Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-841
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.12.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.16/64(730) Հոդ.1374
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
01.12.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2009

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

1 դեկտեմբերի 2009 թ.

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՅՈՒՍԻՍԱՏԼԱՆՏՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ (ՆԱՏՕ) ՀԵՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱՄԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՄԲ ԿՆՔՎՈՂ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի հոկտեմբերի 19-ին և 2009 թվականի հոկտեմբերի 20-ին ստորագրված` Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ ֆինանսական հարցերի կարգավորման վերաբերյալ նամակների փոխանակմամբ կնքվող համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին ուղղված` Հանրապետության Նախագահի դիմումը` մուտքագրված 23.11.2009թ.:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Խնդրո առարկա համաձայնագիրն ստորագրվել է 2009 թվականի հոկտեմբերի 19-ի` ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի նամակի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից 2009 թվականի հոկտեմբերի 20-ին ստորագրված պատասխան նամակի փոխանակման միջոցով:

Համաձայնագրի նպատակն է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող Անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված ֆինանսական հարցերի կարգավորումը:

 Համաձայնագրի և գործում առկա այլ փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ Աֆղանստանի վերականգնման ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2001թ. դեկտեմբերի 20-ի թիվ 1386 բանաձևի համաձայն ստեղծվել են Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժեր: Վերջիններիս առաքելության հիմնական նպատակն է աջակցել Աֆղանստանի ժամանակավոր վարչակազմին անվտանգության պահպանման գործում:

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները 2004 թվականից ի վեր մասնակցել են Իրաքում և Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելություններին:

2. Քննության առարկա համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք ֆինանսական պարտավորություններ:

Ըստ համաձայնագրի 3-րդ պարբերության` Հայաստանի Հանրապետությունը պատասխանատու է մեկնման նշանակված կետից դեպի գործողությունների տարածքում իրենց հատկացված կայանատեղի և հակառակ ուղղությամբ հայկական զորախմբի անձնակազմի, սպառազինության և սարքավորումների տեղափոխման համար` համատեղ հաստատված հերթափոխի գրաֆիկի համաձայն, առանց ՆԱՏՕ-ի կողմից ֆինանսավորման:

Համաձայնագրով սահմանված հաջորդ պայմանն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը պատասխանատու է գործողությունների տարածքում հայկական զորախմբին սննդով, կացարանով, կենցաղային անհրաժեշտ պայմաններով (գազ, էլեկտրականություն, ջուր), նավթով, քսուքային նյութերով և բժշկական օգնությամբ ապահովելու համար` առանց ՆԱՏՕ-ի կողմից ֆինանսավորման:

Համաձայնագիրը սահմանել է նաև, որ Հայկական կողմը հոգալու է իր զորախմբի անձնակազմի աշխատավարձերի, հատուկ վճարների, հավելավճարների, օրապահիկների, նպաստների վճարումն իր միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է իր զորախմբին ապահովել առաքելությունն իրականացնելու համար անհրաժեշտ սպառազինությամբ և այլ հարկավոր սարքավորումներով:

Համաձայնագրի 8-րդ պարբերությանը համապատասխան ՆԱՏՕ-ի ցանկացած շտաբում ազգային ներկայացուցչի գործունեության ֆինանսավորումը կիրականացվի Հայկական կողմի միջոցների հաշվին:

Համաձայնագրի 9-րդ պարբերությունն արձանագրում է, որ ՆԱՏՕ-ի անդամ և աջակցման ուժեր տրամադրող մյուս պետությունները համաձայնության են եկել հրաժարվելու միմյանց և ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող այլ պետությունների նկատմամբ հայցերից, որոնք կվերաբերեն ազգային զորախմբերին պատկանող կամ դրանց կողմից օգտագործվող անշարժ գույքին պատճառված վնասներին և անձնակազմի ստացած վնասվածքներին: Աջակցման ուժեր տրամադրող կողմերը պատասխանատու են այն հայցերի համար, որոնք ներկայացվել են իրենց գործողությունների կամ բացթողումների արդյունքում պատճառված վնասների համար` երրորդ կողմ հանդիսացող այն պետության կողմից, որտեղ պատճառվել է սույն վնասը:

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նաև լուծել համաձայնագրում չհիշատակված (չնախատեսված) ցանկացած բնույթի ֆինանսական հարց: Այլ կերպ ասած` Հայաստանի Հանրապետությունը համաձայնում է կատարել համաձայնագրով չսահմանված, սակայն դրա գործողության ընթացքում առաջացած ծախսերի ֆինանսավորումը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ներպետական բոլոր ընթացակարգերը Հայաստանի Հանրապետության կողմից ավարտելու մասին ծանուցումը ՆԱՏՕ-ի կողմից ստանալու օրվանից:

3. Գործի նյութերը, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացված տեղեկանքը վկայում է, որ հայկական զորախմբի` գերմանական հրամանատարության ներքո գործունեության ֆինանսական և տեխնիկական հարցերը նախատեսվում է կարգավորել ԳԴՀ-ի դաշնային պաշտպանության նախարարության հետ կնքվելիք միջգերատեսչական պայմանագրի միջոցով, համաձայն որի` Գերմանական կողմը պարտավորվում է հոգալ վերը թվարկված ծախսերի գերակշիռ մասը և ապահովել հայկական զորախմբի բոլոր կարիքները (բացառությամբ աշխատավարձի, որը պետք է վճարի Հայկական կողմը):

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2009 թվականի հոկտեմբերի 19-ին և 2009 թվականի հոկտեմբերի 20-ին ստորագրված` Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ ֆինանսական հարցերի կարգավորման վերաբերյալ նամակների փոխանակմամբ կնքվող համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան


1 դեկտեմբերի 2009 թ.

 ՍԴՈ-841