարզ է դառնում, որ Դատարանը նման գործողություն չի կատարել:

Վճռաբեկ բողոքը որևէ հիմնավորում չի պարունակում, թե ինչում է կայանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ և 113-րդ հոդվածների, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի խախտումները:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Քաղաքապետարանի աշխատակիցների 14.08.2008 թվականին կազմած ակտի համաձայն՝ Իջևան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 2/11 բնակարանի բնակիչ Ալբերտ Դավթյանը քաղաքային զբոսայգու տարածքում՝ նախկինում հատկացված հողամասի վրա, կատարել է շինարարական աշխատանքներ՝ ինքնակամ ընդլայնելով հատկացված հողամասի չափերը: Բացի այդ, կառույցի վրա ինքնակամ ավելացվել է հարկ: Ալբերտ Դավթյանը զգուշացվել է և նրանից պահանջվել է դադարեցնել կառույցի շինարարությունը, սակայն, վերջինս չի կատարել նշված պահանջը (գ.թ. 13):

2) Քաղաքապետի 13.11.2008 թվականի «Իջևանի քաղաքային զբոսայգում Ա. Դավթյանի կողմից կատարվող ինքնակամ շինարարության հետևանքները վերացնելու միջոցառումների մասին» թիվ 206 որոշման քաղվածքի համաձայն՝ Իջևան քաղաքի բնակիչ Ալբերտ Դավթյանը քաղաքային զբոսայգու հարավային հատվածում կատարել է ինքնակամ շինարարություն, որի վերաբերյալ Քաղաքապետարանի վարչատուգանային հանձնաժողովը 13.11.2008 թվականին կայացրել է թիվ 4 որոշումը: Քաղաքապետի նշված որոշմամբ Ալբերտ Դավթյանը ենթարկվել է 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի (գ.թ. 44):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

Նույն օրենսգրքի 219.1-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն՝ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության սահմաններում քննում են նաև նույն օրենսգրքի 114-րդ, 154-րդ, 154.1-րդ, 180-րդ, 169.1-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը: Տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից՝ համայնքի ղեկավարը:

Սույն գործով Դատարանը, 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի բռնագանձման մասով հայցը մերժելով, պատճառաբանել է, որ վարչական վարույթի ընթացքում չի պահպանվել անձին վարչական պատասխանատվության ենթարկելու՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգը, քանի որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս վարույթն իրականացնող մարմինը չի ապահովել նշված օրենսգրքի 245-րդ հոդվածով սահմանված գործի հանգամանքների համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը և Ալբերտ Դավթյանի կողմից ինքնակամ շինություն կատարած լինելու փաստի հիման վրա վերջինիս ենթարկել է վարչական պատասխանատվության:

Նշվածի հիման վրա Դատարանը հաստատված է համարել, որ Քաղաքապետի 13.11.2008 թվականի «Իջևանի քաղաքային զբոսայգում Ա. Դավթյանի կողմից կատարվող ինքնակամ շինարարության հետևանքները վերացնելու միջոցառումների մասին» թիվ 206 որոշումը կայացվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի դրույթների պահանջների խախտմամբ, ուստի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի, 59-րդ հոդվածի և 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այն չի կարող իրավական հետևանքներ առաջացնել և հիմք հանդիսանալ վարչական տուգանքի գումարը բռնագանձելու համար:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 297-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը պարտադիր է կատարման պետական և հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից: Իսկ նույն օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վարչական տույժ նշանակելու մասին որոշում կայացրած մարմինը (պաշտոնատար անձը) որոշման կատարումը դադարեցնում է նաև այն դեպքում, երբ վարչական պատասխանատվություն սահմանող ակտը վերացել է:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը հայցը մերժելիս դուրս է եկել հայցի շրջանակներից, քանի որ վարչական ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում անդրադարձել է վարչական ակտի իրավաչափության հարցին և բացառել է դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունը: ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

 Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ Քաղաքապետի 13.11.2008 թվականի «Իջևանի քաղաքային զբոսայգում Ա. Դավթյանի կողմից կատարվող ինքնակամ շինարարության հետևանքները վերացնելու միջոցառումների մասին» թիվ 206 որոշումն ընդունվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակում: Դրա հետևանքով պետք է եզրակացնել, որ նշված որոշումն իրավաչափ է և որևէ անձ, այդ թվում՝ պետական մարմինը, չի կարող կասկածի տակ դնել այդ որոշման իրավաչափությունը (տե՛ս նաև, ըստ հայցի Էդուարդ Գևորգյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթունի տարածքային ստորաբաժանման՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և պետական գրանցում կատարելու պահանջի մասին, թիվ 3-101(ՎԴ) (2007թ.) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանությամբ:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 06.02.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. Իջևանի քաղաքապետարանի հայցը բավարարել` Ալբերտ Դավթյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանք:

2. Ալբերտ Դավթյանից հօգուտ Իջևանի քաղաքապետարանի բռնագանձել 8.000 ՀՀ դրամ և 12.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի և վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան