Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (08.06.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2006.12.28/8(16).1
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
08.06.2005
Ստորագրման ամսաթիվ
08.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2006

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

Հայաստանի Հանրապետության Կառավարության եվ Ճապոնիայի Կառավարության միջեվ տեխնիկական համագործակցության մասին

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ճապոնիայի Կառավարությունը,

ձգտելով ամրապնդել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները տեխնիկական համագործակցության միջոցով և

նկատի ունենալով, որ տնտեսական և սոցիալական զարգացման խթանումը փոխադարձ շահ է ներկայացնում իրենց երկրների համար,
համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Երկու Կառավարությունները կաշխատեն խթանել տեխնիկական համագործակցությանը երկու երկրների միջև:

 

Հոդված 2

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող տեխնիկական համագործակցության ծրագրերի առանձին դրույթներ կհամաձայնեցվեն երկու Կառավարությունների իրավասու մարմինների միջև: Ճապոնիայի Կառավարության իրավասու մարմինն է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության Կառավարության իրավասու մարմինն է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

 

Հոդված 3

 

Տեխնիկական համագործակցության հետևյալ ձևերը կիրականացվեն Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (այսուհետ` JICA) միջոցներով` Ճապոնիայում գործող օրենքներին և նորմերին, ինչպես նաև 2-րդ հոդվածի դրույթներին համապատասխան.

ա) Հայաստանի Հանրապետության մասնագետներին տեխնիկական ուսուցման ապահովում,

բ) փորձագետների (այսուհետ` փորձագետներ) ուղարկում Հայաստանի Հանրապետություն,

գ) տեխնիկական ունակությունների լայն հնարավորություններով ու հարուստ փորձով ճապոնացի կամավորների ուղարկում Հայաստանի Հանրապետություն (այսուհետ` ավագ կամավորներ),

դ) Ճապոնիայի ներկայացուցչությունների ուղարկում Հայաստանի Հանրապետություն (այսուհետ` ներկայացուցչություններ)` Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերի վերաբերյալ հետազոտություններ իրականացնելու նպատակով,

ե) Հայաստանի Հանրապետության Կառավարությանը սարքավորումների, մեքենաների և նյութերի տրամադրում,

զ) երկու Կառավարությունների միջև նախօրոք կայացած համաձայնության հիման վրա` Հայաստանի Հանրապետության Կառավարությանը տեխնիկական համագործակցության այլ ձևերով ապահովում:

 

Հոդված 4

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը կերաշխավորի, որ հայ մասնագետների կողմից ձեռք բերված տեխնիկական ունակությունները և գիտելիքները, ինչպես նաև 3-րդ հոդվածում նշված` ճապոնական տեխնիկական համագործակցության արդյունքում տրամադրված սարքավորումները, մեքենաները և նյութերը կաջակցեն Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացմանը և չեն օգտագործվի ռազմական նպատակներով:

 

Հոդված 5

 

Երբ JICA-ն փորձագետներ, ավագ կամավորներ կամ ներկայացուցչություններ ուղարկի, Հայաստանի Կառավարությունը.

1. 1) ա/ Կազատի փորձագետներին, ավագ կամավորներին կամ ներկայացուցչությունների անդամներին հարկերից, ներառյալ եկամտահարկը ու պետական գանձումները, որոնք կարող են առաջանալ արտասահմանից ստացվող աշխատավարձի և ցանկացած այլ գումարի ստացման դեպքում.

բ/ Կազատի փորձագետներին, ավագ կամավորներին կամ ներկայացուցչությունների անդամներին հյուպատոսական գանձումներից, հարկերից, ներառյալ մաքսային տուրքերը և պետական գանձումները, ինչպես նաև տարադրամի ներմուծման չափի թույլտվության և վկայականի ձեռք բերման համար պահանջներից, եթե ներմուծվում են`

I) ուղեբեռ,

II) անձնական օգտագործման, կենցաղային անհրաժեշտության և լայն սպառման ապրանքներ,

III) մեկ ավտոմեքենա` յուրաքանչյուր փորձագետին, փորձագետներից յուրաքանչյուրի ընտանիքին, յուրաքանչյուր ավագ կամավորին և ավագ կամավորներից յուրաքանչյուրի ընտանիքին, ովքեր պետք է ապրեն Հայաստանի Հանրապետությունում.

գ/ Կազատի փորձագետին, ավագ կամավորին և նրանց ընտանիքներին, ովքեր ավտոմեքենա չեն ներմուծում Հայաստանի Հանրապետություն, հարկերից, ներառյալ ավելացած արժեքի հարկը, և պետական գանձումներից այն դեպքում, եթե փորձագետներից յուրաքանչյուրը, նրանց ընտանիքները, ավագ կամավորից յուրաքանչյուրը, նրա ընտանիքից յուրաքանչյուրը տեղում ձեռք է բերել մեկ ավտոմեքենա.

դ/ Կազատի փորձագետներին, ավագ կամավորներին և նրանց ընտանիքների անդամներին «բ» կետի III ենթակետում և «գ» կետում նշված ավտոմեքենաների գրանցման ծախսերից.

2) ա/ Սեփական միջոցներով կապահովի հարմարավետ գրասենյակ և այլ հարմարություններ, ներառյալ հեռախոսը և ֆաքսային ծառայությունները, որոնք անհրաժեշտ են փորձագետի, ավագ կամավորի և ներկայացուցչությունների պարտավորությունների իրականացման, ինչպես նաև աշխատանքի և ապրուստի համար.

բ/ Սեփական միջոցներով կտրամադրի տեղական աշխատակազմ (ներառյալ համապատասխան թարգմանիչները, եթե անհրաժեշտ է), ինչպես նաև փորձագետներին, ավագ կամավորներին և ներկայացուցչություններին` հայ գործընկերներ` իրենց պարտավորությունների կատարման անհրաժեշտությունից ելնելով.

գ/ Կհոգա փորձագետների և ավագ կամավորների հետևյալ ծախսերը, եթե Հայաստանի Հանրապետության Կառավարության հետ կապված մարմինների տեղական պայմանները և ֆինանսական հնարավորությունները թույլ տան.

I) օրական ճանապարհածախսը` դեպի աշխատանքի վայր և հակառակը,

II ) Հայաստանի Հանրապետության ներսում նրանց ճանապարհածախսը, և

III) նրանց պաշտոնական գրագրությունը.

դ/ Կապահովի փորձագետների, ավագ կամավորների և նրանց ընտանիքների անդամների համար կենցաղային անհրաժեշտության ապրանքների ձեռք բերում, և

ե/ Կապահովի պայմաններ փորձագետների, ավագ կամավորների, ներկայացուցչությունների և նրանց ընտանիքների անդամների համար բժշկական խնամք և հարմարություններ ստանալու համար.

3) ա/ Թույլ կտա փորձագետներին, ավագ կամավորներին, ներկայացուցչությունների և նրանց ընտանիքների անդամներին մուտք գործել, մեկնել և ժամանակավոր բնակվել Հայաստանի Հանրապետությունում իրենց նշանակման ընթացքում, նրանց կտրամադրի հարմարավետություն` օտարերկրացիների գրանցման պահանջների գործընթացն անցնելու համար, և նրանց կազատի հյուպատոսական գանձումներից.

բ/ Փորձագետներին, ավագ կամավորներին և ներկայացուցչությունների անդամներին իրենց պարտականությունների իրականացման նպատակով կտրամադրի անձը հաստատող քարտեր` կառավարական բոլոր գործակալությունների աջակցությունն ապահովելու համար.

գ/ Փորձագետների, ավագ կամավորների և նրանց ընտանիքների անդամների համար կապահովի հարմարավետություն` վարորդական իրավունք ձեռք բերելու նպատակով, և

դ/ Կիրականացնի այլ միջոցառումներ փորձագետների, ավագ կամավորների և ներկայացուցչությունների անդամների պարտականությունների իրականացման համար:

2. 1-ին ենթակետում նշված ավտոմեքենաները ենթակա կլինեն հարկերի, ներառյալ` մաքսային տուրքերի վճարման, եթե դրանք ավելի ուշ վաճառվեն կամ փոխանակվեն Հայաստանի Հանրապետության տարածքում այն անձանց, ովքեր չեն օգտվում հարկերից ազատման իրավունքից և նման այլ արտոնություններից:

3. Հայաստանի Հանրապետության Կառավարությունը փորձագետներին, ավագ կամավորներին և նրանց ընտանիքների անդամներին կշնորհի այն արտոնությունները, ազատություններն ու առավելությունները, որոնք տրամադրվում են ցանկացած երրորդ երկրի կամ որևէ միջազգային կազմակերպության փորձագետներին, ավագ կամավորներին և նրանց ընտանիքների անդամներին, ովքեր համանման առաքելություն են իրականացնում Հայաստանի Հանրապետությունում:

 

Հոդված 6

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը կկրի բոլոր պահանջները, որոնք կծագեն փորձագետների, ավագ կամավորների և ներկայացուցչությունների անդամների դեմ, որոնք այս կամ այն կերպով կապված կլինեն նրանց պարտավորությունների իրականացման հետ` բացառությամբ, երբ երկու Կառավարությունները համաձայնության կգան, որ նման պահանջները փորձագետների, ավագ կամավորների և ներկայացուցչությունների անդամների կողմից դրսևորված անուշադրության կամ դիտավորյալ պայմանավորված վատ վարքագծի արդյունք են:

 

Հոդված 7

 

1. 1) Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Հայաստանի Հանրապետության Կառավարությանը սարքավորումների, մեքենաների և նյութերի տրամադրման դեպքում Հայաստանի Հանրապետության Կառավարությունը այդ սարքավորումները, մեքենաները և նյութերը կազատի հյուպատոսական գանձումներից, հարկերից, ներառյալ մաքսային տուրքերը և պետական գանձումները, ինչպես նաև, ներմուծման դեպքում, ներմուծման թույլտվության և օտարերկրյա փոխանակումների համար անհրաժեշտ վկայականի ձեռք բերման պահանջներից: Վերոհիշյալ սարքավորումները, մեքենաները և նյութերը կդառնան Հայաստանի Հանրապետության Կառավարության սեփականությունը Հայաստանի Հանրապետության Կառավարության իրավասու մարմիններին պատկանող բեռնաթափման կետ հասնելուն պես:

2) Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Հայաստանի Հանրապետության Կառավարությանը սարքավորումների, մեքենաների և նյութերի տրամադրման դեպքում Հայաստանի Հանրապետության Կառավարությունը այդ սարքավորումների, մեքենաների և նյութերի տեղական ձեռք բերման դեպքում դրանք կազատի հարկերից, ներառյալ` ավելացած արժեքի հարկից և պետական գանձումներից:

3) 1-ին և 2-րդ ենթակետերում նշված սարքավորումները, մեքենաները և նյութերը կօգտագործվեն այն նպատակներով, որոնք ճշգրտվել են սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի դրույթներում կամ այլապես նախօրոք համաձայնեցվել են երկու Կառավարությունների իրավասու մարմինների միջև:

4) 1-ին և 2-րդ ենթակետերում նշված սարքավորումների, մեքենաների և նյութերի տեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածքում, դրանց տեղափոխման, պահպանման և վերանորոգման հետ կապված ծախսերը կհոգա Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:

2. 1) Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից պատրաստված սարքավորումները, մեքենաները և նյութերը, որոնք անհրաժեշտ են փորձագետների, ավագ կամավորների և ներկայացուցչությունների անդամների պարտականությունների իրականացման համար, կհամարվեն Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) սեփականությունը, եթե չկա այլ համաձայնություն երկու Կառավարությունների իրավասու մարմինների միջև:

2) Հայաստանի Հանրապետության Կառավարությունը փորձագետներին, ավագ կամավորներին և ներկայացուցչությունների անդամներին կազատի հյուպատոսական գանձումներից, հարկերից, ներառյալ` մաքսային տուրքերից և պետական գանձումներից, ինչպես նաև, առաջին ենթակետում նշած սարքավորումների, մեքենաների և նյութերի ներմուծման դեպքում, ներմուծման թույլտվության և օտարերկրյա փոխանակումների համար անհրաժեշտ վկայականը ձեռք բերելու պահանջներից:

3) Հայաստանի Հանրապետության Կառավարությունը փորձագետների, ավագ կամավորների և ներկայացուցչությունների անդամների կողմից Հայաստանի Հանրապետությունում` առաջին ենթակետում նշված սարքավորումների, մեքենաների և նյութերի ձեռք բերման դեպքում կազատի դրանք հարկերից, ներառյալ` ավելացած արժեքի հարկից և պետական գանձումներից:

 

Հոդված 8

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը հատուկ մարմինների միջոցով սերտ կապեր կպահպանի փորձագետների, ավագ կամավորների և ներկայացուցչությունների անդամների հետ:

 

Հոդված 9

 

1. Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Հայաստանի Հանրապետությունում արտասահմանյան գրասենյակ (այսուհետ` գրասենյակ) բացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության Կառավարությունը թույլ կտա Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությանը (JICA) Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) արտասահմանյան գրասենյակ պահել Հայաստանի Հանրապետությունում և կընդունի ռեզիդենտ ներկայացուցիչ և Ճապոնիայից ուղարկվող նրա անձնակազմը (այսուհետ, համապատասխանաբար, ներկայացուցիչ կամ անձնակազմ), որը կիրականացնի Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից իրենց վրա դրված պարտավորությունները, որոնք նույնական են սույն Համաձայնագրի տեխնիկական համագործակցության ծրագրերին:

2.  Հայաստանի Հանրապետության Կառավարությունը.

1) ա/ Ներկայացուցչին, անձնակազմին և նրանց ընտանիքներին կազատի հարկերից, ներառյալ` եկամտահարկից կամ պետական գանձումներից, արտասահմանից աշխատավարձ և այլ եկամուտներ ստանալու դեպքում.

բ/ Ներկայացուցչին, անձնակազմին և նրանց ընտանիքների անդամներին կազատի հյուպատոսական ծախսերից, ներառյալ` մաքսային տուրքերից և պետական գանձումներից, ինչպես նաև ներմուծման թույլտվության և օտարերկրյա փոխանակումների համար անհրաժեշտ վկայական ձեռք բերելու պահանջներից` հետևյալ ապրանքների ներմուծման դեպքում`

I) ուղեբեռ,

II) անձնական օգտագործման իրեր, կենցաղային և լայն սպառման ապրանքներ, և

III) մեկ մեքենա` յուրաքանչյուր ներկայացուցչին, անձնակազմին, ներկայացուցչի ընտանիքին, որոնք նշանակված են Հայաստանի Հանրապետությունում մնալու.

գ/ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ներկայացուցչի, անձնակազմի և նրանց ընտանիքների անդամներին, ովքեր մեքենա չեն ներմուծում Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունում մեքենաներ ձեռք բերելու դեպքում դրանք կազատի հարկերից, ներառյալ` ավելացած արժեքի հարկից և պետական գանձումներից.

դ/ Կազատի ներկայացուցչին, անձնակազմին և նրանց ընտանիքների անդամներին «բ» կետի III ենթակետի և «գ» կետում նշված գրանցումների ծախսերից.

ե/ Թույլ կտա ներկայացուցչին, անձնակազմին և նրանց ընտանիքների անդամներին մուտք գործել, մեկնել և ժամանակավոր բնակվել Հայաստանի Հանրապետությունում իրենց նշանակման ընթացքում, կապահովի հարմարավետություն օտարերկրացիների գրանցման պահանջների գործընթացն անցնելու համար և նրանց կազատի հյուպատոսական գանձումներից.

զ/ Ներկայացուցչին և անձնակազմին կտրամադրի անձը հաստատող քարտեր և հատուկ անցագրեր օդանավակայանի (նավահանգստի) անձնագրային անցակետն անցնելու համար` փորձագետներին, ավագ կամավորներին և ներկայացուցչությունների անդամներին դիմավորելու և ճանապարհելու նպատակով.

է/ Ներկայացուցչի, անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների համար կապահովի հարմարավետություն` վարորդական իրավունք ձեռք բերելու նպատակով.

ը/ Կիրականացնի այլ անհրաժեշտ միջոցառումներ ներկայացուցիչների և անձնակազմի պարտականությունների իրականացման համար:

3. 2-րդ կետում նշված ավտոմեքենաները ենթակա կլինեն հարկային, ներառյալ` մաքսային տուրքերի վճարման, եթե դրանք փոխադրվեն կամ վաճառվեն Հայաստանի Հանրապետության տարածքում այն անձանց կամ կազմակերպությունների, որոնք չեն ազատվում համանման հարկերից և օժտված չեն նույն արտոնություններով:

4. Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ներկայացուցչի, անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների վրա կտարածի այն բոլոր արտոնությունները, ազատությունները և առավելությունները, որոնք տարածվում են Հայաստանի Հանրապետությունում գործող ցանկացած երրորդ երկրի կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչի, անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների վրա:

 

Հոդված 10

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը միջոցներ կձեռնարկի Հայաստանում գտնվելու ընթացքում փորձագետների, ավագ կամավորների, ներկայացուցչությունների անդամների, ներկայացուցիչների, անձնակազմի և նրանց ընտանիքների անվտանգությունն ապահովելու համար:

 

Հոդված 11

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ճապոնիայի Կառավարությունը կխորհրդակցեն սույն Համաձայնագրի շուրջ առաջացած ցանկացած հարցի վերաբերյալ:

 

Հոդված 12

 

1. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո սույն Համաձայնագրի դրույթները կկիրառվեն նաև տեխնիկական համագործակցության այնպիսի յուրահատուկ նախագծերի նկատմամբ, որոնք սկսվել են Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց առաջ, ինչպես նաև` փորձագետների, ավագ կամավորների, ներկայացուցչությունների անդամների, ներկայացուցիչների, անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների, վերոհիշյալ ծրագրի հետ կապված սարքավորումների, մեքենաների և նյութերի նկատմամբ:

2. Սույն Համաձայնագրի դադարեցումը չի անդրադառնա տեխնիկական համագործակցության հատուկ ծրագրերի վրա, որոնք կիրականացվեն մինչև ծրագրի ավարտը. հակառակ դեպքում նախօրոք փոխադարձ համաձայնեցում կլինի երկու Կառավարությունների միջև. Համաձայնագրի դադարեցումը չի անդրադառնա նաև փորձագետների, ավագ կամավորների, ներկայացուցչությունների անդամների, ներկայացուցչի, անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների առավելությունների, ազատությունների և արտոնությունների վրա` վերոհիշյալ ծրագրերի իրականացման ընթացքում իրենց պարտականությունների կատարման հետ կապված:

 

Հոդված 13

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից ներքին ընթացակարգի ավարտի վերաբերյալ գրավոր ծանուցումը Ճապոնիայի Կառավարության կողմից ստանալուց հետո:

2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմնա մեկ տարվա ընթացքում և ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն տարի` հաջորդ տարվա համար, մինչև Կառավարություններից մեկը մյուս Կառավարությանը ամենաքիչը վեց ամիս առաջ նախօրոք գրավոր զգուշացում ուղարկի Համաձայնագիրը դադարեցնելու մտադրության մասին:

 

Ի վկայություն վերոհիշյալի` պատշաճ կերպով լիազորված ներկայացուցիչները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

 

Կատարված է Տոկիո քաղաքում, 2005 թվականի հունիսի 8-ին, անգլերեն, երկու օրինակով:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006 թ. հունիսի 8-ից: