Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.03.10/10(744) Հոդ.205
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.12.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3445/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3445/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան

Դատավորներ՝ Ն. Տավարացյան

               Ս. Միքայելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Խունդկարյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արման Ամիրաղյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.07.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արման Ամիրաղյանի ընդդեմ Հակոբ Համբարձումյանի, Տիգրան Իորդամովի՝ պարտավորությունը համապարտ ճանաչելու, պետությանը հասցված վնասը պատճառողների մեղքի աստիճանին համապատասխանող չափով համապարտ պարտավորության մասնակիցների կողմից իրականացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Արման Ամիրաղյանը պահանջել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի` 17.12.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճռով իրենից հօգուտ պետության բռնագանձված 115.569.500 ՀՀ դրամի հատուցման պարտավորությունը ճանաչել համապարտ և նշված գումարից 66.636.440 ՀՀ դրամի չափով վնասի վերականգնման պարտավորությունը դնել իր վրա, 42.076.470 ՀՀ դրամի չափով՝ Հակոբ Համբարձումյանի վրա, իսկ 5.856.600 ՀՀ դրամի չափով՝ Տիգրան Իորդամովի վրա:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 29.04.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 21.07.2009 թվականի որոշմամբ Արման Ամիրաղյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Դատարանի 29.04.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արման Ամիրաղյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հակոբ Համբարձումյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածները, որի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1073-րդ և 1074-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Արման Ամիրաղյանը չի բողոքարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 17.12.2007 թվականի դատավճիռն այն պատճառով, որ թե քրեական գործով առաջադրված մեղադրանքի և թե նշված դատական ակտի բովանդակությունից ակնհայտ էր, որ պետությանը պատճառված 115.569.500 ՀՀ դրամի չափով վնասը հասցվել է Արման Ամիրաղյանի, Հակոբ Համբարձումյանի և Տիգրան Իորդամովի համատեղ գործողությունների արդյունքում, նշված վնասի առաջացման հարցում նրանց յուրաքանչյուրի մեղավորության չափը պարզված է եղել և, առաջնորդվելով նշված ակտի եզրափակիչ մասով, որտեղ նշված է, որ ամբաստանյալներից հիշյալ գումարները համապարտության կարգով բռնագանձելու ընթացքում ծագած վեճերը պետք է լուծվեն քաղաքացիական դատավարության կարգով՝ Արման Ամիրաղյանը հիմք է ունեցել կարծելու, որ վերականգնելով համատեղ պատճառված վնասի մի մասը` նա պահպանում է ինչպես վերականգնված, այնպես էլ դեռ չվերականգնված գումարներն իր և մյուս ամբաստանյալների միջև արդարացի բաշխման հայց ներկայացնելու իրավունքը, և որ համատեղ հասցված վնասն արդարացիորեն կբաշխվի այն պատճառած անձանց միջև՝ իրենց յուրաքանչյուրի մեղավորության չափին համապատասխան։ Արման Ամիրաղյանը չէր կարող կանխատեսել, որ Հակոբ Համբարձումյանի մասով վերը նշված դատական ակտը կբեկանվի և որ բեկանման հիմք կհանդիսանա Արման Ամիրաղյանի կողմից Հակոբ Համբարձումյանի հասցված վնասի վերականգնումը։

Սույն քաղաքացիական գործով Դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից կայացված ակտերում Արման Ամիրաղյանի պահանջի մերժման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Հակոբ Համբարձումյանի նկատմամբ քաղաքացիական հայց չի հարուցվել։ Նշված դատողության տրամաբանությունը հուշում է, որ Հակոբ Համբարձումյանի նկատմամբ քաղաքացիական հայցի հարուցման պայմաններում Արման Ամիրաղյանի պահանջը կլիներ հիմնավոր և բավարարման ենթակա։ Քաղաքացիական հայցի հարուցումը եղել է ՀՀ դատախազության պարտականությունը։ Հակոբ Համբարձումյանի և Տիգրան Իորդամովի մեղքը պետությանը հասցված վնասի հարցում ապացուցված է քրեական գործով ձեռք բերված ապացույցներով և նշված հանգամանքն իր արտացոլումն է գտել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 26.03.2008 թվականի թիվ 61/08 որոշման մեջ:

Փաստորեն, մյուս ամբաստանյալների նկատմամբ քաղաքացիական հայց չհարուցելու փաստի բացասական հետևանքները կրում է բացառապես Արման Ամիրաղյանը, և նա միանձնյա նյութական պատասխանատվություն է կրում երեք անձի մեղավորության պատճառով առաջացած հետևանքների համար։ Անհասկանալի է, թե ինչ կիրառական նշանակություն է տվել Դատարանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճռի այն եզրահանգմանը, որ ամբաստանյալներից հիշյալ գումարները համապարտության կարգով բռնագանձելու ընթացքում ծագած վեճերը պետք է լուծվեն քաղաքացիական դատավարության կարգով և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի այն եզրահանգմանը, որ Հակոբ Համբարձումյանից ևս 42.076.470 ՀՀ դրամի բռնագանձման դեպքում առաջանում է պատճառված վնասի կրկնակի բռնագանձում, և նրա մասով առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանվել է՝ Հակոբ Համբարձումյանից 42.076.470 ՀՀ դրամի բռնագանձելու քաղաքացիական հայցի մասով՝ համապարտության կարգով վնասի բռնագանձման հայցը թողնելով լուծելու քաղաքացիական դատավարության կարգով։ Եթե նշված եզրահանգումների տակ Դատարանն ի նկատի է ունեցել միայն ՀՀ դատախազության իրավունքը՝ վնասների բաշխման պահանջով հանդես գալու և բացառել է քրեական գործով անցնող անձանց՝ միմյանց նկատմամբ հայց ներկայացնելու իրավունքը, ապա դա միանշանակ սխալ մոտեցում է: Ստացվում է, որ Արման Ամիրաղյանը, 59.001.000 ՀՀ դրամի չափով պետությանը համատեղ պատճառած վնասը վերականգնելով, ոչ միայն ազատել է Հակոբ Համբարձումյանին պետության առջև ունեցած վերջինիս պարտավորությունից, այլ նաև ՀՀ դատախազության կողմից համապատասխան նախաձեռնությամբ հանդես չգալու պատճառով այժմ զրկված է պատճառված վնասն արդարացի բաշխելու հայց ներկայացնելու և սույն քաղաքացիական գործով արդարադատություն ակնկալելու հնարավորությունից և իրավունքից։

 

Ստորադաս դատարանների կողմից թույլ տրված սխալի հիմքում ընկած են Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 17.12.2007 թվականի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 26.03.2008 թվականի թիվ 61/08 որոշման ոչ լրիվ, ոչ բազմակողմանի հետազոտությունը և ոչ օբյեկտիվ գնահատականները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.07.2009 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցը բավարարել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները

Ինչպես դատարանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի կայացրած իրավական ակտերը բխում են օրենքի պահանջներից և կայացվել են համապատասխան իրավական ակտերի կիրառմամբ։ Մասնավորապես, Դատարանի կողմից պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածների կանոնները, ճիշտ ներկայացվել են ապացուցման կարիք չունեցող փաստերը (մասնավորապես՝ դատական ակտերը) և բազմակողմանի լրիվ և օբյեկտիվ հետազոտության արդյունքում կայացվել են օրինական որոշումներ։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1073-րդ և 1074-րդ հոդվածները որևէ կերպ չէին կարող կիրառվել սույն վեճը լուծելու համար, քանի որ դրանց բովանդակությունից պարզ է դառնում, որ նշված հոդվածները բացառապես վերաբերում են տուժողի կողմից ներկայացված պահանջին։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածը կիրառված է ճիշտ, քանի որ վեճը վերաբերում է պարտավորությունը համապարտ ճանաչելուն, ուստի վերը նշված նորմն էլ պետք է կիրառվեր։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 17.12.2007 թվականի դատավճռով Հակոբ Համբարձումյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով այն արարքի համար, որ 2006-2007 թվականների ընթացքում օժանդակել է առանց ապրանքների մատակարարման կեղծ հաշվապահական փաստաթղթերի տրամադրմանը, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս՝ գանձման ենթակա առանձնապես խոշոր չափի ավելացված արժեքի հարկի գումարը պետական բյուջե վճարելուց խուսափելու եղանակով: Նշված արարքը կատարվել է Արման Ամիրաղյանի հանցակցությամբ:

Տիգրան Իորդամովը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով այն արարքի համար, որ 2007 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում առանց ապրանքների փաստացի մատակարարման տրամադրել է կեղծ հաշվապահական փաստաթղթեր, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս՝ գանձման ենթակա առանձնապես խոշոր չափի ավելացված արժեքի հարկի գումարը պետական բյուջե վճարելուց խուսափելու եղանակով: Նշված արարքը կատարվել է Արման Ամիրաղյանի հանցակցությամբ:

Արման Ամիրաղյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ և 205-րդ հոդվածի 2-րդ մասերով այն արարքի համար, որ 2006 թվականից մինչև 2007 թվականի հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում դրդել է առանց ապրանքների մատակարարման տրամադրել կեղծ հաշվապահական փաստաթղթեր, որոնց հետ կապված ծախսերի վերաբերյալ հարկային տեսչությանը ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկներում և հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով խուսափել է գանձման ենթակա առանձնապես խոշոր չափերի հարկերը պետական բյուջե վճարելուց, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Նշված արարքը կատարվել է Հակոբ Համբարձումյանի և Տիգրան Իորդամովի մասնակցությամբ:

Միաժամանակ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճռով վճռվել է՝ 1) «Հակոբ Համբարձումյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 42.076.470 ՀՀ դրամ գումար՝ հաշվի առնելով, որ նա 1.000.000 ՀՀ դրամի չափով արդեն իսկ հատուցել է պատճառված նյութական վնասը՝ բռնագանձումը տարածելով Երևանի Տիգրան Մեծի փողոցի 28-րդ շենքի թիվ 44 բնակարանի նրա բաժնեմասի վրա», 2) «Տիգրան Իորդամովից, որպես պետությանը պատճառված նյութական վնաս, բռնագանձել 5.856.600 ՀՀ դրամ՝ բռնագանձումը տարածելով Երևանի Լենինականի փողոցի 8-րդ շենքի թիվ 21 բնակարանի նրա բաժնեմասի վրա», 3) «ՀՀ գլխավոր դատախազության քաղաքացիական հայցը 115.569.500 ՀՀ դրամի չափով, բավարարել մասնակիորեն՝ 56.568.500 ՀՀ դրամի չափով, նկատի ունենալով, որ Արման Ամիրաղյանն արդեն իսկ հատուցել է վնասի մի մասը 59.001.000 ՀՀ դրամի չափով, ու այն բռնագանձել Արման Ամիրաղյանի անձնական ունեցվածքից՝ բռնագանձումը տարածելով կալանքի տակ գտնվող «Արման օիլ» ՍՊԸ, «Արման Ամիրաղյան» համատեղ ձեռնարկության շարժական կամ անշարժ գույքի, հաշվարկային հաշիվների դրամական միջոցների, ինչպես նաև Երևանի Շենգավիթ 4-րդ փողոցի թիվ 60 տան նրա բաժնեմասերի վրա» և 4) «Ամբաստանյալներից հիշյալ գումարները համապարտության կարգով բռնագանձելու ընթացքում ծագած վեճերը լուծել քաղաքացիական դատավարության կարգով»։

2) ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 26.03.2008 թվականի թիվ 61/08 օրինական ուժի մեջ մտած որոշմամբ որոշվել է ամբաստանյալ Տիգրան Իորդամովի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 17.12.2007 թվականի դատավճիռը թողնել անփոփոխ, իսկ նրա վերաբերյալ բերված վերաքննիչ բողոքը մերժել: Միաժամանակ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, հաստատված համարելով այն հանգամանքը, որ «Արման Ամիրաղյանի և Հակոբ Համբարձումյանի մասով ամբաստանյալների կողմից կատարած հանցագործությունների հետևանքով հասցված ընդհանուր նյութական վնասի չափը կազմում է 115.569.500 ՀՀ դրամ և վնասի հատուցումը պետք է կատարվի այդ չափով»` պատճառաբանելով, որ Հակոբ Համբարձումյանի նկատմամբ քաղաքացիական հայց չի հարուցվել և դատահաշվապահական փորձաքննության եզրակացության և փորձագետի ցուցմունքի համաձայն ստորադաս դատարանի լուծման դեպքում առաջանում է 42.076.470 ՀՀ դրամ պատճառված վնասի կրկնակի գանձում, որոշել է ամբաստանյալ Հակոբ Համբարձումյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով կայացված դատավճիռը բեկանել նրանից 42.076.470 ՀՀ դրամ բռնագանձելու քաղաքացիական հայցի մասով և թողնել համապարտության կարգով վնասի բռնագանձման հարցը լուծելու քաղաքացիական դատավարության կարգով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Ընդ որում, դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատված ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի՝ համաձայն նույն հոդվածի 2-րդ կետի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ Արման Ամիրաղյանի պարտավորությունն առաջացել է ոչ թե ձեռնարկատիրական գործունեության արդյունքում, այլ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռից, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-րդ հոդվածը կիրառելի չէ, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1073-րդ հոդվածը վերաբերում է միայն տուժողին, որպիսին չի հանդիսանում Արման Ամիրաղյանը, եզրահանգում է արել այն մասին, որ քննարկվող պարագայում համապարտ պարտականություն չի կարող առաջանալ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի իրականացրել քաղաքացիական գործում առկա ապացույցների, մասնավորապես՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 26.03.2008 թվականի թիվ 61/08 օրինական ուժի մեջ մտած որոշման պատշաճ գնահատում ներքոհիշյալ հիմնավորումներով.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ համապարտ պարտականությունը (պատասխանատվությունը) կամ համիրավ պահանջը ծագում է, եթե պարտականության համապարտությունը կամ պահանջի համիրավությունը նախատեսված է պայմանագրով կամ սահմանված է oրենքով, մասնավորապես, եթե անբաժանելի է պարտավորության առարկան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1073-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վնասը համատեղ պատճառած անձինք տուժողի առջև կրում են համապարտ պատասխանատվություն:

Նշված նորմերի համադրության և վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վնասը համատեղ պատճառած անձինք տուժողի առջև կրում են համապարտ պարտականություն (պատասխանատվություն), որն էլ ծագում է օրենքի ուժով:

Սույն գործի փաստերից հետևում է, որ 42.076.470 ՀՀ դրամի չափով վնասը պետությանը պատճառվել է Արման Ամիրաղյանի և Հակոբ Համբարձումյանի համատեղ հանցավոր գործողությունների հետևանքով, իսկ 5.856.600 ՀՀ դրամի չափով վնասը՝ Արման Ամիրաղյանի և Տիգրան Իորդամովի համատեղ հանցավոր գործողությունների հետևանքով: Ընդ որում, նշված հանգամանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով նախադատելի են և սույն գործի շրջանակներում ապացուցման կարիք չունեն:

 

Վերոգրյալի հիմքով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-րդ և 1073-րդ հոդվածներում ամրագրված դրույթներն այն մասին, որ վնասը համատեղ պատճառած անձինք տուժողի առջև կրում են համապարտ պատասխանատվություն, իսկ համապարտ պարտականությունը (պատասխանատվությունը) ծագում է, եթե պարտականության համապարտությունը նախատեսված է պայմանագրով կամ սահմանված է oրենքով:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոք բերած անձի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածի սխալ կիրառման մասին փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանն այն անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտապանների համապարտ պարտականության դեպքում պարտատերն իրավունք ունի, ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով:

Նշված նորմից հետևում է, որ պարտապանների համապարտ պարտականության դեպքում պարտավորությունը պարտապաններից որևէ մեկի կողմից կատարելու պահանջի, ինչպես նաև պարտապաններից որևէ մեկի կողմից կատարվելիք պարտավորության չափի որոշման իրավունքը պատկանում է պարտատիրոջը:

Սույն գործով Արման Ամիրաղյանը պահանջ է ներկայացրել պետությանը հասցված վնասը պատճառողների մեղքի աստիճանին համապատասխանող չափով համապարտ պարտավորության մասնակիցների կողմից իրականացնելուն պարտավորեցնելու մասին, այնինչ սույն գործի փաստերից բխում է, որ պարտատեր է Հայաստանի Հանրապետությունը, և Արման Ամիրաղյանը պարտատեր չհանդիսանալու պայմաններում նման հայցապահանջի ներկայացման դեպքում չի կարող համարվել պատշաճ հայցվոր:

Վերը նշված պատճառաբանություններից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին կետի կիրառումը և դրա կիրառման արդյունքում Արման Ամիրաղյանի՝ պետությանը հասցված վնասը պատճառողների մեղքի աստիճանին համապատասխանող չափով համապարտ պարտավորության մասնակիցների կողմից իրականացնելուն պարտավորեցնելու մասին հայցապահանջի մերժումն օրինական է և հիմնավորված:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.07.2009 թվականի որոշման՝ պարտավորությունը համապարտ ճանաչելու հայցապահանջի մերժման մասը, և այդ մասով այն փոփոխել.

Արման Ամիրաղյանի հայցը բավարարել մասնակիորեն.

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 17.12.2007 թվականի թիվ 1-324/2007 դատավճռով Արման Ամիրաղյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվելիք 42.076.470 ՀՀ դրամի հատուցման պարտավորությունը ճանաչել համապարտ՝ Արման Ամիրաղյանի և Հակոբ Համբարձումյանի մասնակցությամբ, իսկ 5.856.600 ՀՀ դրամի հատուցման պարտավորությունը ճանաչել համապարտ՝ Արման Ամիրաղյանի և Տիգրան Իորդամովի մասնակցությամբ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.07.2009 թվականի որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ե. Խունդկարյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան