Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-839
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.11.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.12.02/60(726) Հոդ.1314
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
24.11.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

24 նոյեմբերի 2009 թ.

 

««ԳԼՈՒՐ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 63 ՀՈԴՎԱԾԻ ԵՐՐՈՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց ««ԳԼՈՒՐ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 հոդվածի երրորդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը «ԳԼՈՒՐ» ՍՊԸ-ի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. ՀՀ սահմանադրական դատարանն իր` 28.07.2009թ. ՍԴԱՈ-67 աշխատակարգային որոշմամբ «ԳԼՈՒՐ» ՍՊԸ-ի` ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն ընդունել է քննության:

2. Դիմողը վիճարկում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63 հոդվածի երրորդ մասի սահմանադրականությունը: Վիճարկվող դրույթը սահմանում է. «Ոչ իրավաչափ վարչական ակտը չի կարող անվավեր ճանաչվել, եթե ակտի հասցեատերն իրավունք ունի վստահելու վարչական ակտի գոյությանը, և վերջինիս գործողության մեջ գտնվելը չի կարող վնաս պատճառել որևէ անձի իրավունքներին, Հայաստանի Հանրապետությանը կամ որևէ համայնքի:

Վարչական ակտի հասցեատերը վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունք ունի, եթե վարչական ակտի հիման վրա ստացածն արդեն իսկ օգտագործել կամ տնօրինել է, ինչպես նաև, եթե ակտի հիման վրա ստացածի հետ վերադարձնելը վնաս կպատճառի վարչական ակտի հասցեատիրոջը»:

Ըստ դիմողի` օրենքի վիճարկվող դրույթն իրավական անորոշության պատճառաբանությամբ հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված` իրավական պետության սկզբունքին: Ըստ դիմողի` իրավական անորոշություն է առաջացնում վիճարկվող նորմում «վնաս պատճառել» արտահայտությունը, որը դատարաններին տալիս է սուբյեկտիվ մեկնաբանության հնարավորություն: Դիմողը գտնում է, որ այդպիսի հնարավորությունն օգտագործելով` դատարանները կարող են ենթադրել, որ տվյալ վարչական ակտը չի կարող վնաս պատճառել որևէ անձի իրավունքներին, Հայաստանի Հանրապետությանը կամ որևէ համայնքի, մինչդեռ այդ ակտն օբյեկտիվ տեսանկյունից կարող է վնասել այլ անձանց գույքային շահերը, և, ըստ դիմողի, իրականում կոնկրետ դեպքում վնասում է «ԳԼՈՒՐ» ՍՊԸ-ի գույքային շահերը:

3. Պատասխանող կողմը` դիմողի մատնանշած` վիճարկվող դրույթի ենթադրյալ անորոշության առնչությամբ նշում է, որ իրավական որոշակիությունը չի նշանակում, որ օրենքները պետք է լինեն բացարձակ կողմնորոշիչ այս կամ այն վարքագիծը դրսևորելու համար: Ըստ պատասխանողի բացատրությունների` վիճարկվող դրույթը հստակ սահմանում է այն հիմքը, երբ ոչ իրավաչափ վարչական ակտը չի կարող անվավեր ճանաչվել: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունքին և որևէ անձի իրավունքներին, Հայաստանի Հանրապետությանը կամ որևէ համայնքին վնաս չպատճառելուն: Օրենքի 63 հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի և վիճարկվող դրույթի համադրված վերլուծությունից բխում է, որ և՛ կառուցվածքային, և՛ բովանդակային առումով նշված հոդվածը հստակ կարգավորում է ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելու հետ կապված հարաբերությունները:

Ըստ պատասխանողի` վիճարկվող դրույթը պաշտպանում է հենց քաղաքացիների ու իրավաբանական անձանց իրավունքները: Վիճարկվող դրույթը ոչ միայն չի հակասում ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի պահանջներին, այլ, ընդհակառակն, ընդունված է այդ պահանջներին համապատասխան, քանի որ իրավունքների պաշտպանությունն իրավական պետության կարևորագույն սկզբունքներից է, և ձևական առումով ոչ իրավաչափ վարչական ակտը չպետք է անվավեր ճանաչվի, եթե այն ուղղված է իրավունքների պաշտպանությանը և որևէ անձի վնաս չի պատճառում:

4. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է նրան, որ «ԳԼՈՒՐ» ՍՊԸ-ն հանդիսացել է Մարտունու «ՍԻԳՄԱ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի մի մասի սեփականատեր: Նշված բաժնետոմսերի պատկանելության կապակցությամբ առաջացած վեճի արդյունքում քաղաքացիներ Ֆիրդուս Զաքարյանը և Ժիրայր Գալստյանը Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարան հայց են ներկայացրել «ԳԼՈՒՐ» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Դարբինյանի և Գուրգեն Դարբինյանի դեմ` «ՍԻԳՄԱ» ԲԲԸ-ի բաժնետոմսերն իրենց անունով վերագրանցելը պարտավորեցնելու պահանջի մասին:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի` 24.08.2006թ. վճռով հայցը մերժվել է:

Ֆ. Զաքարյանի և Ժ. Գալստյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր` 17.11.2006թ. վճռով վերաքննիչ բողոքը բավարարել է` պարտավորեցրել է Տ. Դարբինյանին և Գ. Դարբինյանին գրանցելու «ՍԻԳՄԱ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 40 տոկոսը Ֆ. Զաքարյանի և Ժ. Գալստյանի անունով` յուրաքանչյուրին 20 տոկոսի չափով, ինչն էլ որ կատարվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Մարտունի-Վարդենիս տարածաշրջանի բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Արշակյանի` 26.12.2006թ. ««ՀՀ կենտրոնական դեպոզիտարիա» ԻԿԿ-ի միջոցով բաժնետոմսերը գրանցելու մասին» որոշմամբ:

17.06.2008թ. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը քննության առնելով «ԳԼՈՒՐ» ՍՊԸ-ի դիմումն ընդդեմ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԻԿԿ-ի, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Մարտունի-Վարդենիս տարածաշրջանի բաժանմունքի, երրորդ անձինք` Տիգրան Դարբինյանի, Գուրգեն Դարբինյանի, Ֆիրդուս Զաքարյանի և Ժիրայր Գալստյանի` պաշտոնատար անձի` օրենքին հակասող ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վճռել է պահանջը բավարարել` վերացնել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Մարտունի-Վարդենիս տարածաշրջանի բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Արշակյանի` 26.12.2006թ. ««ՀՀ կենտրոնական դեպոզիտարիա» ԻԿԿ-ի միջոցով բաժնետոմսերը գրանցելու մասին» որոշումը, կիրառել անվավերության հետևանքներ` «ՍԻԳՄԱ» ԲԲԸ-ի 8991 հատ բաժնետոմսերը վերագրանցել որպես «ԳԼՈՒՐ» ՍՊԸ-ի սեփականություն:

Ֆ. Զաքարյանի և Ժ. Գալստյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր` 10.10.2008թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը:

Ֆ. Զաքարյանի և Ժ. Գալստյանի ներկայացրած վճռաբեկ բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 13.02.2009թ. որոշմամբ հաստատել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Մարտունի-Վարդենիս տարածաշրջանի բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Արշակյանի` 26.12.2006թ. ««ՀՀ կենտրոնական դեպոզիտարիա» ԻԿԿ-ի միջոցով բաժնետոմսերը գրանցելու մասին» որոշման ոչ իրավաչափ լինելը, սակայն, հղում կատարելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63 հոդվածի երրորդ մասի առաջին պարբերությանը, գտել է, որ վերը նշված ոչ իրավաչափ վարչական ակտը չի կարող վնաս պատճառել որևէ անձի իրավունքներին, Հայաստանի Հանրապետությանը կամ որևէ համայնքի, և այդ ակտի հասցեատերեր Ֆիրդուս Զաքարյանը և Ժիրայր Գալստյանն իրավունք ունեն վստահելու այդ ակտի գոյությանը: Նշված պատճառաբանությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը բավարարել է մասնակիորեն` բեկանել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 10.10.2008թ. որոշումը և այն փոփոխել` ամբողջությամբ մերժել է «ԳԼՈՒՐ» ՍՊԸ-ի դիմումը:

 5. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի՝ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու՝ դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68 հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով: Անհատական դիմումին ներկայացված այս պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև:

Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ ոչ իրավաչափ վարչական ակտը, որն անվավեր ճանաչելու պահանջը մերժվել է պաշտպանության արժանի վստահության իրավունքի առկայության հիմնավորմամբ, ընդունվել է ի կատարումն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի։ Կատարողական վարույթը, որի նպատակը դատական ակտի կատարումն է, ըստ էության հանդիսանում է անձի խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ փուլ։ Այս մոտեցումն է ամրագրված նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում։ Հետևաբար, կատարողական վարույթում ընդունված՝ կատարողական թերթի պահանջի իրացմանն ուղղված վարչական ակտի իրավական հետևանքներն ածանցյալ են օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավական հետևանքներից, նման վարչական ակտն ինքնուրույն իրավական հետևանքներ չի առաջացնում։ Անկախ խնդրո առարկա վարչական ակտն օրենքի ձևական պահանջների խախտմամբ կամ պահպանմամբ ընդունվելու հանգամանքից՝ այն դիմողի համար առաջացնելու էր միևնույն իրավական հետևանքները։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ սահմանադրական դատարանը գտնում է, որ պաշտպանության արժանի վստահության իրավունքը տվյալ դեպքում կարող էր ծագել ոչ թե վարչական ակտի, այլ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առնչությամբ։

Գործում առկա դատական ակտերի, ինչպես նաև դիմողի փաստարկների ուսումնասիրությունը վկայում է, որ խնդրո առարկա վարչական ակտի վերոհիշյալ առանձնահատկությունը հաշվի չի առնվել ինչպես դատարանների, այնպես էլ դիմողի կողմից։ Վիճարկվող դրույթի հակասահմանադրականությունը դիմողը փորձում է հիմնավորել ոչ թե խնդրո առարկա նորմի ենթադրյալ հակասահմանադրականության պատճառով իր սահմանադրական իրավունքների խախտման փաստով, այլ խնդրո առարկա վարչական ակտով իր համար առաջացած բացասական հետևանքներով, որոնք էլ իրենց հերթին արդյունք էին հետագայում օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտի, որի կատարմանն էր ուղղված վարչական ակտը։ Փաստորեն դիմողը փորձ է անում դատական ակտի իրավական հետևանքները վերագրել վիճարկվող դրույթին: Թերևս այս է պատճառը, որ դիմողը նաև փորձում է վիճարկել խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը ՀՀ Սահմանադրության 8 հոդվածին հակասելու հիմքով։

Ելնելով վերոհիշյալից՝ սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի իրավունքների ենթադրյալ խախտման և վիճարկվող դրույթի միջև որևէ պատճառահետևանքային կապ առկա չէ, դիմողը ձևական առումով առաջադրելով օրենքի սահմանադրականության հարց` ըստ էության բարձրացնում է վարչական ակտով իրեն վնաս պատճառելու հանգամանքի գնահատման իրավաչափության խնդիրը։

 Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 7-րդ մասի՝ անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60 հոդվածի 1-ին կետի համաձայն. «Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը ... գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր»:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 6-րդ կետի, 60 հոդվածի 1-ին կետի, 69 հոդվածի 7-րդ մասի պահանջներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

««ԳԼՈՒՐ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 հոդվածի երրորդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


24 նոյեմբերի 2009 թ.

 ՍԴՈ-839

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան