ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/0222/05/09 |
Վարչական գործ թիվ ՎԴ/0222/05/09 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ք. Մկոյան | |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Խունդկարյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 02.07.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի (այսուհետ՝ Կոոպերատիվ) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) և Կոմիտեի Սպանդարյանի 1 հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն)՝ Կոմիտեի նախագահի 06.10.2008 թվականի թիվ 1100432 հանձնարարագիրը, 05.11.2008 թվականի հրամանը և Տեսչության 28.11.2008 թվականի թիվ 1100432 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջների մասին, և ըստ Տեսչության հակընդդեմ հայցի ընդդեմ Կոոպերատիվի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Կոոպերատիվը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի նախագահի 06.10.2008 թվականի թիվ 1100432 հանձնարարագիրը, 05.11.2008 թվականի թիվ 1-07/1461-Ա հրամանը և Տեսչության 28.11.2008 թվականի թիվ 1100432 ստուգման ակտը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Տեսչությունը պահանջել է բռնագանձել Կոոպերատիվից 28.11.2008 թվականի թիվ 1100432 ստուգման ակտով առաջադրված 17.026.700 ՀՀ դրամ տուգանքի գումարը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 02.07.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. Տեսչության 28.11.2008 թվականի թիվ 1100432 ստուգման ակտը ճանաչվել է անվավեր, իսկ վարչական գործի վարույթը՝ Կոմիտեի նախագահի 06.10.2008 թվականի թիվ 1100432 հանձնարարագիրը և 05.11.2008 թվականի հրամանն անվավեր ճանաչելու պահանջների մասով, կարճվել է՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով: Տեսչության հակընդդեմ հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոոպերատիվը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 315 որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) մասին» կարգի (այսուհետ՝ Կարգ) 6-րդ կետը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերի և 24-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը վճռի հիմքում դրել է միայն այն հանգամանքը, որ ստուգում իրականացնող պաշտոնատար անձինք չեն պարզել ստուգման ակտին կցված ցուցակում նշված ապրանքները խանութում ստանալու ժամկետը։ Մինչդեռ, այդ հանգամանքը պարտավոր է ապացուցել ոչ թե Տեսչությունը, այլ Կոոպերատիվը, քանի որ նշված ապրանքների ստացման բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը (հիմքերը) գտնվում են Կոոպերատիվում, և վերջինս էլ պարտավոր էր այդ ապացույցները ներկայացնել ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց և Դատարան։ Տվյալ դեպքում Դատարանը չի իրականացրել վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողություններ, միաժամանակ խախտելով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու դատարանի պարտականությունը, ինչպես նաև անտեսելով և սխալ մեկնաբանելով Կարգի 6-րդ կետի դրույթները` հանգել է սխալ եզրահանգման։
Դատարանը Կոոպերատիվից չի պահանջել ապացույցներ՝ պարզելու համար, թե Տեսչության 28.11.2008 թվականի թիվ 1100432 ստուգման ակտին կից ցուցակում նշված ապրանքները խանութում ստանալուց հետո մինչև վաճառքի հանելը գրանցվել են գրանցման գրքում, թե՝ ոչ։ Այսինքն՝ Դատարանը ստուգման ակտին գնահատական է տվել, առանց նրանում նշված փաստական հանգամանքների հիմնավորվածությունը ստուգելու և համապատասխան ապացույցներ ձեռք բերելու։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 02.07.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները
ՀՀ գլխավոր դատախազությունն իրավասու չէ չարաշահելու իր լիազորությունը և վճռաբեկ բողոք ներկայացնել ձևական նկատառումով, այսինքն՝ հստակ նշել, թե որ դեպքերում, ինչպիսի պայմաններում, ինչպիսի հանգամանքների վրա հիմնվելով կարող են բերվել նմանատիպ վճռաբեկ բողոքներ։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝
Կոմիտեի նախագահի 06.10.2008 թվականի թիվ 1100432 հանձնարարագրի, 05.11.2008 թվականի թիվ 1-07/1491-Ա և 14.11.2008 թվականի թիվ 1-07/1563-Ա հրամանների հիմքով Կոոպերատիվում կատարված ձեռնարկատիրական գործունեության առարկաների (առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի, ապրանքների) գրանցման ճշտության ստուգման արդյունքում 28.11.2008 թվականին կազմվել է թիվ 1100432 ակտը, որով Կոոպերատիվի նկատմամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի հիմքով նշանակվել է 17.026.700 ՀՀ դրամի չափով տուգանք: Ակտով արձանագրվել է, որ «ընկերության կողմից օրենքով սահմանված կարգով ք. Երևան, Աբովյան 4 հասցեում գտնվող (Միլանո) խանութ սրահում 03.11.2008 թվականից մինչև 05.11.2008 թվականն ապրանքանյութական արժեքների գույքագրման արդյունքները համադրելով արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) թիվ 789 գրքում գրանցված տվյալների հետ՝ պարզվեց, որ սահմանված կարգով գրանցված չէին ապրանքներ ընդհանուր գումարով 59.427.500 դրամի (ցանկը կցվում է), ինչպես նաև արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) թիվ 789 գրքում գրանցված վաճառքի գներից թանկ վաճառվող ապրանքների մասով գների տարբերությունը ընդհանուր գումարով՝ 8.679.900 դրամի (ցանկը կցվում է), որով խախտվել է ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 315 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ, 7-րդ և 9-րդ կետերի պահանջները: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 31.07.1997թ. թիվ 315 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ և 14-րդ կետերի դրույթները, համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի՝ ձեռնարկատիրական գործունեության առարկաները ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով չգրանցվելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 25 տոկոսի չափով՝ գումարով 14.856.800 դրամ (59.427.500 դրամ x 25 %), ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության առարկաները ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով գրանցված գներից թանկ վաճառելիս (իրացնելիս) հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ տարբերության գումարի 25 տոկոսի չափով, այդ թվում նաև չվաճառված (չիրացված) ձեռնարկատիրական գործունեության առարկաների մնացորդների համար գումարով՝ 2.169.900 դրամ»: Նշված ակտին կցվել են թվով 4 հավելվածներ՝ «գույքագրման արդյունքները, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) թիվ 789 գրքի պատճենները, խախտումներ բնութագրող հաշվարկային ցանկերը, ՊԵԿ նախագահի հրամանները»:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու, այսինքն՝ առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքը, ապրանքները, ինչպես նաև կատարվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով չգրանցելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 25 տոկոսի չափով, այդ թվում՝ վաճառված (իրացված) մասի համար:
ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 315 որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետի համաձայն՝ նույն կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և ձեռնարկատիրական գործունեության առարկաներ (արտադրանք, ապրանք) վաճառող (այդ թվում՝ կոմիսիոն հիմունքներով) կազմակերպությունների, այդ թվում՝ oտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությունում ստեղծված՝ առանձնացված ստորաբաժանումների, անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտներ) վրա, որոնք ունեն ապրանքների անմիջական ցուցադրության և վաճառքի վայր: Նույն կարգի 2-րդ կետի համաձայն՝ նույն կարգի 1-ին կետում նշված կազմակերպությունները հաշվապահական հաշվառման գործող կարգին զուգընթաց առևտրի իրականացման վայրում վարում են արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) գիրք: Նույն կարգի 6-րդ կետի համաձայն՝ գրանցման գրքերում գրանցման (հաշվառման) ենթակա են ձեռք բերված (սեփական արտադրության դեպքում՝ վաճառքի իրականացման վայրում (կետերում) ընդունված) բոլոր ապրանքները՝ ստանալուց (ընդունելուց) անմիջապես հետո, մինչև վաճառքի հանելը (բայց ոչ ուշ, քան մինչև ապրանքներն ստանալու օրվա ավարտը)՝ անկախ առևտրի իրականացման ձևից (մեծածախ կամ մանրածախ):
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և ձեռնարկատիրական գործունեության առարկաներ վաճառող կազմակերպությունները, որոնք ունեն ապրանքների անմիջական ցուցադրության և վաճառքի վայր, հաշվապահական հաշվառման գործող կարգին զուգընթաց առևտրի իրականացման վայրում պարտավոր են վարել արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) գիրք, որտեղ պարտավոր են գրանցել ձեռք բերված բոլոր ապրանքները՝ դրանք ստանալուց կամ ընդունելուց անմիջապես հետո, մինչև վաճառքի հանելը, բայց ոչ ուշ, քան մինչև ապրանքներն ստանալու օրվա ավարտը:
Սույն գործի փաստերից հետևում է, որ ստուգում իրականացրած անձանց կողմից Կոոպերատիվի նկատմամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի հիմքով նշանակվել է տուգանք այն բանի համար, որ ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 315 որոշմամբ հաստատված կարգի սահմանած կարգով չեն գրանցվել ք. Երևան, Աբովյան 4 հասցեում գտնվող («Միլանո») խանութ սրահում ստացված 59.427.500 ՀՀ դրամի ապրանքներ: Ընդ որում, ստուգումն իրականացրած տեսուչները նման եզրահանգման են եկել 03.11.2008 թվականից մինչև 05.11.2008 թվականն ապրանքանյութական արժեքների գույքագրման արդյունքները համադրելով արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) թիվ 789 գրքում գրանցված տվյալների հետ, և այդ փաստաթղթերի պատճեններն էլ կցվել են ստուգման ակտին:
Սույն գործով Տեսչության 28.11.2008 թվականի թիվ 1100432 ստուգման ակտն անվավեր ճանաչելիս Դատարանը գտել է, որ Կոոպերատիվի կողմից Կարգի 6-րդ կետի խախտման փաստը բացակայում է, քանի որ «ակտում որևէ նշում չկա այն մասին, թե այդ ապրանքները Կոոպերատիվը ե՞րբ է ստացել, ինչպիսի փաստի առկայությամբ միայն հնարավոր կլիներ պարզելու, թե մինչև ե՞րբ էր վերջինս պարտավոր գրանցել այդ ապրանքները գրանցման գրքում»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը չի իրականացրել վարչական գործում առկա ապացույցների, մասնավորապես՝ Տեսչության 28.11.2008 թվականի թիվ 1100432 ակտի անբաժանելի մաս հանդիսացող «գույքագրման արդյունքներ» հավելվածի և «արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) թիվ 789 գրքի պատճեններ» հավելվածի պատշաճ գնահատում:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն oրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում գտնվող այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը, որպիսի բեռը կրում է նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասով ապացույցներ ներկայացնելու պարտականություն կրող կողմը:
Միաժամանակ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է վարչական մարմինը՝ անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե նույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դեպքում վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ տվյալներին (տեղեկություններին) վարչական մարմինը կարող է իրազեկ դառնալ բացառապես տվյալ անձի միջոցով, ապա ապացուցման պարտականությունը դրվում է այդ անձի վրա:
Սույն գործով Դատարանի վճռով կարևորվել էր այն փաստը, թե ապրանքները խանութ-սրահում ստացվելու կոնկրետ ժամանակն անհայտ է, որպիսի փաստն էլ նշված չէ ակտում և չի ապացուցվել վարչական մարմնի կողմից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված փաստի կարևորումը էական նշանակություն կարող էր ունենալ միայն այն պարագայում, եթե ապրանքները խանութ-սրահում ստացվել են հենց գույքագրման օրը և դեռևս վաճառքի չեն հանվել ու ապրանքներն ստանալու օրն էլ դեռևս չի ավարտվել: Մինչդեռ, սույն գործով Կոոպերատիվը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով՝ վարչական վարույթի ընթացքում, և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով՝ վարչական գործի քննության ընթացքում, կրելով ապացուցման պարտականություն, չի ապացուցել իր համար բարենպաստ հանգամանքները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճռի՝ հայցը բավարարելու և հակընդդեմ հայցը մերժելու մասը բեկանելու համար: Ընդ որում, Դատարանի վճիռը ենթակա է բեկանման մասնակիորեն, քանի որ վարչական գործի վարույթն ըստ Կոոպերատիվի հայցի ընդդեմ Կոմիտեի՝ Կոմիտեի նախագահի 06.10.2008 թվականի թիվ 1100432 հանձնարարագիրը և 05.11.2008 թվականի հրամանն անվավեր ճանաչելու պահանջների մասով, կարճվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, իսկ վճռաբեկ բողոքում առկա չէ նշված մասի վերաբերյալ որևէ փաստարկ:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 02.07.2009 թվականի վճռի՝ հայցը բավարարելու և հակընդդեմ հայցը մերժելու մասը, և այն փոփոխել՝ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի հայցը՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի 1 հարկային տեսչության 28.11.2008 թվականի թիվ 1100432 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի 1 հարկային տեսչության հակընդդեմ հայցը բավարարել՝ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 17.026.700 ՀՀ դրամ՝ ստուգման ակտով առաջադրված տուգանքի գումարը, և 340.534 ՀՀ դրամ՝ հայցադիմումի համար վճարված պետական տուրքի գումարը:
Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ՝ |
|
Ե. Խունդկարյան |
|
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
|
Ե. Սողոմոնյան |