ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
8 դեկտեմբերի 2009 թ. |
ՔԱՂԱՔԱՑԻ ՆԱՐԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 48 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի,
մասնակցությամբ՝
դիմողի ներկայացուցիչ Ա. Սահակյանի,
գործով որպես պատասխանող ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Խաչատրյանի,
համաձայն ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Նարինե Սահակյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը քաղ. Ն. Սահակյանի` 09.07.2009թ. դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն (այսուհետ` օրենսգիրք) ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 1998 թվականի հունիսի 17-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999թ. հունվարի 1-ից:
Օրենսգրքի վիճարկվող 48 հոդվածը փոփոխվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2007 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով:
Օրենսգրքի 48 հոդվածը վերնագրված է «Ապացուցման պարտականությունը և ապացուցման առարկան», որի 2-րդ մասը 2007 թվականի նոյեմբերի 28-ի խմբագրությամբ սահմանում է.
«Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա»:
2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին: Դիմելով ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարան` դիմողը խնդրել է համապատասխանողներ Գ. Պապոյանից և Ա. Շահվերդյանից համապարտության կարգով բռնագանձել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը` հագուստը, անձնական օգտագործման իրերը և ոսկյա զարդերը: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի` 25.04.2007թ. վճռով հայցը բավարարվել է մասնակի` մերժելով ոսկյա զարդերի մասով պահանջը:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կողմից 31.07.2007թ. կայացված վճռով հայցը բավարարվել է ամբողջությամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանի` 25.12.2007թ. որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը բեկանվել է և ուղարկվել նույն դատարան` գործն այլ կազմով նոր քննության համար:
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի` 12.05.2008թ. վճռով հայցն ամբողջությամբ մերժվել է:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կողմից 29.09.2008թ. կայացված որոշմամբ հայցը բավարարվել է մասնակի` հագուստեղենի և անձնական օգտագործման իրերի պահանջի մասով բեկանվել է և գործն այդ մասերով քննության է ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.02.2009թ. որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
3. Դիմողը սահմանադրական դատարանում վիճարկում է օրենսգրքի 48 հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը և գտնում է, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրության 1, 3, 6, 14, 19, 42, 91 և 98 հոդվածներին, 18 հոդվածի 1-ին, 4-րդ մասերին, ուստի խնդրում է այն անվավեր ճանաչել:
Ըստ դիմողի` վիճարկվող դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 19 հոդվածում ամրագրված մրցակցության սկզբունքին:
Շարունակելով հիմնավորել օրենսգրքի վերոնշյալ դրույթի հակասահմանադրականությունը` դիմողն այնուհետև ներկայացնում է վերջինիս անհամապատասխանության հիմնավորումները ՀՀ Սահմանադրության 42 հոդվածի 2-րդ մասին և 83.5 հոդվածին հակասելու տեսանկյունից: Վերոգրյալի կապակցությամբ դիմողը նշում է, որ ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան օրենսգրքի 48 հոդվածի 1-ին մասի ուժով կողմը կրում է այն փաստի ապացուցման պարտականությունը, որն իր կողմից է առանձնացվել, գիտակցվել, ընկալվել ու ներկայացվել որպես գործի ելքի համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստ: Հակառակ դեպքում, օրենսգրքի 48 հոդվածի 6-րդ մասի համաձայն` կրելու է այդ փաստը չապացուցելու բացասական հետևանքները:
Դրան հակառակ, ապացուցման գործընթացի առաջին փուլում օրենսգրքի 48 հոդվածի 2-րդ մասով դատարանն է որոշում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը: Հետևաբար, ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան ենթադրվում է, որ կամ դատարանն ինքն է ստանձնելու իր կողմից կարևորած փաստի ապացուցման պարտականությունը և այն չապացուցելու դեպքում կրելու դրա բացասական հետևանքները, կամ էլ կամայականորեն դրա ապացուցման պարտականությունը դնելու է կողմերից որևէ մեկի վրա, անկախ այն հանգամանքից, թե վերջինիս կողմից տվյալ փաստը կարևորվում է որպես գործի ելքի համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստ, և որ ավելի վատ` չապացուցելու դեպքում կողմը կրելու է դրա բացասական հետևանքները:
ՀՀ Սահմանադրության 91 և 98 հոդվածներին հակասելու տեսանկյունից դիմողը գտնում է, որ օրենսգրքի վիճարկվող հոդվածը դատարանին իրավունք է տալիս միջամտել գործի ելքի համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշելու հարցին, որով դատարանին վերագրվում է կողմերին վերապահված գործառույթ:
Դիմողը նաև գտնում է, որ դատարանը հենվելով օրենսդրական բարեփոխումների արդյունքում արդեն իսկ վերաշարադրված օրենսգրքի 48 հոդվածի 2-րդ մասով ապացուցման առարկայի նկատմամբ իրեն վերապահված իրավունքի վրա` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա այնպիսի փաստ է առաջ քաշել, որը կողմերը որպես այդպիսին չեն կարևորել:
4. Պատասխանողն` առարկելով դիմողի փաստարկների դեմ` գտնում է, որ օրենսգրքի վիճարկվող հոդվածը ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչելու հիմքեր չկան:
Պատասխանողն անհրաժեշտ է համարում նշել, որ մրցակցային իրավունքն արդար դատաքննություն իրականացնելու միակ կամ բացարձակ նախապայմանը չէ և տարբեր ոլորտներում մրցակցային դատավարությունն ունի իր ուրույն դրսևորումը: Մրցակցային դատաքննության սկզբունքի իրացումն ամենևին չի նշանակում, որ յուրաքանչյուր կողմ ինքը պետք է կրի իր վկայակոչած հանգամանքների ապացուցման պարտականությունը, իսկ դատարանը պետք է հանդես գա սոսկ դիտողի դերում: Ընդհակառակը, դատարանի` ապացուցման հանգամանքների շրջանակը որոշելու իրավասությունը մեծացնում է հենց կողմի արդար դատաքննության իրավունքի իրացման հնարավորությունը:
Պատասխանողը գտնում է, որ դիմողի այն պնդումը, թե վիճարկվող դրույթով կարող են նախատեսվել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով, հիմնազուրկ է, քանի որ նույն տրամաբանությամբ կարելի է պնդել, որ դատական բոլոր ակտերը նույնպես հակասում են Սահմանադրության 42 և 83.5 հոդվածներին: Այլապես կստացվեր, որ դատարանի վճիռը ծնելով անձի համար որոշակի իրավունքներ ու պարտականություններ` պետք է ընդունվեր օրենքի ձևով: Բացի դրանից, ապացուցման ենթակա հանգամանքների շրջանակի որոշման իրավասությունը դատարանին տրամադրված է օրենքով, հետևաբար` որևէ խախտման մասին խոսք չի կարող լինել:
Պատասխանողը նաև կարծում է, որ դիմողի այն պնդումը, թե վիճարկվող դրույթը խեղաթյուրում է դատարանի արդարադատական գործառույթի բովանդակությունը, անընդունելի է, քանի որ վիճարկվող դրույթով դատարանն ըստ էության ստանձնում է ոչ թե փաստաբանի կամ դատավարության կողմի դեր, այլ իրեն վերապահված արդարադատություն իրականացնելու իրավասության շրջանակում պարզում գործի նշանակության համար կարևորություն ունեցող էական հանգամանքները:
Պատասխանողը նաև գտնում է, որ դիմողի այն պնդումը, թե վիճարկվող դրույթն իր էությամբ իմպերատիվ բնույթ է կրում` ամրագրելով գործի ելքի համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի որոշման հարցում դատարանի բացառիկ մենաշնորհը, հիմնազուրկ է, քանի որ օրենսգրքի 48 հոդվածի 2-րդ մասի դրույթները ոչ միայն չեն հակասում, այլև լիովին համապատասխանում են Սահմանադրության 1-ին հոդվածի պահանջներին:
5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողն ըստ էության վիճարկում է ոչ թե օրենսգրքի 48 հոդվածի 2-րդ մասի դրույթն ամբողջությամբ, այլ խնդրո առարկա դրույթում տեղ գտած` «գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը» բառակապակցությունը:
Օրենսգիրքն ապացուցման պարտականությանը և ապացուցման առարկային անդրադարձել է 48 հոդվածում, ըստ որի` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ինքն ապացուցի իր վկայակոչած փաստերը և գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:
Սակայն գործին մասնակցող անձանց կողմից ներկայացված ապացույցներն ինքնին չեն կազմում ապացուցման առարկա: Ապացուցման առարկա են կազմում միայն գործին մասնակցող անձանց կողմից ներկայացված այն ապացույցները, որոնք գործի լուծման համար էական նշանակություն ունեն:
Օրենսգրքի 48 հոդվածի 2-րդ մասով ըստ էության նախատեսվում է ապացուցման առարկայի շրջանակներն ուրվագծելու` դատարանի իրավասությունը: Ապացուցման առարկան այն իրավաբանական (հիմնականում նյութաիրավական բնույթի) փաստերի համակցությունն է, որոնք էական նշանակություն ունեն գործն ըստ էության լուծելու համար, և ենթակա են պարզելու դատական քննության ընթացքում: Յուրաքանչյուր գործով ապացուցման առարկայի մեջ մտնող փաստերի կազմը տարբեր է, այն կախված է կողմերի ներկայացրած պահանջներից ու առարկություններից:
Ապացուցման առարկայի մեջ մտնող նյութաիրավական փաստերը հանգամանքներ են, որոնց առկայության կամ բացակայության հետ նյութական իրավունքի նորմերը կապում են քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագումը, փոփոխումը, դադարումը, կամ որոնք արգելակում են իրավունքների և պարտականությունների առաջացմանը: Գործով այս փաստերը պարզելն անհրաժեշտ է տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութական իրավունքի նորմի ճիշտ կիրառման և գործն ըստ էության ճիշտ լուծելու համար: Դա էլ հաշվի առնելով որոշվում է ապացուցման առարկան, որն ապացուցողական գործունեության առաջին և ամենակարևոր դատավարական գործողությունն է: Դատարանի վճիռը չի բխի գործի փաստական հանգամանքներից, հետևաբար` օրինական ու հիմնավորված լինել չի կարող, եթե գործին մասնակցող անձինք և դատարանը ճիշտ չորոշեն ապացուցման առարկան կազմող փաստական հանգամանքների շրջանակը և լրիվ չպարզեն դրանք:
Փաստական հանգամանքների այդ ամբողջությունը, որն անհրաժեշտ է նաև այլ իրավական հարցեր լուծելու համար, յուրաքանչյուր գործով ենթակա է պարտադիր պարզաբանման: Գործով ապացուցման ենթակա փաստական հանգամանքների այդ ամբողջությունը կազմում է ապացուցման առարկայի հիմնական բովանդակությունը: Բայց դա դեռ բավարար չէ ամեն մի գործով քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու համար: Ապացուցման առարկան ավելի լայն հասկացություն է, դրա մեջ մտնում են նաև այն փաստական հանգամանքները, որոնց պարզաբանումն անհրաժեշտ է գործին ճիշտ լուծում տալու համար:
Յուրաքանչյուր գործով ապացուցման առարկան կազմող փաստական հանգամանքների ճիշտ սահմանումն անհրաժեշտ պայման է դատաքննության սահմանները որոշելու համար: Ապացուցման առարկայի շրջանակների անհիմն ընդարձակումը կարող է գործը ծանրաբեռնել ավելորդ նյութերով, որը պատճառ կհանդիսանա գործին չվերաբերող նյութերի կուտակմանը, դատավարության ձգձգմանը: Մյուս կողմից` ապացուցման առարկայի շրջանակների անհիմն սահմանափակումը կարող է պատճառ դառնալ գործի միակողմանի, ոչ լրիվ և ոչ օբյեկտիվ քննության համար:
6. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ապացուցման ինստիտուտը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-53 հոդվածներով: Այն ոչ միայն գործով օրինական (հիմնավոր) վճիռ (որոշում) կայացնելու նախապայման է, այլև դատաքննության մրցակցության սկզբունքի իրականացման կարևոր երաշխիք: Ապացույցները ներկայացնելու և պահանջելու կարգը նախատեսված է օրենսգրքի 49 հոդվածում, ըստ որի` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ինքը ներկայացնի ապացույցներ, որից հետևում է, որ կողմերից յուրաքանչյուրն իրավասու է հայցի առարկայի շրջանակներում դատարանին ներկայացնել իր դիրքորոշման ճշմարտացիությունը հիմնավորող փաստարկներ (ապացույցներ): Ընդ որում, եթե տվյալ անձը հնարավորություն չունի անհրաժեշտ ապացույցն ինքնուրույն ձեռք բերել գործին մասնակցող կամ չմասնակցող այլ անձից, որի մոտ այն գտնվում է, իրավունք ունի տվյալ ապացույցը պահանջելու միջնորդությամբ դիմել դատարան: Օրենսգրքի 51 հոդվածը վերաբերում է ապացույցների թույլատրելիությանը և վերաբերելիությանը, իսկ 52 հոդվածը սահմանում է ապացուցելուց ազատվելու հիմքերը:
Ըստ օրենսգրքի 53 հոդվածի` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Այն հարցը, թե ով պետք է դատարանին ներկայացնի որոնվող փաստերի առկայությունը կամ բացակայությունը հաստատող փաստական տվյալները, թե դատավարության մասնակիցներից ում վրա է ընկնում ապացուցման ծանրությունը և հաստատման պարտականությունը` կարևոր է ապացուցումը ճիշտ կազմակերպելու և ապացուցողական նյութի լրիվությունն ապահովելու համար: Օրենսգրքում դա լուծվել է դատավարության մրցակցային ձևի պայմաններում կողմերի իրավահավասարության, անմիջականության և դատավարության ընդհանուր սկզբունքներից ելնելով, հաշվի առնելով տվյալ փաստն ապացուցելու մեջ կողմերի շահագրգռության աստիճանը:
Միաժամանակ, անդրադառնալով վարչական վարույթում մրցակցության սկզբունքի դրսևորման առանձնահատկության վերաբերյալ դիմող և պատասխանող կողմերի դիրքորոշումներին` սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ սկզբունքն իր միակերպ դրսևորումը չի կարող ունենալ արդարադատության տարբեր բնագավառներում (քաղաքացիական, քրեական, վարչական, սահմանադրական): Այդ առանձնահատկությունները մանրամասնված են օրենսդրության համապատասխան ակտերում և դրանց համեմատական վերլուծությունը դուրս է սույն գործի քննության առարկայից: Սահմանադրական դատարանը փաստում է, որ դատաքննության մրցակցության սկզբունքի այս կամ այն դրսևորումները պայմանավորված են վիճելի իրավահարաբերության բնույթով, սուբյեկտների կազմով, դատարանի առջև դրված կոնկրետ խնդիրների շրջանակով և այլն:
7. Օրենսգրքի վիճարկվող 48 հոդվածի համաձայն հայցային վարույթի գործով հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը, կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը: Նման իրավակարգավորումը հետևում է այն տրամաբանությանը, որ տվյալ փաստի վրա հիմնվող կողմն ավելի իրազեկ է և դատարանին կարող է ներկայացնել տվյալ փաստն ապացուցող հանգամանքները, և որ շահագրգռված կողմը կձեռնարկի բոլոր միջոցներն իր մատնանշած փաստն ապացուցելու համար:
Սահմանադրական դատարանը նաև փաստում է, որ գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա է դատարանի կողմից որոշվում ապացուցման ենթակա հանգամանքների ծավալը: Ընդ որում, նման որոշումը կայացվում է ապացուցման գործընթացի առաջին` ապացույցների հավաքման փուլում և նպատակ է հետապնդում ապահովելու դատավարության արդյունավետությունը:
Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի որոշումը դատարանի կողմից ամենևին էլ չի նշանակում կողմերի իրավահավասարության կամ մրցակցության սկզբունքների խախտում, առավել ևս կողմերի միջև ապացուցման պարտականության անհավասար բաշխում: Ընդհակառակը, դրանով դատարանը կողմերին ուղղորդում է ապացույցներ ներկայացնել այն փաստերի վերաբերյալ, որոնք կհաստատեն իրենց պահանջներն ու առարկությունները, հետևաբար, փաստական հիմք կստեղծեն գործով օրինական (հիմնավոր) վճիռ (որոշում) կայացնելու համար:
Վերոշարադրյալից հետևում է, որ.
- դատարանն ապացույցներ չի հավաքում (ներկայացնում), այլ դատավարական պայմաններ (հնարավորություններ) է ստեղծում դրանք ժամանակին և անկաշկանդ ներկայացնելու համար,
- կողմերը (գործին մասնակցող անձինք) իրենք են ապացուցում այն, ինչ պնդում կամ առարկում են,
- ապացուցման գործընթացը, որպես քաղաքացիական գործով ըստ էության օրինական (հիմնավոր) վճիռ (որոշում) կայացնելու առանձնահատուկ երաշխիք, որպես կանոն, տեղի է ունենում առաջին ատյանի դատարանում,
- գործով ներկայացված ապացույցների գնահատման կամ գործով արդարացի, հիմնավոր վճիռ (որոշում) կայացնելու հիմքում այս կամ այն ապացույցի նշանակությունը գնահատելու բացառիկ լիազորությունը պատկանում է դատարանին,
- ապացուցման գործընթացը (այդ ինստիտուտի իրավակարգավորումը) առանձնահատուկ է հանրային-իրավական վեճերով, պայմանավորված՝ մասնավոր-իրավական շահերի նկատմամբ հանրային շահի գերակայությամբ, հետևաբար՝ մրցակցության սկզբունքի դրսևորման առանձնահատկությամբ:
8. Ապացույցները ներկայացվելուց հետո է միայն դատարանն անցնում դրանց գնահատմանը, որտեղ որոշվում է ձեռք բերված ապացույցների վերաբերելիությունը և թույլատրելիությունը: Օրենսգրքի 51 հոդվածը վերաբերում է ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության սկզբունքներին: Նշված երկու սկզբունքները բացառում են օրենքով սահմանված ապացույցներից դուրս այլ ապացույցներ դատարանին ներկայացնելու հնարավորությունը (թույլատրելիություն), ինչպես նաև գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերին չվերաբերող անհարկի և ավելորդ ապացույցներով դատարանին ծանրաբեռնելու հնարավորությունը (վերաբերելիություն): Միաժամանակ, նշված սկզբունքները կոչված են ապահովելու արդար դատաքննության իրավունքի, ինչպես նաև դրա բաղադրատարրը հանդիսացող` ողջամիտ ժամկետներում գործի քննության իրավունքի իրացումը:
Ապացույցների վերաբերելիությունը ներկայացված փաստերում պարունակող այն տեղեկություններն են, որոնց հիման վրա հաստատվում կամ հերքվում է գործով ապացուցման ենթակա այս կամ այն հանգամանքը: Որոշել ապացույցների վերաբերելիությունը, նշանակում է պարզել ապացույցների բովանդակության և նրանցով հաստատվող փաստերի միջև եղած օբյեկտիվ կապը:
Ապացույցների թույլատրելիությունը` վերաբերելիության ընդհանուր կանոնի լրացումն է, ըստ որի գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
Բոլոր այն դեպքերում, երբ դատարանն իր ներքին համոզմամբ գտնում է, որ կողմերի ներկայացրած ապացույցներն անհրաժեշտ չեն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար կամ դրանք ուղղված են այնպիսի փաստերի ապացուցմանը, որոնք շեղվում են գործից և առնչություն չունեն վերջինիս հետ, կամ ներկայացված են տվյալ գործի քննության համար օրենքով չնախատեսված ապացույցներ, օրենսգրքի 48 հոդվածի 2-րդ մասի վիճարկվող բառակապակցության ուժով դատարանին հնարավորություն է ընձեռվում դուրս թողնել դրանք ապացուցման առարկայի շրջանակներից: Դատարանին վերապահված` վերը նշված իրավասությունն իրավաչափ է և բխում է արդար դատաքննության իրավունքի, ինչպես նաև դրա բաղադրատարրը հանդիսացող` ողջամիտ ժամկետներում գործի քննության իրավունքի էությունից:
9. Սահմանադրական դատարանը նշում է, որ այլ խնդիր է, թե որքանով է օրենսգրքի 48 հոդվածի 2-րդ մասը երաշխավորում մրցակցության սկզբունքի իրացումը և այս տեսանկյունից որքանով են գործին մասնակցող անձինք ապահովված դատարանի հնարավոր կամայականություններից: Այս հարցը պարզելու նպատակով հարկ է օրենսգրքի վիճարկվող բառակապակցությունը դիտարկել օրենսգրքի 48 հոդվածի 2-րդ մասի ողջ բովանդակության համատեքստում: Օրենսգրքի 48 հոդվածի 2-րդ մասի «գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա» բառակապակցության առկայության պայմաններում դատարանը չի կարող առաջ քաշել ապացուցման ենթակա այնպիսի նոր հանգամանք կամ փաստ, որն ընկած չէ գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում: Օրենսգրքի վիճարկվող դրույթն իր վերոհիշյալ բառակապակցությամբ կաշկանդում է դատարանին գործին մասնակցող անձանց ներկայացրած պահանջների և առարկությունների շրջանակով, ինչի արդյունքում երաշխավորվում է մրցակցության սկզբունքի պահպանումը և բացառվում այս տեսանկյունից դատարանի հնարավոր կամայականությունները:
Այդ է վկայում նաև դիմողի նկատմամբ կայացված դատական ակտերի ուսումնասիրությունը: Այս պայմաններում հիմնազուրկ է դիմողի այն պնդումը, թե նման դեպքերում ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան կամ դատարանն ինքն է ստանձնելու իր կողմից կարևորած փաստի ապացուցման պարտականությունը և այն չապացուցելու դեպքում կրելու դրա բացասական հետևանքները, կամ էլ կամայականորեն դրա ապացուցման պարտականությունը դնելու է կողմերից որևէ մեկի վրա և չապացուցելու դեպքում կողմը կրելու է դրա բացասական հետևանքները:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
8 դեկտեմբերի 2009թ. ՍԴՈ-845 |