Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ԵՎ Բելառուսի Հանրապետության վիճակագրության ԵՎ վերլուծության նախարարության միջԵՎ համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը և Բելառուսի Հանրապետության վիճակագրության և վերլուծության նախարարությունը, այսուհետ՝ Կողմեր,
հիմնվելով վիճակագրության բնագավառում համագործակցության զարգացման և երկու պետությունների վիճակագրական մարմինների փոխգործունեության ակտիվացման փոխադարձ շահագրգռվածության վրա,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1. Կողմերը կիրականացնեն համագործակցություն հետևյալ հիմնական ուղղություններով.
վիճակագրական ցուցանիշների համակարգերի ստեղծման և գործունեության մեթոդաբանական մշակումների, վիճակագրական դիտարկումների անցկացման, այդ թվում` մարդահամարների, առավել կարևոր ընտրանքային հետազոտությունների և բնակչության հարցումների ծրագրերի և մեթոդների փոխանակում,
վիճակագրական տեղեկության փոխանակում Կողմերի կողմից համաձայնեցված թեմաներով,
վիճակագրական հրատարակությունների և հրապարակումների (տարեգրքերի, ժողովածուների, տեղեկագրերի պետություների և առանձին տարածաշրջանների սոցիալ-տնտեսական դրության վերաբերյալ հաղորդագրությունների և ակնարկների) փոխանակում,
ըստ «Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի» չորսանիշ կոդերի` ապրանքների և ծառայությունների արտահանման և ներմուծման վերաբերյալ տեղեկության փոխանակում և տվյալների համադրում հայելային վիճակագրության մեթոդով,
ըստ համապատասխան միջպետական համաձայնագրերում նախատեսված անվանացանկի և ժամկետների՝ ինվեստիցիոն և սպառողական ապրանքների մատակարարման վերաբերյալ տեղեկության հավաքագրման կազմակերպում և փոխանակում,
վիճակագրության բնագավառում համակարգիչների, տեղական ցանցերի և ծրագրային մշակումների օգտագործման փորձի փոխանակում, տվյալների ավտոմատացված բանկերի ստեղծման, նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման գործում փոխադարձ օգնության ցուցաբերում,
ազգային հաշիվների և միջազգային նորմերին համապատասխանող այլ հաշվառման և վիճակագրության համակարգերի ներդրման և կատարելագործման գործում փորձի փոխանակում և փոխադարձ օգնության ցուցաբերում, ինչպես նաև համապատասխան ծրագրերի ու նախագծերի մշակումների ընթացքի և իրականացման վերաբերյալ տեղեկության փոխանակում,
գների վիճակագրության, համապատասխան վիճակագրական ցուցանիշների հաշվարկի մեթոդաբանության բնագավառներում փորձի փոխանակում և փոխադարձ օգնության ցուցաբերում, սպառողական ապրանքների և ծառայությունների գների ու սակագների մակարդակի փոփոխման, բնակչության կենսամակարդակի և սոցիալ-տնտեսական զարգացման այլ ցուցանիշների վերաբերյալ տվյալների փոխանակում,
սպառողական, ինվեստիցիոն ապրանքների և ծառայությունների գների, ինչպես նաև համախառն ներքին արդյունքի հիմնական բաղադրամասերի միջազգային համադրումների իրականացում կանոնավոր հիմունքներով և տարադրամի գնողունակության համարժեքության որոշում ԱՊՀ երկրների համադրումների ծրագրի շրջանակում,
բնակչության զբաղվածության և գործազրկության վերաբերյալ տվյալների փոխանակում,
փորձի փոխանակում արտաբյուջետային ֆինանսավորման ձևավորման հարցերով,
պայմանագրային հիմունքներով վիճակագրության բնագավառում համատեղ գիտական հետազոտությունների և կիրառական մշակումների, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնախնդիրների այլ միջոցառումների իրականացում:
Կողմերը, սույն Համաձայնագրին և իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան, համագործակցություն կիրականացնեն վիճակագրության և իրենց գործունեության ոլորտներին վերաբերող այլ հարցերով:
Հոդված 2. Տեղեկության փոխանակումը սույն Համաձայնագրի շրջանակում կատարվելու է Կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 3. Վիճակագրական տեղեկության փոխանակումը կիրականացվի Կողմերի ունեցած կապի միջոցներով, պայմանավորված ժամկետներում՝ ըստ համաձայնեցված սխեմաների, ձևերի և ցուցանիշների համակարգերի:
Տեղեկության միջգերատեսչական փոխանակման աշխատանքային լեզուն համարվում է ռուսերենը:
Հոդված 4. Կողմերը կօժանդակեն իրենց ենթակա կազմակերպությունների, հիմնարկությունների գործունեության ընդհանուր կամ կոնկրետ ոլորտներում ուղղակի պայմանագրերի կնքմանը:
Հոդված 5. Կողմերը համատեղ կքննարկեն Համաձայնագրի մեկնաբանման և իրականացման ընթացքում առաջացած հիմնախնդիրները և կձեռնարկեն միջոցներ դրանք լուծելու ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում պաշտոնական պատվիրակությունների մակարդակով կքննարկվի սույն Համաձայնագրի, կնքված պայմանագրերի իրականացման ընթացքը:
Հոդված 6. Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել, լրացվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 7. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին միմյանց իրազեկ դարձնելու պահից:
Սույն Համաձայնագիրը կարող է չեղյալ հայտարարել Կողմերից մեկը, և դրա գործողությունը դադարեցվում է մյուս Կողմից դրա վերաբերյալ հաղորդում ստանալու օրվանից վեց ամիսը լրանալուց հետո:
Կատարված է Կիև քաղաքում 2000 թվականի սեպտեմբերի 20-ին, երկու օրինակով, հայերեն, բելառուսերեն և ռուսերեն, ընդ որում, երեք լեզուներով տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի հունվարի 1-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|