Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-843
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.12.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.16/64(730) Հոդ.1376
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
01.12.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2009

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

1 դեկտեմբերի 2009 թ.

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՊԱՀ, ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ, ՎԹԱՐԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ, Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Է. Բարսեղյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի սեպտեմբերի 5-ին Մոսկվայում ստորագրված` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների իրավապահ, հակահրդեհային, վթարափրկարարական մարմինների և հատուկ ծառայությունների համար կադրերի պատրաստման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների իրավապահ, հակահրդեհային, վթարափրկարարական մարմինների և հատուկ ծառայությունների համար կադրերի պատրաստման մասին համաձայնագիրն ստորագրվել է 2008 թվականի սեպտեմբերի 5-ին` Մոսկվայում:

2. Նշված համաձայնագրի նպատակն է համագործակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների իրավապահ, հակահրդեհային, վթարափրկարարական մարմինների և հատուկ ծառայությունների, ինչպես նաև դրանց կազմի մեջ մտնող զորքերի և զորական կազմավորումների համար կադրերի պատրաստման գործում` ըստ համաձայնեցված մասնագիտությունների և ուսումնական ծրագրերի:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես`

ՀՀ իրավապահ, հակահրդեհային, վթարափրկարարական մարմինների և հատուկ ծառայությունների միջոցով իրականացնել համագործակցություն` ՀՀ օրենսդրությանը և ՀՀ-ի մասնակցությամբ միջազգային պայմանագրերին համապատասխան,

համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ՀՀ-ի կողմից ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցումը և իրավապահ, հակահրդեհային, վթարափրկարարական մարմինների և հատուկ ծառայությունների ցանկը հանձնել ավանդապահին, ինչպես նաև մեկ ամսվա ընթացքում գրավոր ծանուցել ավանդապահին նշված ցանկում կատարված փոփոխությունների մասին,

կադրերի պատրաստումն իրականացնել կողմերի իրավապահ, հակահրդեհային, վթարափրկարարական մարմինների և հատուկ ծառայությունների կողմից կնքվող պայմանագրի հիման վրա` հաշվի առնելով գաղտնիության պայմանակարգի, սահմանափակ տարածման ենթակա ծառայողական տեղեկատվության և ընդունող կողմի` գաղտնի տեղեկատվության պահպանության ապահովման հետ կապված սահմանափակումները, ինչպես նաև Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պահպանության փոխադարձ ապահովման մասին 2004 թվականի հունիսի 18-ի համաձայնագիրը,

որպես ընդունող կողմ որոշել կադրերի համատեղ և առանձին պատրաստման կազմակերպումը, ինչպես նաև կադրերի պատրաստումը և ուսումնառության ընթացքում մեթոդաբանական ապահովումն իրականացնել ռուսերենով,

որպես ուղարկող կողմ կրել կադրերի պատրաստման ծախսերը, ինչպես նաև կադրերի պատրաստումն իրականացնել արտոնյալ կամ անվճար հիմունքով` ըստ ընդունող կողմի սահմանած քվոտաների,

արտոնյալ հիմունքով կադրերի պատրաստման դեպքում, որպես ընդունող կողմ, կրել ուսուցման ծախսերը, իսկ որպես ուղարկող կողմ` կրել ապրուստի ծախսերը, ներառյալ բնակության ու սննդի համար վճարումը,

անվճար հիմունքով կադրերի պատրաստման դեպքում, որպես ընդունող կողմ, կրել ուսուցման և ապրուստի ծախսերը, ներառյալ բնակության ու սննդի համար վճարումը,

ուսուցման հայտերը ներկայացնել ընդունող կողմին մինչև ուսուցումն սկսվելու տարվա հունվարի 15-ը,

որպես ընդունող կողմ` մինչև ուսուցումն սկսվելու տարվա մայիսի 15-ը ուղարկող կողմին տեղեկացնել իրավապահ, հակահրդեհային, վթարափրկարարական մարմինների և հատուկ ծառայությունների` ուսուցման ընդունվող աշխատակիցների քանակի մասին, այդ թվում` արտոնյալ և անվճար հիմունքով պատրաստման քվոտաներով, նշելով ուսումնական հաստատությունները, մասնագիտությունները, ուսուցման ծրագրերը, ինչպես նաև` ըստ յուրաքանչյուր մասնագիտության, ուսումնական ծրագրի տրամադրվող տեղերի քանակը,

որպես ընդունող կողմ` ՀՀ իրավապահ, հակահրդեհային, վթարափրկարարական մարմինների և հատուկ ծառայությունների միջոցով սահմանել ուսուցման թեկնածուների ընտրության պահանջները,

որպես ուղարկող կողմ անցկացնել ուսուցման թեկնածուների ընտրությունն ու նրանց բուժզննումը` ելնելով ընդունող կողմի ուսումնական հաստատություններ ընդունվելու պայմաններից և պահանջներից,

որպես ընդունող կողմ ապահովել, որպեսզի ուսուցման թեկնածուները ՀՀ իրավապահ, հակահրդեհային, վթարափրկարարական մարմինների և հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ համատեղ, ընդունելության քննությունների արդյունքների համաձայն, ընդունվեն ուսումնական հաստատություններ, որոնք, ըստ անհրաժեշտության, անցկացվում են ՀՀ ներկայացուցիչների մասնակցությամբ` ուղարկող կողմի տարածքում,

իրավապահ, հակահրդեհային, վթարափրկարարական մարմինների և հատուկ ծառայությունների աշխատակիցներին իրավունք ընձեռել շարունակելու ուսուցումը և ավարտելու ՀՀ ուսումնական հաստատությունները, որտեղ նրանք ընդունվել են մինչև համաձայնագրի ուժի մեջ մտնելն ավելի վաղ կնքված պայմանագրերի պայմաններով,

ճանաչել ընդունող կողմի ուսումնական հաստատություններն ավարտելու, ինչպես նաև գիտական աստիճանների ու կոչումների շնորհման մասին փաստաթղթերի համարժեքությունը,

կողմերին օգնություն ցուցաբերել իրավապահ, հակահրդեհային, վթարափրկարարական մարմինների և հատուկ ծառայությունների աշխատակիցների պատրաստման ուղղությամբ ազգային ուսումնական հաստատությունների զարգացման գործում,

ուսումնական նպատակներին հասնելու համար անհրաժեշտության դեպքում մյուս կողմի հետ համատեղ իրականացնել գիտական, ուսումնական, տեղեկատվական և այլ նյութերի պատրաստում և հրատարակում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների իրավապահ, հակահրդեհային, վթարափրկարարական մարմինների և հատուկ ծառայությունների համար կադրերի պատրաստման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


1 դեկտեմբերի 2009 թ.

 ՍԴՈ-843

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան