Գլխավոր տեղեկություն
Համար
N 1289-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.11.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.11.25/58(724) Հոդ.1298
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.11.2009
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 նոյեմբերի 2009 թվականի N 1289-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական միջոցների հաշվին իրականացվող` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագրերի ընթացքի մոնիթորինգի անցկացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի դրույթների համաձայն` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագրերի ընթացքի մասին հաշվետվության ձևերը և դրանց համապատասխան կազմված հաշվետվությունը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 23-ի N 389-Ն որոշման 1-ին կետի համաձայն ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան


2009 թ. նոյեմբերի 16

Երևան

 
 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
նոյեմբերի 6-ի N 1289-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են պետական միջոցների հաշվին իրականացվող` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագրերի (այսուհետ` ծրագրեր) ընթացքի մոնիթորինգի (այսուհետ` մոնիթորինգ) անցկացմանը ներկայացվող հիմնական պահանջները:

2. Մոնիթորինգի հիմնական նպատակն աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման նկատմամբ ձևավորված պարտավորությունների կատարման նպատակով իրականացվող ծրագրերի արդյունավետության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովումն է:

3. Մոնիթորինգը ներառում է`

1) տվյալների հավաքագրումը, դասակարգումը և ամփոփումը` ըստ բնակարանային ապահովման հետևյալ ուղղությունների`

ա. բնակարանների գնման վկայագրերի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրում,

բ. բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված նոր բնակելի տների (բնակարանների) հատկացում.

2) տվյալների միասնական համակարգված բազայի վարումը.

3) հավաքագրված տվյալների վերլուծության հիման վրա հաշվետվությունների կազմումը.

4) մոնիթորինգի արդյունքում բացահայտված խնդիրների կարգավորման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը:

4. Մոնիթորինգի ցուցանիշները բաժանվում են ըստ`

1) տարածքային կտրվածքի (մարզեր, համայնքներ).

2) բնակարանային պահանջարկի (սենյակների թվով).

3) գյուղական (քաղաքային) բնակավայրերի կտրվածքի.

4) բնակչության խոցելի խմբերի.

5) բնակչության տարիքային խմբերի:

5. Ծրագրերի մասնավոր զարգացումների ու միտումների գնահատականն ապահովելու նպատակով մոնիթորինգի ցուցանիշները դասակարգվում են երկու ենթախմբի` հիմնական (նպատակային) և գործոնային:

6. Հիմնական (նպատակային) են համարվում նպատակի ապահովումը նկարագրող ցուցանիշները։ Դրանք ներառում են`

1) երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, բնակարանային պայմանները բարելավելու համար` սահմանված կարգով հաշվառված ընտանիքների թիվը.

2) աղետի գոտու բնակավայրերում` ոչ հիմնական շինություններում (տնակներում) բնակվող ընտանիքների թիվը.

3) պետական աջակցության աստիճանը, պետական աջակցությունից օգտված ընտանիքների թիվը.

4) բնակությունից ազատված ոչ հիմնական շինությունների թիվը:

7. Գործոնային ցուցանիշները նկարագրում են ծրագրային միջոցառումների քանակային արդյունքները: Գործոնային վերլուծությունը կատարվում է ըստ բնակարանային ապահովման ուղղությունների և ներառում է հետևյալ տվյալները`

1) Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով ծրագրերի գծով նախատեսված ծախսերը` հազ. դրամ.

2) բնակարանների գնման վկայագրերի (այսուհետ` վկայագիր) տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած ընտանիքների թիվը, նրանց փաստաթղթային փաթեթների ուսումնասիրության արդյունքներով տրամադրված վկայագրերի թիվը և վկայագրերում նշված պետական ֆինանսական աջակցության չափը` հազ. դրամ.

3) տրամադրված վկայագրերի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերած ընտանիքների թիվը և ձեռք բերված բնակարանների (բնակելի տների) առուվաճառքի մասին կնքված պայմանագրերի դիմաց վճարումները կատարելու համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումներից օգտագործված միջոցների չափը` հազ. դրամ.

4) վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները բարելաված ընտանիքների տեսակարար կշիռը.

5) բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) թիվը և դրանց հատկացման միջոցով բնակարանային պայմանները բարելաված ընտանիքների տեսակարար կշիռը.

6) բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում հատկացված բնակարանների (բնակելի տների) նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման փաստը.

7) բնակարանների (բնակելի տների) ընդհանուր մակերեսի մեկ քառ. մետրի շինարարության արժեքի և շուկայում ձևավորված միջին գնի հարաբերակցությունը.

8) պետական ֆինանսական աջակցության չափը` մեկ ընտանիքի հաշվով` հազ. դրամ:

8. Մոնիթորինգն անցկացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից` համագործակցելով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև կապալառու կազմակերպությունների հետ (այսուհետ` շահագրգիռ մարմիններ)` վերջիններիս կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի նիստի N 23 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգի դրույթների համաձայն իրականացվող ծրագրերին առնչվող մասով պարբերաբար ներկայացվող տվյալների հիման վրա:

9. Սույն կարգի 7-րդ կետում նշված ցուցանիշների մասին տեղեկատվությունը տրամադրում են համապատասխան շահագրգիռ մարմինները` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ տվյալ մարմիններ ներկայացվող գրավոր հարցման հիման վրա:

10. Մոնիթորինգի տվյալների վերլուծության արդյունքներն ամփոփվում և եռամսյակային հաշվետվությամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

11. Հաշվետվությունում վերլուծությունն իրականացվում է «բազային տարի - հաշվետու տարի» հարթությունում: Բազային տարի է համարվում 2008 թվականը:

12. Մոնիթորինգի տվյալները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ինտերնետային կայքում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավարի տեղակալ 

Գ. Գագյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան